RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019



ՄԵԾԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

Տեղադրվել է` 2019-01-31 21:59:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 525, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ՉԿԱՅԱՑԱԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

Կարո ԱԹԱՅԱՆ, Մոսկվա

Լրագրողի հուշերից

1981 թվականի հունվարի 22-ն էր: Մեծանուն երգահան Առնո Բաբաջանյանի 60-ամյակի կապակցությամբ մեր նկարահանող խմբով հրավիրված էինք Մոսկվայի Գորկու (ներկայիս Տվերսկայա) փողոցի սկզբնամասում գտնվող շենքի նրա բնակարան... Սպասվում էր Խորհրդային Միության ղեկավարության կողմից մեծ կոմպոզիտորին կառավարական բարձր պարգեւ շնորհելու պաշտոնական հրամանագիրը (ակնկալվում էր նրան արժանացնելու Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանը), եւ հենց այդ օրն էլ, ժամը 14-ին, այն պետք է պաշտոնապես հրապարակվեր Կենտրոնական հեռուստատեության նորությունների թողարկման ժամանակ: Մենք էլ նախատեսել էինք հենց նրա բնակարանում անմիջապես շնորհավորել ու Հայաստանի հեռուստատեսության համար հարցազրույց նկարահանել նրա հետ: Եվ ահա, նշված օրը ժամը 12-ին արդեն գտնվում էինք նրա բնակարանում... Ի դեպ, նույն շենքում էին ապրում նաեւ խորհրդային բազմաթիվ հայտնի կոմպոզիտորներ, երգիչներ, բանաստեղծներ, այդ թվում նաեւ Արամ Խաչատրյանը, Պավել Լիսիցյանը, Ռոբերտ Ռոժդեստվենսկին եւ ուրիշներ...

Դուռը բացեց տիկին Թերեզանՙ Բաբաջանյանի կինը.... Շքեղ կահավորանքով հյուրասենյակում մեզ դիմավորեց անվանի երգահանը եւ ինձ տեսնելով, հանկարծակիի եկած, իրեն հատուկ հումորով բացականչեց...

- Էլի դո՞ւ ես...

- Ես եմ, ես... մաեստրո,- ինձ չկորցնելով նույն տոնով պատասխանում եմ ես ու վարդերի մեծ ծաղկեփունջը տալով նրան, շնորհավորում 60-ամյակի կապակցությամբ:

- Դե որ եկել ես... արի... արի, ներս մտիր... բայց այսօր նարդի չենք խաղալու: Դու կարծում ես մոռացե՞լ եմ Նիկողոսյանի արվեստանոցում ինչ օյին բերեցիր գլխիս,- կծու սարկազմով ասաց մեծ կոմպոզիտորն ու մեզ հրավիրեց ներս: (Ամիսներ առաջ Նիկողայոս Նիկողոսյանի արվեստանոցում իմ օգնությամբ անվանի քանդակագործը երկար տարիների պարտություններից հետո վերջապես կարողացել էր հաղթել Բաբաջանյանին... Ահա այդ էր ակնարկում կոմպոզիտորը, դիմավորելով մեզ (սակայն դա ուրիշ պատմություն է...):

Մինչ ներս մտնելը, ես կարծում էի, որ այդ օրը նրա մոտ պետք է հավաքված լինեին մեծ թվով խորհրդային հայտնի արվեստագետներ, կենտրոնական լրատվական միջոցների թղթակիցներ... Սակայն տոնական սեղանի մոտ նստած էր միայն «Խորհրդային Հայաստա»ն թերթի երկար տարիների մոսկովյան թղթակից, իմ լավ բարեկամ, լուսահոգի Ալբերտ Գասպարյանը: Հետո միայն հասկացա դրա պատճառը...

Դեռ երկու ժամ կար, մինչեւ կառավարական հրամանագրի հրապարակման պահը, եւ հարմար առիթը բաց չթողնելով ես Առնո Բաբաջանյանին խնդրեցի պատմել իր եւ հայտնի կինոռեժիսոր ու մեծ հումորիստ Հենրի Հովհաննիսյանի հետՙ Արամ Խաչատրյանի գլխին խաղացած դեպքի մասին, ինչը վաղուց բազմաթիվ տարբերակներով պտտվում էր Մոսկվայի հայ հասարակայնության շրջանակներում:

- Դե, Մոսկվայում շատերը գիտեին Արամ Իլյիչի ժլատության մասին, Աստված հոգին լուսավորի,- սկսեց պատմել Առնո Բաբաջանյանը...

- Մի օր էլ Հենրիկի հետ որոշեցինք մի լավ «պատժել» նրան: 1963 թվականին էր ու մոտենում էր նրա 60-ամյակը, ու այդ օյինբազ Հենրին ինձ ներկայացրեց իր մտածած պլանը...

Մենք հարեւաններ էինք Արամ Իլյիչի հետ, ու ըստ այդ պլանի, մի օր գնացի նրա մոտ եւ մի անհետաձգելի գործի համար պարտքով որոշ գումար խնդրեցի, խոստանալով, որ երկու օրից անպայման կվերադարձնեմ... նույնիսկ ժամը պայմանավորվեցինք: Մի կերպ համոզեցի, ընդգծելով, որ էլ ինչ հարեւաններ ենք, որ իրար օգնության ձեռք չմեկնենք...

- Ուղիղ երկու օր հետո, ճիշտ նշանակված ժամին այդ նույն գումարը տարա ու վերադարձրեցի իրեն... Շատ ուրախացավ, որ այդպես ճշտապահորեն կատարեցի խոստումս:

- Անցավ 1,5-2 ամիս, եւ ըստ մեր պլանիՙ նորից ծեծեցի Խաչատրյանի դուռը,- շարունակում է իր պատմությունը Առնո Բաբաջանյանը..

- Արամ Իլյիչ ջան, ինձ «Վոլգա» մեքենա են առաջարկում, սակայն գումարս չի հերիքում... մեկ շաբաթից մեծ հոնորար ունեմ ստանալու, այդ փողը տուր մեքենան ձեւակերպեմ, հոնորարս ստանալուն պես ուղիղ մեկ շաբաթից անպայման կվերադարձնեմ: Դու գիտես, թե ինչ պարտաճանաչ եմ նման հարցերում...,- խնդրեցի նրան: Մեծ դժկամությամբ ու քթի տակ փնթփնթալով բերեց այդ գումարը, ինչը պայմանավորված օրը նորից տարա ու վերադարձրեցի իրեն:

- Արամ Իլյիչը ուղղակի հիացած էր իմ ճշտապահությամբ ու սկսեց շառյլորեն ինձ գովել նման պարտաճանաչության համար: Խեղճը դեռ չէր պատկերացնում, թե ինչ սատանայական խաղ էինք սկսել նրա գլխին:

- Եվ վերջապես, մոտ 3 ամիս հետո, նրա ծննդյան օրվանից մի քանի օր առաջ, ես նորից ծեծեցի մեր մեծ կոմպոզիտորի դուռը: Այս անգամ նրանից ավելի խոշոր գումար խնդրեցի, պատճառաբանելով, որ շուտով հեղինակային մեծ համերգ եմ կազմակերպում, որից սպասվող հոնորարներս մի քանի անգամ գերազանցելու են նախկին իմ բոլոր աշխատած գումարներին եւ պարտքս լիովին փակելու հետ միասինՙ մի լավ նվեր էլ կառնեմ իր համար: Շատ երկար համոզեցի...

- Վերջին անգամը լինի,- փնթփնթաց Արամ Իլյիչը,- էլ ինձանից պարտք չուզես, այլեւս չեմ տալու: Տանը այդքան գումար չունեմ, վաղը կգասՙ կվերցնես,- ասաց նա..

Հաջորդ օրը վերցնելով այդ գումարը, ես նրան տեղեկացրեցի, որ Մոսկվայի մեր նշանավոր ու հայտնի հայրենակիցներըՙ գիտնականներ, երաժիշտներ, նկարիչներ, ռեժիսորներ ու դերասաններ իր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Արարատ» ռեստորանում մեծ հյուրասիրություն են կազմակերպում եւ խնդրում են, որ ինքն էլ անպայման ներկա լինի այդ խնջույքին:

Արամ Իլյիչը ընդհանրապես չէր սիրում նման միջոցառումները, սակայն այս անգամ չկարողացավ մերժել ինձ... Մայիսի 24-ին, երեկոյան ես ու Հենրիկ Հովհաննիսյանը նրան վերցնելով գնացինք Նեգլինկա փողոցի սկզբնամասում գտնվող հայտնի «Արարատ» ռեստորանը...

Բավականին մեծ թվով մարդկանց էինք հրավիրել հանդիսությանըՙ մոտ 35-40 հոգի:

Ճոխ ու համեղ ուտեստներով լեփ-լեցուն սեղանների գլխին նստեցրեցինք Արամ Իլյիչին, իսկ Հենրիկ Հովհաննիսյանն էլ սկսեց ղեկավարել խնջույքը... Շնորհավորական կենացներ, հայկական համեղ ճաշատեսակներ, խորտիկներ, կոնյակ ու գինի, ժողովրդական երգեր, դուդուկ ու զուռնա... մի խոսքով, Խաչատրյանը դժվարությամբ, բայց աստիճանաբար համակվեց խնջույքային մթնոլորտով եւ նույնիսկ իր անձի ու 60-ամյակի նկատմամբ նշանավոր հայրենակիցների կողմից այդպիսի ուշադրության համար հանդես եկավ շնորհակալական բաժակաճառով: Խնջույքը մոտենում էր ավարտին, ու նրա խոսքից անմիջապես հետո Հենրիկ Հովհաննիսյանը վերցնելով գինով լի բաժակը, դիմեց Խաչատրյանին..

- Արամ Իլյիչ ջան, ոչ թե դու պետք է մեզ շնորհակալություն հայտնես, այլ մենք ենք քեզ երախտապարտ, որ մեզ հավաքեցիր այս ճոխ սեղանի շուրջը, այդքան մեծ գումար տրամադրեցիր նման խնջույքի համար ու այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի մոռանա, թե ինչպիսի մեծ ու լայն հոգու տեր ես դու եւ ինչքան շռայլ նման հարցերում... Եկեք ավանդույթ դարձնենք եւ յուրաքանչյուր քո ծննդյան օրը այսպիսի մասշտաբով ու միասին տոնենք այս հրաշալի ռեստորանում:

- Երկար կյանք քեզ... Առողջություն ու նոր հանճարեղ ստեղծագործություններ... եւ այլն... եւ այլն: Համընդհանուր ծափողջույնների ներքո ասաց Հենրին ու դատարկեց գինով լի գավաթը:

Բաբաջանյանը շարունակում է պատմել.

- Ես նստել էի հոբելյարի մյուս կողքին ու երբ հնչեցին գումարի հատկացման մասին Հենրիի խոսքերը, Արամ Իլյիչը շրջվեց դեպի ինձ ու մի տեսակ շշմած հայացքով շշնջաց ականջիս.- ինչ գումար, ինչ շռայլություն, այս ինչ է խոսում Հենրին...:

Ես անմիջապես վերցրեցի բաժակս ու ոտքի կանգնելով դիմեցի նրան.

- Արամ Իլյիչ ջան... Հիշո՞ւմ ես, երբ այս խնջույքի համար դու ավելի խոշոր գումար էիր առաջարկում, ես ասացի, որ այդքանն էլ բավարար է ու խոստացել էի, որ դեռ նվեր էլ կգնենք քեզ համար:

Ահա՛, այժմ մեր բոլորի անունից քեզ եմ նվիրում քո 60-ամյակի կապակցությամբ Մոսկվայի հայության կողմից «գրառումով» այս ոսկեզօծ թասը, որպեսզի ավելի մեծ ու ճոխ սեղանների մասնակցես ու թասդ էլ միշտ լեցուն լինի հայկական անուշահամ գինով...

Ավարտելով բաժակաճառս, ես գինին լցրեցի այդ թասի մեջ ու տվեցի դեռ ուշքի չեկած Արամ Իլյիչին... Սեղանակիցներն էլ ոտքի կանգնելով, միաձայն պահանջեցին, որ նա դատարկի այդ թասը: Խեղճը, հասկանալով, թե ինչ ենք բերել իր գլխին, լուռումունջ գլխին քաշեց թասի պարունակությունն ու մինչեւ խնջույքի ավարտը այլեւս ոչինչ չասելով` նստեց իր տեղը...

- Դե ինչ ասեմ, տղաներ,- մեզ դիմելով ասաց Առնո Բաբաջանյանը,- ուղիղ մի տարի հետս չէր խոսում: Հետո, աստիճանաբար ուշքի գալով, ամեն հանդիպման ժամանակ հեգնական ժպիտով ասում էր,- էլ փող պե՞տք չէ...

- Ահա այսպիսի չար կատակ սարքեցինք մեր մեծ կոմպոզիտորի գլխին:- Ավարտեց իր պատմությունը մեր մյուս մեծ կոմպոզիտորն ու նայեց ժամացույցին:

Դեռ 15-20 րոպե կար մինչեւ ժամը 14-ը...

Տիկին Թերեզան սուրճ բերեց մեզ համար: Ալբերտ Գասպարյանը, որ ինձանից մոտ 10 տարով մեծ էր, լցրեց կոնյակի բաժակները եւ դիմելով Առնո Բաբաջանյանինՙ ասաց.- Մաեստրո, ինչ ենք նստել ու սպասում այդ լուրերին: Մեկ է... մի քիչ շուտ,... մի քիչ ուշ... Եկեք այս բաժակով խմենք ձեռ կենացն ու շնորհավորենք հերոսի կոչման կապակցությամբ: Հաշվեք, որ այդ կոչումն արդեն ձեր գրպանում է, Ոսկե Աստղն էլՙ կրծքիդ,- ասաց Ալբերտն ու բաժակը քաշեց գլխին:

- Այ տղա, մի քիչ համբերություն ունեցիր... Այդպես չի կարելի, թողարկմանն էլ մի քանի րոպե է մնացել, մինչեւ ականջներովս չլսեմ, չեմ հավատա,- թեթեւակի բարկացած տոնով պատասխանեց Բաբաջանյանը:

Ես նույնպես չխմեցի այդ գավաթը, ու քանի որ մաեստրոն ինչ-որ առիթով դուրս եկավ սենյակից, Ալբերտին նախատեցի նման քայլի համար:

- Ինչ եմ արել որ,- չհասկանալով դրության լրջությունըՙ ասաց Ալբերտն ու նորից լցրեց իր բաժակը:

Արդեն ժամը 14-ն էր: Վերադառնալով հյուրասենյակ, Առնո Հարությունովիչը միացրեց հեռուստացույցը:

Տարեցները երեւի լավ են հիշում այդ տարիների կենտրոնական հեռուստատեսության նորությունների թողարկումները,- Բրեժնեւը սրան պաչպչեց, նրան ողջունեց, Սուսլովը, Գրոմիկոն, Կոմկուսի քաղբյուրոյի մյուս զառամյալ ու հիվանդ անդամները այսպես ասացին... Իլյիչի անվան կոլտնտեսության տրակտորիստը հերկեց դաշտը, Չելյաբինսկի մետալուրգները կատարեցին չուգունի պլանը... Մի խոսքովՙ 30 րոպեանոց պաշտոնական թողարկման մոտ 25 րոպեն հագեցած էր նման անհեթեթություններով, եւ միայն վերջում մեկ-երկու լուրՙ մշակույթի, գիտության ու սպորտի աշխարհից: Մինչեւ հասավ այդ պահը, խեղճ Բաբաջանյանը քրտնել էր անհամբերությունից: Աստված իմ, ինչո՞ւ է այս մեծ երաժիշտը նման ուշադրության արժանացնում այդ կոչումը, ի՞նչ նշանակություն ուներ այն իր համար... Հետեւելով նրա ապրումներին, մտածեցի ես: Ամեն ինչ ունիՙ Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, եւ որ ամենակարեւորն էՙ համընդհանուր սեր ու ճանաչում, միլիոնավոր երկրպագուներ, շքանշաններ... Էլ ի՞նչ է հարկավոր նրանՙ առողջությունից բացի, ինչը վաղուց էր արդեն կորցրել: Նա տառապում էր ծանր ու անբուժելի արյան հիվանդությամբ եւ տարեկան մի քանի անգամ մեկնում էր Փարիզՙ վիճակը ինչ-որ չափով թեթեւացնելու նպատակով...

Այնքան տարվել էի այդ մտքերով, որ մոռացել էի հետեւել նորությունների թողարկմանը... Ուշքի եկա այն պահին, երբ հաղորդավարը Խորհրդային Միության ղեկավարության անունից արդեն կարդում էր Առնո Բաբաջանյանի 60-ամյակի շնորհավորական ողջույնը: Եվ վերջում հրապարակումՙ նրան ընդամենը Լենինի շքանշանի արժանացնելու հրամանագիրը...

Եվ վերջ... Տիրեց երկարատեւ լռություն: Ես ու Ալբերտը տարակուսանքով նայում էինք Բաբաջանյանի դեմքին, չիմանալով ինչ ասել:

Ու Ալբերտը նորից մեջ ընկավ... եւ շատ իզուր:

- Դե ոչինչ, Առնո Հարությունովիչ... շնորհավորում ենքՙ Լենինի շքանշանն էլ բարձր պարգեւ է...

Ու կատարվեց այն, ինչ ոչ ոք չէր պատկերացնի... Մեծ երգահանը իր հզոր ու բամբ ձայնով այնպես գոռաց նրա վրա, որ կողքի սենյակից տիկին Թերեզան վախեցած վազեց ներս.

- Դե ձենդ կտրի...,- պոռթկաց Բաբաջանյանըՙ խեղճ Ալբերտի վրա:- Չէի ասո՞ւմ սպասիր մինչեւ ամեն ինչ կպարզվի... Բաժա՞կ էիր բարձրացնում, հիմա կերա՞ր... Ամեն ինչի մեղավորը դու ես, վեր կաց ու սի...րդ քաշի գնա այստեղից...,- իրեն կորցրած հայհոյում էր մեծ երգահանը:

- Տիկին Թերեզան էլ կողքից մի ինչ-որ բան ասաց նրան ու իր հասցեին նույնպես ստանալով նույնը, սուսուփուս թողեց հեռացավ:

Ես մինչ այդ էլ գիտեի ու լսել էի Բաբաջանյանի թունդ բառապաշարի մասին, սակայն այդ աստիճանի չէի պատկերացնում... Եվ չէի էլ կարծում, որ նա կարող էր նման առիթով հասնել այդպիսի հուսախաբության ու կատաղության հոգեվիճակի:

Այդ պահին էլ ոչինչ չէր կարելի խոսել նրա հետ, ուր մնաց շնորհավորել ու հարցազրույց նկարահանել: Ոչինչ չասելով, նա դուրս եկավ հյուրասենյակից ու փակվեց իր աշխատասենյակում...

Մենք էլ Ալբերտի հետ հրաժեշտ տալով տիկին Թերեզային, դուրս եկանք բնակարանից:

Եվ ես նոր միայն հասկացա, թե ինչու մեզանից բացի, ուրիշ տեղական լրագրողներ չէին եկել անվանի կոմպոզիտորի մոտ: Կոմկուսի կենտկոմից կենտրոնական լրատվական միջոցներին երեւի արդեն հայտնել էին, որ Բաբաջանյանին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում չի շնորհվելու... Ակնհայտ էր նաեւ, որ այդ գործում նորից իրենց չարաբաստիկ դերն ունեին նրա չկամեցողներըՙ խորհրդային երկրի այնպիսի ազդեցիկ ու հեղինակավոր երգահաններ, ինչպիսիք էին Պախմատովան, Շաինսկին, Խրեննիկովը եւ ուրիշներ, ովքեր չարությամբ ու նախանձով էին համակված հայ մեծ կոմպոզիտորի նկատմամբ...

Առնո Բաբաջանյանի հետ մեր հաջորդ անմիջական շփումը տեղի ունեցավ մոտ 1,5 տարի հետո, երբ հայկական հեռուստատեսության համար մեծ հաղորդում էինք պատրաստում Տիգրան Պետրոսյանի մասին: Նկարահանումները ընթանում էին մեծ շախմատիստի մերձմոսկովյան Բարվիխա հայտնի վայրում գտնվող շքեղ ամառանոցում եւ մեր խնդրանքով Առնո Բաբաջանյանը պետք է այցելեր Պետրոսյանին, որպեսզի նկարահանեինք մեր երկու մեծ հայրենակիցներինՙ իրար հետ զբոսնելու, զրուցելու, նարդի խաղալու եւ այլ կադրեր...

Այդ օրը մեր նկարահանող խմբով մի քիչ ավելի վաղ հասանք Բարվիխա եւ Պետրոսյանի առանձնատան դարպասների մոտ կանգնած սպասում էինք մինչեւ Առնո Բաբաջանյանի գալը, ու քանի որ չէինք հասցրել նախաճաշել, որոշեցինք ուտել մեզ հետ վերցրած բուտերբրոդները... Հենց այդ պահին էլ մեր կողքին կանգ առավ մի արտասահմանյան մեքենա ու լսվեց Բաբաջանյանի ծանոթ թավ ձայնը...

- Բարեւ, տղաներ,... էս ի՞նչ եք անում այստեղ, ինչու չեք ներս գնում,- մեքենայի ներսից հարցրեց նա:

- Ձեզ էինք սպասում, Առնո Հարությունովիչ,- մոտենալով ղեկին նստած կոմպոզիտորին, ասացի ես...

- Բա էդ ի՞նչ եք այդպես հավեսով ուտում եւ ինչու հենց այստեղ...

- Դե ամբողջ օրը երեւի աշխատելու ենք ու երեկվա փորձից ելնելով, որպեսզի սոված չմնանք, մի քիչ ուտելիք ենք վերցրել մեզ հետ... Մոտակայքում ոչ խանութ կա, ոչ էլ կաֆե կամ ռեստորան,- պատասխանեցի ես...

- Երեկ էլ եք եղե՞լ այստեղ ու ձեզ ոչինչ չե՞ն հյուրասիրելՙ գոնե թեյ կամ սուրճ,- զարմացած հարցրեց Բաբաջանյանը:

- Ոչինչ....,- հակիրճ պատասխանեցի ես:

- Վայ ես դրա հայ ասողին...,- թավ ձայնով թնդաց մեծ կոմպոզիտորը...,- տես նրա գլխին հիմա ինչ եմ բերելու...

Այդ պահին մեր օպերատորը ծխացող սիգարետը ձեռքին ուղեւորական պատուհանից գլուխը ներս մտցնելով, հետաքրքրվեց, թե ինչ մեքենա է... Բաբաջանյանը պատասխանեց, որ վերջին մոդելի «Պեժոներից» է, որ վերջերս էր բերել Փարիզից: Ու հենց այդ պահին էլ օպերատորի ձեռքից սիգարետը վայր ընկավ ուղեւորի նստարանին ու ծակեց նրա պոլիէթիլենային ծածկոցը...

- Վայ ես քո սենցը... նենցը...,- պոռթկաց Բաբաջանյանը,- էս ինչ արեցիր.... շուն-շան որդի, վառեցիր մեքենաս... Քեզանից ո՞վ է խեր տեսել, որ ես տեսնեմ... Գործադրելով իր հարուստ ու թունդ բառապաշարը, նա դուրս եկավ մեքենայից ու հակառակ կողմից մոտեցավ ուղեւորի նստարանին...

Օպերատորը հասցրել էր վերցնել ու դուրս նետել դեռեւս ծխացող սիգարետը, բայց այն արդեն թողել էր իր հետքըՙ բարեբախտաբար միայն պոլիէթիլենային ծածկոցի վրա... նստարանի իսկական թավշյա ծածկոցը մնացել էր անվնաս: Տեսնելով այդ, մաեստրոն մի քիչ հանդարտվեց...- Բախտդ բերեց, շան որդի, թե չէ տակից հազիվ դուրս գայիր,- դեռեւս բարկացկոտ հումորով փնթփնթաց Բաբաջանյանն ու սեղմեց առանձնատան դարպասների զանգի կոճակը...

Դարպասները բացեց աշխարհի չեմպիոնի հայազգի տնտեսվարը, սակայն ես Բաբաջանյանին խնդրեցի մի քիչ հապաղել, որպեսզի օպերատորը առաջ անցնելով հասցնի նկարահանել նրանց հանդիպման կադրերը...

Այդպես էլ կատարվեց... Բաբաջանյանը մեքենայով ներս մտավ առանձնատան ընդարձակ տարածքը, ողջագուրվեց աշխարհի չեմպիոնի հետ ու դիմելով ինձ հարցրեց...

- Էս արդեն ձայնագրո՞ւմ եք, թե միայն նկարահանվում է...

- Առայժմ միայն նկարահանվում է,- ասացի նրան,- ձայնագրությունները հետո կանենք:

- Դե որ այդպես է, ուրեմն ինձ լսիր,- դիմեց նա Պետրոսյանին:- Ռոնա Յակովլեւնային ասա, թող սեղանները գցի, ես շատ ժամանակ չունեմ... խորովածները թող դնեն մանղալին...

- Ի՞նչ սեղան, ի՞նչ խորոված,- տարակուսանքով հարցրեց շախմատի արքան...

- Տո դու հայ չե՞ս... Այսքան մարդ է եկել տունդ, երեկվա նման սոված, ծարավ հե՞տ ես ուղարկելու բոլորիս, թե կինդ թույլ չի տալիս....,- իրեն հատուկ հումորով հայերեն հոխորտաց մաեստրոն...

Խեղճ Պետրոսյանը չգիտեր ուր թաքցնի հայացքը... Այդ պահին Ռոնան էլ մոտեցավ ու տեսնելով ամուսնու վիճակըՙ հետաքրքրվեց, թե ինչ է պատահել:

- Ռոնա Յակովլեւնա, այն է պատահել, որ չգիտեմ, թե ինչպես է հրեաների մոտ, ըստ հայկական ավանդույթների, երբ մարդ եք հրավիրում ձեր տունը, պետք է անպայման հյուրասիրեք գոնե թեյով կամ սուրճով... Ինչ որ խորովածի հոտը չեմ առնում, մի՞թե այսօր էլ եք բոլորին սոված պահելու,- բաբաջանյանական կես լուրջ, կես կատակ ասած խոսքերը կարծես անմիջապես ազդեցին տանտերերի վրա...

Մի խոսքով, մինչեւ նկարահանեցինք մեր երկու նշանավոր հայրենակիցների հանդիպման, զբոսնելու, նարդի խաղալու եւ այլ հետաքրքրական կադրեր, անցավ մոտ 3 ժամ, որի ընթացքում առանձնատան ընդարձակ բակի մի անկյունի «բեսեդկայում» խորովածով եւ այլ ուտեստներով հարուստ սեղան բացվեց ու մեծ երաժշտի շնորհիվ մեծ շախմտաիտը քավեց իր «մեղքը»...

Դա 1982 թվականի հոկտեմբերին էր:

Մոտ 3 ամիս անցՙ 1983 թվականի հունվարին կյանքից հեռացավ Առնո Բաբաջանյանը:

1,5 տարի հետո էլՙ Տիգրան Պետրոսյանը...

Հ.Գ.- Նորից եմ ցանկանում բարձրաձայնել նախորդ հոդվածում իմ բարձրացրած հարցը. ինչո՞ւ Առնո Բաբաջանյանի շիրիմը չի ամփոփված մեր մեծ հայրենակիցներիՙ Կոմիտասի անվան Պանթեոնում... Ո՞վ է որոշել, որ նա տեղ չունի Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի եւ մեր ազգի մյուս մեծ երգահանների կողքին:

Երեւանի նոր քաղաքապետին կոչ եմ անում շտկել այդ անարդարանալի բացթողումը եւ Պանթեոնում իր ամենաարժանի տեղը հատկացնել հայ ժողովրդի մեծագույն կոմպոզիտորներից մեկիՙ Առնո Բաբաջանյանի շիրիմին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 01-02-2019

AZG Daily #16, 26-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ