RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 561, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՑԱԴՈՒԼԻՑ ՋՐԱԴՈՒԼ

Նաիր ՅԱՆ

Դեկտեմբերի 3-ին կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլը վերսկսեց, այս անգամ ԱԺ-ի դիմաց: Պատճառն այն է, որ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրությունը վերսկսելու երաշխիքներ է տվել, բայց դրանք չեն իրականացվել: Նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն ու կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հրաժարվել են ֆիլմը շարունակել. գումար չեն տրամադրում: «Բարաթը բեր, փողը տամ»,- կասեր Զիմզիմովը Պեպոյին: Շուշանիկ Միրզախանյանն ասում է. «Ես մշակույթի նախարարությունից որեւէ հանձնարարական-փաստաթուղթ չեմ ստացել, ըստ որիՙ պարտավորված լինեի ֆիլմին ֆինանսավորում տրամադրել: Հովհաննես Գալստյանը «Տատիկիս վարսերի» 25 միլիոն դրամն ստացել է, կինոկենտրոնն իր պարտավորությունները կատարել է եւ վերջ»: Գալստյանն էլ պնդում է. «Կինոկենտրոնը պայմանագրային պարտավորությունները չի կատարել, ինձ պետք է տար ոչ թե 25, այլ 88 միլիոն դրամ, որը ֆիլմի բյուջեի 30 տոկոսն է: Այդ երաշխիքի հիման վրա են Գերմանիան ու Բուլղարիան համաձայնել դառնալ համարտադրողներ եւ ներդրումներ կատարել»:

Փոխադարձ վիրավորանքների վերջնարդյունքը խնդիրն իրավական ճանապարհով լուծելն է: Հովհաննես Գալստյանը դատի է տվել կինոկենտրոնին: Առաջին նիստը հունվարի 30-ին պետք է լիներ, բայց չկայացավ, որովհետեւ կինոկենտրոնը հայցադիմում չէր ստացել ու միջնորդություն էր խնդրել: Դատական նիստը 2 ամսով հետաձգվել է մինչեւ ապրիլի 9-ը: Երկու կողմերն էլ հաստատակամ են ու անդրդվելի: Կինոկենտրոնն ասում էՙ չեմ տալիս, Հովհաննեսն ասում էՙ կտաս: Հովհաննեսը ԱԺ-ի դիմաց հացադուլ է անում ու պահանջում, որ Լիլիթ Մակունցն իրենց զրույցի ձայնագրությունը հրապարակի, որտեղ նա խոստացել էՙ ֆիլմի նկարահանումները կվերսկսվեն: Կինոկենտրոնը փաստարկներ է ներկայացնումՙ 4-5 տարի առաջ սկսած «Թողություն» ֆիլմը Հովհաննես Գալստյանը դեռ չի ներկայացրել, բայց պետությունից ստացել է 93 միլիոն դրամ:

Որտե՞ղ է այդ ֆիլմը: Հովհաննեսն էլ ասում էՙ ֆիլմը կարտոֆիլ չէ, որ հենց աճի, հողից հանենք ու վաճառենք: Խնդիրներ են առաջացել, գլխավոր հերոսը եւ պրոդյուսերներից մեկը մահացել են, ֆիլմը ժամանակավորապես ընդհատվել է: Ժամանակը կգա, կշարունակենք: Կինոկենտրոնն ասում էՙ դու այդ ֆիլմի 93 միլիոնից 40 միլոնն ուղղել ես կնոջդ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի արտադրությանը: Հովհաննեսն ասում էՙ ուղղել եմ, որովհետեւ կնոջս ֆիլմին պետբյուջեից 15 միլոն էր հատկացված, որը ֆիլմն ավարտելու համար բավական չէր: Իսկ «Թողություն» ֆիլմի 90 րոպեն նկարված է. առայժմ այդքանը, հետո կշարունակեմ:

Հովհաննես Գալստյանը հացադուլ է անում ոչ միայն «Տատիկիս վարսերն» ընդհատելու պատճառով, այլեւ որպես բողոքի նշանՙ ընդդեմ կինոոլորտի կառավարմանը: Նրա կարծիքով մշակույթի նախարարության եւ կինոկենտրոնի քաղաքականությունը ոչնչացնում են հայկական կինոարտադրությունը: Կինոյի ասպարեզին պետությունը տրամադրում է տարեկան 820 միլիոն դրամ, դրանից 270 միլիոնն է հատկացվում կինոարտադրությանը, դրանից էլ ընդամենը 150 միլիոնըՙ խաղարկային ֆիլմերին: Մնացած 550 միլիոն դրամը չինովնիկական համակարգի, ՊՈԱԿ-ների ծախսերն են: Հասկանալի է, որ համակարգը սպասարկող եւ կառավարող անձնակազմը պետք է աշխատավարձ ստանա, գազ ու հոսանք օգտագործի եւ այլն, եւ այլն, բայց մի պահ պատկերացնենք, որ 550 միլիոնն էլ է հատկացվում կինոարտադրությանըՙ որակյալ, բարձրարժեք ֆիլմեր ստեղծելուն: Ու արդեն մեծ բյուջեով ֆիլմերը երազանք չեն լինի:

Ինչ փոփոխություններ կլինեն հայրենի ֆիլմարտադրության նոր հայեցակարգում, կինոյի ռազմավարութունն ու քաղաքականությունն ինչ ուղղություն կբռնեն, ցույց կտան 2019-ին էկրան բարձրացվելիք ֆիլմերը: Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը մտադիր է մինչեւ վերջ պայքարել իր ֆիլմի ու կինոյի կառավարման ճիշտ քաղաքականության համար: Դատական գործընթացից բացի, նա կշարունակի հացադուլը եւ կանցնի ավելի ծայրահեղ քայլիՙ ջրադուլի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 08-02-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ