RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 08-02-2019



ՋԱՆԱԴԻՐ

Տեղադրվել է` 2019-02-08 11:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 572, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻ ԾՈՎ Է, ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸՙ ՆԱՎ, ԻՍԿ ԵՍՙ ԳՈՒՑԵ ՆԱՎԱՊԵՏ. ԳՈՌ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Հարցազրույցըՙ ԳԵՒՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցան մի շարք կարեւոր փոփոխություններ, զարգացումներ ու հետզարգացումներ: Այդ ընթացքում, կարծրացած արժեքների վերարժեւորման փուլում, որպես հանրակենսունակ մարմին, զարգացումների վերոհիշյալ երկու վիճակներն էլ ապրել է հայ մշակույթը:

Չափազանց կարեւորելով հայ մշակույթը եւ այն դիտելով որպես ազգային հոգեւոր եւ մտավոր զարգացման կարեւոր կռվաններից մեկը, օրերս անդրադարձա դրա անշոշափելի կողմերից մեկինՙ երաժշտությանը. Կարճ ու բովանդակալից զրույց ունեցա «ԱՐԱՐ» երգչախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, երիտասարդ երաժիշտ Գոռ Մելքումյանի հետ:


- Ե՞րբ եք հիմնադրել երգչախումբը եւ ի՞նչ պայմաններում:

- Հիմնադրվել է 2013թ., երբ ուսանում էի Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Երաժշտական կրթություն» բաժնում: Նախապատմությունն այսպիսին է: Դեռ փոքր հասակից զբաղվել եմ երաժշտությամբ, նվագելով ժողովրդական փողային գործիքներՙ շվի, ծիրանափող, սրինգ...: Մանկավարժականում ուսանելու վերջին տարում պատրաստվելով ե՚ւ ավարտական քննությունների, ե՚ւ համերգի, փորձեցի որեւէ հետաքրքրական կերպ ներկայացնել ծիրանափողը: Այդ ժամանակ ունենալով մեծ սեր երգչախմբային արվեստի նկատմամբՙ փորձեցի միավորել ծիրանափողը եւ երգչախումբը: Մանկավարժականի ուսանողներից կազմեցի երգչախումբ, որը մինչեւ այժմ գործում է:

- Ի՞նչ եք փնտրում երգչախմբային արվեստի միջոցով:

- Կարծում եմ, որ երաժշտությունը առաջադրում եւ լուծում է բազում կարեւորագույն խնդիրներՙ տիեզերքի, մարդու, հասարակության, մեզ շրջապատող բնության եւ այս ամենի ներդաշնակությանն ուղված: Տեխնիկապես հագեցած ժամանակակից աշխարհում ահռելի մեծ չափերի է հասնում աղմուկը, որի վնասները չափազանց մեծ են հատկապես կենդանական աշխարհի, մարդկանց եւ հասարակությունների համար, նրանք դառնում են հոգեպես անհավասարակշիռ, ագրեսիվՙ բնության եւ միմյանց նկատմամբ: Նաեւ այլ խնդիրներ լուծելու հետ մեկտեղ ԱՐԱՐ երգչախումբը առաջնահերթ է համարում լուծել մարդկանց եւ հասարակության ներդաշնակության խնդիրը, որքան շատ բարձրորակ երաժշտություն, այնքան քիչ աղմուկ եւ վերը նշված խնդիրները:

- Ինչպե՞ս եք ընկալում մշակույթը:

- Մարդըՙ որպես մշակութաստեղծ եւ մշակույթը որպես մարդաստեղծ գործոն: Գերմանացի հանճարեղ բանաստեղծ Ֆրիդրիխ Հյոլդեռլինը այսպիսի տողեր ունի. «Սովորիր արվեստը կյանքում, արվեստում կյանքը ուսանիր: Եթե դրանցից մեկը դու ճիշտ ես տեսնումՙ տեսնում ես եւ մյուսը»: Այո, եթե ճիշտ ենք տեսնում եւ ընկալում արվեստը, մշակույթը, ապա կյանքն էլ ենք ընկալում ճիշտ. հակառակըՙ չիք:

- Դուք ի՞նչ եք տալիս երգչախմբին եւ ի՞նչ եք ստանում, հոգեւոր իմաստով, իհարկե:

- Երգչախումբը ստեղծում է մի մետաֆիզիկ, աննյութական միջավայր, որտեղ հարաբերվում են նրբագույն զգացմունքները, որտեղ եթերային ոլորտները անտես թելերով կապվում ու ներթափանցում են ամենախորը, դրամատիկ, անշոշափելի ենթաշերտեր: Այստեղ երաժշտությունը աննյութական մի ծով է, երգչախումբըՙ նավ, իսկ եսՙ գուցե նավապետ. սա է իմ եւ երգչախմբի հարաբերությունը:

- Ի՞նչն է խթանում Ձեր գործունեությունը:

- Ամեն մարդ կոչված է որեւէ առաքելության իր կյանքում, եւ սա շատ կարեւոր է գիտակցել: Մեր առաքելություններով մենք հավասարակշռում ենք աշխարհը: Մենք մեր առաքելությունն ենք փորձում կատարել, եւ այս գիտակցությունը ամենամեծ խթանն է:

- Դուք զարգացնում եք մշակույթը, երբեւէ պետական աջակցություն ստացե՞լ եք` հիմա կամ առաջ. վերջին քաղաքական զարգացումները որեւէ կերպ ազդե՞լ են երգչախմբի վրա:

- Դեռ պետական աջակցություն չենք ստացել: Չափազանց կարեւոր է, որ պետությունը գիտակցաբար իր կարողությունների մեծագույն չափով աջակցի նման խմբերին (սա թերեւս աջակցություն չէ, այլ ինքնապաշտպանություն պետության համար): Այստեղ են ընկած բազում կարեւորագույն հարցեր: Մենք, որպես ազգ եւ պետություն, մեկ կարեւոր որակ ունենք եւ կարող ենք ունենալՙ դա մեր մշակույթն է: Մեր ազգի պատմությունը մեր մշակույթի պատմությունն էՙ իր բոլոր դրսեւորումներով: Իսկ այսօր մեր երկրում թեւածում է մշակույթի նախարարություն ունենալ եւ չունենալու խնդիրը: Ինչպես երգչախմբի պարագայում եւ ամենայն տեղ կարեւոր է առաջնորդի, «նավապետի» կոչումը, այնպես եւ պետության համար մշակույթի նախարարությունը պետք է իր ձեռքում ունենա պետության ղեկը: Իսկ այսօր Նիցչեի խոսքով ասածՙ «Մշակույթը լոկ խնձորի բարակ մաշկն է շիկացած քաոսի վրա»:

- Ի՞նչ ակնկալիներ ունեք մեր հասարակությունից. կարեւոր ասելիք ունե՞ք նրան:

- Ամեն հասարակություն պետք է հիմնված լինի եւ ունենա բարոյական մեկնակետ, նշաձող, որով եւ կարելի է չափել տվյալ ազգի ու պետության քաղաքակրթության աստիճանը: Դարերով հղկված բազում բարոյական նորմեր ու օրենքներ այսօր վերացել են եւ դրա անմիջական հետեւանքով ոտնձգություններ են տեղի ունենում մեր մշակույթի նկատմամբ (որի համար մենք վստահաբար պատժվում եւ պատժվելու ենք): Եւ այս ամենի ամենավառ օրինակ է Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող պատմամշակութային արժեք հանդիսացող շենքին վնաս հասցնելն ու խոչընդոտելը նման կառույցի կարեւորագույն աշխատանքին: Միայն մեկ օրինակով կարելի է ցույց տալ, թե որքան ենք սակարկության դրել եւ իջեցրել մեր գիտակցության ու կեցության նշաձողը: Ավստրիայի պետությունը նվիրաբերել է Վիեննայի տղաների երգչախմբին քաղաքում գտնվող ամենագեղեցիկ պալատներից մեկըՙ Աուգարտենը, որը երգչախմբի անդամների կեցության եւ ուսման վայրն է: Իսկ Հայաստանում երգչախմբից փորձում են վերցնել մի համեստ փորձատեղ:

Ինչպես Ջիվանին էր ասումՙ «Խելքի աշեցեք»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 08-02-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ