RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 15-02-2019



ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Տեղադրվել է` 2019-02-14 22:49:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 543, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հաճախ մշակութային կապերի միջոցով երկրները դիվանագիտական եւ տնտեսական հարաբերություններ են կառուցում: Նմանօրինակ դրսեւորման մի արտահայտություն էր նաեւ փետրվարի 1-ին Նկարիչների միության տանը կազմակերպված «Նոր մետաքսի ճանապարհ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Չինական Ամանորի առիթով կազմակերպված ցուցահանդեսը բարեկամ չին ժողովրդի դարավոր մշակույթի հանդեպ տածած հարգանքի դրսեւորումն էր: Նախկին քաղաքի արվեստագետների գեղանկարչական եւ գեղագրական ստեղծագործությունների հավաքածուն համադրված էր հինգ հայ ջրաներկի վարպետների աշխատանքների հետ: Ցուցահանդեսի տոնականությունն ապահովելու համար կազմակերպիչները մի քանի հետաքրքրական միջոցառում էին նախաձեռնել, որոնք կոչված էին նպաստել ցուցահանդեսի թեմատիկայի բացահայտմանն ու հիմնավորմանը: Հրավիրյալների մեջ ներկա էին Չինաստանի դեսպանի խորհրդականն ու նրա օգնականը, որոնց հաճելիորեն զարմացրեց Հայ-չինական դպրոցի սաների ողջույնը, այնուհետեւ ներկաներին դիմեց միության նախագահ Սուրեն Սաֆարյանը , որ հյուրերին բարեմաղթանքներ հղելովՙ հարթակ հրավիրեց արվեստաբան Անուշ Հակոբյանին , որի մասնագիտական խոսքը հիանալի ուղեցույց էր ոչ մասնագետ արվեստասերների համար: Օրվա ամենատպավորիչ պահերից էր նաեւ ջրաներկի կարճատեւ վարպետաց դասը: Նկարիչ Պետո Պողոսյանը չինական վրձինների կիրառմամբ ներկաներին ցուցադրեց ջրաներկի տեխնիկայի մի քանի հնարք:

Վաղուց հայտնի իրողություն է, որ ջրաներկի բարդ տեխնիկան չինացիների համար ոչ միայն նախընտրելի եւ սիրելի տեսակ է, այլեւ իր ծագումով նույնպես սերում է Չինաստանից: Չնայած կատարողական դժվարություններինՙ ջրաներկն օժտված է գեղանկարչական յուրահատուկ հմայքով: Նուրբ, եթերային, թափանցիկ ու կենդանի թրթիռով լեցուն այս տեխնիկան դիտողին տպավորելու իր ինքնատիպ կախարդանքն ունի: Արվեստի բոլոր տեսակներում ընտրված նյութն ու կատարման տեխնիկան մեծապես ազդում են ստեղծագործության արտահայտչականության վրա:

Դեռեւս միջնադարից չինացի արվեստագետները ջանում էին մասնավորի միջոցով բացահայտել համընդհանուրը, նրանք երեւույթները տեսնում էին դրանց փոխազդեցության մեջՙ հաճախ ամբողջականը պատկերելով դետալներում: Չին արվեստագետը կարեւորում էր քարի, բույսի, ջրի,շրջակա աշխարհի հայեցումն ու դրանք կերպավորումՙ արտահայտելով սեփական վերաբերմունքն աշխարհարարման հանդեպ: Նկարի հիմքը կազմող գծի օգնությամբ նրանք ստեղծում են պոեզիայով հագեցած տեսարաններ, որոնք հաճախ ուղեկցվում են գեղագիր տեքստով:

Բոլորովին այլ գեղագիտությամբ եւ բովանդակությամբ են օժտված ցուցասրահում ներկայացված հայ հեղինակների ջրաներկ աշխատանքները: Եթե ներկայացված չին հեղինակների մոտ ակնհայտ է ոճական ընդհանրություն, ապա հայերի գործերը խիստ անհատական մոտեցմամբ են: Արեւելքի աշխարհի հանդեպ խոհափիլիսոփայական ու ներհայեցողական վերաբերմունքն այստեղ չի էլ նշմարվում:

Պետո Պողոսյան, Հարություն Ավագյան, Բորիս Հակոբյան, Արմեն Վանցյան, Իգոր Պրոնՙ հեղինակներ, որոնց աշխատանքները փաստում են, թե որքան տարբեր կարող են լինել թե՛ մշակույթները, թե՛ նույն մշակույթի մաս կազմող հեղինակների գործերը:

Թվարկված հայ հեղինակներից յուրաքանչյուրի նկար օժտված է միայն իրեն բնորոշ ասելիքով եւ գեղագիտությամբ: Մի դեպքում բոլորովին թափանցիկ ու նուրբ գուներանգով ստացված քաղաքական կյանքի դրվագներ, մեկ այլ դեպքումՙ ներկի խիտ ու հագեցած կիրառմամբ շատ կենդանի բնապատկերներ, շեշտված ասելիքով, կամ պարզապես սաստիկ էսթետիկ:

Տարբեր մշակույթների ու հեղինակների համատեղ ցուցադրությունը հնարավորություն է ընձեռում համեմատության շնորհիվ անկողմնակալ կարծիք կազմել սեփական գեղագիտական նախապատվությունների վերաբերյալ, գնահատել արժեքավորն ու նկատել սակավ կարեւորը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 15-02-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ