RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 15-02-2019



ԻՐԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-02-14 22:49:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 695, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԹԻԿԻ Ս.ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑԻՆ

Ճարտ.ՙ ԱՐԱ ԶԱՐՅԱՆ, Միրանո-Վենետիկ, 14.01.2019

ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի տարածքում են գտնվում վաղքրիստոնեական ճարտարապետության երեք բացառիկ հոգեւոր կառույցներՙ Ս. Աստվածածին (Մարինե) բազիլիկ-կենտրոնագմբեթ հորինվածքի եկեղեցին, Դ-Զ դդ, Ս. Գրիգոր Լուսավորիչ (Ս. Գեւորգ) խաչաթեւ կենտրոնագմբեթ եկեղեցին, Է դար, եւ Լմբատավանքի Ս. Ստեփանոս Նախավկա (Կարմիր վանք) խաչաթեւ, կենտրոնագմբեթ եկեղեցին, Զ դար: Եկեղեցիներից յուրաքանչյուրը ծավալային, հորինվածքային, զարդանախշային իմաստով մարմնավորում է հայ ճարտարապետության կարեւորագույն նվաճումը: Առանձնահատուկ ու նշանակալից է նաեւ այն փաստը, որ բոլոր եկեղեցիների ներքին պատերին պահպանվել են կառույցներին ժամանակակից որմնանկարների ամբողջական հատվածներ կամ ընդարձակ պատկերագրությունների դրվագներ:

Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում ճարտ. Արա Զարյանի ու որմնանկարի վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեի նախաձեռնությամբ ու միջոցներով, Արթիկի այս երեք եկեղեցիներում կատարվել են որմնանկարների մաքրման, սվաղների ամրակայման ու որմնանկարների պահպանական վերականգնման աշխատանքներ, որոնց մասին «ԱԶԳ»-ում հոդված ենք հրատարակել (07.10.16). Լմբատավանքի Ս. Ստեփանոս Նախավկա ու Ս. Աստվածածին եկեղեցիների որմնանկարների վրա աշխատանքները ավարտելուց հետո, 2017 թվականին նախաձեռնեցինք Արթիկի Ս. Գրիգոր լուսավորիչ եկեղեցու մայր խորանի գլանաձեւ պատի հարավում, հատակից 4 մ բարձրության վրա, եւ ժամանակին ընդարձակ որմնանկարի շարքից մնացած հատվածի վերականգնման աշխատանքները: Նախորդ տարիներին, Լմբատավանքում աշխատելու ընթացքում, բազմիցս այցելել ենք հսկայական չափերի ու երկրաշարժի պատճառով գլխհատված թմբուկով վեհաշուք այս կոթողային եկեղեցի, որտեղ մինչեւ 2015 թվականը, բաց երնքի տակ, եկեղեցու ներփակ պատերի ներքո, պատարագ էր մատուցվում: Խորհրդային կարգերի փլուզումից առաջ, արթիկցի բարերար Աղասի Աղաջանյանի ջանքերով սկսվել էին եկեղեցու շուրջբոլոր տարածքի պեղման աշխատանքները, եւ եկեղեցու թմբուկն ու գմբեթը վերականգնելու նպատակով, շինարարական հրապարակ էին կազմակերպել, հսկայական ամբարձիչ կռունկ տեղադրել, որը 1990 թվականից ի վեր կազմում է հուշարձանախմբի «անբաժան» ու տխրահրչակ միակ վկան: Եկեղեցու վերականգնման ծրագրի անորոշության պարագայում, որոշեցինք փրկել գոնե մայր խորանի պատին դեռ պահպանված որմնանկարի փոքր հատվածը եւ այդ նպատակով ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդ ներկայացրեցինք մեր միջամտության նախագիծ առաջարկը, որի հաստատումից հետո, տեղացի կամավորների օգնությամբ, անցյալ տարի, տախտակամած տեղադրվեց: Եկեղեցու մայր խորանի պատերը ուշադիր զննելուց հետո, պարզ դարձավ, որ մեզ հասած որմնանկարի մասը, պատերի զանազան հատվածներում սվաղի ու գունափոշու պահպանված դրվագներից ելնելով, միակը չէր եւ որ մայր խորանի գմբեթարդը նույնպես որմնանկարազարդ է եղել: Պահպանված հատվածների ուսումնսիրությունից ելնելով, դժվար է վերականգնել մայր խորանի նկարազարդման ամբողջական պատկերագրությունը, սակայն կարող ենք ենթադրել, որ այն նման է եղել Թալինի կաթողիկեի կամ Կոշի Ս. Ստեփանոս եկեղեցիների որմնանկարներին: Մասնագիտական գրականության մեջ որմնանկարը հիշատակել են Լիդիա Դուռնովոն ու Պատրիկ Տոնապետյանը :

Արթիկի «մեծ» եկեղեցու որմնանկարի հատվածը պահպանվել է պատին քսված, 3-4մմ հաստության, կիրավազային սվաղին, որը հիմնականում պատին լավ ամրացված է մնացել: Դիտարկումները թույլ տվեցին ենթադրել, որ այն նախկինում երբեք չի մաքրվել կամ վերականգնվել, քանզի բացակայում էին պահպանված սվաղի եզրերի ամրակայումները: Գունափոշու երանգներն ու նկարչական գծագրության առկայությունը հնարավորություն տվեցին վերականգնել նախնական պատկերագրության հորինվածքային կերտվածքը: Քանի, որ եկեղեցին գմբեթ չի ունեցեել ու մոմերը վառել են ոչ թե մայր խորանում, այլ հվ-արլ. ավանդատան մեջ, որմնանկարի մակերեսին մրի կամ կեղտի շերտը բավական բարակ էր: Այն մաքրել ենք թորած ջրի ու հանքային թեթեւ լուծույթի բամբակյա թրջոցներով: Մաքրելուց հետո պատկերը հստակ պարզվեց եւ ի հայտ եկան շարանով դասավորված երեք սրբապատկերներիՙ գոտկատեղից ներքեւ պահպանված մարմինների պատկերները: Ետնախորքը եղել է մուգ, սրբերի երկար զգեստների տակից լավ երեւում են նրանց բոբիկ կարմիր ոտքերը, մատների մանրամասները: Զգեստների բազմագույն գծագրությունը շատ նուրբ ու հստակ է, ծալքերի ելեւէջները, ծուփերը նկարված են մեծ վարպետությամբ ու փորձառու ձեռքերի կողմից: Գույների ներկնապնակը բազմազան էՙ կարմիր, նարնջագույն, կանաչակապտավուն, դարչնագույն, հողագույն: Որմնանկարի նկարչական հորինվածքը եզրագծվել է կարմիր շրջանակով, որի ստորին հատվածից պահպանվել է մի հատված: Կարմիր շրջանակի մի փոքր կտոր էլ պահպանվել է մայր խորանի երեք լուսամուտներից առաջինի եզրին: Որմնանկարների մաքրման, սվաղի ամրակայման, եզրերի ամրացման ու նկարչական մասի պահպանական վերականգնման աշխատանքների ավարտին, որմնանկարի ամբողջ մակերսը քսվեց հատուկ պաշտպանիչ հեղուկով, որը կապահովի նրա թաղանթը հնարավոր վնասվածքներից:

Ուսումնասիրության նպատակով տախտակամածը տեղափոխեցինք մայր խորանի հյ. պատի մոտ ու մաքրել, ամրակայել ու եզերել ենք որմնանկարի շատ փոքր հատվածներ, նպատակ ունենալով պահպանել դրանք ու փաստագրել մայր խորանի ամբողջական նկարազարդման նախնական հորինվածքը: Վերականգնված որմնանկարները պահպանելու նպատակով դիմել ենք Հայ եկեղեցու Արթիկի թեմի առաջնորդարան ու ՀՀ Մշակույթի նախարարությունՙ մայր խորանի վրա, արտաքուստ ժամանակավոր ծածկ անելու ու երեք լուսամուտները ցելոֆանի թաղանթով ժամանակավոր ծածկելու խնդրանքով:

Արթիկ քաղաքից ոչ հեռու գտնվող Հառիճավանք վանական համալիրում եւս որմնանկարների հետքեր կան: 1201 թվականին Զաքարե եւ Իվանե Երկայնաբազուկ իշխանների կամքով կառուցվում է վանական համալիրի գլխավորՙ Ս. Աստվածածին եկեղեցին, որից հետո, ԺԳ դարում, արեւմտյան ճակատին ագուցվում է քառակոսի հատակագծով մեծ գավիթը: Գավիթը կառուցելուց հետո է, որ եկեղեցու մուտքի կիսաշրջան բարավորին իրականացրել են շատ հետաքրքրական որմնանկարի շարք, որի առկայությունը նկատելի է միայն ուշադիր նայելու դեպքում:

Ընթացիկ տարում նպատակ ունենք վերադառնալ Հառիճավանք, ուսումնասիրել ու հնարավորության դեպքում մաքրել ու վերականգնել այս որմնանկարի պահպանված հատվածները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 15-02-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ