RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 05-04-2019



Տեղադրվել է` 2019-04-04 22:15:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 693, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ ՇԱՐՔԻՑ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Նաիր ՅԱՆ

Մեր երկրում ոչ մի քաղաքական, տնտեսական, սոցիալական հարց, անգամ արցախյան խնդիրն այնքան ակտիվորեն չի քննարկվում ու շրջանառվում, որքան մշակութային կյանքի վայրիվերումները: Կարծես մշակույթի նախարարությունը մեկ տարվա ընթացքում ամեն ինչ ու ամենուր ականապատել է ու հիմա հերթով բոլոր ականները պայթեցնում է: Մշակութային հետապնդման ժամանակներում ենք ապրում: Ահաբեկիչ մշակույթի նախարարությունը գրոհում է սեփական երկրում, սեփական մշակույթի ու մշակույթի սեփական գործիչների վրա: Ոչ ոք չի ժխտում, որ մշակույթի դաշտում արատավոր երեւույթները 20-30 տարվա արմատներ են ձգել, որ օրենսդրական լրջագույն փոփոխությունների կարիք կա, որ 20-30 տարի իշխանությունների կերակրատաշտից օգտվող արտոնյալ «արվեստագետների» ձեռքը մի ամբողջ ժողովուրդ կրակն էր ընկել, որ դասական, ազգային արվեստը ստորադասվել է ցածրակարգ, անարվեստ երեւույթներին: Ոչ ոք չի ժխտում, որ մշակութային քաղաքականություն չենք ունեցել, ունեցել ենք զավթմա՛ն քաղաքականություն: Փոփոխություն բոլորս ենք ուզում, փոփոխություն, ոչ թե ավերածություն, աղետ ու արհավիրք, պատժողական վարքագիծ ու հետապնդումներ:

Մշակութային դաշտի կամայականությունները մի ժամանակ զարմացնում էին, հիմա զայրացնում են. իսկ եթե դրանք օրինաչափություն ու սովորական երեւույթ դառնան ... Մշակույթի գործիչները մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանանների հանդեպ կամաց-կամաց իմունիտետ են ձեռք բերում: Մեկՙ մշակութային հաստատությունների օպտիմալացման փաստաթուղթը draft (սեւագրություն) է, մեկՙ «վա՜յ, ես չգիտեի, որ Համազգային թատրոնի շենք է կառուցվում», մեկՙ «օպերան թատրոն չի», «գեղարվեստական ղեկավարի աշխատանքը ստեղծագործական չի», մեկՙ ես ձեր ներկայացումներից «Կարինե» բալետն եմ տեսել: Զավեշտի, անեկդոտի ռեկորդով Նազենի Ղարիբյանը մշակույթի ոլորտը ղեկավարած բոլոր նախարարներին տվեց-անցավ:

Դամոկլյան սուրը օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի գլխին ճոճվում էր դեռ նախարար Լիլիթ Մակունցի օրոք, ժամանակ առ ժամանակ կրքեր էին բորբոքվում: Մեկ տարի առաջ Օրբելյանի գործունեությունից հրապարակավ դժգոհեց օպերային թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնից հեռացված Կարեն Դուրգարյանը ու ոչ պատահականորեն: Իսկ հենց տարեսկզբից Նազենի Ղարիբյան-Կոնստանտին Օրբելյան հակամարտությունը օր օրի սկսեց նոր փուլ թեւակոխել: Փոխնախարարը հրապարակավ կասկածի տակ առավ Օրբելյանի հեղինակությունն ու կշիռը, հայտարարեց, որ նա ընդամենը մշակույթի նախարարությանը ենթարկվող ՊՈԱԿ-ի ղեկավար է: Ու այսպես շարունակ նա տարբեր հարթակներից ժամանակ առ ժամանակ հանրության ջղերը բարձրավոլտ հոսնաքին էր միացնում: Հենց Նազենի Ղարիբյանն էլ հայտարարել է, որ Օրբելյանն օրենքը խախտելով է երկու պաշտոն ղեկավարում: Բայց պետք է նշել, որ Օրբելյանը մեկ հաստիքով օպերային թատրոնի տնօրենն էր եւ կես հաստիքովՙ գեղարվեստական ղեկավար:

Մաեստրոն պատրաստվում էր արտիստներին ներկայացնել Ֆրանսիայից նվեր ստացած բալետային հանդերձանքը, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Նույն փորձասենյակում նա արտիստներին ներկայացրեց իր ազատման հրամանը: Կոնստանտին Օրբելյանը, «Արտավազդ» մրցանակը ձեռքին, շոկի մեջ էր, իսկ «Արտավազդը» տարվա լավագույն ներկայացում անվանակարգում ստացել է «Չիպոլինո» ներկայացումը. Օրբելյանը սեփական գումարով է այդ բեմադրությունը գնել Մեծ թատրոնից: Իսկ 100 հազար դոլար արժողությամբ բալետային հանդերձանքը, ի դեպ, մեր թատրոնին նվիրել է Օրբելյանի ֆրանսիացի ընկերը, պարզ է, ոչ թե մեր սիրուն աչքերի, այլ մաեստրոյի նկատմամաբ հարգանքից ու պատկառանքից ելնելով: Ֆրանսիացին անգամ Հայաստանի տեղը չգիտե:

Օպերային թատրոնը կանգնեց Օրբելյանի մեջքին: Արտիստներին վրդովեցրել է այն, որ մշակույթի ոլորտի ղեկավարը հաշվի չի առել ոչ Օրբելյանի հեղինակությունն ու կշիռը, ոչ նրա միջազգային կապերը, ոչ էլ նրա ստեղծագործական ու ֆինանսական ներդրումը թատրոնում: Ի վերջո, այս թատրոնը երբեւէ այսքան պրեմիերաներ ու հյուրախաղեր չէր ունեցել: Հաշված ամիսների ընթացքում օպերային թատրոնը հանդես է եկել Քուվեյթում, Դուբայում, Մեծ թատրոնում: Ի վերջո, բոլոր ներկայացումներն այստեղ անշլագով են անցնում. նման հաջողություն, ստեղծագործական վերելք թատրոնը վաղուց չէր տեսել: Եվ այսքանից հետո աչք փակել թատրոնի ղեկավարի ու արտիստների միասնական հաջողությունների վրաՙ վկայակոչելով «ՊՈԱԿ-ների մասին», «Կատարողան արվեստի մասին», «Լեզվի մասին» օրենքները: Ապերախտ ու չարամիտ պետք է լինելՙ չնկատելու համար դրական տեղաշարժը, աշխուժությունը, որն իրապես նոր լիցքեր է հաղորդում թատրոնի անձնակազմին: Եվ դա ոչ միայն գեղարվեստական ղեկավար, այլեւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի վաստակն է: Նա կարողանում է օգտագործել իր կապերը եւ ժամանակակից օպերային արվեստի տարրերը ներմուծել հայաստանյան օպերա. սա անում է ոչ թե գեղարվեստական ղեկավար, այլ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը: Արտիստները պատմում են, որ նախապես հաճախ իրենց սեփական կոստյումով են բեմ դուրս եկել, իսկ այսօր մեկ ներկայացման ընթացքում 4 հագուստ են փոխում: Ու այս ամենը Օրբելյանի սեփական գրպանից, ոչ թե պետբյուջեից: Իհարկե, հրաշալի կլիներ, եթե թատրոնն ունենար տնօրենՙ այլ անձ, որը կզբաղվեր մենեջմենթով, օպերային ներկայացումները դրսի համար գրավիչ դարձնելով, ունենար հզոր կապեր, իսկ մաեստրոն միայն ներկայացումներ բեմադրեր: Բայց եթե Օրբելյանը երկու աշխատանքը համատեղում է ու լավ արդյունք տալիս, նրան ազատելու պատճառը ո՞րն է:

Գոնե Նազենի Ղարիբյանը մի օրինակ բերեր, որ այսինչ հարցում Օրբելյանըՙ որպես տնօրեն, վատ է աշխատել, թերացել է: Նրա աշխատանքի վերաբերյալ ոչ մի գնահատական չկա: Եվ առհասարակ, մեր ցանկացած ոլորտում ցանկացած որոշում ու հրաման կայացնելուց առաջ որեւէ գնահատական չի տրվում: Ի վերջո, իշխանություններն ինչպե՞ս են գնահատում Օրբելյանի աշխատանքը, գնահատական տվե՞լ են: Օպերային թատրոնի արտիստներն այս հարցը ե՛ւ հռետորական, ե՛ւ բազմիմաստ հնչերանգով բարձրաձայնում են: Նազենի Ղարիբյանը եկավ օպերային թատրոն, նրան էլ նույն հարցը տվեցին ու անպաճույճ պատասխան ստացանՙ օրենքն է պահանջում նրան ազատել տնօրենի պաշտոնից: Արտիստներին այլ բան չէր մնում, քան ստուգելՙ Նազենի Ղարիբյանն իրենցից որեւէ մեկին ճանաչո՞ւմ է, ո՞ւմ է տեսել բեմի վրա: ...Ոչ մեկին էլ չէր տեսել: Նրա պաշտոնավարման ընթացքում թատրոնը 5 պրեմիերա է ունեցել, տիկինը ոչ մեկին ներկա չի եղել: Պատճառաբանեցՙ բոլոր օրերին հաստատ գործուղման եմ եղել: Պարզ հարց է առաջ գալիս. եթե պատասխանատու պաշտոնյան իր ղեկավարած ոլորտին տեղյակ չէՙ ոչ թատերական ներկայացում է տեսել, ոչ օպերա ու բալետ, ինչպե՞ս է թատրոն փակում, թատրոնի ղեկավարին աշխատանքից ազատում. պատահականության սկզբունքո՞վ: Հրաման է տրվում ու այն գնում-հասնում է կառավարություն: Հետաքրքրական էՙ այնտեղ հրամաններն ի՞նչ արձագանքի են արժանանում: Երբ Նազենի Ղարիբյանը ՊՈԱԿ-ները փակելու փաստաթուղթն ուղարկել է կառավարություն, այն կարդացողները դեմքի ի՞նչ արտահայտություն են ունեցել, սուրճը կոկորդներին չի՞ կանգնել: Կամ երբ Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու հրամանը հասել է նույն կառավարություն, գոնե զանգով կամ գրավոր հարցումով հայրենի գործադիրը չի՞ փորձել պարզելՙ հրամանը տալուց առաջ որեւէ մեկն արտիստներին մարդատեղ դրե՞լ է, նրանց կարծիքը հարցրե՞լ էՙ ինչպե՞ս է աշխատում Օրբելյանը կամ Օրբելյանից բացի, ո՞ւմ կուզեին տնօրենի պաշտոնում տեսնել: Իսկապես այդպե՞ս է, թե այդպիսի տպավորություն ստեղծելու անհրաժեշտություն կա, որ կառավարության ղեկավարը Նազենի Ղարիբյանի ասածին ու արածին, որոշումներին ու հրամաններին տեղյակ չէ: Իսկ տիկին Ղարիբյանը միշտ ներկայացնում է չոր փաստաթուղթՙ վերջնագիրՙ իբրեւ սեփական նախաձեռնություն:

Օպերային թատրոնը խնդիրը հասցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանինՙ պահանջելով վերականգնել Կոնստանտին Օրբելյանի հաստիքը, աշխատանքից ազատել Նազենի Ղարիբյանին: Փաշինյանն էլ երաշխավորել էՙ ոչ ոք դրսից չի գա ու օպերային թատրոնի տնօրեն չի դառնա, մինչեւ չպարզվիՙ Նազենի Ղարիբյանի բերած օրենսդրական փաստարկները ճի՞շտ են, թե սխալ: Թող օպերային թատրոնն այդ փաստարկների դեմ հակափաստարկներ բերի, ու եթե պարզվի, որ Ղարիբյանը թեկուզ մեկ կետում սխալվել է, պաշտոնից կհեռացվի: Փաշինյանին հանդիպած արտիստները մեծ ոգեւորությամբ ու գոհ գնացին իրավաբանական փաստաթուղթը պատրաստելու:

Ոչ հեռավոր անցյալում մի դեպք է եղել. շատերը կհիշեն: Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների պատճառով բնապահպանները, ակտիվիստները բողոքում էին, Տարոն Մարգարյանն էլ կրպակներն ապամոնտաժելու նրանց պահանջն անտեսում էր: Ցերեկվա լույսի պես պարզ էր, որ քաղաքապետը ոչ մի բան ինքնագլուխ չէր անում: Նիկոլ Փաշինյանի պատասխանի ու Սերժ Սարգյանի «Տարո՛ն ջան, սիրուն չի» արտահայտության մեջ ինչ-որ նմանություն կա կարծես:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 05-04-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ