RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 05-04-2019



ԵՐԱԺՇՏԱԳԻՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-04-04 22:15:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 692, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱՅԻ» ՄԵԿՆԱՐԿԸ

Աննա ԱԴԱՄՅԱՆ

Հայ դաշնամուրային երաժշտության սկզբնավորումը սկսվել է դեռեւս 19-րդ դարի կեսին, երբ ազգային մշակութային օջախների գործունեության ընթացքին միացավ նաեւ երաժշտական մշակույթը եւ կապվեց Տիգրան Չուխաճյանի, Քրիստափոր Կարա-Մուրզայի, Մակար Եկմալյանի, Նիկողայոս Տիգրանյանի, Գենարիոս Կորգանովի եւ այլոց անվան հետ: Հայ դաշնամուրային երաժշտության զարգացման ակունքը մի կողմից ժողովրդական գործիքային երաժշտության ավանդույթներն էին, իսկ մյուս կարեւորագույն ակունքըՙ եվրոպական երաժշտությունը:

Հայ մշակութային օջախներումՙ Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում, Շուշիում, Ալեքսանդրապոլում, Լվովում եւ այլուր հայ ընտանիքների երեխաները սովորում էին դաշնամուր նվագել տնային պայմաններում, հիմնականում այլազգի մասնագետների դասավանդմամբ, իսկ ավելի ուշՙ մասնավոր պանսիոններում, գիմնազիաներում, դպրոցներում:

Երեւանում, ըստ երաժշտագետ Շուշանիկ Ափոյանի տվյալների, դաշնամուրի դասավանդման փաստերը վերաբերում են 19-րդ դարի 70-ականներին եւ ամբողջանում 20-րդ դարասկզբին, երբ տեղեկանում ենք, որ դաշնամուրների թիվը այդ տարիներին քաղաքում ավելանում է: Առաջին մանկավարժները ռուս, լեհ կամ գերմանացիներ էին եւ դաշնամուր նվագել ուսուցանում էին ոչ միայն օրիորդաց գիմնազիայում, պանսիոնում, այլ նաեւ տանըՙ մասնավոր պայմաններում:

Երեւանի հետ միաժամանակ դաշնամուրը հայտնվում է նաեւ Ալեքսանդրապոլում (այժմՙ Գյումրի), իսկ մշակութային կյանքի աշխուժացմանն էին նպաստում նաեւ քաղաքում բնակվող ռուս զինվորականներն իրենց ընտանիքներովՙ տարածելով ռուս եւ եվրոպական երաժշտություն:

Այսպիսով, Կոստանդնուպոլսի, Արեւմտյան Եվրոպայի, Անդրկովկասի քաղաքների, Արեւելյան Հայաստանի մշակութային գործիչներիՙ երաժիշտների, կոմպոզիտորների, կատարողների անձնվեր ստեղծագործական, կատարողական եւ մանկավարժական ջանքերով է ձեւավորվել մեկուկես դարյա հայ դաշնամուրային երաժշտությունըՙ իր բնորոշ հատկանիշներով ու բազմազանությամբ:

Եվ ահա, 21-րդ դարասկզբին, մեր օրերում, հայ մեծանուն դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանի մտահղացմամբ իրականացվում է մի հրաշալի գաղափար-նախագիծՙ հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա, որը նպատակ ունի ձայնագրել, պահպանել, հանրահռչակել այս հսկայական ժառանգության մեծագույն մասը: «Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիան» ընդգրկում է հայ կոմպոզիտորական դպրոցի դաշնամուրային երաժշտական ժառանգության անբաժանելի մասը կազմող լավագույն ստեղծագործությունների կատարումը եւ ձայնագրությունը:

- Տարիներ շարունակ ես հավաքում եւ ուսումնասիրում եմ ավելի քան հազար ստեղծագործություններ, որոնք ընդգրկում են հայկական դաշնամուրային երաժշտության զարգացման ողջ ընթացքը: Այս նախագիծը փորձ էՙ համախմբելու հայ դաշնամուրային երաժշտության ծագումը, արմատները, զարգացումը եւ առաջընթացը եւ լսողին փոխանցելու այդ ստեղծագործությունների հսկայական պաշարը, որոնց մեծ մասը նախկինում երբեւէ չի ձայնագրվել կամ կատարվել: Հայկական դաշնամուրային երաժշտության անթոլոգիայում ընդգրկվելու են հայ կոմպոզիտորների կողմից ստեղծված ավելի քան 100 ստեղծագործություն: Սա արժեքավոր ծրագիր է բոլոր սերունդների համար: Առանց անցյալի ուսումնասիրության անհնար է հասկանալ ներկան, իսկ ապագան նույնպես անորոշ կլինի: Այս ճշմարտությունը հայկական դաշնամուրային երաժշտության անթոլոգիայի ստեղծման եւ իրականացման գաղափարի ամենակարեւոր մասն է,- նշել է Արմեն Բաբախանյանը:

Դաշնակահարը նշում է նաեւ, որ «Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա» նախագիծը իր ստեղծագործական կյանքում ամենալուրջ եւ կարեւոր նախագծերից մեկն է: Նա հույս է հայտնում, որ հաջորդ փուլում հնարավոր կլինի մտածել նոտաների ժամանակակից հրատարակությունների մասին, որպեսզի ամբողջ աշխարհը կարողանա օգտվել հայ երաժշտության գանձարանից:

Եվ ահա, այս հսկայածավալ նախագծի իրականացման ճանապարհին արդեն իրականություն են դարձել 4 ձայնասկավառակներ, որոնք ամփոփում են հայ դաշնամուրային երաժշտության պատմության անդրանիկ եւ պատմական նմուշները: Առաջին երկու ձայնասկավառակները իրականություն են դարձել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, իսկ երրորդ եւ չորրորդ ձայնասկավառակները լույս են տեսնում Եվրոպական Միության եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համատեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ձայնասկավառակները թողարկվում են «Թի Էմ Փրոդաքշըն» ընկերության կողմիցՙ արտադրիչ Թովմաս Մարտիրոսյանի ջանքերով:

Առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, տարբեր երաժիշտների մասնակցությամբ, նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ձայնասկավառակն ընդգրկում էր Տիգրան Չուխաճյանի (1837-1898) 10 եւ Նիկողայոս Տիգրանյանի (1856-1951) 9 դաշնամուրային ստեղծագործությունների ընտրանի: Դրանք ենՙ Տ. Չուխաճյանի «Քուզի ջիվեժը», «Անուրջներ» մեծ ֆանտաստիկ վալսը, «Մինյոն» սալոնի մազուրկան, «Տարանտելլա», «Մահանվագ», «Բնութագրական պար», «Պրոտի պոլկա», «Արեւելյան ֆանտազիա թիվ 1», «Գավոտ», «Կապրիս «Արեւելյան քնար», Ն. Տիգրանյանիՙ «Ռանգի», «Ֆատեն կիտամ», «Զուռնի տրնգի», «Գյումրվա պար», «Էրզրումի», «Բայաթի քուրդ», «Բայաթի շիրազ», «Հեյդարի», «Շահնազ»: Նշենք, որ Տ. Չուխաճյանի երաժշտական լեզուն եւ ժանրերը հարում են առավելապես եվրոպական ավանդույթներին, իսկ Ն. Տիգրանյանի ստեղծագործությունըՙ ժողովրդա-գործիքային եւ աշուղական ավանդույթներին:

Երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի է ունեցել 2013 թվականին, մասնակցությամբ մի շարք հանրահայտ երաժիշտների: Այս ձայնասկավառակը նվիրված է կոմպոզիտոր Ստեֆան Էլմասի (1862-1937) դաշնամուրային ստեղծագործություններին, ամբողջությամբՙ ընդգրկելով շուրջ 29 ստեղծագործությունՙ սոնետ, մազուրկաներ, մազուրկա-ֆանտազիա, նոկտյուրններ եւ վալսեր: Ստեփան Էլմասը ծնվել է Զմյուռնիայում, սակայն կյանքի մեծ մասն անց է կացրել Գերմանիայում, Ավստիրայում, Ֆրանսիայում, վերջին տարիներըՙ Շվեյցարիայում: Մի կարճ ժամանակահատված աշակերտել է Ֆերենց Լիստին: Ըստ երաժշտագետ Ալեքսանդր Շահվերդյանի ՙ Էլմասն ընդլայնեց ազգային, մասնավորապես դաշնամուրային երաժշտության հնարավորություններըՙ ամրապնդելով նրա կապը եվրոպական մշակույթի հետ:

«Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիա» նախագծի 3-րդ հատորի շնորհանդեսն արդեն տեղի ունեցավ այս տարվա հունվարի 29-ին, ՀԲԸՄ դահլիճում, որին ներկա էր նաեւ Եվրոպական Միության դեսպան Պիոտր Սվիտալսկին: Այս ձայնասկավառակը պարունակում է Մակար Եկմալյանի եւ Կոմիտասի դեռեւս լույս չընծայված ստեղծագործությունները, որոնք միջոցառման ժամանակ կատարեց Արմեն Բաբախանյանը: Մակար Եկմալյանի 14 ստեղծագործություն, որոնց մեջՙ «Նոկտյուրն», «Երգ առանց խոսքի», «Պստի տղա», «Չեմ կրնա խաղա», «Հերիք որդեակք», «Արազը հեշտացել ա», «Բերդիցը դուրս ելա, Ալագեազ տեսայ» եւ այլն, եւ 13 ստեղծագործություն Կոմիտասիցՙ որոնց մեջ, ի դեպ, նրա ուսանողական տարիների քիչ հայտնի գործերը. «Տողիկ», «Յոթ երգ», «12 մանկական պիեսներ», «Սգո քայլերգ» եւ հանրահայտ պարերը, որոնք զարդարում են հայ եւ օտարերկրա հանրահայտ դաշնակահարների երկացանկերը:

Ինչպես իրավամբ նշել է երաժշտագետ Մհեր Նավոյանը , մինչեւ վերջերս Մակար Եկմալյանի դաշնամուրային ժառանգությունը մեզանում գրեթե անհայտ էր, սակայն երաժշտագետ Շուշանիկ Ափոյանի «Հայկական դաշնամուրային արվեստի պատմություն 1850-1920» աշխատության մեջ (2006) արդեն թվարկված էին Մ. Եկմալյանի 11 դաշնամուրային գործերը:

Ի դեպ, ինչպես Եկմալյանի, այնպես էլ Չուխաճյանի դաշնամուրային ստեղծագործությունների վերհանումը հնարավոր է դարձել սփյուռքահայ երաժշտագետ, եգիպտոսաբնակ Հայկ Ավագյանի շնորհիվ, որն արդեն երկար տարիներ ստանձնել է այս հույժ կարեւոր առաքելությունը, եւ նրա ջանքերով հայրենիք են հասնում հայ կոմպոզիտորների երբեմնի կորսված ստեղծագործությունները եւ դրվում կատարողական արվեստի շրջանառության մեջ: Դրանք կատարվում են համերգային ծրագրերում եւ փառատոներում, ինչպես նաեւ ընդգրկված են կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի ուսումնական ծրագրերում:

Անթոլոգիայի նախագծի վրա աշխատող ամբողջ թիմը կարեւորում է նաեւ մարզերում տարվող աշխատանքը եւ արդեն երրորդ ձայնասկավառակի շնորհանդեսից հետո տեղի են ունեցել վարպետաց դասեր Գյումրիում եւ Վանաձորում:

Չորրորդ ձայնասկավառակի շնորհանդեսին ականատես եղանք մարտի 28-ին, դարձյալ ՀԲԸՄ դահլիճում, եւ այս ձայնասկավառակը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) եւ Սարգիս Բարխուդարյանի (1887-1973) դաշնամուրային ստեղծագործություններին: Որպես բարի կամքի դեսպան, այս համերգ-շնորհանդեսին ներկա էր նաեւ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը , որը կարեւորեց հայ երաժշտական արժեքների պահպանումը լուրջ վտանգ ներկայացնող մարտահրավերներից: Ձայնասկավառակում ընդգրկված են Սպենդիարյանի 9 ստեղծագործություններըՙ վալսեր, «Սկերցո», «Բարկարոլա», «Օրորոցային», «Մենուետ», «Երգ, պար եւ ղայթարմա», «Ինտրոդուկցիա եւ ղայթարմա», իսկ Սարգիս Բարխուդարյանից` 13 ստեղծագործությունՙ «Սկերցո», «Նոկտյուրն», «Նազ-պար», «Ծանր պար», «Նարինեի պարը», «Նանիկի պարը» եւ այլն:

Ալ. Սպենդիարյանի դաշնամուրային ստեղծագործությունները գրվել են նրա ստեղծագործական կյանքի վաղ շրջանում եւ առավելապես ժանրային-կենցաղային, քնարական պիեսներ են: Ս. Բարխուդարյանի մանրանվագները ներկայանում են որպես պարային բնույթի գունագեղ դրվագներ, շրջապատող կյանքի անմիջական տպավորություններ:

Ի դեպ, արդեն մեկնարկի է պատրաստվում նաեւ հինգերորդ ձայնասկավառակըՙ հավատարիմ մնալով անթոլոգիայի ժամանակագրական կարգին, եւ հուսով ենք մոտ ապագայում արդեն կունենանք «Հայ դաշնամուրային երաժշտության լիակատար անթոլոգիան»ՙ ի փառս հայ երաժշտական արվեստի զարգացման եւ հանրահռչակման:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 05-04-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ