RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 05-04-2019



ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ

Տեղադրվել է` 2019-04-04 22:15:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 712, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՅԵՍ ՎԱՐԴԱ (1928-2019). «ԿԱՐՈՂ ԷԻ ՀՊԱՐՏԱՆԱԼՙ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՎ, ԲԱՅՑ ԱՅԴՊԵՍ ՉԷ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մեկը մյուսի հետեւից կյանքին հրաժեշտ են տալիս համաշխարհային կինոյիՙ 1920-ականների ծնունդ մեծերը: Մարտի 29-ին, Փարիզի իր բնակարանում, 90 տարեկանում ի տեր հանգավ Անյես Վարդան ՙ ֆրանսիական կինոյի հայտնի բեմադրիչներից մեկը, տասնյակ խաղարկային ու վավերագրական ֆիլմերի հեղինակ, նաեւՙ սցենարիստ, արտադրիչ եւ լուսանկարիչ: Մահացավ քաղցկեղից, նույն հիվանդությունից, որից վախճանվել էր իր հայտնի ֆիլմերից մեկիՙ «Կլեոնՙ 5-ից 7-ը» կինոնկարի հերոսուհին...

Նա ծնվել էր 1928-ին, Իքսելում (Բելգիա), Փոքր Ասիայից գաղթած հույնի եւ ֆրանսուհու ընտանիքում: 1940-ից բնակվել է Ֆրանսիայում: Սորբոնի համալսարանում ուսանել է գրականություն եւ հոգեբանություն: Մասնակցելով լուսանկարչական դասընթացիՙ դարձել է Ավինյոնի թատերական փառատոնի եւ Ազգային ժողովրդական թատրոնի լուսանկարիչ եւ փնտրված ֆոտոլրագրող: 1954-ին ամուսնուՙ հետագայում անվանի կինոբեմադրիչ Ժաք Դեմիի հետ հիմնել է «Սինե Տամարի» կինոարտադրության եւ ֆիլմի տարածման ընկերությունը: Նույն թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմըՙ «Պուանտ կուրտը», որը, մասնագետների կարծիքով, արտադրության ձեւերով եւ գեղագիտությամբ կանխորոշել է ֆրանսիական Նոր ալիք կինոուղղությունը: Երկու արհեստավարժ դերասանի կողքին այս սեւ-սպիտակ ժապավենում նկարահանվել էին Պուանտ կուրտ բնակավայրի բնակիչները: Լուսանկարչությունից կինո եկած Անյես Վարդան հետագայում էլ հավատարիմ է մնացել իր սկզբունքինՙ խաղարկային կինոյի իր աշխարհը ստեղծելով վավերագրական կինոգեղագիտությամբ: Հաջորդ ֆիլմըՙ վերոնշյալ «Կլեոն», Վարդան նկարահանել է յոթ տարի անց, 1962-ին, երբ ֆրանսիական կինոյում արդեն իշխում էր Նոր ալիքը: Կինոգետները Վարդային առնչակցում են այդ ուղղության այսպես կոչված «ձախ ափին», որին հարողները հակված էին դեպի փորձարարությունը եւ ձախ քաղաքական հայացքները:

Անյես Վարդայի ֆիլմագրությունն ընդգրկում է 12 լիամետրաժ ու 14 կարճամետրաժ խաղարկային եւ 18 վավերագրական, նաեւՙ 4 հեռուստատեսային կինոնկար: Նա կերտել է ուժեղ կանանց կերպարներ («Կլեոնՙ 5-ից 7-ը», «Առանց տանիք, օրենքից դուրս»), արծարծել կանացիության խնդիրները եւ ժամանակակից կնոջ իղձերը («Ջեյն Բ-ն Անյես Վ-ի աչքերով», «Քունգֆուի վարպետը»), անդրադարձել ֆրանսիական ֆեմինիզմի պատմությանը («Մի կին երգում է, մյուսըՙ ոչ»): Նկարահանել է նաեւ վավերագրական ֆիլմ հանգուցյալ ամուսնու մասին («Նանտի Ժակոն», 1991) եւ խաղարկային կինոֆիլմՙ նվիրված կինոյի մեկդարյա հոբելյանին («Կինոյի հարյուր եւ մեկ գիշերը», 1995):

Անյես Վարդան, որին արդեն մի քանի տասնամյակ անվանում էին «Նոր ալիքի» տատիկը, իր կինոնկարների համար արժանացել է Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի կինոփառատոների գլխավոր, «Լուի Դելլյուկ», երկու «Սեզար» մրցանակներին եւ պատվո «Սեզարի» ու «Օսկարի»ՙ Կինոարվեստում ունեցած ներդրումների համար:

...1987-ին Երեւանի «Սովետական արվեստ» ամսագիրը հրատարակել է Անահիտ Կարաքեշիշյանի «Անյես Վարդան եւ կինոյի «Նոր ալիքը» հոդվածը (թ. 7)ՙ ընդառաջելով Գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտ երկու աղջիկների խնդրանքին: Վերջիններս խնդրել էին հոդված հրատարակել Անյես Վարդայի մասինՙ նշելով, որ նրա իսկական անունն Անահիտ Վարդանյան է: Կարաքեշիշյանի հոդվածում էլ Վարդան հիշված է որպես հայ տարագիր ընտանիքի զավակ (տես նշված աղբյուրը, էջ 57):

Մի քանի տարի անց, 1991-ին, Երեւանի «Գեղարվեստ» թերթում էլ մի հոդվածագիր ( Ս. Հարությունյան ) Անյես Վարդային նվիրված իր հոդվածում ռեժիսորուհու իսկական անուն-ազգանունը ներկայացրել էր Աղավնի Վարդանյան...

Այն ժամանակ չկային առցանց հանրագիտարաններ, կինոշտեմարաններ, ուստիեւ հերթական հայացման վերաբերյալ կասկածներս ցրելու եւ իրականությունը ճշտելու համար նամակով դիմեցի հենց իրենՙ Անյես Վարդային: Հռչակավոր բեմադրիչի պատասխանըՙ տպված «Սինե Տամարի» ընկերության ձեւաթղթի վրա, չուշացավ: Ֆրանսերեն այդ նամակը գրված էր համակարգչով, սակայն Վարդան ստորագրել էր այն: Սույն նամակը թարգմանաբար ներկայացնում եմ ստորեւ.

«Փարիզ, հունվարի 16, 1995

Պարոն,

Շնորհակալ եմ անցած դեկտեմբերի 20-ի ձեր նամակի համար:

Պատասխանելով իմ անվան ծագումի վերաբերյալ ձեր հարցին, պետք է ձեզ ասեմ, որ այն ունի ոչ թե հայկական, այլ հունական ծագում եւ որ դարի սկզբին գրվել է ՎԱՐԴԱՍ: Իմ պապը կրճատել է Ս-ն...

Այնուամենայնիվ, ես շատ եմ սիրում հայերին, մեծապես համակրում եմ նրանց: Կարող էի հպարտանալՙ հայ լինելով.... սակայն այդպես չէ:

Բարին ընդ ձեզ:

Անյես Վարդա»:

...«Կլեոնՙ 5-ից 7-ը» ֆիլմի հերոսուհին ընկերուհիների հետ զրույցում միտք է հայտնում, որ արվեստագետներին պետք է պատվել նրանց կենդանության օրոք (ի դեպ, օրինակների թվում առաջարկում է պողոտա անվանել Շառլ Ազնավուրի անունով...):

Տարակույս չկա, որ իր արվեստագետներին մեծապես գնահատող Ֆրանսիան շարունակելու է պատվել իր կենդանության օրոք իսկ մեծարված եւ ազգային ու համաշխարհային մշակույթի պատմության մեջ իր հաստատուն տեղը գրաված իր մեծատաղանդ դստերըՙ Անյես Վարդային...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 05-04-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ