RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 12-04-2019



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-04-11 22:41:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 544, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ԿԻՆՈՆ. «ԹԹԵՆԻ»

Նաիր ՅԱՆ

Ասում ենք հայկական կինո եւ Համո Բեկնազարյանի, Արտավազդ Փելեշյանի, Սերգեյ Փարաջանովի, Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի կինոժառանգությունն ենք պատկերացնում, այսինքնՙ հայ կինոյի անցյալը, ոչ թե ներկան: Մեր վարպետների ստեղծած ֆիլմերն այսօր ավելի են արժեւորվում, որովհետեւ դրանց մեջ մենք մեզ ենք տեսնում. բնական են, մարդամոտ, մտերմիկ, առանց հավակնությունների: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը «Վերադարձ կինոյի տուն» խորագրի ներքո հաճախ է կինոդիտումներ կազմակերպում եւ, որ ամենակարեւորն է, կինոդիտումներին հաջորդում են քննարկումներն ու հանդիպումները տվյալ ֆիլմի հետ առնչություն ունեցող մարդկանց հետ: Այդ ժամանակ է, որ հետկուլիսային պատմություններ ու դիպվածներ են բացահայտվում, ու դրանք իմանալուց հետո նույն ֆիլմը հաջորդ անգամ ուրիշ աչքերով ես նայում, ուրիշ զգացողություններ ունենում:

Կարճամետրաժ ֆիլմերի հայկական հաջողությունը

Ոչ ոք հեռուստաէկրանի կողքով անտարբեր չի անցնի, եթե «Թթենին» ցուցադրվի: Ֆիլմը երեւի հարյուր անգամ ենք տեսել, ամեն կադր ու արտահայտություն անգիր արել, բայց էլի նայում ենք ու չենք հոգնում: «Թթենին» կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանի դեբյուտն է: Ֆիլմի սկզբում ասվում է, որ այն նկարահանվել է «Հայֆիլմի» մասնակցությամբ: Պարզվում էՙ «Մոսֆիլմը» խորհրդային ժամանակներում մեր այսօրվա լեզվով ասածՙ դրամաշնորհային ծրագրեր է իրականացրել, տաղանդավոր երիտասարդ ռեժիսորներին ինքնադրսեւորման, դեբյուտների հնարավորություն տվել: «Մոսֆիլմն» է ֆինանսավորել այդ դեբյուտները, «Թթենին»ՙ նույնպես: Այդ պատճառով էլ «Հայֆիլմի» մասնակցությունն ուղղակի նշվում է: Ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ մեր կինոռեժիսորները հրաշալի դեբյուտներ են նկարել, այսինքնՙ նրանց մուտքը կինոաշխարհ հաղթական է եղել: Նաեւ փաստ է, որ հայ կինոռեժիսորներն անվրեպ հաջողել են կարճ ֆիլմերի ժանրում. հիշենք «Տժվժիկը», «Ոսկե ցլիկը», «Շրթներկ համար 4»-ը, «01-99»-ը, «Թթենին»:

Հայկական ու ռուսական «Թթենին»

«Թթենին» նկարահանվել է 1979 թվականին, արձակագիր Զորայր Խալափյանի համանուն պատմնածքի հիման վրա: Պատմում են, որ Խալափյանը դժվարությամբ է համաձայնել իր պատմվածքը վաճառել «Հայֆիլմին»: Իսկ մինչ այդ, արձակագիրը «Թթենին» թարգմանել է ռուսերեն եւ ուղարկել «խՌՑպՐՈՑցՐվՈÿ չՈջպՑՈ»-ին: Խմբագիրը չի ըմբռնել հերոսների մտերմիկ, հայկական պատմության համն ու հոտը. պատմվածքի սյուժեն փոխել է, թթենին կտրել, որպեսզի հարեւանների միջեւ վեճ ու կռիվը վերջանա: Հետո նամակ է գրել Զորայր Խալափյանին, թեՙ այդ ի՜նչ պատմություն էր, բա արժե՞ թթենու պատճառով կռվել, թող կտրեն, տեղը խաղահրապարակ սարքեն երեխաների համար: Վրդովված Զորայր Խալափյանը պատասխան նամակով «խՌՑպՐՈՑցՐվՈÿ չՈջպՑՈ»-ի ռուս խմբագրի փետուրներն այնպես է քամուն տվել, որ դրանից հետո արձակագրի գրվածքները մշտապես տպագրվել են առանց տառ իսկ փոխելու:

Երեւանյան թթենու արցախյան պատմությունը

«Թթենու» թթենին մեզ սովորական ծառ է թվում, որպիսիք հատկապես 40-50 տարի առաջ կային երեւանյան յուրաքանչյուր այգում ու բակում: Միգուցե նաեւ հենց դրանով է այս ֆիլմն այդքան հարազատ, որովհետեւ յուրաքանչյուրն իրե՛ն է տեսնում ու հիշում, իր հիշողությունների արտացոլումը գտնում ֆիլմում: Թե՛ քաղաքում, թե՛ գյուղում հարեւաններով միշտ էլ հավաքվել, թութ են թափ տվել, միասին կերել, ուրախացել, ավելի հարազատացել: Թութը մենակ չի ուտվում, թթի ֆենոմենը հենց այն է, որ թթենին գերդաստանին, հարեւաններին, բարեկամներին համախմբելու, ընդհանուր միջավայր ու մտեմիկ մթնոլորտ, հիշողություն ստեղծելու առաքելություն ունի: Պարզվում էՙ մեզ համար սովորական թթենին նախապատմություն ունի: Զորայր Խալափյանի կրտսեր քույրը պատմեց, որ այդ նախապատմությունն Արցախի Թալիշ գյուղից է գալիս: Իրենց նորափեսա պապն ու նորահարս տատն են գյուղի այգում տնկել թթենու մատաղ շիվը, հետո այն մեծացել, հսկա ծառ է դարձել, եւ Խալափյանների գերդաստանի 12 թոռները միաժամանակ բարձրացել են ծառը, թութ կերել ու թութ թափ տվել: 1970-ականների վերջերին երեւանյան իրականություն «տեղափոխված» արցախյան թթենին իրականում Զորայր Խալափյանի տոհմի պատմությունն է խորհրդանշում, երբ պատմվածքը կարդում ու ֆիլմը դիտում են Խալափյանները: Իսկ երբ մենք ենք կարդում ու դիտում, այն ուղղակի երեւանյան ջերմ պատմություն է:

Էկրանին ու էկրանից դուրս

Ցավոք, «Թթենու» մասին պատմություններն ու հիշողութունները շատ չեն: Շատ չեն, որովհետեւ պատմողներն ու հիշողները չկան: Շուշանի դերակատարուհի Թամար Հովհաննիսյանն ու սցենարի խմբագիր Միքայել Ստամբոլցյանը կարող են որոշ բաներ պատմել: Թամար Հովհաննիսյանը 24 տարեկան է եղել, երբ բեմադրող ռեժիսոր Գենադի Մելքոնյանը նրան առաջարկել է խաղալ իր դեբյուտային ֆիլմում: Մինչ այդ նա Թամար Հովհաննիսյանին նկարահանել է «Երկունք» ֆիլմում, որի երկրորդ ռեժիսորն է եղել: «Իմ կինոն, թատրոնը, ընտանիքը ես համարում եմ չստացված: Ես երեքում էլ կարող էի ավելին անել, ավելի լավ ինքնադրսեւորվել: Ու եթե Գենադի Մելքոնյանը չլիներ, միգուցե ես ընդհանրապես կինոյում չնկարահանվեի, որովհետեւ առաջին անգամ կինոյում հայտնվել եմ հենց նրա շնորհիվ»,- պատմեց Թամար Հովհաննիսյանը: «Թթենին» նկարահանվել է Երեւանի Այգեձոր թաղամասում: Երկու հարեւանների տներն էլ շատ հին են եղել, իսկ հիմա դրանք լրիվ ավերակների են վերածվել. Թամար Հովահաննիսյանն է վերջերես գնացել ու տեսել: Թթենին էլ չորացել է: Նա հիշում է. «Ես հղի կնոջ դեր էի խաղում, նկարահանումների դադարներին տանտերը շատ հոգատար վերաբերմունք էր ցուցաբերում, ինձ կերակրում էր, խնամում: Երբ նկարահանումն ավարտվեց, ես արհեստական փորը հանեցի, հագա իմ նեղ ջինսն ու ծխախոտս վառեցի. այն ժամանակ ծխում էի: Միայն տեսնեիք տանտիրոջ դեմքի արտահայտությունը: Նա, խորապես հիասթափված, ասաց. «Ուրեմն դու հղի չե՞ս, էս ի՜նչ եք անում, փաստորեն այս ամենը սուտ է՞ր. սա՞ է կինոն»:

«Թթենու» ծանոթ ու անծանոթ հերոսները

«Թթենին», ինչպես սովետական ժամանակներում ընդունված էր, նկարահանվել է ռուսերեն, այսինքանՙ բնօրինակը ռուսերեն է, հայերեն հնչյունավորումը հետո է եղել: Ռուսերեն տարբերակում Թամար Հովհաննիսյանի ձայնն է հնչում, հայերենումՙ Մայրանուշ Գրիգորյանի, որովհետեւ Թամար Հովհաննիսյանը չի կարողացել հնչյունավորմանը մասնակցել. առաջնեկին է խնամելիս եղել: Ռուսերենում լսում ենք Գասպարի դերակատար Լեոնիդ Սարկիսովի իրական ձայնը, հայերենում Ազատ Գասպարյանն է խոսում, որովհետեւ Սարկիսովը հայերեն դժվարությամբ է խոսել: Մյուսները ֆիլմի թե՛ ռուսերեն, թե՛ հայերեն տարբերակներում սեփական ձայնով են հնչյունավորել: Հայտնի չէ, թե ֆիլմում նկարահանված երեխաներն ովքեր են եւ հետագայում ինչ ճակատագիր են ունեցել: Միայն Գասպարի ավագ որդու ով լինելն է հայտնի. կարմրահեր տղան բեմադրող ռեժիսոր Գենադի Մելքոնյանի որդին է:

Խմբ. կողմից- Ավելացնենք, որ 2005-ին Բենիամին Գեւորգյանը նկարահանել է «Կոտրված թթենին» վավերագրական ֆիլմը «Թթենիի» գլխավոր դերակատար Ռազմիկ Արոյանի (1947-2010) մասին, որը կյանքի վերջին տարիներն ապրել է ծերանոցում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 12-04-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ