RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 12-04-2019



Տեղադրվել է` 2019-04-11 22:41:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 717, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ԼՈՒՅՍԸ. «ԼՈՒՅՍ» ԳՐԱԽԱՆՈՒԹ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Վերջին տարիներին Երեւանում գրախանութային մշակույթը մի տեսակ ակտիվացել էՙ գրախանութները, համեմատ անցյալ մեկ-երկու տասնամյակների, շատացել են, թարգմանական գրքերըՙ նմանապես, ամեն ամիս արտեկրից հսկայական քանակով օտարագիր գրականություն է ներմուծվում: Երեւանը, այս առումով, եզակի է դարձել նաեւ իր «Գրքերի շուկայով» ու քաղաքի տարբեր մասերում գտնվող ոչ ստանդարտ «գրախանութներով»: Եթե տարիներ առաջ մարդիկ միայն խոսում էին գրախանութների լինելիության կարեւորության մասին, այսօր, արդեն դրանց գոյության պարտադրմամբ, սկսել են խոսել գրավաճառության նոր մոտեցումների ու գրախանութների աշխատանքային ոճի մասին: Անկեղծ ասածՙ մեր գրախանութներն առանձնապես չեն փայլում իրենց նրբաճաշակությամբ ու, առհասարակ, ոճային այլընտրանքային լուծումներով:

Բայց Երեւանում կա մի գրախանութ, որը սարուձորով հեռու է մյուսներիցՙ թե՛ ոճով, թե՛ գրքային ապրանքանիշով: Խոսքը «Լույս» գրախանութի մասին է, որ գտնվում է Մաշտոցի 45 հասցեում: Դա Երեւան քաղաքի այն եզակի գրախանութն է, որն իր ոճային անաղատրությամբ պահպանվել է մինչ օրս: Առաջին հայացքից գրախանութը հիշեցնում է բոլորիս հայտնի Հոգվարթսի կախարդական գրադարանի փոքրիկ տարբերակը: Արեւելյան նրբաճաշակ զարդարվեստը միջավայրն այնքան միստիկ է դարձնում, որ, եթե պատուհանից չերեւա ժամանակակից քաղաքի գռեհիկ «ճարտարապետությունը», մարդը կարող է իրեն զգալ 17-18-րդ դարերի արեւելքում: Գրախանութին առանձնակի շուք են հաղորդում փայտե դարակներն ու պահարանները, որոնց հեղինակը հայտնի փայտամշակող-կահույքագործ, ՀԽՍՀ նկարիչների միության անդամ Հովհաննես Նղաշյանն է (1876-1968), վերջինիս այլ եզակի աշխատանքեր կարելի է գտնել, օրինակ, Մատենադարանում, Ազգային գրադարանում եւ այլուր:

Գրախանութն, ի սկզբանե, եղել է թութունի վաճառատեղի: Հետո, 60-ականների վերջում, դարձել է երաժշտական նոտաների խանութ, զուգահեռ վաճառվել են նաեւ որոշ գրքեր: Խորհրդային Միության փլուզումից հետո գրախանութի գործերով ու խնամքով սկսել է զբաղվել Կարեն Գասպարյանը : Ես փոքրիկ զրույց ունեցա նրա հետ, որըՙ ստորեւ.

- Ձեր գրախանութի շենքը շա՞տ հին է:

- Շենքը 1940թ. է կառուցվել: Սկզբից թութունի խանութ է եղել: Մինչեւ հիմա կարելի է գտնել տարեց երեւանցիների, որոնք ժամանկին այստեղից թութուն են գնելՙ իրենց կամ իրենց մեծերի համար:

- Գրախանութն իսկական մշակույթի օջախ է. հայտնի մարդիկ շա՞տ են այցելում:

- Այո, այցելուներ շատ ունենք. աշխարհի հայագետներն այս գրախանութի տեղը գիտեն, մերոնքՙ բնականաբար ոչ:

- Իսկ քաղաքական գործիչներից որեւէ մեկը որեւէ ժամանակ այցելե՞լ է:

- Այո, առաջին ու վերջին նախագահներըՙ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Սարգսյանը:

- Ձեր աշխատած տարիներին գրախանութում եղած ամենաեզակի գիրքը ո՞րն է եղել:

- Դժվար հարց եք տալիս: Նախՙ որքան հին, այնքան եզակի, բայց դա էլ ճաշակի հարց է: Հին «Աստվածաշնչեր» են եղել, որոնք կարող եք համարել իրոք եզակի, որովհետեւ այդ գրքերի շքեղ կազմերից ոչ մեկը մյուսի նման չի եղել:

- Ինչպես հասկացա, այս գրախանութ պատահաբար ոչ ոք չի գալիս:

- Ճիշտ եք, այստեղ հիմնականում գալիս են իմացող մարդիկՙ հատուկ գրքեր ընտրելու համար:

- Տեսնում եմ, որ ժամանակակից ո՛չ հայկական, ո՛չ էլ թարգմանական գրականություն գրեթե չկա, ի՞նչի հետ է դա կապված:

- Չեմ ցանկանում այս միջավայրում ամեն պատահական գիրք վաճառել: Ձեր նշած գրքերից հաճախ են հարցնում, բայց սկզբունքի խնդիր կա: Օրինակ, բիզնեսի հետ առնչվող ոչինչ չեմ ընդունում: Այդ գրքերից շատ եզակիներն են պատիվ ունենում մեզ մոտ հայտնվելու:

- Հիմա հաճախորդների հոսքն աշխու՞յժ է, թե՞ ոչ:

- Մեր գրախանութը թե՛ առաջ, թե՛ հիմա եզակի է եղել նաեւ իր հայագիտական գրականությամբ, մեզ մոտ հնարավոր է գտնել հայագիտական գրեթե ամեն ինչ: Բայց, ցավոք սրտի, ժամանակի բերումով, երբ ամեն ինչ թվայնացվում է, նոր սերունդն էլ առանձնակի լուրջ պատկերացումներ չունի գրքի մասին, հոսքի նվազման միտում եմ նկատում:

- 90-ականներից մինչեւ հիմա հիմնականում ի՞նչ է փոխվել:

- 90-ականներին գրքերի հանձնման մեծ հոսք կար, մարդիկ մեծ քանակությամբ գրքեր էին հանձնում, այնպիսի գրքեր, որպիսիք այսօր գրաշուկայում խոշորացույցով անգամ չենք գտնի: Այն ժամանակ անասելի մատչելի գներով կարելի էր ձեռք բերել այնպիսի գրքեր, որոնք հիմա մի քանի հազար դոլար արժեն: Այդ գրքերը Սովետական Միության փլուզումից հետո գտան իրենց նոր տերերին, վերջիններս էլ դեռ միտք չունեն դրանք վաճառելու: ժամանակին մեր վաճառասեղանին միշտ 1700-ականներիՙ մոտ 30 գիրք էր դրված լինում:

- Պատրաստվո՞ւմ եք այսուհետ նույնպես չվաճառել նոր տպագրված գրքեր:

- Ոչ, ես գրքերից չեմ խուսափում, բայց բացարձակ նախընտրությունը տալիս եմ հայագիտական ու պատմական արժեք հանդիսացող, մարդուն բան սովորեցնող գրքերին:

- Իսկ կահավորանքի մեջ որեւէ բան փոխե՞լ եք:

- Ոչ մի դեպքում, դա ոտնձգություն է պատմության դեմ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 12-04-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ