RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 12-04-2019



ԱՆԱՏՈԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեղադրվել է` 2019-04-11 22:41:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 484, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՙ ԱՅԼ ԿՐՈՆ ԷՐ, ՀԱՎԱՏ»

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

«Ինչքան շատ է մեր ժառանգությունըՙ մեր հանճարեղ նախնիների, այնքան ծանրանում է մեր այսօրվա բեռը»,- Էդուարդ Իսաբեկյանի օրագրությունների մեջ այսպիսի գրառման ենք հանդիպումՙ 1967 - ին արված: Այսպիսի բեռը որքան ծանր, պարտավորեցնող, նույնքան պատասխանատու, միաժամանակ հոգեպես բարձրացնող, հպարտացնող է: Այս տողերը հիշեցի Ազգային պատկերասրահում Անատոլի Գրիգորյանի հետմահու առաջին ցուցահանդեսի բացմանը հնչած ելույթների, նկարչի թոռնուհու կարճ ու արժանապատիվ խոսքի տպավորությամբ: Աշխարհի բազմաթիվ երկրներում ցուցադրված նկարիչն ասել է. «Ամեն անգամ ցուցադրվելիս, կարծես թե մերկանում ես»:

Անատոլի Գրիգորյանը կյանքից հեռացավ երկու տարի առաջ. նկարիչ, որ ինչպես ընկերներն են վկայում, վրձինը ձեռքից վայր չդրեց մինչեւ կյանքի վերջը: Ցուցահանդեսի էքսպոզիցիան ներառում է 70 աշխատանք, եզրափակվում 2016-ին արված վերջին, անավարտ կտավով: Անատոլի Գրիգորյանի նկարչության ձեռագիրը անշփոթելի է, կնիքըՙ սեփական գեղարվեստական մտածողության եւ աշխարհընկալման, հստակ դաջված յուրաքանչյուր կտավի վրա: Այս հայացքի ներքո աշխարհի կանոնիկ ձեւերը կերպարանափոխվում են, նկատելի դեֆորմացիայի ենթարկվում: Իրականության ընկալումը եւ վերարտահայտումը գեղանկարչորեն անցնում է գեղարվեստական այն համակարգերի միջով, որ ստեղծել է նկարչի ստեղծագործ երեւակայությունը: Նա սիրում է դրանց հաղորդել թատերային բնույթ, առաջին պլան մղել կրկեսային շարժումները, ձեւերը (կլոուններ, դիմակներ, բեմական դետալներ): Մտացածին այս աշխարհը, որ գործողություններ է ծավալում կտավի վրա, չգիտեսՙ դեկորատի՞վ է իր նշանակությամբ, թե՞ ենթատեքստային բովանդակություն ունի. - ըստ ամենայնի, կյանքի վարագույրը այսկերպ բացող արվեստագետը դիմակի ետեւում տեսնում է խաղ, որ մարդկանց կամ թե պարտադրված, կամ թե չգիտակցված է նրանց կողմից: Իսկ գուցե մարդկային հարաբերությունների խաթարված դրամա՞ն է, որ խեղկատակի ձայնով բարձրացնում է ծաղրածուն... Շատ աշխատանքներում կենդանու, թռչունի պատկերը կոմպոզիցիոն լրացնող դետալ է եւ կամ նշան, որ դիտողի մոտ ընկալվում է տարատեսակ իմաստներով:

Կտավի վրա կարելի է տեսնել տարբեր աշխարհներ, որոնք փորձ են անում ճանաչել միմյանց այդ նույն հարթության մեջ. սովորականը վերածվում է անսովորի, պատկերի դեֆորմացիան դառնում է ճանաչողության միջոց: Անատոլի Գրիգորյանի արվեստի ինքնատիպությունն ու անհատական ոճը պայմանավորված են իր նկարչության մոտիվներով, գունային հնչեղ հարաբերակցություններով, կոմպոզիցիոն հնարքներով:

Ցուցահանդեսի էքսպոզիցիան, որն ընդգրկում է վաղ շրջանից մինչեւ նրա վերջին, անավարտ գործը (գեղանկարներ, գրաֆիկական գործեր, ճեպանկարներ), նաեւՙ ժանրային առումով բազմազան, ամբողջական տպավորություն է ստեղծում նրա ստեղծագործական ժառանգության մասին: Ցուցադրված են նաեւ անձնական իրերՙ վերջին ներկապնակը, վրձիններ, մոխրաման եւ լուսանկարներ: Ինչպես ցուցահանդեսը համակարգող Մարինա Հակոբյանն է նկատում, նկարչիՙ ձեռագրի, ոճի առումով հանրային ճանաչում ունեցած նկարների կողքին (թատերայնացված պատկերներ, բազմաֆիգուր կոմպոզիցիաներ), այս ցուցադրությունը նորություն է նրանով, որ բացահայտում է նրա ստեղծագործության անծանոթ մի հատված. «բնանկարներՙ այլաբանական շեշտադրումներով, կանացի դիմանկարներ. ինձ համար հայտնություն էին փոքրածավալ, թանձր շերտերով արված գործերը»:

Անատոլի Գրիգորյանը երկար տարիներ աշխատել է Գեղարվեստի պետական ակադեմիայում, ուսանողներին նա ընդունում էր որպես կրտսեր ընկեր, կոլեգա: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը , որ ուսանել է նրա մոտ, տարիների վաղեմության հեռուստատեսային մի նկարահանման մասին պատմեց, երբ նկարչի արվեստանոց այցելելության ժամանակ սուրճ էին խնդրել, եւ վարպետը ինքն իր ձեռքով պատրաստել ու հյուրասիրել էր, միայն թե շաքարի փոխարեն աղ էր դրել...

Նրան հիշում են որպես արվեստի նվիրյալ անձի, որպես ազնվագույն ու արդարամիտ մարդու: Ավելի քան տասը տարի ղեկավարել է ակադեմիայի գեղանկարչության ամբիոնը: «Փառք Աստծո, ամբիոնի վարիչ էի նշանակել մի մարդու, որից բարություն էր ճառագում, հանդուրժողականություն: Իր արվեստից էլ այդ նույն ուրախությունն է ճառագում: Ես զարմանում եմ մեր կինոաշխարհի, թատերական գործիչների վրա, որ չեն օգտագործել նրա արվեստը, հենց իրեն, որովհետեւ ինքը բեմադրություն է ստեղծել իր նկարչությամբ: Այն երեւակայությունը, որ ունի նա, կարելի է համեմատել Ժան Բրեգելի հետ, հայկական Բրեգել կարելի է ասել: Ինքը թեմայի հետ խնդիր չուներ: Մենք տեսնում էինքՙ ինչպես էր ամեն օր թղթի վրա էսքիզներ անում: Սա նորամուծություն էր ամբիոնի վարիչի համար, որովհետեւ անում էր հենց տեղում, աշխատանքային սենյակում, եւ դա հրաշալի էր».- Արամ Իսաբեկյանը երկար աշխատել է նրա հետ եւ ցուցահանդեսի էքսպոզիցիան ինքն էլ արել է:

Տաղանդավոր արվեստագետը, իրենից հետո լավ հետք թողած մարդը հիշվում է ափսոսանքով, ցավով, ջերմությամբ: Մտնում ես ցուցասրահ, եւ երեք սենյակներում գույնի տոն է, ստեղծագործ մտքի վառ երեւակայություն: «Ափսոսալ պետք չէ, թող ափսոսան այն մարդիկ, որոնք ժամանակին չօգտագործեցին այդ հսկայական շնորհքը, այդ հսկայական ներկայությունը մեր կյանքում, եւ ոչՙ միայն Տոլիկի: Այս վերջերս մեկը մյուսի ետեւից գնացին տաղանդավոր նկարիչներՙ Էդուարդ Արծրունյան, Աշոտ Մելքոնյան, նկարիչներ, որոնք մեր հայ կերպարվեստի առաջին պալիտրան էինՙ իրենց գոյությամբ, գիտելիքով, իրենց մակարդակով, որոնք այդպես էլ իրենց արժանի վերաբերմունքը չտեսան».- Ֆերդինանտ Մանուկյանը հիշեց համատեղ սովորելու 14 տարիներըՙ Մերկուրովի նկարչական դպրոցից, Թերլեմեզյանի ուսումնարանից մինչեւ գեղարվեստաթատերական ինստիտուտ. «Բնատուր էր նրա տաղանդը, Տոլիկը ի՞նչ էր սովորում, երբ արդեն սովորած էր: Զարմանալի թիվ մեկ նկարիչն էր, որ վրձինը մի վայրկյան չի իջեցրել: Եղել էՙ միասին ընտանիքներով հանգստանալու ենք գնացել, ճաշի ժամանակ մի ձեռքով նկարում էր, մի ձեռքին գդալն էր: Ասում էիՙ այ անաստված, գոնե մի հավեսով կեր, տեսնենք էլի՛: Այդ ձեւով ապրում էր: Դա իր համար ոչ թե մասնագիտություն էր, այլ կրոն էր, հավատ էր, եւ ինքը մինչեւ վերջ գնաց այդ հավատքի ետեւից»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #14, 12-04-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ