RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 03-05-2019



ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2019-05-02 23:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 948, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺԱՄԱՆԱԿԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆ ԸՍՏ ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Մեր կերպարվեստագետներն ու նկարչության սիրահարները վաղուց գիտեն մոնումենտալ նկարիչ Աննա Հարությունյանին , որը հայտնի է նաեւ թատրոնի, կինոյի եւ բեմական զգեստների իր ձեւավորումներով, ինչպես նաեւ իր ցուցադրությունների համար մշտապես նոր ձեւաչափերի որոնումներով: Ուստիեւ այնքան էլ անսպասելի չէր, որ ապրիլի 26-ին նկարչուհին իր հերթական միջոցառմանը ներկա գտնվելու համար հրավիրել էր այս անգամ Ստանիսլավսկու անվան թատրոն, որի բեմում ներկայացվածըՙ «Ժամանակի փոխակերպումը արվեստների միջոցով» հեղինակային աննախադեպ շոու ներկայացումը, մեկ ժամից պակաս ժամանակահատվածում պայծառացրեց, ջերմացրեց ու հպարտացրեց հանդիսատեսինՙ գերազանցելով նրա ակնկալիքները:

Տեսողական եւ կատարողական արվեստների համադրում-միաձուլումը տեղի է ունենում ժամանակատարածային մի քանի հարթությունումՙ բեմում ապահովելով հաստոցային նկարչության, զգեստանկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստի, անիմացիայի, երաժշտության, արձակ եւ չափածո տեքստերի ասմունքի, ռեժիսուրայի, պլաստիկայի, բարձրագույն նորաձեւության համաժամանակյա ներկայությունը: Ներկայացման հիմքը Աննա Հարությունյանի հինգ մոնումենտալ գործերն են («Ու ոչ մի բան չկար...», «Աշխարհի ստեղծումը», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի յոթ խորհրդանիշները», «Աշխարհի պատուհանը»), որոնք մեկը մյուսի հետեւից «դուրս են գալիս» կտավներիցՙ նոր կյանք ստանալով բեմում միմյանց հերթագայող մոդելների զգեստներին: Ինչպես Էտորե Սկոլայի «Պարահանդես» կինոնկարում, այստեղ եւս հագուստներն արտացոլում են ժամանակը: Հնագույն աստվածներին ու դիցուհիներին բնորոշ հագուկապից մինչեւ մերօրյա ջինսերը ձգվող ոճավորումների տեսականին հրամցնում են տասներեք կին եւ երկու տղամարդ մոդելներըՙ մեկը մյուսից գեղեցիկ, բարձրահասակ, առինքնող, սիգաճեմ... Այդ հագուստները (կյանքի կոչված Կարինե Դնոյանի ղեկավարած «Ատեքս» նորաձեւության կենտրոնում), ներկայացնելով հանդերձ տարբեր իրականություններ, կրում են միեւնույն ստեղծագործական ձեռագիրը: Վերջին բառը պատահաբար չգործածեցինք, քանի որ արվեստի գործի վերածված այդ հագուստները նկարազարդվել եւ դրանց աքսեսուարներն ու արդուզարդը (նաեւ մոդելների դիմահարդարումը) կերտվել են իր իսկՙ Աննա Հարությունյանի ձեռքով: Հագուստներում գերիշխում են նկարչուհու ստեղծագործությանը բնորոշ վառ օքրան ու ոսկեգույնը, որոնց առատությունը ներկայացումը բնավ չի վերածում հերթական գլամուրային շոուի: Բեմում ամեն ինչ ենթարկված է գեղեցիկի գերիշխանությանը, բարձր նորաձեւությունը լրացնում է բարձր արվեստին: Հինգ կտավների շուքն ու փայլը եւ նրանց հագուստային փոխակերպումներն արտացոլվում են նաեւ էկրանին հայտնվող նկարչական նույն մոտիվների անիմացիոն մեկնաբանություններումՙ ստատիկ կամ շարժուն: Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ստացվող այդ էֆեկտները մե՛րթ ծառայում են որպես ֆոն, մե՛րթ իրենց խաղացկուն բնույթով ուժգնացնում են ողջ բեմադրության գունա-լուսային մթնոլորտըՙ ներկայացված պատկերների տրամադրությանն ու թեմային համահունչ:

Նկարներում առկա աշխարհաստեղծման հայեցակարգից էլ բխել է շոու ներկայացման դրամատուրգիական զարգացումը եւ համապատասխան խոսքի կիրառումը, որը տվյալ դեպքում Գիրք Ծննդոցի առաջին պարբերություններն են եւ Հովհաննես Շիրազի թերեւս լավագույն ստեղծագործությունիցՙ «Բիբլիականից» հատվածներ (կարդացողՙ Արամ Սուքիասյան ): Հայ պոեզիայի այս թերեւս անսպասելի կիրառումն էլ ազգային երանգ է հաղորդում բնույթով համամարդկային ներկայացմանը: Ի դեպ, տեքստերը հայերենի կողքին հնչում էին նաեւ ֆրանսերեն ( Անահիտ Մեսրոպյանի թարգմանությամբ եւ ընթերցմամբ)ՙ ծրագիրն իրականացված լինելով Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:

Պետք է առանձնակի նշել նաեւ սցենարիստ եւ բեմադրիչ Կարինե Դավթյանի զուսպ եւ ճաշակավոր աշխատանքը եւ Բագրատ Տերտերյանի ՙ հատուկ այս ծրագրի համար գրված արդիաշունչ երաժշտությունը:

Ցանկալի կլիներ, որպեսզի ներկայացման մեջ դրամատուրգիական եւ գեղագիտական առումով ավելի շատ տեղ տրվեր լուսային էֆեկտներին, ինչպես նաեւ ավելի մշակվեր դերակատարների պլաստիկան:

Փափագելի է նաեւ, որ Աննա Հարությունյանի սույն նախագիծը դառնա պարբերական, կրկնվի ավելի մեծ հանդիսասրահի համար եւ իրեն շատ ավելի պատշաճող, ավելի ընդարձակ ու արդիական բեմահարթակում: Նաեւ կարծում ենք, որ ֆրանսերենը կարող է փոխարինվել այլ լեզուներով եւս...

Հ. Գ. - ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանը 1991-1992 թթ. ուսանել է Եր-անի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1997-2000 թթ.ուսանել եւ գերազանց ավարտել է Գերմանիայի Դյուռեն քաղաքի գեղարվեստի ակադեմիանՙ «մոնումենտալ գեղանկարի մագիստրոս» որակավորմամբ: 1995-ից ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում (Իսպանիա, Գերմանիա, Շվեցարիա, Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, ԱՄՆ, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Ճապոնիա, Չինաստան, Հավայան կղզիներ, Լիբանան, Իրան): Նրա աշխատանքները գտնվում են ինչպես անհատական, այնպես էլ թանգարանների հավաքածուներում: Հարությունյանը 1998-ից Գերմանիայի նկարիչների միության անդամ է, 2000-իցՙ Հայաստանի նկարիչների միության անդամ, 2003-իցՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ: 2011 թ. գեղանկարի անվանակարգում արժանացել է «Տարվա մարդ», 2013-ինՙ «Տարվա նկարիչ» կոչմանը: Մի շարք մշակութային նախագծերի կազմակերպիչ եւ մասնակից է (Վենետիկի 53-րդ միջազգային բիենալե, Նյու Յորքի բիենալե, «Կովկաս-Վրաստան» առաջին միջազգային արտ-էքսպո, Պեկինի բիենալե, Տոկիոյի Արտ-էքսպո): Աննա Հարությունյանը «Թեստ» բարեգործական ֆոնդի հիմնադիրն է եւ «Տոտալ Արտ» ՀՄԿ-ի հիմնադիր նախագահը: Այժմ ղեկավարում է Եր-անի Քրիստաֆոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժինը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ