RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-23 20:37:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 362, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՆ ԱՐՏԱՇԱՏՙ ՎՏԱՆԳՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Նաիր ՅԱՆ

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն ու հատկապես Հին Արտաշատ հնավայրը պեղող հնագետներն ահազանգում ենՙ հուշարձանը վտանգված է: Ամեն տարի գարնանը նրանք Հին Արտաշատ են գնում ու տեսնում, որ հնավայրի տարածքում գտնվող հնավայր-գերեզմանոցն ավելի է ընդլայնվել: Բազմիցս դիմել են մշակույթի նախարարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի հուղարկավորություններն այնտեղ արգելվեն, բայց ապարդյուն:

Արտաշատը մեր երրորդ անտիկ մայրաքաղաքն է Արմավիրց եւ Երվանդաշատից հետո: Այստեղ պեղումներն սկսվել են նախորդ դարի 70-ականներին: Հուղարկավորությունների ավանդույթն այն ժամանակ էլ է եղել, դարձյալ կանխել հնարավոր չի եղել, բայց հիմա ծավալներն ավելի են ահագնացել, որովհետեւ ոչ միայն մոտակա գյուղերից, այլեւ Երեւանից են մահացածների մարմիններ թաղվում այստեղ: Բանն այն է, որ հնավայրը շատ մոտ է Խոր Վիրապին, ու շատերի ընդգծված ցանկությունը հենց այդ հանգամանքի հետ է կապվածՙ ուզում են, որ իրենց հարազատը սրբատեղիին մոտ հուղարկավորվիՙ Մասիսների համայնապատկերի ներքո: Հնագետները նկատում ենՙ ավելի լավ է այդ տարածքն անտեսված, չուսումնասիրված մնա, քան թե հուղարկավորություններ իրականացվեն: Խոպան, անմշակ, լքված վիճակով գոնե մարդկային միջամտություն չկա. հույս կա, որ մի օր այդ տարածքները կպեղվեն, բայց երբ ամեն մետրի վրա գերեզման է, բնականաբարՙ ոչ վաղը, ոչ էլ հարյուր տարի հետո որեւէ հնագետ այնտեղ ուսումնասիրություն չի կատարի, գերեզմանը չի քանդի, ինչ է թե հնագույն քաղաքակրթության շերտեր է բացահայտում: Խորհրդային տարիներին այստեղ սեւ մարմարի հանք է հայտնաբերվել. որոշ ժամանակ քարն արդյունահանվել է, օգտագործվել, բայց հնագետների բողոքներին տեղի տալովՙ իշխանությունները քարհանքը փակել են, որովհետեւ դրա շահագործումը հնավայրին վնաս է հասցրել: Սակայն հուղարկավորությունների մշակույթի դեմն առնել խորհրդային իշխանություններին էլ չի հաջողվել, թեեւ արգելելու որոշումներ բազմիցս են եղել:

Հին Արտաշատը պետական պահպանության գոտի է, բայց պատմամշակութային հուշարձանների մեկ կամ երկու պահապանները ֆիզիկապես չեն կարող հսկել տարածքը.միայն բլուրների հատվածը, որը մայրաքաղաքի մի մասն է կազմում միայն, 100 հա է: Հուշարձանների պահապանները չեն կարող կանխել նաեւ գանձագողության դեպքերը: Իսկ գանձագողություն կատարվում է գրեթե բոլոր հնավայրերումՙ Սյունիքում, Դվինում, Արմավիրում եւ այլուր: Գանձագողերն աշխատում են մասնագիտական լուրջ տեխնիկայով ու սարքերով: Գողոնը, որպես կանոն, հայտնվում է մեր երկրի սահմաններից դուրսՙ սեւ շուկաներում:

Եթե Արտաշատը դառնար արգելոց, ունենար պահպանման սահմանված չափանիշներ, ապա ոտնձգություններ չէին կատարվի: Բայց այն այդպես էլ արգելոց չի դարձել: Բաց տարածք է, որի սահմանները շարքային քաղաքացիները չգիտեն ու կարող են թեկուզ չգիտակցված գործողությունների հետեւանքով պատմահնագիտական շատ կարեւոր շերտեր ոչնչացնել: Հնագետներն ասում են, որ այս տարածքում հուղարկավորությունների ժամանակ հնագիտական բացառիկ կոթողներ են անդառնալիորեն ոչնչացվելՙ այնքան բացառիկ, որ միակն են եղել ոչ միայն Արտաշատում, այլեւ առհասարակ Հայկական բարձրավանդակում: Օրինակՙ ուրարտական ժամանակաշրջանի խեցեգործական արհեստանոցՙ հինգ մետր տրամագծով մի քանի վառարաններով ավերվել է հերթական հուղարկավորության ժամանակ :

Հին Արտաշատի մի մասը պեղված է, ու պատմամշակութային հուշարձաններով, անտիկ քաղաքակրթությամբ հետաքրքրվողի առաջ բավականին յուրօրինակ տեսարան է բացվում: Ընդ որում հնավայրը շատ մոտ է Խոր վիրապին, որտեղ տարեկան 200-250 հազար զբոսաշրջիկ է այցելում: Խոր վիրապում շրջելու համար կես ժամը լիուլի բավական է: Վանական համալիրում լինելուց, տարածքն ուսումնասիրելուց, Մասիսներով հիանալուց հետո այստեղ անելու բան էլ չկա: Մինչդեռ կարելի է զբոսաշրջիկի ժամանակն ավելի հագեցած դարձնելՙ նրան ուղղորդելով դեպի մոտակա Հին Արտաշատ: Բաց երկնքի տակ պեղված-բացված հին մայրաքաղաքն իր քաղաքակրթական շերտերով հաստատ անտարբեր չի թողնի ոչ մեկին, առավել եւս օտարերկրացուն: Ոչ պետությունն է դրանով զբաղվում, ոչ զբոսաշրջային գործակալությունները: Եթե մեկ այլ երկիր Հին Արտաշատի նման հնավայր ունենար, անկասկած, զբոսաշրջիկների ուշադրությունը այդ կողմ կհրավիրեր: Բայց որեւէ ծրագիր չի մշակվել մինչեւ հիմա: Հին Արտաշատը հետաքրքրում է միայն հնագետներին, ուրիշ որեւէ մեկի համար այն գրավիչ չէ: Պեղված է հուշարձանի միայն հինգ տոկոսը, բայց հնագույն քաղաքակրթության, մշակութային շերտերի մասին պատկերացում կազմելու համար դա էլ է բավական: Հնագետների կարծիքով պեղված քաղաքի տեսարանը բավականին ազդեցիկ է ու Խոր Վիրապի համայնապատկերի հետ մեկ ամբողջություն է կազմում: Բայց դրա արժեքը ոչ պետական, ոչ մասնավոր հատվածներում առայժմ չեն հասկանում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ