RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-23 20:37:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 463, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՅԱՑԱՎ Boheme-Ի ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մայիսի 21-ին «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ Boheme գրական-երաժշտական խմբի հոբելյանական համերգը: Լեփ-լեցուն դահլիճում հանդես եկան խմբի անդամներ`հեղինակ- կատարողներ Ռուբեն Քամալյանը , Գագիկ Շիբոյանը , Վահե Քոչարը եւ բանաստեղծ, մանկավարժ Գոռ Հարությունյանը :

Մշակութային գլոբալ վախճանի այս դարում, որի ակամա զոհն է (գուցե կամա մասնակիցը) դարձել նաեւ մեր հասարակությունը, երբ օր օրի ավելի է խորանում մարդ-մշակույթ անջրպետը, երբ «հոտը շրջվել է եւ կաղերն առջեւում են հայտնվել», Boheme-ի նման խմբերը խիստ կարեւոր նշանակություն ունեն: Ցավոք սրտի, այդ խումբն այսօր, եթե միակը չէ, ապա` քչերից մեկն է: Խումբը հատուկ որդեգրած նպատակ ունի` հավատարիմ մնալ մեր մշակույթին, պահել եւ ուժերի ներածին չափով զարգացնել, հասարակության ուշադրությունը սեւեռել դեպի ազգային մշակույթը, որտեղ էլ գտնվում են ամենայն լավն ու պիտանին, որպես արժանապատիվ մարդ այս կյանքն ապրելու համար:

Խմբի կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ պոեզիայի ու երգ-երաժշտության համատեղումն է, մի դրվատելի երեւույթ, որ նորություն կամ, եթե կուզեք, վերածնված դասականություն է մեր հասարակության համար. «Մենք փորձել ենք նույն ժապավենի վրայով անցկացնել պոեզիան ու երգ-երաժշտությունը, որը, ինչպես տեսնում եք, վատ չի ստացվել. սա է մեր արվեստը», ասաց Գոռ Հարությունյանը համերգի ավարտին:

Boheme-ի թեմատիկ արծարծումները տարբեր են, բայց պտտվողՙ հայրենիքի ու հայրենակցի շուրջ, ճշմարտության ու մարդկայնության շուրջ: Հենց դրա շնորհիվ է դեռ սկսնակ խումբը կարողացել շատ կարճ ժամանակում երկրպագուների մեծ բանակ հավաքել:

Խմբի առաջին բեմելը տեղի է ունեցել երեք տարի առաջ` նույն դահլիճում: Այս վերջին ելույթից հետո տղաները ներկաներին հայտնեցին, որ համերգին ներկա գտնվել ցանկացողները շատ են եղել, բայց իրենք ընտրել են այս, համեմատաբար, փոքր դահլիճը, քանի որ սա նաեւ խորհրդանշական է` երեք տարի անց կրկին հանդես գալ այն բեմում, որտեղից տրվել է մեկնարկը, որը, ինչպես նշեց Ռուբեն Քամալյանը, «վերադարձ է ի շրջանս իւր»:

Տղաները հայտնեցին նաեւ, որ առաջիկայում իրենք հանդես կգան համերգաշարով` Հայաստանի տարբեր մարզերում. «Մենք համերգներ ենք ունեցել նաեւ Հայաստանից դուրս, բայց կարծես մոռացել ենք մեր մեծ ու փոքր, քաղաքները, հեռավոր գյուղերը: Անպայման լրացնելու ենք այդ բացը», անկեղծացավ Գագիկ Շիբոյանը:

Վահե Քոչարն էլ իր եւ ընկիերների անունից ներողություն խնդրեց խմբի այն երկրպագուներից, որոնք չեն կարողացել տոմսեր ձեռք բերել ու տեղ գտնել դահլիճում` խոստանալով շատ մոտ ապագայում քավել այդ մեղքը. «Մենք շատ շուտով կհանդիպենք մեծ բեմում, եւ խոստանում եմ` բոլորդ ներկա կլինեք»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ