RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-23 20:37:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 449, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ԿԵՐՊ ԵՄ ԻՆՁ ԶՍՊՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ՄԻՏՈՒՄ ՉՏԵՍՆԵՄ ԱՅԴՏԵՂ. ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ

Հարցազրույցըՙ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Վերջին շրջանում մեր գրական շրջանանկներում աղմուկ բարձրաձվեց ԿԳՆ-ի կողմից մի շարք մանկական հանդեսների ֆինանսավորման դադարեցման շուրջ, որի մասին մեր թերթում գրել էր իմ գործընկեր Նաիր Յանը: Ի՞նչ է եղել եւ ինչպե՞ս է եղել. դրա մասին խոսեցի պետական հովանավորությունից զրկված հանդեսներից մեկիՙ «Աղբյուրի» խմբագիր, բանաստեղծ, գրականագետ Թադեւոս Տոնոյանի հետ:


- Պարոն Տոնոյա՛ն, վերջերս հայտնի դարձավ, որ ԿԳՆ-ն դադարել է ֆինանսավորել երեք ավանդական մանկական թերթերինՙ «Աղբյուրին», որի խմբագիրն եք, «Կանչին» եւ «Ծիծեռնակին»: Այսինքն ստացվում է, որ մենք այլեւս մանկական մամուլ չունե՞նք:

- ԿԳՆ-ն ինչ-որ մրցույթ է հայտարարել, որի արդյունքում հաղթել են ամենաէժան գին ներկայացրած մատակարարները: Դրանք հանրությանը քիչ ծանոթ, մեծ կենսագրություն չունեցող պարբերականներ են, ասենքՙ «Խատուտիկ», «Մարի», «Լուսապսակ» եւն:

- Այդ ամենի շուրջ հանրային լսումներ եղե՞լ են:

- Եղել են, բայց անօգուտ: Անցած չորեքշաբթի օրն էլ մեզ Ազգային ժողով հրավիրեցին, բուռն քննարկում տեղի ունեցավ: Ցավում եմ, որ փոխնախարար Առաքելյանն ուղղակի եկել էր մրցույթի արդյունքների պատճենահանված կապոցովՙ ապացուցելու, որ մրցույթն օրինականության սահմաններում է անցկացվել: Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում էր հարցի իրավական կողմը, որ շրջանցում է նախարարությունը: Խոսքը 1990թ. Գերագույն խորհրդի նախագահության որոշումն է, անվանապեսՙ «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Կանչ» պարբերականները պետական հովանավորության ներքո առնելու եւ հոգալու նրանց պահպանման եւ տպագրության ծախսերը: Այսօր, երբ ԳԽ-ն այլեւս գոյություն չունի, մեր բարձրագույն օրենսդիր մարմինը, այդ որոշումը չի վերանայել, այն այսօր էլ ուժի մեջ է:

- Ի՞նչ պարզաբանումներ են տրվել ձեզ այդ հանդիպման ժամանակ:

- Այդ ժամանակ մեզ համար շատ անկնկալ պարզվեց, որ, ի վերջո, ԿԳՆ-ն դիմել է Արդարադատության նախարարությանը, պարզելուՙ արդյո՞ք այդ որոշումը ցայսօր իրավազոր է, թե՞ ոչ: Բացի այդ չմոռանանք, որ երեխաների իրավունքների մասին օրենքում կա կետ, ըստ որիՙ պետությունը պետք է հովանավորի մանկական մամուլի ստեղծումն ու դրանց մատչելիությունը հասցեատերերին, ինչը կարծում եմ, այս մրցույթն ապացուցում էՙ որքան մատչելի կլինեն այդ պարբերականները ոչ թե երեխաների, այլ նախարարության համար:

Իրավական մասով այսքանը, բայց հարցը ունի նաեւ բարոյական կողմ: Ենթադրենքՙ 90թ. այդ որոշման իրավազորությունը կորցված է, բարոյական ի՞նչ հիմքեր կան մոտ մեկ դար տպագրվող պարբերականների պետական հովանավորությունն առանց քննարկման դադարեցնելու: Պատճառաբանում են նաեւ ծախսերը, բայց դա այնքան էլ այդպես չէ: Օրինակՙ «Կանչը» տարեկան տպագրվում էր 48 մամուլով, 16 միլիոն դրամով, իսկ նորերից մեկըՙ տարեկան 12 մամուլովՙ տպագրվելու է 6 միլիոն դրամով: Համեմատեք ինքներդ: Պետությունը տուժել է:

- Իսկ, որպես բանաստեղծ, երկարամյա դասախոս, մտավորական, վերջապես, դասական ավանդական մամուլի հանդեպ այս վերաբերմունքի մեջ ինչ վտանգներ եք տեսնում:

- Ես գտնում եմ, որ շատ խիստ պետք է պատժվեն այն մարդիկ, որոնց պատճառով մինչեւ այսօր երեխաները չեն ստացել իրենց հասանելիք մամուլը: Դրանց սպասողներ կան թե՛ սահմանամերձ գյուղերում, թե՛ սփյուռքում: Ես հիմա շատ վատ եմ գնահատում այս բարձիթողի վիճակը, եւ մի կերպ եմ ինձ զսպում, որպեսզի միտում չտեսնեմ այդտեղ:

Ես փոխնախարար Առաքելյանին հարցրեցիՙ արդյո՞ք ինքը ճանաչում է այն պարբերականները, որոնք շահել են մրցույթը, պատասխանեցՙ ոչ: Սա ծիծաղելի է: Մարդիկ չգիտեն ու՞մ են գումար տալու:

- Իսկ այդ մրցույթը հաղթած պարբերականների խմբագիրներին ճանաչո՞ւմ եք, հավատո՞ւմ ենք նրանց ներուժին, կարո՞ղ են աշխատել երեխաների հետ:

- Նրանցից երկուսի առումով ես կարող եմ հաստատապես ասել, որ իրավունք չունեն մանկավարժությամբ զբաղվելու, առավել եւսՙ մանկական մամուլ տպագրելու: Նրանք գրագիտության խնդիրներ ունեն: Ախր նման պարբերականները պետք է տպեն մանկավարժական լուրջ կենսագրություն ունեցող մարդիկ, քանի որ սրանք ուղղակի մամուլ չեն, սրանք օժանդակ կրթադաստիարակչական օրգաններ են, որովհետեւ դպրոցական ծրարգրերում հնարավոր չի մտցնել ամեն բան. այդ բացը պետք է լրացնել մանկական մամուլով:

- «Աղբյուրի» անցած ճանապարհից ի՞նչ կպատմեք:

- «Աղբյուրը» տասնամյակներ շարունակ եղել է գրական պրոցեսի կազմակերպիչներից մեկը: Դա նաեւ տիրույթ էր, որտեղ հանդես էին գալիս մանկագիրները: Ի դեպ, ես չգիտեմ, այսօր մանկագիրներն ուրիշ էլ որտե՞ղ են հանդես գալիսՙ «Աղբյուրը» չկա, «Ծիծեռնակը» չկա, «Կանչը» չկա: Ես այս ամենը օդից չեմ հնարում: Շատ հայտնի ստեղծագործություններ, նախքան գիրք դառնալը, «Աղբյուրում» են տպագրվել: Օրինակՙ Հրանտ Մաթեւոսյանի «Մեր վազքը» ժողովածուն, որի բոլոր պատմվածքները նախօրոք «Աղբյուրում» են տպագրվել:

Լեւոն Հախվերդյանի «Զրույցներ Հայոց լեզվի մասին», Հայկ Խաչատրյանի «Տեղանունը հուշարձան է», Սերգեյ Վարդանյանի «Հայոց մայրաքաղաքները», Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն հայոց» գրքերը եւ էլի շատ ու շատ գրքեր, թերթոնի տեսքով ամենաառաջինը մեզ մոտ են տպագրվել: Մի շատ կարեւոր բան էլ ասեմ. սովետական տարիներին, երբ գլավլիտը մկրատը ձեռքին թղթատում էր ազգային տարր պարունակող շատ էջեր, մենք կարողանում էինք տպագրել ամբողջական էջեր մեր ֆիդայական շարժման մասին, դրա հեղինակն էլ պատմաբան Հայկազ Պողոսյանն էր, որի գիրքը հետագայում տպագրվեց:

«Աղբյուրը» գրական, գեղարվեստական, մշակութային հարթակ է, որտեղ իրենց ստեղծագործություններն են կարողանում ներկայացնել երեխաները. այսօր նրանք տեղ չունեն, որտե՞ղ են տպագրվելու նրանք:

- Մտավորականությունն արձագանքե՞լ է Ձեզ:

- Այո: Արտավազդ Սարեցյանը, Լիպարիտ Սարգսյանը, Լյուդվիգ Կարապետյանը եւ այլք: Նրանք այս ոլորտի հին մարդիկ են: Հին, բայց ոչ հնացած, ինչպես կարծում է ԿԳ նախարարությունը: Գրողների միությունն ու Ժուռնալիստների միությունը նույնպես հանդես են եկել դատապարտող հայտարարություններով:

- Հիմա ի՞նչ եք պատրաստվում անել:

- Հիմա ես փորձում եմ ինչ-որ կերպ լուծել ամսագրի լույսընծայման հարցը, գոնե մի քանի համար, որպեսզի չընդհատվի: Մինչեւ ԿԳՆ-ն կպարզի իր դիրքորոշումը մեր նկատմամբ իրավաչա՞փ է, թե՞ ոչ:

Ես չեմ թողնելու պարբերականը, ամեն բան անելու եմ, պատրաստ եմ դիմել նաեւ անհատների: «Աղբյուրի» հետ են կապված շատ լուրջ անուններ, ինչպիսիք ենՙ Վիկտոր Համբարձումյան, Վախթանգ Անանյան, Պերճ Զեյթունցյան, Հովհաննես Շիրազ եւն. այսքանից հետո բարոյական չի լինի հենց այնպես թողնել ամեն ինչ ու գնալ: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ:

Ի դեպ, որպեսզի չմտածեն, որ ես ու մյուս պարբերականների խմբագիրները անձնական շահ ենք հետապնդում, առաջարկել եմՙ տեղս զիջել, միայն թե ապրի թերթը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ