RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2019-05-23 20:37:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 579, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈՒՍԱԿԱՆ «ԱՐԾԱԹԵ ԴԱՐԻ» ՀԱՅԱԶԳԻ ՄՈՒՍԱՆ. ԵԼԵՆԱ ԿՈՄԻՍԱՐԺԵՎՍԿԱՅԱ-ԲԱԼԻԵՎԱ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ռուս մշակույթի պատմության մեջ հետք թողած հայազգի տիկնանց մեջ եղել է մեկը, որը թեեւ արվեստում չի հասել բարձունքների, սակայն միայն իր գոյությամբ ապահովել է բաղձալի ներկայություն, դարձել ներշնչանք եւ անփոխարինելի ուղեկից: Խոսքը դերասանուհի եւ բալետային մենեջեր Ելենա Կոմիսարժեւսկայա-Բալիեւայի (1895-1981) մասին է, ծնյալ Հակոբյան, որը Եվրոպայում եւ Ամերիկայում հայտնի էր որպես Elene Komisarjevskaia կամ Mrs. Elene Balieff: Նա ամուսնացած է եղել երկու նշանավոր մշակութային գործիչների հետ, նրա դիմանկարը վրձել են Սերգեյ Սուդեյկինը եւ Բորիս Շալյապինը, նրա համար բանաստեղծություններ է գրել եւ կարդացել Վլադիմիր Մայակովսկին, նրան անպատասխան եւ անհույս սիրով սիրահարված է եղել երգիչ Ալեքսանդր Վերտինսկին, նրա մտերիմներն են եղել դերասան-բեմադրիչ Ալեքսանդր Թաիրովը, դերասան Իգոր Իլյինսկին, նկարիչ Մստիսլավ Դոբուժինսկին... Նրա եւ ռուսական «Արծաթե դարի» բոհեմական արվեստագետների վերաբերյալ հյուսվել են առասպելներ, շրջել տարբեր պատմություններ...

Ելենան, կամ, ինչպես նրան մտերիմներն են անվանել, Լելյան, ծնվել էր Մոսկվայում, հայրը հայ էր (Արկադի Հակոբյան), մայրըՙ ռուս (Նադեժդա Օրեշնիկովա): Ունեցել է երեք քույր (Նատալյա, Նինա, Սոֆյա) եւ մեկ եղբայրՙ Իվան: Ծնողները վաղ են ամուսնալուծվել, մայրը երկրորդ անգամ ամուսնացել է ճարտարագետ-մեխանիկ Լեոնիդ Զվորիկինի հետ, որից ունեցել է Դմիտրի որդուն (հետագայումՙ հայտնի մարզիչ): Իր դերասանական գործունեությունը սկսել է ռուսական բեմի մեծանուն դերասանուհի Վերա Կոմիսարժեւսկայայի թատրոնում, որը ղեկավարել է արտիստուհու եղբայրըՙ բեմադրիչ, մանկավարժ, թատրոնի տեսաբան, նկարիչ եւ թարգմանիչ Ֆյոդոր Կոմիսարժեւսկին (1882-1954): Վերջինս, լինելով կանանց մեծ երկրպագու, շատ շուտով տարվել է երիտասարդ Լելյայով եւ ամուսնացել է հետը:

Բոլշեւիկյան հեղաշրջումից հետո 1919-ին Կոմիսարժեւսկիները տարագրվել են Լոնդոն: Այստեղ 1922-ին «Ֆեյրիլենդ» թատրոնում Մադամ Կոմիսարժեւսկայա անունով Ելենան հանդես է եկել Բրոդվեյի «Չղջիկ» ռեւյուում: Սակայն Լոնդոնում Կոմիսարժեւսկիի հետ ամուսնությունը վերջ է գտելՙ հավանաբար ամուսնուՙ գեղեցիկ սեռի հանդեպ ունեցած թուլության պատճառով: Նորածին որդուՙ Վլադիմիրի հետ Ելենան մնացել է առանց գոյության միջոցների: Բարեբախտաբար, 1923-ին Լելյան Լոնդոնում ծանոթացել է Փարիզից հյուրախաղերով այնտեղ եկած ռուսական «Չղջիկ» էստրադային թատրոնի հիմնադիր, կոնֆերանսյե, ռուսական էստրադայի «հայր» Նիկիտա Բալիեւի (Մկրտիչ Բալյան, 1877-1936) հետ եւ աշխատանքի է անցել նրա թատերախմբում: Երբ թատերախումբը մեկնել է ԱՄՆ, Ելենա Հակոբյանը եւ Բալիեւն ամուսնացել են հենց նավի վրա: Այս անգամ ամուսնությունը երջանիկ է եղել, չնայած Ելենան այդպես էլ չի կարողացել Ամերիկա տանել որդուն...

«Չղջիկը»ՙ անսովոր մի թատրոն, Մոսկվայում 1908-ին հիմնել էր Բալիեւըՙ նույնպես հայազգի Նիկոլայ Տարասովի հովանավորությամբ: Այն բացառիկ մի երեւույթ է եղել մոսկովյան մշակութային կյանքում, այնուհետեւ նաեւՙ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, ունենալով հսկայական հաջողություն, ազդեցություն գործելով ֆրանսիական եւ ամերիկյան բեմարվեստի վրա... Ծնունդով կարինցի, ողջ կյանքում ռուսերենը հայկական առոգանությամբ խոսող Բալիեւը հենց սկզբից իր շուրջն է համախմբել հայազգի արվեստագետների, որոնց թվում էին տարբեր ժամանակներում հանդես եկած թատրոնի երկարամյա պրիմադոննա Թամարա Դեյկարխանովան, Ելենա Թումանովան, Թամարա Օգանեսովան, Արշակ եւ Գեորգի Բուրջալյանները, Եվգենի Վախթանգովը, տիկնայք Լալայանցը, Աբիսողոմյանը, Դավիթյանը, Պայինյանը, օրիորդ Սուսանճյանը, Ալեքսան եւ Նիկոլայ Հովսեփյանները, Ֆեոդոր Շալյապինի խմբի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Արփինե Արգուտինսկայան (Արղության, 1902-1976), Ակիմ Թամիրովը, Լ- Տարասովըՙ ֆրանսիական գրականության ապագա խոշոր դեմք Անրի Տրուայան... Այս անուններին միացել է նաեւ կես հայ տիկին Բալիեւան: Նրա մասնակցությամբ կադրեր առկա են 1923-ին Լի Դե Ֆորիսթի նկարահանած «Չղջիկ» ֆիլմում, որտեղ ընդգրկվել է «Փայտե զինվորների շքերթը» ներկայացումըՙ Բալիեւայի դերակատարմամբ:

1929-ին «Չղջիկը» երկրորդ անգամ է մեկնել հյուրախաղերի ԱՄՆՙ հանդես գալով Նյու Յորքի «Ջոլսոնի 59-րդ փողոցի թատրոնում»: 1934-ից Ելենա Բալիեւան սկսել է հանդես գալ բարեգործական ձեռնարկներով, օրինակ` մասնակցել է Ռուս վարորդների փոխօգնության միության եւ այլ համերգների, հանդես է եկել նաեւ ռուս տարագիր բանաստեղծներ Դոն-Ամինադոյի (Ամինոդավ Շպոլյանսկի) եւ Լոլոյի (Լեոնիդ Մունշտեյն) երեկոներում...

1936-ին Նիկիտա Բալիեւի հանկարծամահ լինելը Ելենա Արկադեւնային գրեթե հասցրել է մահվան դուռը, ուստիեւ նա ընդմիշտ թողել է թատրոնը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերային» կից բալետի դպրոցի փոխտնօրենը: Բալիեւան բնակվել է յոթ սենյականոց բնակարանում, որը եղել է ռուս եւ ամերիկացի արվեստագետների հավաքատեղի, այն անվանել են «Նյույորքյան Արբատ»: Նրա մտերիմ բարեկամներից է եղել ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Վան Քլիբերնը... 1960-ականներին Ելենա Բալիեւան այցելել է Մոսկվա, հանդիպել հարազատներին: Նրան առաջարկել են մնալ ԽՍՀՄ-ում, սակայն նա մերժել է...

Կյանքի վերջին տարիները Ելենա Բալիեւան անցկացրել է Մանհաթընի Նովո-Դիվեեւյան ուղղափառ վանքում: Մահացել է 87 տարեկանում, 1981-ի մարտի 15-ին: Անգլիայում մնացած որդինՙ Վլադիմիր (Վադիմ) Կոմիսարժեւսկին (որը որոշ ժամանակ անհաջող աշխատել է կինոյում եւ ողջ կյանքում հոր պես տարված է եղել կանանցով) մոր մահից հետո մեկնել է Նյու Յորքՙ նրա իրերը վերցնելու եւ շուտով ինքն էլ հետեւել է մորը....

Ավելացնենք նաեւ, որ Ելենա Բալիեւայի քույրերը մնացել են Ռուսաստանում եւ, ի տարբերություն իրենց ավագ քրոջ, ապրել են խիստ սովորական կյանքով: Նատալյա Հակոբյանը (1896-1967) եղել է գրական խմբագիր, աշխատել մոսկովյան հրատարակչություններում, Նինա Հակոբյանը (1902-1977) եղել է մեքենագրուհի, իսկ Սոֆյա Հակոբյան-Սավարին (1903-1983) վարչական աշխատող է եղել Մոսկվայի պետական համալսարանի հանրակացարանում...

Հ.Գ. - Ելենա Բալիեւայի մասին համացանցային հոդվածներից մեկի հեղինակը (Ն. Մ. Զվորիկին) հարկ է համարել նշել, որ «Ե. Ա. Ակոպիանին նվիրված տարբեր կենսագրական եւ հանրագիտարանային տեղեկատուներում.... հին ռուսական Ակոպիան անունն աղավաղվում է եւ սովորաբար գրվում է հայկական ձեւով, որպես Ակոպյան, ինչն, իհարկե, ճիշտ չէ»:

Իհարկե, անկախ այն բանից, արտիստուհու անունը գրվի Ակոպիան կամ Հակոբյան, Ելենա Բալիեւան պատկանում է ռուսական մշակույթին, եւ վերոհիշյալ պնդումը կատարող հեղինակն իրականում ինքն է աղավաղում ճշմարտությունըՙ Ակոպիանը համարելով «հին ռուսական ազգանուն»...

Նկար 2. Ելենա Բալիեւա եւ Նիկիտա Բալիեւ

Նկար 3. Ելենա Բալիեւան որդու հետ

Նկար 4. Բորիս Շալյապին, «Ելենա Բալիեւայի դիմանկարը»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #20, 24-05-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ