RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 07-06-2019



Տեղադրվել է` 2019-06-06 22:38:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 523, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Նաիր ՅԱՆ

«Իզուր չէ, որ Լուսինե Զաքարյանը ծնվել է հունիսի 1-ինՙ երեխաների պաշտպանության օրը. նա հոգով ու էությամբ մանուկ մնաց միշտ», - հայ հոգեւոր երգերի անզուգական մեկնաբան, անվանի սոպրանո Լուսինե Զաքարյանի մասին նրա ժամանակակիցներն այսպես են ասել:

Երկար տարիներ Լուսինե Զաքարյանի եւ նրա ամուսնուՙ գրաբարի մասնագետ, շարականագետ, ԵՊՀ դասախոս Խորեն Պալյանի երեւանյան բնակարանի հետ կապված թնջուկը չէր լուծվում: Ազգականների միջեւ անհարթություններն ու անհամաձայնությունները թույլ չէին տալիս, որ արվետագետ ամուսինների տան ճակատագիրը դրական հանգուցալուծում ունենաՙ տուն-թանգարան դառնա: Դեռ 4-5 տարի առաջ Խորեն Պալյանի եղբորորդինՙ բժիշկ Րաֆֆի Պալյանը, Լոս Անջելեսից պարբերաբար գալիս էր Հայաստանՙ մեծ հորեղբոր երեւանյան բնակարանի խնդիրը լուծելու: Նա նաեւ հանդիպել է մշակույթի նախկին նախարարներին: Բայց խնդիրը կտակի, ժառանգության հետ էր կապված, եւ մինչեւ հարազատների միջեւ անհարթությունները չլուծվեին, որեւէ քայլ անել հնարավոր չէր: Ի վերջո, Ր. Պալյանին հաջողվել է խաղաղ ճանապարհով լուծում գտնել: Նրա ֆինանսավորմամբ Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի բնակարանը վերանորոգվել է, Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին կաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ էլ սկսվել են տունը թանգարանի վերածելուՙ ցուցադրական աշխատանքները: Ցուցադրության համակարգումն ու ձեւավորումն իրականացրել է «Քվադրում» ճարտարապետական արվեստանոցը:

Հունիսի 1-ինՙ Լուսինե Զաքարյանի ծննդյան օրը, Եզնիկ Կողբացի 42, բն. 3-ում վերջապես բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: Առաջին հարկի երկու սենյականոց բնակարանում տեղավորվել ու ներկայացվել է այն ամբողջ արխիվային նյութը, ինչ մնացել է Լուսինե Զաքարյանից: Իհարկե, ինչպես կյանքում, այնպես էլ հուշապատում-թանգարանում նրանից անբաժան է Խորեն Պալյանը: Ամուսնական համատեղ կյանքի ընթացքում նրանց գործածած իրերը, հագուստը, անձնական պարագաները, անգամ ափսեները, բաժակները, բազկաթոռները կրում են երկուսի դրոշմը: Այդ մասունքներն առանձին ցուցադրված են ճաշասենյակում, որի ձեւավորումը պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրանց կենդանության օրոք: Տուն-թանգարանի այցելուին կթվա, թե շնչող, ապրող բնակարան է մտնում, եւ ուր որ է տանտերերը դուրս կգան ու կդիմավորեն իրեն: Համեստ ապրելակերպ են ունեցել հոգեւոր մշակույթի երկրպագու ամուսինները: Ճիշտ է, ասում են, թե սովետական տարիներին մտավորականներն ու արվեստագետներն ընդհանուր առմամբ ճոխ, շռայլ չեն ապրել, շքեղ կահ-կարասի չեն ունեցել, բայց Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի գործածած իրերից հասկանալի է դառնում, որ նրանք առավել քան ժուժկալ ապրելակերպ ու կենցաղ են ունեցել: Բայց ընդհանուր համայնապատկերում կան չափազանց թանկ արժեքներՙ հանդիպումներ ժամանակի նշանավոր մարդկանց հետ, որոնք հավերժացել են լուսանկարներում, ձայնասկավառակներ, բեմական զգեստներ, հոգեւոր, վերերկրային կյանքով ապրող զույգի աշխարհից մնացած մասունքներ: Տուն-թանգարանի ձեւավորման գործում մեծ ներդրում ունի Ալէյնա-Մարալ Պալյանը, որն աշխատել է թանգարանային մասունքները մատուցել ժամանակակից ոգով ու շնչով:

Եզնիկ Կողբացի 42, բն. 3-ում 1968-1992 թվականը ապրել է Լուսինե Զաքարյանը, իսկ նրա մահից հետոՙ մինչեւ 2007 թվականն ապրել է Խորեն Պալյանը: Հայտնի է, որ Խորեն Պալյանը կնոջ մահից հետո շատ էր ուզում, որ այդ բնակարանը դառնա Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան: Նրա երազանքի մասին բազմիցս են հայտնել նաեւ պատկան մարմինները: Իհարկե, բոլորն էին գիտակցում, որ Լուսինե Զաքարյանի երեւանյան բնակարանը տուն-թանգարան չդարձնելն աններելի սխալ կլիներ: Տուն-թանգարանի բացմանը Րաֆֆի Պալյանը չթաքցրեցՙ երջանիկ է, որ մեծ հորեղբոր երազանքը վերջապես իրականացավ: Նրա համոզմամբՙ տուն-թանգարանը շուտով դառնալու է հայ հոգեւոր եւ միջնադարյան երաժշտության կենտրոն: Այդ ուղղությամբ նա դեռ աշխատելու է: Մեմորիալ սրահից բացի, թանգարանում կա եւս մի սենյակ, որտեղ կարելի է կամերային համերգներ, հանդիպումներ կազմակերպել: Հենց այդ նպատակով էլ բնակարանի այդ հատվածն առանձնացվել է: Թանգարանի ձեավորումներում մեծ տեղ են զբաղեցնում տեղեկատվական եւ այլ բնույթի տեքստերը, որոնց հեղինակը Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն է: Նրա մտահղացումն է եղել նաեւ սենյակի պատերին զետեղել մեր մեծերի ջերմ ու բարի խոսքերը Լուսինե Զաքարյանի մասին:

Այսպիսով, երեւանյան կենտրոնական, բայց շատ համեստ մի բնակարանում, որի շրջակայքում մայրաքաղաքային կյանքը եռում է, բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: Երգչուհու քույրըՙ Լենա Զաքարյանը, հուզված ասաց. «Լուսինեի հուղարկավորությունից հետո ես երբեք այս բնակարան չէի մտել: Անցել է 27 տարի. ես մտա այս տուն ու չճանաչեցի այն: Շատ է փոխվել, բայց ամեն անկյունը Լուսինեին է հիշեցնում»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 07-06-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ