RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 07-06-2019



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2019-06-06 22:38:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 605, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՎԻՐՈՒՄ ԶԱՌԱ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

Օլյա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Նրանք հայ երաժշտական աշխարհ եկան միանգամից, ոգեշունչ ու միշտ հետաքրքրական բովանդակությամբ. եկան մտավորականների ընտանիքներից, յուրաքանչյուրը թրծվեց իր ժամանակի կրթական ամուր դպրոցում (առաջինի մինչբուհական դարբնոցը Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցն էր, մյուս երաժշտինըՙ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը), ամեն մեկն ամրացավ քաղաքացիական համաժողովրդական զարթոնքի շրջանում (առաջինը Եղեռնի 50-րդ տարելիցից պայթած «Տվեք մեզ մեր հողերը» կարգախոսովՙ 1960-ականներին, մյուս երաժիշտըՙ Արցախյան շարժման ու «Միացում» նշանաբանով 1980-ականների վերջին), նրանք ստեղծեցին երաժշտի իրենց անդավաճան ավանդույթը (առաջինըՙ մանկավարժ- գիտնականի, մյուսըՙ մանկավարժ - կատարողի)...

Ավագ երաժիշտը Զառա Տեր-Ղազարյանն էՙ երաժշտագետ, արվ. թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Կոմպոզիտորների միության եւ Երաժշտական ընկերության անդամ: Նրա կրտսեր ժամանակակիցը Սոնա Հովհաննիսյանն էՙ խմբավար, «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր-ղեկավար, Երեւանյան կոնսերվատորիայի բազմամյա դասախոսը, պրոֆեսորն ու այսօրվա նորանշանակ ռեկտորը: Նրանք համաքայլ ու համախոհ էին արվեստը սիրել սովորեցնելու շնորհով, երեւակայությունը վառ պահելու անգին առանձնահատկությամբ,նրանք գործի մեջ գաղափարակից երաժիշտներ էին, իսկ մտերմիկ զրույցներում սրտակից մարդիկ, նրանք միատեղ էին մինչեւ 2013 թվականըՙ մինչեւ Զառա Տեր-Ղազարյանի վաղաժամ մահը...

Այս անունները նորից հանդիպեցին 2019 թվականի մայիսի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգին, որտեղ Զառա Հայկովնայի մտքի ու Սոնա Հովհաննիսյանի ձեռքի կենդանի ձայները նորից միասին հնչեցին. խմբավարը հարգելով վաստակաշատ երաժշտագետի ընտանիքի կորստի ցավն ու ցանկությունը, միայն տարիներ անց հնարավորություն ունեցավ իրականացնել նվիրումի համերգ ընծայելու իր փափագը:

Խմբերգային երեկոն զգայուն ու բնորոշիչ խոսք էր տարբեր ժամանակների, երկրների կոմպոզիտորական արվեստի միջեւ, որպես կոնսերվատորիայում «Երաժշտության պատմություն» դասընթացը Զառա Հայկովնայի պես մինչ օրս անգերազանցելի ավանդած եւ պատմությունը գիտության նման մեծ ու համապարփակ դասախոսի համար սիրված մի ճամփորդություն: «Հովեր»-ի մտահղացմամբ այդ ընթացքը սկսվել էր դեռեւս համերգային ազդագրի ձեւավորումից, որը քանդակագործության պատմության մեջ լավագույն գործերից մեկիՙ 16-րդ դարի վերջի ֆլամանդացի վարպետ Ջամբոլոնիայի «Սաբինուհու առեւանգումը» մարմարե կոմպոզիցիայի հռոմեացուն պատկերող դրվագն էրՙ թռչնակի համադրությամբ: Համերգին պարզ դարձավ, որ «Թռչունների երգ»-ով պետք է սկսվերնվիրումի երեկոն: Նշենք, որ ծրագրի յուրաքանչյուր ստեղծագործությունը կամրջվում էր Զառա Հայկովնայի անձի ու ստեղծագործական դիմանկարի հետ: Համերգը շրջանակել էին երաժշտության ու բնության փոխադարձ գայթակղությամբ ծնված ստեղծագործություններըՙ ֆրանսիական 16-րդ դարից մինչեւ ֆիննական, դանիական ու կանադական 20-րդ դար. ծրագրի մուտքը Վերածննդի նշանակալի անուններից մեկիՙ նուրբ քնարերգու, հումանիստ-կենսասեր Կլեմենտ Ժանեկենի «Թռչյունների երգ»-ով լսարանին ուղղված կանչն էր. «Արթնացեք, քնած սրտեր: Թռչյունները ձեզ կհիացնեն, քնքուշ երաժշտությունը կերգեն բնական ձայներով, դուք երջանիկ կլինեք...»: Ֆելիքս Մենդելսոնի (Սաղմոս 43, op 78, no 2 ), Անտոն Բրուքների (Ave Maria), Քշիշտոֆ Պենդերեցկու (Sanctus) գործերի ներառումը ամբողջությամբ արտացոլվում է Զառա Հայկովնայի հեղիակած «Արեւմտաեվրոպական երաժշտության պատմություն» ուսումնական ձեռնարկի մի հատվածի հետ. «Եվրոպական պրոֆեսիոնալ երաժշտության արվեստի ձեւավորման ճանապարհը անցնում է հոգեւոր ավանդույթի կազմավորման ուղիներով: Հոգեւոր մշակույթը դառնում է պրոֆեսիոնալ արվեստի ձեւավորման օրրանը» (էջՙ 53): Նվիրումի երեկոյին «Հովերի» եւ «Լե» իգական կազմի (խմբավարՙ Նարինե Ոսկանյան) մեկնաբանությամբ հնչեցին Կոմիտասի Պարերգերը, Վաչե Շարաֆյանի «Նե» խառը երգչախմբի եւ զանգակների համար գրված օպուսն ու Աննա Ազիզյանի «Լիր Արքա» գործիցՙ «Խեղկատակի մարգարեությունը»: Համերգային ծրագրի երրորդ ենթաբաժնում ներկայացվեց 20-րդ դարի արտասահմանյան խմբերգային արվեստը: Ֆին կոմպոզիտոր, թարգմանիչ ու երգչախմբային երգիչ Յաակո Մանտյարվին «Շեքսպիրյան 4 երգ» ( Four Shakespeare Songs) շարքում արտացոլել է իրՙ էկլեկտիկ-տրադիցիոնալիստի ստեղծագործական հավատամքը, այն էՙ ընկալել տարբեր ժամանակների ազդեցությունները եւ հիմնվել երաժշտական լեզվի ավանդական մոտեցման վրա, զուսպ ու ժլատ լինել ամեն նորի հանդեպ: Դանիացի Հանս Շանդլերին բնութագրում են իբրեւ մի կոմպոզիտորի, ով թույլ է տալիս բնությանը հաճույքով ներթափանցել երաժշտարվեստի մեջ, այդպիսի նմուշներից էր «Հովերի» մեկնաբանմամբ ներկայացված «Buji-ja Buj-ju» խմբերգային պատկերը:

Համերգը եզրափակեցին կանադացի կոմպոզիտոր, գրող, շրջակա միջավայրի պաշտպան Մյուրեյ Շաֆերի երկու գործերը «Snowformes», «Maniwanka», որտեղ հեղինակըՙ «ակուստիկ էկոլոգիայի հայրը», հավերժացրել ու հնչյունավորել է բնության մեջ ապրող երկու վիճակներըՙ ձյան ու ջրի տարատեսակները, որոնց պարտիտուրները նորագույն նոտային գրաֆիկայի օրինակ են ներկայացնում եւ դրանով չափազանց համահունչ են Վերածննդի վարպետների մոտ հանդիպող տրամաբանությանը: Զառա Հայկովնան գրել է, որ Ֆրանկոֆլամանդական պոլիֆոնիկ դպրոցի «ձայնատարության մշակույթն իր զարգացման մեջ կենտրոնանում է զուտ տեխնիկական խնդիրների լուծման վրաՙ դրանք հասցնելով կատարյալ մաթեմատիկական ճշգրտության...» («Արեւմտաեվրոպական երաժշտության պատմություն», էջՙ 93):

Զառա Տեր-Ղազարյանը հայ երաժշտագիտական մտքի պայծառ անհատականություններից է: Նա մեծ ինտելեկտով առանձնացող գիտնական մանկավարժ էր, որի խոսքն առանձնանում էր միայն իրեն բնորոշ տաղանդով: Կոնսերվատորիական լսարանում, գիտաժողովներում, պատասխանատու բեմերում, սովորական զրույցներում նա հաստատում էր իր անսովոր ու եզակի ձեռագիրը: Նրա ազդեցիկ կերպարն ու գործը չէր կարող անտարբեր թողնել ժամանակակիցներին: Նրա դասախոսությունները ե՛ւ հռետորական էին, ե՛ւ լիրիկական պատկերավորՙ լեցուն ներշնչանքով: Խոսքը դիպուկ էր, ընկալելի, իսկ երաժշտական ստեղծագործություններին տրված գնահատականները անաչառ ու պրոֆեսիոնալ, դիտարկումներն ու դիտողությունները զուսպ եւ չափավոր:

Զառա Հայկովնայի գրիչը անտարբեր չէր թողնում դեռեւս ուսանող տարիներին, երբ նրա հոդվածներից մեկը առիթ էր ունեցել կարդալ Պարույր Սեւակը: Մեծանուն բանաստեղծն ու գրականագետը ապագա երաժշտագետի մորըՙ բանասիրական գիտությունների դոկտոր Մերի Սաղյանին ասել էր. «Ձեր դուստրը իմ նման է մտածում: Ի՜նչ հարազատ է ինձ նրա գրիչը»:

Անարձագանք չի մնացել երաժշտագետ Զառա Տեր-Ղազարյանի բեմական խոսքը: Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունն իր պատմության ընթացքում հազիվ թե ունենար այնպիսի նախադեպ, թե ինչպես մի երաժշտագետ պարբերաբար ներածական խոսքով էր ներկայացնում գարնանային ու աշնանային պլենումների ամենատարբեր համերգների, հոբելյանական փառատոնների շարքերը: Նրա խոսքով էին ներկայացվում հարազատ կրթօջախի պաշտոնական շնորհավորանքներն ու հանդիսավոր երեկոները: Այս դեպքում հիշում ենք ռուսական թատրոնի եւ կինոյի արտիստ Վենիամին Սմեխովին, որը ներկա էր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյա հոբելյանի հանդիսավոր համերգին: Այդ օրվա ներածական խոսքը հնչեց Զառա Հայկովնայի կատարմամբ: Համերգից հետո Վենիամին Սմեխովըՙ գրողի, դերասանի, ռեժիսորի, ասմունքողի, դրամատուրգի, հաղորդավարի ու աշխարհի քաղաքացու բացարձակ բարձունքները նվաճած մտավորականն իր թավաձայն ու իմաստուն բասով Զառա Հայկովնային էր հաղորդել իր հիացմունքը. «Ես հայերեն չգիտեմ, բայց ձեր էմոցիոնալ խոսքն ու արտիստիկ կեցվածքն ամեն ինչ հասկանալի դարձրին»:

Ընտանեկան մի պատմություն կա.մտավորականների երկու տոհմի ներկացուցիչներ Զառա Տեր-Ղազարյանը եւ նրա ամուսինըՙ ականավոր գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը 1983-ին Ռուդոլֆ Խաչատրյանին էին պատվիրել իրենց 6-ամյա դստեր դիմանկարը: Բնական է, որ սեանսը ուղեկցվում էր փոքրիկ Եվայի մայրիկի հոգատար ներկայությամբ ու ամենատարբեր թեմաների մասին զրույցներով: Երբ ավարտում է պատվիրված աշխատանքը, հանկարծ Ռուդոլֆ Խաչատրյանն անսպասելի դիմում է Զառա Հայկովնայի ամուսնուն. «Թույլ տվեք նկարել ձեր տիկնոջը»... Եվ հայ մեծագույն նկարիչներից մեկը, զարմանալի ու առեղծվածային Ռուդոլֆ Խաչատրյանը հավերժացրեց նկարիչ Հայկ Տեր Ղազարյանի դստեր դիմանկարը:

Մի անգամ Զառա Տեր-Ղազարյանն անկեղծացել էր, որ ամեն հայ իր կյանքում անպայման երկու տեղ պետք է գնա. Արեւմտյան Հայաստան եւ Երուսաղեմ: Իր կյանքի նախավերջին ամառը իրականացրեց Էրգիրը տեսնելու պարտքը, իսկ Երուսաղեմ հասնել չստացվեց, այդ ճանապարհն անցնելը մենք չտեսանք, բայց վստահ ենքՙ նա այնտեղ է, երկնային արքայությունում...

Զառա Հայկովնան չափազանց շուտ գնաց: Նրա ժամանակը հիմա էր, մեր կողքին, նրա նման մեծի, մասնագետի, մարդու ու մտավորականի կարիքն ունի այսօրվա Հայաստանը...

Նկար 1. Զառա Տեր-Ղազարյան, Իրինա Տիգրանովա, Միխայիլ Կոկժաեւ

Նկար 3. Ռուդոլֆ Խաչատրյան. «Զառա Հայկովնա»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 07-06-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ