RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 07-06-2019



ՊՈԼԻՍ

Տեղադրվել է` 2019-06-06 22:38:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 436, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՍՖՈՐԻ ԼՈՒՅՍԸ:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Arm. Mirror-Spectator)

Փամուքի լուսանկարները «Բալկոնում»

Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ «Los Angeles Review of Books» գրախոսականների պարբերականում վերոնշյալ խորագրի ներքո մայիսի 19-ին հրատարակված ընդարձակ հոդվածից, որի հեղինակն է Դյուկ համալսարանի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Էրդագ Գյոկնարը: Վերջերս նա լույս է ընծայել «Օրհան Փամուք: Աշխարհիկություն, անարգանք եւ քոչվորաբանություն» բանաստեղծությունների հատորը (Orhan Pamuk, Secularism and Blasphemy and Nomadologies: Poems): Հիշատակված պարբերականում նա գրախոսել է Փամուքի «Բալկոն» լուսանկարների ալբոմը:


Օրհան Փամուքի լուսանկարները արտացոլում են հաճախակի կրկնվող յուրահատուկ պահեր, երբ գրողը կտրվում է գրելու գործընթացից եւ տրվում Բոսֆորի եւ Ստամբուլի խոհական ազդեցություններին: Իր գրածից դժգոհ այդ պահերին, նա լուսանկարներ անելով է սփոփանք գտնում, վերհիշելով Բոսֆորի լուսեղեն համայնապատկերն ու Օսմանյան շրջանի ճարտարապետական հուշարձանները: Իսկ լուսանկարների հետագա դասակարգումը արդեն իր ստեղծագործական մտքի արգասիքն է, որն իր արտացոլումն է գտել Փամուքի 568 գունավոր լուսանկարներ պարունակող «Բալկոն» ֆոտոալբոմում: Այդ լուսանկարները նա արել է 2012-13 թվերին, երբ «Տարօրինակությունը իմ մտքում» վեպը գրելիս տառապում էր մելամաղձոտությունից: Յուրաքանչյուր էջում զետեղված 2-ից 6 լուսանկարները ներկայացնում են 16-րդ դարի Ջահանգիր մզկիթի ձյունածածկ գմբեթը, պատմական Թոփգափու պալատական համալիրի լուսավոր ճակատը, Այա Սոֆիա եւ Կապույտ մզկիթների տպավորիչ տեսարանները: Հատորի սահմանափակ հնարավորությունները թույլ չեն տալիս ըմբոշխնելու որոշ նկարների ամբողջ գեղեցկությունը: Դրանք արժեր ավելի մեծ չափերով տեսնել պատերից կախված:

Փամուքը անդրադառնում է լուսանկարչության սրտառուչ դերին, երբ հատորում համեմատում է իր մոր ընտանեկան ալբոմի լուսանկարները 1890-ականներին Բրիտանական թանգարանին եւ Մ. Նահանգների Կոնգրեսի գրադարանին նվիրված Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հավաքածոյի (51 հսկայական ալբոմներ, որոնք պարունակում են 1.819 լուսանկարներ) հետ: «Դրանք դիտելիս իմ մեջ քանդվում է զգացմունքների կծիկը», խոստովանում է նա, եւ հիշում, որ իր առաջին լուսանկարչական ապարատը նվեր է ստացել, երբ 10 տարեկան է եղել: «Քեմալական Թուրքիայում կամերան եւ լուսանկարչությունը առհասարակ կապվում էին աշխարհիկ եւ արդիական լինելու գաղափարների հետ: Այդ ժամանակ մեր թերությունը դրանցից զուրկ լինելն էր, եւ մարդիկ լուսանկարվելիս հաճախ փորձում էին ավելի աշխարհիկ ու արդիական տեսք ընդունել, քան իրենք իրականում էին», բացատրում է Փամուքը, նրանց այդ «ներկայացուցչական» դիրք ընդունելը հակադրելով թուրքահայ մեծ լուսանկարիչ Արա Գյուլերի բնական լուսանկարներին, որոնք մնում են, ըստ նրա, անգերազանցելի: «Մինչեւ 1950-ականները Ստամբուլի բնական առօրյա կյանքը չէր արտացոլվում լուսանկարներում: Արա Գյուլերի շնորհիվ է, որ այդ «մշակույթը» մուտք գործեց Թուրքիա»:

Փամուքը, ըստ Գյոկնարի, իր «Ստամբուլ: Հիշողություններ քաղաքի մասին» հատորում ներառել է Գյուլերի 200 լուսանկարները, իսկ գրքի վերահրատարակման ժամանակ ավելացրել է եւս 200 լուսանկարներ: Դրանք, Փամուքի համոզմամբ, Ստամբուլի բնակիչներին հատուկ «հուզյունի»ՙ մելամաղձոտության տեսանելի աղբյուրներ են: «Բալկոնում» աներկբայորեն Փամուքի կողքին ներկա է նաեւ Արա Գյուլերը: Վերջինիս մահվան առիթով Փամուքը «Նյու Յորք Թայմսում» գրած իր մահախոսականում նշում է. «Արա Գյուլերի Ստամբուլը իմ Ստամբուլն է: Բոլոր նրանց համար, ովքեր 65 տարի անց են կացրել միեւնույն այդ քաղաքում, բնապատկերը վառ հիշողություններ է արթնացնում: Տարբեր ժամերին արված Գյուլերի լուսանկարները բացահայտում են օր ու գիշեր Բոսֆորին ակնածանքով նայող Ստամբուլի բնակիչների գաղտնիքները»:

«Բալկոնում» լուսանկարները միավորում են գրական տեքստը, հեղինակին ու քաղաքը: Ուշադիր ընթերցողը նաեւ կռահելու է 19 թվի նշանակությունը Փամուքի կյանքում: Հատորում 568 լուսանկարների թվային գումարումը (5+6+8) հավասար է 19-ի: Նաեւ արաբերեն «ուահիդ» (միակը լինելը) բառի տառերի թվային արժեքների գումարն է 19-ը: Նա իր ծնողների միակ զավակն է: Եվ վերջապես Փամուքը 19 տարեկան էր, երբ լրագրող Չելալ Սալիկը գրել է (այդ մասին Փամուքը հետագայում նշել է իր «Սեւ գիրքը» հատորում) հետեւյալը. «Յուրաքանչյուր լուսանկար ոչ միայն ներկայի սառած պահն է ներկայացնում, այլեւ անցյալի եւ նաեւ ապագայի պահերը, որովհետեւ լուսանկարներ անելը նշանակում է հույս ներշնչել»:

Փամուքը իր ալբոմ-հատորում լուսանկարների վրա է հենվում պատմական գրական եւ արխիվային փաստաթղթեր հայթայթելու նպատակով: «Դրանք գրական գործընթացի անբաժանելի մասն են, որոնք ոչ միայն գրավոր խոսքն են բացահայտում, այլեւ Փամուքի ապրած գրական կյանքի երկվությունը», ավարտում է գրախոսականը Էրդագ Գյոկնարը:

Նկար 1. Օրհան Փամուք

Նկար 3. Արա Գյուլեր

Նկար 4. Բոսֆորը Փամուքի աչքերով

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 07-06-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ