RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-27 21:54:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 737, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԺԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՎՍԵՄ ԱՐՎԵՍՏԸ(1)

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ, Գրող, գրականագետ

Վտանգավոր արկածախնդրության համազոր մի բան է` անցած տասնամյակների ընթացքում պարբերական մամուլում հրապարակված տարաբնույթ հոդվածներն ամփոփել մի շապիկի տակ եւ մատուցել արդի շփացած եւ հատկապես փչաց(ր)ած (չ)ընթերցողի դատին: Մանավանդ երբ այդ հոդվածների մեծ մասն ուղղակիորեն առնչվում է գրեթե սրբադասված, դասականացած կամ առնվազն առաջնակարգ համարվող հեղինակներին:

Տաղանդի գրչի տակից ելած տեքստը ժամանակի ընթացքում շարունակ արժեվորվում եւ նորանոր իմաստներ է մատուցում ընթերցողին, մինչդեռ գրաքննադատի անմիջական, տեղնուտեղը կատարված անդրադարձը մնում է կաշկանդված օրվա համատեքստում, եւ հազվադեպ է, որ պահի հրամայականով շարադրված գրախոսությունը կամ հոդվածն անմահ քերթվածքի կամ արձակի հետ համաքայլ ընթանա տասնամյակների միջով եւ ընթերցողների իրարահաջորդ սերունդներին ասի` այն, ինչ դու պիտի բացահայտես այսօր, ես կարդացել ու վերհանել եմ լույս աշխարհ գալու պահին իսկ, քսան-երեսուն-հիսուն տարի առաջ, դեռ թանաքը չչորացած էջի վրա:

Այսպիսով, մի կողմից գրողն է` իր ապագայամետ ներքնատեսությամբ, մյուս կողմից գրաքննադատն` իր վերլուծական խորազննությամբ եւ անսխալ հեռատեսությամբ, եւ երկուսն ասես մրցումի են ելել, թե ով ավելի հեռու կգնա ժամանակի մեջ:

Անցած տասնամյակներով մեկ սփռված նման մրցումի մի ասպարեզ է Երվանդ Ազատյանի ` մեր կողմից քննարկվող ժողովածուն, որտեղ հավաքված են անցած դարի, ամենայն հավանականությամբ(2), 60-ականներից ի վեր հրապարակված գրաքննադատական եւ հրապարակախոսական հոդվածների մի մասը:

Գրաքննադատի տաղանդի կարեւոր վկայություններից մեկն է ժամանակը երեք չափումների մեջ հավասարապես տեսնելու կարողությունը` անցյալ, ներկա եւ ապառնի: Արժեվորման եւ դասակարգման առումով թվում է, թե անցյալն ամբողջովին պատկանում է գրականագետին, որը գերազանցապես գործ ունի կայացած եւ արդեն բրոնզացած անունների հետ, չէ՞ որ ասվում է` ժամանակն ամեն մեկին իր տեղում կդնի:

Սակայն պարզվում է` ժամանակը ոչ միշտ է արդար:

Վահան Թեքեյան: Անուն, որ թվում է գնահատված է ըստ արժանվույն եւ իր պատվավոր տեղն է գրավել հայ գրականության մեծերի պանթեոնում: Ե. Ազատյանն ընդունելով հանդերձ այս հանգամանքը, վարպետորեն, առանց ընթերցողին պարտադրելու, բայց բավական համոզիչ ապացուցում է, որ պանթեոնում էլ կարող է վերադասակարգման անհրաժեշտություն ծնվել: Նրբերանգների, տողատակերում մնացած, ոչ բոլորին հասանելի դարձած մտքերի ու գաղափարների նորովի ընթերցմամբ, քննադատը ներկայացնում է անտեսված, հարկ եղածի չափ չգնահատված, չհասկացված Թեքեյանին: Իսկապես որ ոսկերչական մի աշխատանք:

Ըստ էության դա ոչ թե հոդված է, այլ մի լուրջ եւ չափազանց օգտակար մենագրության մի սեղմագիր, որն ապացուցում է, թե մեծերի ժառանգության գնահատությունը չի ավարտվում մեկանգամընդմիշտ ազդարարված վճիռներով, այլ որ դա մշտանորոգ մի ընթացք է, եւ ամեն մի նոր սերունդ չի կարող լիարժեքորեն իրենն ստեղծել, եթե ի պետս ի՛ր գեղագիտության չի վերարժեվորել նախորդած արժեքները:

Գրեթե մի մենագրություն է նաեւ Միքայել Ս. Կյուրճյանին նվիրված «դիմագիծը»: Արեւմտահայ, ինչպեսեւ սփյուռքահայ գրականության բացառիկ, ինչ-որ առումով առեղծվածային դեմքերից մեկը, որն առ այսօր կատարելապես անծանոթ անուն է հայաստանյան, գուցեեւ Սփյուռքի գրասեր հասարակության մեծամասնության համար: Ե. Ազատյանը կարողացել է շուրջ քառասուն էջերի վրա ներկայացնել ոչ միայն գրողի, մտավորականի հնարավորինս ամբողջական դիմանկարը, այլեւ գունագեղ, խիստ հետաքրքիր, ինչ-որ առումով բոհեմական անձնավորությանը: Տեղին է նշել, որ այս եւ նախորդ հոդվածներում հեղինակին հաջողվել է քննադատի եւ գրականագետի հմուտ վերլուծությունն աննկատ միահյուսել խնդրո առարկա գրողի անձի նկարագրի եւ կենսագրական կարեւոր փաստերի հետ:

Եթե երբեմն քաղաքացիական համարձակություն է պետք ազդարարելու (թեկուզ կիսաձայն, թեկուզ ամենայն նրբանկատությամբ), թե հարգարժան գրականագետներ` ինչպես հարկն է չեք նկատել` ձեր իսկ կողմից փառաբանված բանաստեղծի ճշմարիտ մեծությունը, ապա պնդաճակատ եւ գավառամիտ «ավանդապահների» աչքին հանդգնություն է ճիշտ ժամանակին տեսնել, ամենայն խորությամբ վերլուծել եւ իր օրերի համապատկերի մեջ դնել վիճահարույց, բայց տաղանդավոր բանաստեղծին: XX դարի համաշխարհային պոեզիայի աստղերից մեկի` Զահրատի մուտքը գրական անդաստան, դյուրին չեղավ. մի կողմից հիացմունք ու զարմանք, մյուս կողմից մախանք ու անսքող զազրախոսություն: Ասում ենք այն, ինչ զգացել ենք մեր մաշկի վրա, երբ «Գարուն» ամսագրի 1968թ. հուլիսյան համարում մեր ներածականով, առաջին անգամ Հայաստանում, ներկայացվում էր պոլսահայ բանաստեղծն` իր ընդարձակ ծաղկաքաղով:

Չգիտենք` երբ է հրապարակվել «Խաղի եւ խտության բանաստեղծը` Զահրատ» սքանչելի հոդվածը, սակայն հաճելի եւ քաջալերող համախոհություն տեսանք տարբեր տարիներին արտահայտված մեր կարծիքների եւ այս հոդվածի միջեւ: Ոչ միայն որ ընդարձակ մեջբերում կար բանաստեղծի` 1978թ. Երեւանում լույս տեսած «Մեծ քաղաքը» ժողովածուի մեր ծավալուն առաջաբանից: Ավելի՛ն, ինչ թաքցնեմ, եղան պահեր, երբ ինքս ինձ մեղադրում էի, թե ինչու ժամանակին չեմ նկատել Զահրատի բանաստեղծության ինչ-ինչ առանձնահատկություններ, որոնք այդպես անսխալ տեսել է հոդվածի հեղինակը: Իր իսկ խոսքերը պիտի մեջբերենք` գրված մեկ այլ առիթով, «Սփյուռքահայ դիմաքանդակներ» հոդվածում. «...կարդալով այս հատորը կ անդրադառնանք թե մե՛նք ալ կրնայինք նշմարած ըլլալ որոշ գիծեր, հանգամանքներ եւ արժեքներ, զորս չենք ճանչցած ատենին» (449 էջ): Մեր ուշադրությունից վրիպած մեկնաբանություններ, որոնց տակ սիրով կստորագրեինք, եւ թող անհամեստ չհնչի, մեզ թվաց, թե ձեռք-ձեռքի տված սատարել ու արժեվորել ենք եզակի բանաստեղծին(3):

Հարկ է նշել, որ գրաքննադատ եւ արվեստաբան Ազատյանը տաղանդներին արժեվորելու իր ուրույն կերպն ունի, որն այլոց վերլուծականներում հանդիպում է հազվադեպ: Նրա նախասիրած հեղինակները մեծարվում են ոչ թե կենացային գերադրական հաճոյախոսություններով, այլ վերլուծական զուսպ պաթոսով, արժեքային նշաձողը բարձրացնելով, քննության առարկա դարձած ստեղծագործությունների եզակիությունը մատնանշելով: Մի՞թե պատահական է, որ գրքում զետեղված տեքստերի մեջ «տաղանդ» եւ «հանճար» բառերը գրեթե չեն գործածվում, բառեր, որ այսօր արժեզրկված թղթադրամի հանգույն սփռված են մեր մամուլի էջերում, եւ հավանաբար հեռու չէ այն օրը, երբ «գերհանճարը» շրջանառության մեջ կդրվի:

Հայաստանյան ընթերցողներից ոմանց համար սառը ցնցուղի ազդեցություն է ունենալու «Շիրազի պարագան» հոդվածը: Մշակույթի ասպարեզում արդեն քանի՜ տասնամյակ` չեմպիոնական եւ կուռքացման մեր անսասան սկզբունքն այս անունը անխմբագրելիորեն դրոշմել է ազգային գիտակցության նաիրյան խարխլվող պատնեշին: Կհանդգնի՞ արդյոք որեւէ մեկը` Մեսիայի աստիճանին բարձրացված այս բանաստեղծի ժառանգության հասցեին ամենաչնչին կասկածն անգամ բարձրաձայնել: Եվրոպական եւ ռուսական գրականություններում կարող են` առանց սեփական անձն ու վաստակը վտանգելու, մերժել, անգամ անվերապահորեն ժխտել Սերվանտեսին, Շեքսպիրին եւ Պուշկինին, մինչդեռ մեր իրականության մեջ համառորեն գոյատեւում է սրբազան կովերի մի ամբողջ ցուցակ, որոնց անուններն արտասանելիս, պարտադիր կերպով, ուղղափառ մահմեդականի պես, պիտի ճակատդ գետնին դիպցնես:

Ընդունելով հանդերձ կուռքացված բանաստեղծի անժխտելի ձիրքերը, Ե. Ազատյանը գրում է. «Ներկայիս(4), երբ աւելի բարենպաստ պայմաններ ստեղծուած են հայրենիքի մէջ, այլեւս Վանն ու Սիփանը, Մասիսն ու Անին արգիլեալ պտուղներ չեն եւ ամէն իրաւ բանաստեղծ զանոնք կ երգէ նոյնքան տաղանդով եւ հայրենասիրութեամբ :

Այս պարագան, սակայն, հաճելի չի թուիր Շիրազին, եւ ան կորսնցուցած ըլլալ կը կարծէ անկողոպտելի մենաշնորհ մը, որ իրը եղած էր տարիներով եւ տասնամեակներով:

Ահա այստեղ կը սկսի Շիրազի ողբերգութիւնը» (327էջ):

Հանուն ճշգրտության նշենք, որ այդ «մենաշնորհը» զգալիորեն սասանվեց, երբ 1959թ. լույս տեսավ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը»: Սակայն կարճ ժամանակ անց վերջինս կարողացավ կտրուկ փոխել իր ստեղծագործության բնույթը` 1963թ. տպագրելով «Մարդը ափի մեջ» ժողովածուն` «հայերգությունից» անցնելով «մարդերգության», դրանով իսկ «Մարդկային նո՛ր եզր մը տալով հայութեան: Հայութեա՛ն` որ պարզապէ՛ս մարդկայնորէն ապրելու ձեւերէն մեկն է»(Յարութիւն Քիւրքչեան, «Փորձ տարա-գրութեան մասին», Փարիզ, 1978թ. էջ153):

Նշենք նաեւ կարեւորագո՛ւյն մի հանգամանք. այս կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ 1965թ ապրիլյան զանգվածային ցույցերից մի քանի տարի առաջ, այլ խոսքով, բանաստեղծը կանխատեսեց դեպքերի խիստ հավանական ընթացքը, մինչդեռ Հ. Շիրազն անգամ այդպիսի ցնցող իրադարձությունից հետո, առանց որեւէ լուրջ հետեւություն անելու, շարունակեց ստեղծագործական իր միեւնույն ընթացքը, փաստորեն վերաշարադրելով եւ արժեզրկելով այն, ինչն արդեն ասվել էր տեղին ու ժամանակին:

«Այսօր Շիրազ յայտնապես նահանջի մէջ է»,- գրում է Ե. Ազատյանը» (327էջ): Ավելին. «...կը յամառի իր ուղղութեան մէջ... հալածեալի վկայականը ի ձեռին» (328էջ):

Հալածյա՜լ, որի ստվարածավալ ժողովածուները լույս էին տեսնում աներեւակայելի հաճախականությամբ, 50-60.000 տպաքանակով եւ, ավելորդ չէ նշել, հոնորարի ամենաբարձր վճարաչափով: Նրան նախորդած եւ ժամանակակից բանաստեղծներից ոչ մեկն այդպես «չհալածվեց»: Հեղինակներ, որոնք իրենց տաղանդով բնավ չէին զիջում Շիրազին: Գուցեեւ գերազանցում էին:

Վստահաբար կարող ենք ասել, որ Ե. Ազատյանը դիմանկարի վարպետ է: Ժողովածուն ընթերցողին է ներկայացնում անցյալ ու ներկա գրական-մշակութային դեմքերի մի ամբողջ պատկերահանդես: Վերոնշյալ անուններին ավելանում է մեծ ու փոքր աստղերի մի իսկական բույլ. Լեւոն-Զավեն Սյուրմելյան, Համաստեղ, Զարեհ Խրախունի, Զարեհ Մելքոնյան, Հարոլդ Պինտեր, Պերճ Ֆազլյան, Միհրան Տեր Ստեփանյան, Նազարեթ Թոփալյան, Վարուժան Պետիկյան, Կարիկ Պասմաճյան, Հրանտ Դինք, գեղանկարիչ Հակոբ Հակոբյան, Փիթր եւ Իրինա Բրուք, Արտո Չաքմաքչյան, Արշիլ Գորկի` Սարգիս Վահագնով դիտված, Տիգրան Մանսուրյան, Վարդերես Գարակյոզյան, Հակոբ Խաչիկյան, Պերճ Թերզյան, Վարուժան Ոսկանյան, Վաչե Սեմերճյան...

Ապշել կարելի է, թե մի քանի էջի վրա, սուղ միջոցներով, ինչպիսի ճշգրտությամբ է գծագրվում ներկայացվող անձն` իր ստեղծագործությամբ, իր մարդկային նկարագրով, եւ երբեմն դժվարանում ես հստակ որոշել մարդն է երկնում ստեղծագործությունը, թե՞ ստեղծագործությունը` մարդուն: Նրանք, ովքեր ծանոթ են, ասենք` Թեքեյանի, Զահրատի, Խրախունու, Զարեհ Մելքոնյանի կամ Վարդերես Գարակյոզյանի գրականությանը, հոդվածագրի հետ համատեղ նորովի ընթերցում են նրանց ստեղծագործությունները եւ կարեւոր հայտնագործություններ անում, իսկ եթե ծանոթ չեն, ապա հոդվածը խթանում է անպայման կարդալ եւ մի նոր հեղինակ բացահայտել:

Գրականության եւ արվեստի հին ու նոր դեմքերին ավելանում են քաղաքական եւ կուսակցական գործիչների հիշատակին գրված խոսքերը, որոնք վկայում են, թե ժողովածուի հեղինակը հոգու ինչպիսի՜ շռայլությամբ կարող է ազգաշեն գործ արած մարդկանց վաստակով հիանալ` առավել քան համոզիչ ներկայացնելով արժանին մատուցելու իր վսեմ արվեստը:

Մենք եւս կուզեինք արժանին մատուցել այս կարեւոր ժողովածուն կազմող եւ առաջաբանող Երվանդ Տեր-Խաչատուրյանին , միաժամանակ չենք կարող չանդրադառնալ նրա երկու` խիստ վիճահարույց եւ, մեր խորին համոզմամբ, կատարելապես անընդունելի կարծիքներին:

«Ես այն կարծիքին եմ, որ արեւմտահայ գրականությունը լավագույն ձեւով վերլուծում եւ ներկայացնում են արեւմտահայերենի կրողները, արեւմտահայերեն մտածող եւ գրող մարդիկ» (էջ10),- գրում է նա առաջաբանում:

Եթե հայը հային չի կարող իսկապես հարկ եղածի պես հասկանալ եւ վերլուծել, ապա, առաջնորդվելով այս տրամաբանությամբ, օտարները երազել անգամ չեն կարող, ասենք, անգլիացի կամ ֆրանսիացի գրողին հասկանալու եւ «լավագույն ձեւով» վերլուծելու մասին, մինչդեռ, ֆրանսիացիների իսկ վկայությամբ, Ֆրանսուա Ռաբլեին նվիրված բազմաթիվ մենագրությունների ցանկում լավագույններից մեկն է (եթե ոչ ամենալավը) ռուսերեն գրված, ռուս գրականագետ Միխայիլ Բախտինի հռչակավոր ուսումնասիրությունը: Համաշխարհային գրականության պատմությունից կարելի է նման ուրիշ բազմաթիվ փաստեր բերել, երբ տարբեր լեզուների եւ մշակույթների կրողները միմյանց հրաշալի հասկացել եւ մեկնաբանել են: Եվ, վերջապես, արեւմտահայերեն մտածող եւ գրող Երվանդ Ազատյանն ինչպե՞ս է կարողացել սույն ժողովածուի մեջ զետեղված փայլուն հոդվածում հասկանալ եւ ամենայն խորությամբ, առավել քան ճշգրիտ մեկնաբանել արեւելահայերեն մտածող եւ գրող Շիրազի պարագան:

«Վերջապես Հայաստանում չկար իսկական քննադատություն այն պարզ պատճառով, որ դա Խորհրդային իրականություն էր» (էջ15),- անվերապահ հայտարում է առաջաբանի հեղինակը:

Ինչպես տեսնում ենք` «իսկական քննադատության» բացակայության պատճառն այս անգամ արեւմտահայերենն ու արեւելահայերենը չեն, այլ «Խորհրդային իրականությունը»: Կուզեինք հարցնել նրանՙ այդ ինչո՞ւ միեւնույն «իրականությունը» ոչնչով չէր խանգարում, որ Մոսկվայում, Լենինգրադում, Ուկրաինայում, Բալթյան հանրապետություններում, Վրաստանում եւ անգամ Ադրբեջանում «իսկական քննադատություն» լիներ, իսկ Հայաստանում մահաբեր խորշակի պես չորացնում էր խորհրդահայ քննադատության անսատար ծիլերը: Սա ի՞նչ առեղծված է:

Կարող ենք հիմա թվարկել 60-80 թթ ասպարեզ իջած ռուս գրաքննադատների, ինչպեսեւ կինո եւ թատերական քննադատների առնվազն 20-30 անուն, ովքեր մասնագիտական կարողություններով բնավ չէին զիջում եվրոպական եւ ամերիկյան իրենց փառաբանված գործընկերներին: Ճիշտ է, նրանց մեթոդաբանությունը եւ գաղափարական ուղղվածությունը տարբեր էր արեւմտյանից, բայց մի՞թե մարքսիստական միեւնույն գաղափարախոսությունը չէր, որ օգնեց իտալացի Անտոնիո Գրամշիին եւ գերմանագիր հունգարացի Գեորգ Լուկաչին հայտնվելու իրենց ժամանակի եվրոպական առաջադեմ մտքի գագաթների շարքում:

Եվ մի վերջին դիտողություն, ավելի ճիշտ հարց. ինչպե՞ս հասկանալ, որ այս ընդարձակ ժողովածուի մեջ գրեթե իսպառ անտեսվել է անցած մի քանի տասնամյակների հայաստանյան գրականությունը:

Գիրքը կազմո՞ղն է այդպես ցանկացել, թե՞ հեղինակը:

1) Երուանդ Ազատեան, «Ժամանակի եւ ժամանակակիցներու հետ», ԹՄՄ, Երեւան, 2018:

2) Գրում ենք այսպես, քանի որ շուրջ հինգ հարյուր էջանոց գրքում ներկայացված երեսունվեց հոդվածներից մի քանիսի վերջում լոկ թվական կա, որը հայտնի չէ` գրությա՞ն. թե՞ տպագրության թվականն է, այնինչ նման ժողովածուն, առավել ճշգրտությամբ ընկալելու համար, պիտի անպայման նշվեր, թե յուրաքանչյուր հոդվածը երբ եւ որտեղ է տպագրվել, ինչը, կարծում ենք, հազիվ թե դժվար լիներ կազմողի համար:

3) Ազնիվ համախոհության այս զգացումն ունեցանք նաեւ Զարեհ Խրախունուն, Վարդերես Գարակյոզյանին եւ Հակոբ Խաչիկյանին նվիրված հոդվածները կարդալիս, հեղինակներ, որոնց մենք եւս անցած տարիներին անդրադարձել ենք տարբեր առիթներով:

4) Հոդվածը գրվել է 1965թ., բանաստեղծի ծննդյան հիսնամյակի առիթով եւ, ամենայն հավանականությամբ, ապրիլի 24-ից հետո, երբ ժողովուրդը դուրս եկավ փողոց` նշելու Ցեղասպանության հիսնամյակը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ