RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019



ԱՅՑ

Տեղադրվել է` 2019-06-27 21:54:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 568, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼՈՒՍԱՍՏՎԵՐԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Երկօրյա այցով կրկին Արցախում էի: Չեմ հաշվումՙ քանիերորդ անգամ, ինչպես չեմ հաշվում իմ այցելությունները Լոռի, Գեղարքունիք կամ Սյունիք: Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ ոչ մի վայրկյան չպետք է մոռանալ 1988-ի մեր «միացում» կարգախոսը...

Դադիի վանքի հմայքը

Այս անգամ մեր փոքրիկ խմբի անդամներըՙ Երեւանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Լիբանանից, հանդիպման էին մեկնել Արցախի արվեստագետների հետ: Նախաձեռնողը մեր մշտեռանդ բարեկամուհին էՙ «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գայանե Գեորգյանը , որի ջանքերի շնորհիվ 2017-ին Իտալիայից ժամանած մասնագետների կողմից վերականգնվեցին Դադիվանքի որմնանկարները եւ 2018-ին հրատարակվեց «Դադիվանք. վերածնված հրաշալիք» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) աշխատություն-պատկերագիրքը, որն առաջին աշխատությունն է Դադիվանքի եւ հայ իրականության մեջ Նիկողայոս Սքանչելագործի պաշտամունքի մասին: Մասնագիտությամբ իրավաբան Գայանեն իր համար եւս անսպասելի կերպով ընդգրկվել է հայ մշակութային նախագծերի մեջ, եւ Արցախը դարձել է նրա գործունեության մի կարեւոր մասը: «Դադիվանքի» շնորհանդեսներ են տեղի ունեցել Երեւանում, Ստեփանակերտում, Մոսկվայում եւ Միլանում (առայժմ), իսկ այս տարի մարտին Գայանե Գեորգյանը Ստեփանակերտում կազմակերպեց «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» մրցույթը, որի հաղթող հինգ տաղանդավոր արցախցի երեխաներ առաջին անգամ Արցախի հանրապետության անունից որպես պատվո հյուրեր ելույթ ունեցան Մոսկվայի խոշորագույն փառատոներից մեկումՙ «Ֆասիլյա» օտար լեզուներով երգի մրցույթում...

Մեր առաջին կանգառը, բնականաբար, Դադիվանքն է: Ուրախալի է, որ ի տարբերություն նախորդ այցերի, այս անգամ վանական համալիրը մարդաշատ էՙ շնորհիվ նաեւ վերոհիշյալ վերանորոգության եւ պատկերագրքի: Եվ ոչ միայն հայաստանցիներ, այլեւ զբոսաշրջիկներ Գերմանիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից... Դադիվանքը համաքրիստոնեական ժառանգության մի մասն է, որի որմնանկարներում պատկերված սուրբ Ստեփանոսին եւ սուրբ Նիկողայոս Սքանչելագործին պաշտում է ողջ քրիստոնեական աշխարհը... Սակայն տխուր էր տեսնել, որ ինչպես մեր ուրիշ միջնադարյան եկեղեցական շինություններ, Դադիվանքի վերանորոգումը նույնպես կատարվում է սխալ, տանիքի հազարամյա քարերը փոխարինվում են սրբատաշ քարերով...

Նախկինում Գանձասարի, այսօր Դադիվանքի քահանա Տեր Հովհաննեսն իր խրոխտ ձայնով պատմում է վանքի, նրա բարեկարգման համար թափած իր ջանքերի մասին, նաեւ այն հրաշքի մասին, թե ինչպես տարիներ առաջ մի աղջիկ երեխա վայր է ընկել մատուռի բարձր երդիկից ու անգամ փոքր-ինչ չի վնասվել: Հպարտությամբ ցույց է տալիս հիմնապատի շինարարությունը, որը դեռ ընթացքի մեջ է եւ որի կառուցման համար իրենց ներդրումն են ունեցել մեր սփյուռքահայ հայրենակիցները: Տեր Հովհաննեսը, անցյալումՙ ազատամարտիկ, այժմՙ հոգեւորական եւ գիտնական, չորս որդիների եւ թոռների տեր, չափազանց տպավորիչ արտաքինով պարթեւահասակ այս հայորդին, ի տարբերություն մեր եկեղեցու շատ սպասավորների, իրեն համարում է ժողովրդի ծառա... Նա մեզ հյուրընկալում է իր կացարանում, դեպի ձորը բացվող աննման տեսարանի առջեւ նստում ենք սեղանՙ լցված սիրալիր երեցկնոջ պատրաստած արցախյան հող ու ջրի համադամներով:

Ամեն ինչ այնքան բնական է, այնքան գեղեցիկ ու այնքան հայկական...

13-րդ դարում Դադիվանքի հիմնաշենքը կառուցած հայրենասեր եւ գեղարվեստասեր Արզու իշխանուհին էլ վստահաբար հիացել է ձորի այս տեսարանով, շնչել այս նույն ծաղիկների բույրը, գուցեեւ նաեւ ճաշակել լեռնաշխարհի կանաչեղենով լցոնված այս նույն համադամըՙ հայկական խոհանոցը բրենդային դարձնել կարող ժենգալով հացը...

Շուշինՙ մշակութառատ եւ սակավամարդ

Այս անգամ հայտնվելով մեր այս հայրենի եզերքում ամռանըՙ ավելի աշխույժ տեսանք կյանքը, թեեւ, ինչ խոսք, Արցախը կարոտ է ավելի ու ավելի բազմամարդ ներկայության...

Նոր է ավարտվել Անկախ ֆուտբոլային ընկերակցությունների դաշնության (CONIFA) Չճանաչված պետությունների Եվրոպայի 2019 թվականի մրցաշարը: Խաղերը կայացել են Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի մարզադաշտերում, որոնք բարեկարգվել են ու համալրվել միջազգային չափանիշներին համապատասխան:

Բայց այս կարեւոր իրադարձության հանդեպ բավական անտարբեր մնացին մեր լրատվամիջոցները, մանավանդՙ հեռուստաընկերությունները: Ինչո՞ւ պիտի այդ մասին ամենից մանրամասն մեկնաբանությունները ներկայացներ գերմանական մամուլը...

Երեկոյան Ստեփանակերտը Երեւանի պես էՙ բարեկարգ, շքեղ կենտրոնում զբոսնող բազմաթիվ մարդիկ, մինչդեռ ծայրամասերում... Այլեւս չասած Շուշիի մասին, որտեղ ցերեկային ժամերին էլ փողոցները սակավամարդ են: Է՜ր երբեմն, որ 14 հազար մարդ էր ապրում այս քաղաքում, մինչդեռ այսօ՞ր. երկու հազարից էլ պակաս են բնակիչները: Քաղաքի ազատագրումից քսանյոթ տարի անց էլ քաղաքում կան պատերազմի հետքը կրող կիսավեր տներ... Արցախի ողջ բյուջեն իսկ բավարար չի լինիՙ ամբողջովին վերաշինելու քաղաքը: Մութն ընկնելուն պես շրջակա լեռներից լսվում են շնագայլերի ձայները, որոնց արձագանքում են քաղաքի շները: Իսկ առավոտյան արթնանում ես սոխակների երգի եւ Կանաչ ժամի զանգերի ղողանջի ներքո. վերջինը չես լսի առաջին քրիստոնյա երկրի մայրաքաղաքում...

Շուշին միշտ էլ եղել է մշակութային դիմագծով քաղաք: Պատահական չէ, որ Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունն էլ տեղակայված է այնտեղ: Մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ՙ ինքն էլ հայագիտությամբ զբաղվող երիտասարդ գիտնական, սիրալիր ընդունելության է արժանացնում մեզ: (Իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը... անցյալ դարձրին): Շուշիի քանդակների միջազգային սիմպոզիումի արդյունքում քաղաքում մնացել են տարբեր ազգերի քանդակագործների բազմաոճ արձանները (մինչդեռ սիմպոզիոցումն ինչ-ինչ խոչընդոտների պատճառով մի քանի տարի առաջ տեղափոխվեց Ապարան)... Գորգերի թանգարանը, քարերի թանգարանը, դրամների թանգարանը, «Նարեկացի միությունը»ՙ նկարչության, բրուտագործության, գորգագործության, պարի եւ այլ խմբակներով, կառուցման ընթացքում գտնվող տիկնիկային թատրոնով: Անցյալ նոյեմբերին Շուշիի դրամատիկական թատրոնում հաճելի զարմանքով դիտեցինք Վիլյամ Սարոյանի «Հե՜յ, ո՞վ կա» թատերախաղի բեմադրությունը...

Այս ամենը լավ է, հրաշալի է, բայց գեղատեսիլ այս քաղաքի սակավամարդ փողոցները չեն կարող չմտահոգել: Չկա ոչ մի արտադրություն, անցած քառորդ դարի ընթացքում ոչ մի մեծահարուստ Շուշիում որեւէ մեծ ներդրում չի կատարել: Ոչ իսկ որեւէ պետական կառույց ծրագրված աշխատանք կատարեցՙ օգտվելով Սիրիայի փախստականների բազմամարդ ներկայությունից եւ վերաբնակեցնելու նրանց Շուշիում եւ այլուրՙ ապահովելով գոնե ժամանակավոր արտոնյալ պայմաններ...

Հայաստանի հայրենադարձների միության նախագահը վերջերս առաջարկել է ձեւավորել հայրենադարձության նոր ազգային քաղաքականությունՙ տասնհինգ տարում կրնակի ավելացնելով Արցախի բնակչությունը:

Ասողին լսող կլինի՞, թե՞ դարձյալ պատմության մեջ հազար ո՛րերորդ անգամ կկորցնենք մեզ ընձեռված հնարավորությունը...

Հյուրանոցը, որտեղ մնում էինք, «Շուշի գրանդ հոթելը», քաղաքում կատարված մեծագույն ներդրումն է: Ամենայն հարմարություններով օժտված, միջազգային չափանիշներին համապատասխանող մի հաստատություն, որը, սակայն, գործում է միայն տաք եղանակին, այն էլՙ ոչ ամբողջ հնարավորություններով եւ անկարող է ինքնածախսածածկել: Սակայն ներդրողները քաջ գիտակցել են Արցախի սրտում նման մի հյուրանոցային համալիր ունենալու անհրաժեշտությունը: Նրանցից մեկըՙ ծնունդով լիբանանահայ, քունգֆուի վարպետ եւ մարզիչ, այժմ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը հպարտությամբ է պատմում անցյալում եւ ներկայում մեր հայրենիքի այս անկյունում իր գործադրած ջանքերի, սփյուռքահայությանն Արցախին ճանաչել տալու եւ նրա հետ կապելու գործում իր ներդրման մասին...

Արցախումՙ բալետ, օպերա, ջազ...

Արցախի մշակութային անցյալին հաճախ էինք առնչվել, սակայն այս անգամ մեզ առավել հուզում է ներկայիս մշակութային կյանքը, Արցախի այսօրվա արվեստագետներին ճանաչելու խնդիրը: Մենք Երեւանում մեծ մասամբ անտեղյակ ենք մնում Արցախում կատարվող անցուդարձիցՙ տեղեկատվության անբավարարվածության պատճառով:

Բանաստեղծ բարեկամսՙ Հրանտ Ալեքսանյանը փոխանցում է այս տարի իր հրատարակած գրքերը: Մեր գրքասերներից քանի՞սը գիտեն Ստեփանակերտի «Գեղarm» մատենաշարի մասին, որը տասնյակ գրքեր է հրատարակել, հիմնականումՙ թարգմանական, մեծ մասամբՙ ռուսական եւ չինական գրականությունից:

Ստեփանակերտում մեզ հետ կայացած հանդիպմանը հաճելիորեն զարմանում ենքՙ իմանալով Արցախի ողջ տարածքում գործող մշակութային այլեւայլ խմբերի մասին:

Արցախն ունի պետական 50 հոգանոց կապելլա (ղեկավարՙ Նինա Քոչարյան ), ստեղծված 1991-ին (նրա մի երեւանյան ելույթի մասին «Ազգ»-ում լրատվություն եմ տպագրել տակավին 1995 թվականին), որի անդամները, սակայն, չեն վճարվում, մինչդեռ ոսկե մեդալ են շահել Բարսելոնայի միջազգային խմբերգային մրցույթում, երկրորդ տեղ են գրավել Ավստրիայում կայացած մեկ այլ մրցույթում... Նինա Քոչարյանը տեղեկացնում է նաեւ, որ բեմադրել է «Անուշ» օպերան եւ «Կարինե» օպերետը, հատվածներ «Կարմեն», «Գեղջկական ասպետություն» եւ այլ օպերաներից...

Ստեփանակերտում գործում է պարարվեստի քոլեջ, բայց անակնկալի եմ գալիսՙ իմանալով, որ այնտեղ կա դասական պարի դասարան: Է՛լ ավելի մեծ անակնկալ է իմանալ, որ քոլեջի հիսուն աշակերտներից հինգ տղաները սովորում են ոչ թե ժողովրդական պարի դասարանում, այլ բալետի: Ի՞նչ պիտի անի բալետի պարողը Ստեփանակերտում... Քոլեջի տնօրեն Ստելլա Զաքարյանը չի դժգոհում շենքային պայմաններից, դպրոցի սաները պետպատվերով անվճար ուսում են ստանում, սակայն խնդիր է բեմական հագուստ հայթայթելը եւ աշակերտներին միջազգային մրցույթներում ներկայացնելը: Դրանով հանդերձ, ըստ քոլեջի տնօրենի, վերջերս Բուլղարիայում կայացած պարային մրցույթ-փառատոնում քոլեջի սաները շահել են ոսկե մեդալՙ մոդեռն եւ դասական պարերի կատեգորիայում:

Արցախն այսօր ավանդական երգի-պարի համույթների կողքին ունի նաեւ ջազային համույթ, «Մռակաց» երգչախմբի կողքինՙ «Վելանս» վոկալ համույթը... Նրանք պարբերաբար հանդես են գալիս արտերկրում, սակայն էթնիկ գետտոների առջեւ ելույթներ ունենալով, ռուսաստաններ փախած հայրենակիցների կարոտը մեղմելով, ինչ խոսք, առաջ չես գնա...

Բարեբախտաբար, մշակութային կյանքը չի սահմանափակվում միայն մայրաքաղաքով: Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի եռանդուն ղեկավար Իրա Թամրազյանը հպարտությամբ է խոսում ոչ միայն իրենց կենտրոնի, այլեւ Ջաբրաիլի շրջանի Մեխակավան բնակավայրում բացած մասնաճյուղի մասին: Այդ ավանում ապրում են առաջնագծում գտնվող սպաների ընտանիքները, որոնց երեխաների գեղագիտական դաստիարակության համար մի ամբողջ շենք է հատկացվել: Գործում են նկարչության, կավագործության, պարի խմբեր, իսկ թատերական խմբակը ղեկավարում է զինվորականներից մեկը....

Մեր մշակութասիրությունը ոչ մի խոչընդոտ չի ճանաչում:

Այն, որ մեր ղեկավարները, որպես օրենք, առաձնապես հոգ չեն տանում մեր մշակույթի համար, դեռ չի նշանակում, որ մենք մշակութային ազգ չենք...

Այսօր աշխարհը մեծ մասամբ անտեղյակ է Արցախի մշակույթից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետաքրքրված չէ չճանաչված երկրների մշակույթով:

Ուզում եմ հավատալ, որ «միացում» կարգախոսը բոլոր մակարդակներում վերջապես ի կատար ածվելու դեպքում մեծապես շահելու է նաեւ Արցախի անցյալի եւ ներկայի մշակույթը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ