RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2019-06-27 21:54:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 717, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԴԵԺԴԱ ԴԱՎԹՅԱՆ

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուսի առաջատար գիտաշխատող

Մեր մանկական եւ պատանեկան իրադարձությունները եւ ապրումները վառ են տպավորվում հիշողության մեջ:

Երեւանի պարարվեստի ուսումնարանում (այժմՙ Երեւանի պարարվեստի քոլեջ) մենքՙ ցածր դասարանների աշակերտներս, հիացմունքով էինք ընկալում ավարտական կուրսերի ուսանողներին: Վերջիններիս թվում էին Հայաստանի վաստակավոր ուսուցիչ Դինա Նիկոլաեւնա Գացինայիՙ 1968-1969 թթ. ավարտական դասարանի աղջիկներըՙ Սրբուհի Բաբայանըՙ հետագայում Պարի պետական անսամբլի ականավոր մենապարուհի, Ժաննա Մուրադյանըՙ հետագայում Ճապոնիայում եւ Ուկրաինայում ճանաչված պարուսույց, եւ գեղեցկադեմ, ժպտերես, կենսուրախ, պարային մեծ ունակություններով օժտված եւ դասական պարի հնարքներին արդեն բավական լավ տիրապետող Նադեժդա Դավթյանը : Դինա Նիկոլաեւնան քաջ հայտնի էր որպես պարուսույց, քանի որ նախորդ շրջանում նրա դասարանը ավարտած աղջիկներից շատերը դարձան մեր բալետի առաջատար պարուհիներ, այդ թվումՙ Բելլա Խուդինյանը (Միքայելյան) եւ Սոնա Վարդանյանը, որը մի քանի տարի լինելով Սպենդիարյանի թատրոնի առաջատար պարուհի, այնուհետեւ մեկնեց Մոնրեալ, եւ այդտեղ նույնպես իրեն դրսեւորեց թե՛ որպես մենակատար, թե՛ բալետմայստեր եւ թե՛ պարուսույց:

Նադեժդա Դավթյանը Գացինայի վերջին շրջանավարտն էր, եւ դեռ աշակերտական տարիներին ուսումնարանի դասավանդողների կազմը եւ ղեկավարությունը նրա հետ կապված մեծ սպասելիքներ ունեին:

1969 թ. ուսումնարանի ավարտական համերգին ցուցադրվեց Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետի երրորդ գործողությունը, որտեղ Նադեժդան հանդես եկավ գլխավորՙ Կիտրիի դերում: Նշենք, որ Կիտրիի եւ Բազիլի զուգապարըՙ մուտքը, ադաջոն, վարիացիաները եւ կոդան, լի են բարդ սատարումներով (поддержка), պտույտներով, պուանտային մանր շարժումների հստակ կատարում պահանջող ելեւէջներով: Որպես Նադեժդա Դավթյանի զուգընկեր ավարտական համերգում հատուկ հրավիրվեց այդ պահին Սպենդիարյանի թատրոնի մենակատար պարող Նորայր Մեհրաբյանը (հետագայումՙ հանրածանոթ բալետմայստեր, «Բարեկամություն» համույթի հիմնադիր եւ ղեկավար): Եվ ինչպիսի հիացմունքով հանդիսատեսն ընդունեց Դավթյանի եւ Մեհրաբյանի զուգապարը, նամանավանդ բարդագույն 32 ֆուետեն, որոնք Նադեժդան կատարեց անբիծ:

Նույն 1969 թ.ին երիտասարդ շրջանավարտն աշխատանքի ընդունվեց Երեւանի օպերայի եւ բալետի թատրոն, որտեղ սրընթաց հաղթահարեց դեպի առաջին մենապարուհու կարգավիճակը տանող սանդղակը եւ մնաց նվաճած բարձունքի վրա մոտ 30 տարի: Դրանցից քսանը (անցյալ դարի 70-80-ական թթ.) ընդգրկում են հայ բալետի, ինչպես այժմ ընդունված է բնութագրել, «ոսկեդարը»: Խաղացանկը հարուստ էր եւ հետեւողականորեն լրացվում էր թե՛ հայ եւ թե՛ Լենինգրադից, Մոսկվայից եւ խորհրդային այլ հանրապետություններից եկող բալետմայստերների բեմադրություններով, պարային խմբի կազմը մեծ էր, իսկ մենակատարները ջանք չէին խնայում կատարելագործելու իրենց թե՛ դերասանական եւ թե՛ պարային արվեստը: Այդ տարիներին, մինչեւ 90-ականները Նադեժդա Դավթյանը կատարեց Ժիզել (Ադանի համանուն բալետ), Կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ջուլիետ (Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ», Օլեգ Վինոգրադովի բեմադրությամբ), Բարոնուհի Շտրալ (Խաչատրյան-Հովհաննիսյանի «Դիմակահանդես»ՙ Ռիժենկոյի եւ Սմիրնով-Գոլովանովի բեմադրությամբ), Մազուրկա («Շոպենիանա»ՙ Ֆոկինի բեմադրությամբ), Շամիրամ (Եղիազարյանի «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ»ՙ Աշոտ Ասատուրյանի բեմադրությամբ), «Թեմա վարիացիաներով» (Չայկովսկու Երրորդ նվագախմբային սյուիտի երաժշտությամբՙ Ասատուրյանի բեմադրությամբ):

Այստեղ մի պահ դադարեցնենք դերերի թվարկումը եւ բերենք Դավթյան պարուհու սեղմ նկարագիրը: Նա կատարելապես տիրապետում էր թե՛ բարդ թռիչքների եւ պտույտների, եւ թե՛ դասական պարի մանր շարժումների հնարքներին: Հեշտությամբ կատարում էր տղամարդկանց պարարվեստի համակարգին պատկանող տարրերը, մանավանդ բարդ թռիչքները: Վերոհիշյալ հմտությունները, համատեղելով չափազանց կանացի, նրբագեղ ձեռքերի շարժումների հետ, ուրույն երանգ էին տալիս Նադեժդա Դավթյանի կատարողական արվեստին:

Նշենք, որ պարուհու բեմական զուգընկերներն են եղել մեր լավագույն պարողներըՙ Ռուդոլֆ Խառատյանը, Սերգեյ Բարանովը, Ռաֆայել Ավնիկյանը եւ ամենաականավոր հայ պարողըՙ Վիլեն Գալստյանը, որը 70-ականների սկզբից մինչ օրս ընդմիջումներով հանդիսանում է Սպենդիարյանի անվան օպերայի եւ թատրոնի գլխավոր բալետմայստերը: Եվ Նադեժդա Դավթյանը նրա հետ կապեց իր թե՛ ստեղծագործական եւ թե՛ անձնական կյանքը անցյալ դարի 70-ականների կեսերից մինչեւ կյանքի վերջին պահը: Պարուհին մեծապես սատարում էր Վիլեն Գալստյանի բեմադրական գործունեությունըՙ դառնալով նրա ակտիվ համագործակիցը, իսկ անձնական կյանքումՙ ընտանեկան օջախի պահապանը: Նրանց զավակըՙ տաղանդավոր պարող Դավիթ Գալստյանը, երկար տարիներ արդեն Թուլուզի ազգային թատրոնի մենապարողն է:

Եվ այսպես, շարունակենք դերապարերըՙ Գայանե (Խաչատրյանի համանուն բալետում), Էգինա (Խաչատրյանի «Սպարտակ»), Խանդութ (Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բալետում), Գերդա (Մանսուրյանի «Ձյունե թագուհին»): Ահա՛ այն դերերը Վիլեն Գալստյանի բեմադրություններում, որոնցով հարստացվեց Նադեժդայի խաղացանկը եւ լիովին բացահայտվեց որպես պարուհի նրա վարպետությունը եւ դերասանական տաղանդը իր բազմակի եւ վառ դրսեւորումներով:

1978թ. Դավթյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

1989-ից մինչեւ կյանքի վերջին օրը նա Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի պարուսույց-փորձավար էր: Որքանով խստապահանջ էր իր հանդեպՙ նախապատրաստվելով ամեն հերթական ներկայացմանը կամ էլ աշխատելով նոր կերպարի կերտման վրա, նույնպիսի անձնուրացություն էր նա պահանջում այն պարողներից, որոնք անցան նրա «ձերքի տակ»: Իսկ դրանք հինգ, տասը, քսանը չէին, այլ բոլորը, որոնք վերջին 30 տարում աշխատում էին Սպեդիարյանի անվան թատրոնի բալետի խմբում:

1987-1989 թթ. Դավթյանն աշխատել է Մոնտեվիդեոյի պետական բալետումՙ որպես մենապարուհի եւ փորձավար: 1998-99 թթ. դասավանդել է Հարավային Կորեայումՙ Սեուլի արվեստի պետական համալսարանում եւ ստացել համալսարանի պրոֆեսորի կոչում: 2001 թ. աշխատել է Արգենտինայի բալետային խմբում որպես դասատու-փորձավար: Հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում, այդ թվումՙ Արգենտինա, Մեքսիկա, Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Լեհաստան, Ուրուգվայ, Թունիս, Մարոկկո...

Երբ 2001 թ. Վիլեն Գալստյանը Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում հիմնադրեց «բալետի ռեժիսուրա» բաժինը, Նադեժդան դարձավ այդ բաժնի թե՛ առաջին ուսանողներից, եւ թե՛ առաջին դասավանդողներից մեկը: 2005 թ. ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտըՙ բալետի ռեժիսոր մասնագիտությամբ, իսկ որպես դասական պարի դասավանդող աշխատել է մինչեւ կյանքի վերջին օրը...

Իսկ կյանքի վերջին օրը նա փորձ էր վարում թատրոնում: Ամուսինը, ինչպես հաճախ էր լինում, սպասում էր նրան` նստած թատրոնի արտիստական մուտքի մոտի նստարանին: Նրանք միասին տուն գնացին... Իսկ առավոտյան Վիլեն Գալստյանը գտավ իր կնոջը մահացած:

Սա Նադեժդա Դավթյանի երեւի թե ամենասպասելի թռիչքն էր... դեպի հավերժություն:

Աստված հոգին լուսավորի...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #25, 28-06-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ