RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-07-2019



Տեղադրվել է` 2019-07-04 21:34:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 369, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Երբ ժպիտը ճակատագիր է

Անուններ կան, որոնք մնում են մեր ժողովրդի հիշողության մեջ ոչ միայն իրենց ստեղծած բարձրարժեք արվեստի այս կամ այն կոթողով, ոչ միայն հասարակական կյանքում իրենց խաղացած դերով, այլեւ առաջին հերթին իրենց մարդկային նկարագրով: Եվ այդ անհատը բնությունից օժտված, իր շռնդալից հումորով եւ հենց իր խառնվածքին հատուկ անսպառ կենսասիրությամբ եւ կատակասիրությամբ, անսպառ երեւակայությամբ եւ հնարամիտ արարքներով երկար ժամանակով դրոշմվում է իր ժամանակակիցների հիշողության մեջ: Այդպիսի դեմքերից էր ծննդով երեւանցի, բայց կյանքի մեծ մասը Մոսկվայում անցկացրած, հայ կինոբեմադրիչ Հենրիկ Բարդուղիմեոսի Հովհաննիսյանը: Ինչպե՞ս անվանեք նրանՙ հրաշալի կինոկատակերգությանՙ «3+2» հեղինա՞կ, թե՞ մարդուն միշտ նեղ օրին հասնող ընկեր, թե՞ հումորի արքա: Ես կանվանեի նրան հայկական «շվեյկ»:

«НА КУРЬИХ НОЖКАХ...»

Հենրիկ Հովհաննիսյանի հետ ինձ ծանոթացրել է հայրսՙ Վիգեն Իսահակյանը: Նրանք վաղուց էին իրար ճանաչում, երբ երկուսն էլ աշխատում էին «Հայֆիլմ» կինոստուդիայում: Հենրիկը ֆիլմերի բեմադրության երկրորդ ռեժիսոր էր կամ ասիստենտ: Նա աչքի էր ընկնում իր կենսասեր բնավորությամբ եւ մեծ հումորով: Այդ տարիներին շատ հայկական ֆիլմեր նկարահանվում էին կամ մոնտաժի ենթարկվում «Մոսֆիլմ» կինոստուդիայի տաղավարներում: Եվ եղավ այնպես, որ Հենրիկը մոտիկից ծանոթացավ սովետական կինոյի խոշորագույն վարպետներից մեկիՙ Սերգեյ Գերասիմովի հետ: Տեսնելով Հենրիկի եռանդուն գործունեությունը, նրա արտակարգ ճարպկությունը, Գերասիմովը առաջարկում է Հենրիկին ուսման անցնել նշանավոր (ԹԼԽ-ում (կինոինստիտուտում) հենց իր ստեղծագործական արվեստանոցում: Այնուհետեւՙ համատեղ կապվածության տարիներ, իսկ 1956-ին վերցնում իր մոտ աշխատանքի որպես երկրորդ ռեժիսորի «Խաղաղ Դոն» երեք սերիանոց էպիկական ֆիլմում: Առաջարկըՙ լինել երկրորդ ռեժիսոր նման հսկա ֆիլմում, շատ պատվավոր էր, բայց եւ պատասխանատու: Բոլորը գիտեին, թե ինչ խիստ ու պահանջկոտ մարդ էր Գերասիմովը:

Մենք նստած էինք հորս եւ Հենրիկի հետ Մոսկվայի նշանավոր Կինոյի տան սրճարանում, հին շենքում, որը գտնվում էր ՍՍՀՄ գրողների տան դիմացՙ Պովարսկայա փողոցում:

- Ես գիտեի, - պատմում էր Հենրիկը, - որ աշխատել Սերգեյ Ապոլոնարեւիչի հետ կնշանակե ո՛չ գիշեր ունենալ, ո՛չ ցերեկ, ո՛չ քուն, ո՛չ հանգիստ: Օրական 100 պահանջ կդներ, փորձեիր մեկը չկատարեիր: Վերջ: Այդ հսկա ֆիլմի նկարահանումները պիտի կատարվեին հենց Շոլոխովի հայրենիք Վեշենսկայայի հարեւանությամբ հին կոզակական մի գեղատեսիլ ստանիցայումՙ Դոն գետի ափերին: Ուրեմն մեր նկարահանող խումբը արդեն ինքնըստինքյան 300 հոգի մարդ էր, էլ չեմ ասում, որ զանգվածային նկարահանումներին մասնակցում էին շուրջ 1000 մարդ: Եվ ոչ մի կենցաղային հարմարություն, ո՛չ քնելու տեղ, ո՛չ ճաշարան, ո՛չ խոհանոց, ո՛չ լվացքատուն, ո՛չ բաղնիք...

Եվ ռեկորդային կարճ շրջանում մենք Դիչենսկոյե ստանիցայում կառուցեցինք մի նոր կազակական գյուղ, հատուկ ընդգծված Դոնի խուտորների ոճով, շինություններով, անգամ կենցաղի իրերով:

Այս ամենը օպերատիվ արագությամբ պիտի կազմակերպվեր, ո՞ւմ վրա էր դրված, Գերասիմովը ճարը շուտ գտավ. «Միայն դու՛, Հենրիկ, դո՛ւ գլուխ կհանես այս սոդոմ-գոմորից»: Այնպես որ ես, շնորհիվ Գերասիմովի, սովորեցի ե՛ւ շինարարություն, ե՛ւ փայտագործություն, ե՛ւ խոհարարություն ու դերձակություն: Մի գործ չկար, որ գլխիս չկապեր: Եվ միշտ դժգոհ էր. «Քիչ է, ուշացնում ես, տեղում չէ, լավ չէ»: Տեսնում եմ, որ բռնապետի հետ գործ ունեմ: Մտածում եմ մի օյին խաղամ գլխին, որ երկար հիշի:

Մեր ապրած տնակի դիմաց եռոտանի փայտյա մի զուգարան էինք սարքել, ինչպես ռուսներն են ասում «на курых ножках»: Այդ գիշեր Գերասիմովը մի տեսակ անհանգիստ էր, հաճախ էր գնում նշածս տեղը: Իմ հետ աշխատող մի քանի ամուր տղաներ ունեի, դեռ քնած չէին, թուղթ էին խաղում: Ասիՙ տղե՛ք ջան, մի կարեւոր պարտականություն ունեք, այս զուգարանը կամացուկ, առանց աղմուկի պիտի վերցնենք տեղից ու փոխադրենք դիմացի տան բակը:

Անցանք գործի, ես էլ հետները, մթին գիշերից օգտվելով, կամացուկ տեղից բարձրացրեցինք եռաոտ այդ բունը ու տարանք մի 50 քայլ կողքի տան բակը, լուռ-մունջ դրինք ու ետ եկանք:

Ես էլ սիգարետներիս տուփը վերցրել եմ ու մեր ապրած տան շեմին զբոսնում եմ, բայց ականջս լարած է դեպի Գերասիմովի քայլերը: Մի տաս րոպե մարդ չկա, հետո հեռվից լսում եմ.

- Бес попутал, вроде бы я свое дело сделал. Но где я?. Тут черти замешаны.

Ճիշտ ժամանակն է, ես սիգարետս վառեցի, Գերասիմովը կողմնորոշվեց դեպի կրակը ու քայլերն արագացրեց:

Ես բարձր հազացի:

Լսվեց նրա անհանգիստ ձայնը.

- Հենրիկ, այդ դո՞ւ ես:

- Այո՛, այո՛, Սերգեյ Ապոլոնարեւիչ, դուք որտե՞ղ եք:

Դե մարդը գալիս է մեր տան հակառակ կողմից:

- Այստեղ, Դոնում տարօրինակություններ են կատարվում, դուրս եմ գալիս զուգարանից, իսկ տունը չկա, չէ, սատանայի մատը խառն է...

«Ինչպես պարգեւատրվեցի «Մոսկվիչով»

Հենրիկը պատմում էր, որ Գերասիմովը պարզապես ապրում էր այդ ֆիլմով, դեռ 1939 թվականին նա հայտ էր ներկայացրել նկարահանելու «Խաղաղ Դոնը», բայց ստիպված եղավ սպասել համարյա 20 տարի:

Գերասիմովը շատ մտերմացել էր վեպի հեղինակիՙ Միխայիլ Շոլոխովի հետ: Շոլոխովը վստահում էր Գերասիմովին, նրան համարում ժամանակակից ռուս լավագույն կինոբեմադրիչը, եւ ինքը որքան կարող էր, օգնում էր ֆիլմի նկարահանումներին, որոնք տեղի էին ունենում Դիչենսկոյե ստանիցայում, ոչ հեռու Շոլոխովի հայրենի Վեշենսկայայից:

Գերասիմովից հետո ես երկրորդ մարդն էի նկարահրապարակում: Ասեմ, կային մասսայական նկարահանման այնպիսի տեսարաններ, որ առանց հայկական հնարամտության անկարելի էր իրականացնել: Օրինակ, լուր է ընկնում, թե Դոնի կարմիր զորամասերը վաղ առավոտ պետք է հարձակվեն գյուղի վրա եւ ամբողջ գյուղը մեկ մարդու նման պիտի տներից դուրս թափվի եւ լցվի հրապարակ: Գերասիմովն իմ առաջ խնդիր դրեց.

- Հենրիկ, դու քաղաքացիական պատերազմ չես տեսել, իսկ սա պատերազմներից ամենասարսափելին է, եղբայրը եղբոր դեմ... Հիմա մտածիր, ինձ պետք է, որ առավոտյան տագնապի տեսարանը լինի մաքսիմալ մոտ իրականին:

Ամբողջ գիշեր մտածեցի: Մեր խմբում կար մի դերասանՙ Իլչենկոն, որի ձայնը շատ էր նման հայտնի հաղորդավար Լեւիտանի ձայնին, այդ ձայնը պատերազմի տարիներից ծանոթ էր ամեն ռուս մարդու:

Մի փոքր տեքստ գրեցի, որը պետք է առավոտ ժամը 6-ին ողջ Դիչենսկոյե ստանիցայի տեղական ռադիոցանցով հաղորդեին: Ի՞նչ էի գրել: Իհարկե, թող ների ինձ ժողովուրդը. «Այսօր, առավոտյան ժամը 5.30-ին ամերիկյան զինված օդային ուժերը եւ ՆԱՏՕ-ի զորքերը, առանց պատերազմ հայտարարելու, համատեղ լայնածավալ հարձակում են գործել ԽՍՀՄ տարածքների վրա», եւ այսպես շարունակ... Եվ սա պետք է կարդար ռադիոյով Լեւիտանի ձայնով դերասանը:

...Խեղճ ստանիցայի բնակիչները, որոնցից մի մասի ականջներում դեռ հնչում էր իսկական Լեւիտանի ձայնը հիտլերյան հրոսակների հարձակման վերաբերյալ, լսելով իմ մոգոնած հաղորդագրությունը, ի՞նչ պետք է անեին: Կազակները, բնականաբար, իրենց տներից կիսաքուն, կիսամերկ դուրս պիտի թափվեին եւ վազեին դեպի հրապարակ: Իսկ մեր օպերատորները Ռապոպորտի գլխավորությամբ պիտի գոռային «ՎՏՑՏՐ» եւ շուտափույթ նկարահանեին մասսայական տեսարանը, որը խոստանում էր իր տեսակի մեջ դառնալ կինոշեդեւր:

Իսկ շվարած Գերասիմովը, որը ակամա վկան դարձավ այս տեսարանի, իմանալով իմ մոգոնած տագնապի հենքը, բարկությունը չկարողանալով զսպել, աշխատանքային տույժի ինձ ենթարկեց: Մի որոշ ժամանակ անց խաղաղվեց եւ երբ տեսավ նկարահանվեց մասսովկայի նյութերը, ոգեւորվեց եւ մեկ այլ հրամանով ինձ պարգեւատրեց «Մոսկվիչ» ավտոմեքենայով:

- Հենրիկ Բարդուղիմեոսովիչ, դուք իսկական բեստիա եք, այսինքն սատանայի եւ բեսի խառնուրդ, այսպես խաբել անմեղ, քնած կազակներին եւ միեւնույն ժամանակ ի՜նչ վարպետությամբ, բնական ձեւով հարյուրավոր մարդկանց տեղից պոկել ու լցնել հրապարակը.... Նման տրյուկների կինոինստիտուտներում չեն սովորեցնում: Օրինակ, Դոնսկոյը կամ Ալեքսանդրովը նման մասսովկային կնախապատրաստվեին երկու ամիս ու մեկ միլիոն կծախսեին: Ապրե՜ս, դրա համար քեզ պարգեւատրում եմ «Մոսկվիչով»:

Այն տարիներին Մոսկվայում ո՞վ ուներ սեփական մեքենա, միայն գեներալները եւ ՍՍՀՄ ժողովրդական դերասանները: Ինչքան ես ինձ հպարտ զգացի, այս հնարքներն իր հերթին, սակայն ես վարպետության հիանալի դասեր անցա Գերասիմովի մոտ:

«Սովետի նոր զինատեսակը»

Յուրաքանչյուր միզանսցեն նկարահանելուց առաջ Գերասիմովն այն ներկայացնում էր մեզՙ հենց ինքը խաղալով կենտրոնական դերը, ի՜նչ դերասան էր նա...

Երբեք չեմ մոռանա, երբ առաջին նկարահանումներից մեկը պիտի անեին, թե ինչպես է Աքսինյան լծակը (ՍՏՐՏՎօրսՏ) ուսերին կողքերից կախված ջրով լիքը զույգ դույլերով ճեմում գյուղի ճամփովՙ Գրիշկայի հայացքի ներքո... Գերասիմովը Էլինա Բիստրիցկայային կանգնեցրեց ու կտրուկ հանդիմանեց. «Տե՛ս, ինչպես դու պիտի տանես այդ դույլերը», եւ վերցնելով դույլերով լծակըՙ Սերգեյ Ապոլոնարեւիչը սկսեց քայլել, աննկարագրելի վարպետությամբ կոնքերը շարժելով:

- У тебя, Эллиночка, не получается, потому что в твоих ляжках нет массы, где кубанские ягодицы которые при походке волнуются, как волны Дона. Бедрами неси ведра, бедрами , ты не воду несешь, а ты должна понравится Гришке. Тебе прямой наказ от меня и от Михаила Александровича, поправиться за две недели на 20 кг. Ответ организатор этого ппиказа - Генрих Оганесян.

Երբ Գերասիմովը մի շնչով ցույց տվեց, թե ինչպես պիտի քայլի Բիստրիցկայան, ջաղացի քարերի պես գործի դնելով իր կոնքերը, նկարահանման մասնակիցները փորները բռնած ծիծաղից գալարվում էին: Եվ մեկ էլ ես լսեցի իմ անունըՙ ուրեմն Բիստրիցկայայի կոնքերի կլորացման գծով պատասխանատու կազմակերպիչՙ Հենրիկ Հովհաննիսյան:

Ինչ-որ մի տեղ գռեհիկ է չէ հնչում, էլ չեմ ասում, որ ես, ինչպես եւ մեր նկարահանման խմբի մեծ մասը գտնում էինք, որ Էլինա Բիստրիցկայան ոչ միայն Մոսկվայի դերասանական աշխարհի ամենաազդեցիկ աստղերից է, այլեւ բազմազգ Սովետական Միության ամենագեղեցիկ կինն էր: Ժամանակակից լեզվով ասած նա կարող էր լինել «Միսս ՍՍՍՌ»:

- Հենրիկ, - անհամբերորեն միջամտեց հայրս, - լավ իմանալով քո կնասեր տեսակը, ես կասեի, ավելի ճիշտ քո կնամեծար բնավորությունը, ասա՛, անկեղծաբար, եղե՞լ է արդյոք քո եւ Բիստրիցկայայի միջեւ սիրային պատմություն, կարողացե՞լ ես դու անտարբեր մնալ նման եզակի գեղեցկության հանդեպ:

- Վիգեն ջան, ասեմ անկեղծաբար, նա այնքա՜ն գեղեցիկ էր, որ ես ռիսկ չէի անի մոտենալ, մի ավելորդ ռեպլիկ ասել կամ թարս նայել: Երեւի այս ամենն իմանալով Գերասիմովն իմ վրա էր դրել նման կարեւոր խնդիրը. Կոնդիցիայի, այսինքն կազակական ստանդարտի հասցնել Բիստրիցկայայի արտաքին բարեմասնությունները:

Ասեմ, ի պատիվ Էլինա Ավրամովնայի, նա շատ ճիշտ ընկալեց Գերասիմովի դիտողությունը եւ մի կարճ ժամկետում արեց ամեն ինչ, որ կատարի Գերասիմովի պատվիրածը: Նա ինձ հաջորդ իսկ հանդիպմանը հարցրեցՙ

- Հենրիկ, իսկ դուք ո՞վ եք ազգությամբ:

- Հայ, - պատասխանեցի ես:

- Իսկ ես հրեա եմ, այսինքն երկուսս էլ արեւելքցիներ ենք, սիրում ենք լավ ուտել, ուրեմն դու պիտի ապահովես այս գյուղում համով եւ օգտակար սնունդը:

- Էլինա Ավրամովնա, արդյունքում մենք կարող ենքՙ հանձին ձեզ, այս ստանիցայում ստեղծել մի նոր զինատեսակ, որին ի զորու չի լինի հաղթել ոչ մի ՆԱՏՕ-յական ուժ:

- Հենրիկ, դե դուք կատակում եք, ըստ ինձ, ես եղածով էլ անհաղթելի եմ...

- Էլինա Ավրամովնա, բայց դուք փորձեք տեսնել Ձեզ այն բնական բարեփոխումից հետո, ինչի մասին ակնարկում է Գերասիմովը, եւ ինչը կլինի նաեւ Շոլոխովի սրտով:

- Լավ, Հենրիկ Բարդուղիմեոսովիչ, ուրեմն թող ողջ լինեն մերձդոնյան շչուկան, լեշչը եւ շամայան, ողջ լինեն կաթնակեր գոճիները ու գիրուկ բադիկները: Գործի, սիրելի բարեկամ:

Հաջորդ օրը հանդիպում եմ Գերասիմովին:

- Մինչեւ հիմա, Սերգեյ Ապոլոնարեւիչ, իմ ծանոթ կանայք աշխատում էին գեղեցկանալ նիհարելով: Իսկ մեր գեղեցկուհին որոշել է չաղանալ, դուք էլ ինձ կնքել եք այդ գործի քավորը: Ինչպես երեւում է, մեր Աքսինյան էլ լավ ախորժակ ունի: Դուք լսե՞լ եք արդյոք ինչ բան է շամայան կամ ռիբեգը, ինչ բան է կաթնակեր գոճին, սալով սարքած դդմիկի իկրան - նա արդեն մենյուն ինձ պատվիրել է: Այնպես որ, ինչպես ասում է ռուսական առածը, «Красота требует жертв»: Երեւի Դուք եւ Շոլոխովը նամակ պետք է գրեք Խրուշչովին, որ լրացուցիչ գումար բաց թողնի մեր ֆիլմի համար:

- Խրուշչովին լավ հիշեցրիր, շուտով ես խնդրելու եմ նրանից, որ մեր կարմիր բանակից 2-3 հազարանոց հեծելազոր հատկացնի նկարահանումների համար: Եվ մեր հերոսուհին էլ պետք է գրանդիոզ լինի իր բոլոր կողմերով: Միխայիլ Ալեքսանդրովիչը գրում է. Бедрами неси ведра, бедрами: Պարզ է, ես պատրաստ եմ լրացուցիչ գումար բաց թողնել այդ նպատակով, բնավ կորած տեղը չէ, այնպիսի ախորժալուր կերակուրների անուններ տվեցիր, որ իմ ախորժակն էլ բացվեց: Խնդրում եմ երբեմն էլ ինձ կանչել:

Ես իմացա, որ ստանիցայի ամենալավ խոհարարը Մատրենա Իլյինիչնան է եւ որ նրան պետք է մատակարարել ուտեստեղենը, եւ մի երկու շաբաթով Էլինա Ավրամովնային գործուղել ապրելու Մատրենայի խուտորը:

Հենրիկը անզուգական պատմող էր, ով նրան կյանքում գեթ մեկ անգամ էլ տեսած լիներ, լսեր նրա պատմությունները, երբեք նրան չէր մոռանա: Նա ինքը համով մարդ էր ամեն տեսակետից: Այնուհետեւ պատմում է Մատրենայի սեղանի մասին իր բոլոր մանրամասնություններով: Իսկ մենք լուծվող սուրճ էինք խմում կինոյի տան սրճարանում:

Առանձնահատուկ մենյու էր կազմած առավոտներըՙ մեղր, թթվասեր, տնային կաթնաշոռ, կաթի սեր: Ճաշինՙ ուխա, Դոնի թարմ ձկներ, ձկան պիրոգներ: Ընթրիքինՙ կազակական զապեկանկա, փուռը դրած կարտոֆիլ սալով եւ կազակների սեղանից անպակաս քաշած ցորենի օղինՙ первач-ը:

Ու օրեցօր մեր Աքսինյան սկսեց ավելի շատ նմանվել Գալինա Սերեբրյակովայի կտավներից իջած ռուս գեղջկական անմեղ գեղեցկուհիներին, մի խոսքովՙ անցավ 15 օր եւ կշեռքի վրա կար պլյուս 15 պահանջվող կիլոգրամը: Կարելի էր նկարահանումներն սկսել: Այն էպիզոդը, որ պատկերում է, թե ինչպես ուսերին գցած կորոմիսլոյի դույլերը Աքսինյան լիքը-լիքը ջուր է լցնում եւ անցնում խոտերին թիկնած Գրիշկայի կողքով, եւ բռնում է ճամփան, մեր Ռապոպորտը վարպետորեն պատկերեց, թե ինչպես է շորորալով ու օրորվելով ճեմում Աքսինյան, մշտապես գամվեց այդ ֆիլմի միլիոնավոր հանդիսատեսի հիշողության մեջ, այդ թվում եւ տողերիս հեղինակի: Վերջերս ես նայում էի հեռուստացույցով այդ լեգենդար ֆիլմը ու երբ հասա հիշատակածս հատվածինՙ մտածեցի մոսկովյան թատերական աստղըՙ Բեատրիցկայան, այդքան երիտասարդ, բայց այդ ինչ հաստաբեստ կոնքեր ունի, ինչպես է ճեմում, իսկապես որ բնությունն իրենը տվել է առանց խնայելու, ես զարմացա, երեւի դրանից է, որ եբրայուհի է, եւ ըստ երեւույթին, դա բնորոշ է նրանց:

Այդ վերհուշ պատմությունը լրիվ չէր լինի, եթե չհիշատակեի Հենրիկի նաեւ մի դիպուկ վկայությունը: Սերգեյ Ապոլոնարեւիչը այնքան կախարդեց (իզուր չէ, որ նա ծագումով Սիբիրի староверцы-ներից էր) մեր Աքսինյայի եւ Գրիշկայի վրա, այնքան պահանջեց, որ նրանք կրկնեն նկարահանվող սիրային տեսարանները, այնքան վարակեց նրանց շոլոխովյան զգացմունքներով. «Пойми, Аксюша, ты ему не грудь показывавшь, а сердце свое. И ты пойми Гришка, что тебе без Аксиньи некуда деваться...»: Այնքան ասաց, այնքան պարտադրեց, այնքան պահանջեց, որ ի վերջո մեր հերոսների միջեւ թունդ սիրային զգացմունք ծնունդ առավ: Եվ այնպես եղավ, որ իրենք էլ թնդագին իրար սիրեցինՙ Էլինան եւ Պյոտր Գլեբովը, ոչ պակաս քան Աքսինյան եւ Գրիգորի Մելեխովը:

Ու գիշերով, մի բաժակ ցորենի զտարյուն օղի խմելուց հետո, Սերգեյ Ապոլոնարեւիչը ինձ վստահաբար ասաց.- Ես հասա իմ նպատակին, այժմ ֆիլմի հաջողությունը ապահովված է:

Այսպիսին էր մեր ռուսական Օրսոն Ուելսը եւ Ստենլի Կաբրիկը, Ռենե Կլեբն ու Լուկինո Վիսկոտին, մեր մեծ վարպետը, կինոյի շամանն ու բեսը...

- Վիգեն ջան, երանի քեզ, որ շուտով Երեւան ես գնում, ապրելու քաղաքը մեր Երեւանն է: Համբույրներս մեր հայրենիքի իմ բոլոր սիրելի տղերքինՙ Գրիշկային Սարկիսով, Արշավիրին, Սեպուհին, Հնդիկին, Մելիք-Քարամյանին, մեր Յուրային, Յուրան Երզնկյան շատ տաղանդավոր տղա է, տես ինչ ֆիլմ նկարեցՙ «Առաջին սիրո երգը», մեր ջահելներինՙ Քյոռին, Ներսիկին: Ինձ համար աշխարհը բաժանվում է երկու մասիՙ կինոն եւ Երեւանը...

Նկար 3. Սերգեյ Գերասիմով

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-07-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ