RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-07-2019



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2019-07-04 21:34:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 592, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏՈՀՄԻ ԺԱՌԱՆԳՆԵ՞ՐԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

(Աղաջանյան-Վեբեր-Օդուեն)

Այն, որ ֆրանսիացի նշանավոր կատակերգու Պիեռ Ռիշարի ամենահայտնի ֆիլմերից մեկիՙ մեր հանդիսատեսին քաջ ծանոթ «Խաղալիքը» շարժանկարի սցենարիստ եւ բեմադրիչ Ֆրանսիս Վեբերը կիսով չափ մեր հայրենակիցն է, շատերին է հայտնի: Սակայն քիչ հայտնի են նրա հայկական կողմի ներկայացուցիչները, որոնք նույնպես եղել են ուշագրավ դեմքեր եւ որ ամենից հետաքրքրականն էՙ Մամիկոնյան տոհմի հավանական շառավիղներ...

Աշխարհի առաջին ռեֆլեքսաբանը

Ֆրանսիս Վեբերի մեծ հայրը ժամանակին Ռուսաստանում եւ Ֆրանսիայում նշանավոր բժիշկ-նյարդախտաբան, մի շարք բժշկական աշխատությունների հեղինակ Կարապետ (Կարպ) Աղաջանյանն (1876-1956) էր: Նա ծնվել էր Թիֆլիսում, հայրը Ջգրաշեն հայկական եկեղեցու ավագ քահանա Սարգիս Աղաջանյանն էր, իսկ մոր օրիորդական ազգանունը Մամիկոնյան էր: Ընտանիքի ութ զավակներից հասունության են հասել չորսը, որոնցից Կարապետի մի եղբայրը նույնպես դարձել է բժիշկՙ Նյու Յորքում, մյուսը փաստաբանՙ Թբիլիսիում, իսկ քույրն ուսուցչուհիՙ Բաքվում: Կարապետ Աղաջանյանն ուսանել է Պետերբուրգի բժշկական ռազմական ակադեմիայում: 1901-ից Պետերբուրգի Կանանց բժշկական համալսարանում աշխատել է որպես կազմախոսության դասախոս, դարձել հոգեկան եւ ջղային հիվանդությունների ամբիոնի պրիվատ-դոցենտ: 1904-ին պաշտպանել է «Տեսողության կեղեւային կենտրոնը» թեմայով թեզ, նույն թվականին կառավարության կողմից գործուղվել է Լիսաբոնՙ ներկայացնելու Ռուսաստանը բժշկական միջազգային համաժողովում, ապա չորս տարի Բեռլինում աշխատել է հայտնի բժշիկներ Ֆիգենի, Օպպենհեյմի, Քոֆենի, Սալկովսկու ու Յակոբսենի մոտ: Վերադառնալով Պետերբուրգՙ Աղաջանյանը ակադեմիկոս Բեխտերեւի հոգեկան եւ ջղային հիվանդությունների կլինիկայում նշանակվել է ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտի վերատեսուչ, 1909-ին արժանացել պրոֆեսորի կոչման, իսկ 1913-ին դարձել է Վարշավայի Կայսերական համալսարանի ջղային եւ մտավոր հիվանդությունների պրոֆեսոր: 1911-ին Բեռլինի Գիտությունների ակադեմիան հրատարակել է նրա գերմաներեն ախատությունը մարդու փոքր ուղեղի մասին: Աղաջանյանը եղել է Մեչնիկովի անվան ռուս բժիշկների միության պատվո նախագահ:

Դեռեւս 1901 թվականից նա սկսել է ուսումնասիրել մարդու պայմանական ռեֆլեքսները եւ հիսուն տարի աշխատել այդ թեմայովՙ այդ ոլորտում անընդհատ բացելով նոր հորիզոններ: Նա դարձել է ռեֆլեքսաբանության հիմնադիրը, որի շնորհիվ Եվրոպայում սկսել են կիրառել ցարդ անծանոթ մնացած այդ գիտությունը: Իր աշխատություններում Աղաջանյանն ուսումնասիրել է պայմանական ռեֆլեքսների պատճառով գույների հակազդեցությունը, խոսքի աղավաղումները (հատկապես գլխից հրազենով վիրավորվածների մոտ), ցնորքների եւ զառանցանքների փոխանցումը մի հիվանդից մյուսին, անձի կաշկանդվածության խնդիրը եւ այլն: Նա ստեղծել է բուժման սեփական մեթոդներըՙ համադրելով էլեկտրական, քիմիական եւ կլինիկական հետազոտությունների հետ, ապացուցել, որ զգայախաբություններն առաջանում են նյարդային կենտրոններումՙ փոխանցման եւ զուգորդման ուղիների մակարդակի վրա: Աղաջանյանն է նաեւ առաջինն ապացուցել նյարդային հիվանդություններիՙ մաշկի վրա ունեցած ազդեցությունը:

Մեզ համար կարեւոր է իմանալ, որ հայերից թերեւս առաջինը Կարապետ Աղաջանյանն է անդրադարձել Զիգմունդ Ֆրոյդի ուսմունքինՙ 1914-ի հունվարի 21-ին Վարշավայում իր կարդացած «Ներշնչումն իբրեւ թերապեւտիկ մեթոդ» դասախոսության մեջ...

Կարապետ Աղաջանյանը անցյալի հայ բժշկության կարեւոր դեմքերից էր, որի անունը հաճախ է երեւացել 1910-ականների հայ մամուլում (տե՛ս, օրինակ, Պրօֆեսօր Կ. Ս. Աղաջանեանի ներածական դասախօսութիւնը, «Մշակ», 8.02.1914; Բժշկական ընկերութեան մէջ, «Մշակ», 27.02.1915; Պրօֆ. Կ. Աղաջանեանի դասախօսութիւնը, «Մշակ», 10.03.1915 եւ այլն):

Առաջին աշխարհամարտի տարիներին Կարապետ Աղաջանյանը տեղափոխվել է Դոնի Ռոստով, իսկ 1921-ին կնոջ եւ երեք զավակների հետ տարագրվել է Կոստանդնուպոլիս: Այստեղ նա որպես նյարդաբույժ հանդես է եկել ի պաշտպանություն վրիժառու Միսաք Թոռլաքյանի, որին անգլիական դատարանը դատել է Բաքվի հազարավոր հայերի ջարդերը կազմակերպած Բեհբուդ խան Ջիվանշիրի սպանության համար: Աղաջանյանը հասել է այն բանին, որ դատարանն ազատ է արձակել Թոռլաքյանինՙ վերջինիս «մտախանգարման» պատճառով...

1924-ին հաստատվելով Փարիզումՙ Աղաջանյանը ստիպված է եղել, ֆրանսիական օրենքի համաձայն, ստանալ տեղական բժշկական վկայական, եւ 40-ն անց տարիքում ուսանել ու ավարտել է բժշկական համալսարանը: Նա շարունակել է բժշկական գործունեությունը, երկար տարիներ ղեկավարել Փարիզի Ռուս բժիշկների միությունը: Իր կյանքի ընթացքում նա հրատարակել է 32 աշխատություն ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով: Հայտնի է եղել որպես համեստ եւ բարեսիրտ անձնավորություն, որը կարիքավոր հիվանդներին բուժել է միանգամայն ձրի: Նրա անունն առկա է «Ռուսական արտերկիր» հանրագիտարանում եւ այլուր: «Շատ լաւ հայ էր, շատ բարձր կը գնահատէր մեր աւանդութիւնները, մեր կրօնը, մեր հայ ընտանիքները: Իսկական հայ հայր էր, իր երեք զաւակները նրա գուրգուրանքին, հոգացողութեան են պարտական»,- նրա մասին գրել է իր երբեմնի ուսանողուհինՙ կրթությամբ բժշկուհի, սակայն փարիզահայ թատրոնում որպես բեմադրիչ աշխատած Աննա Բուդաղյանը (տե՛ս «Արաքս» թերթ, Աղեքսանդրիա, 10.03.1956):

Բուլվարային վեպերի հեղինակուհին

Կարապետ Աղաջանյանի երկու որդիները շարունակել են հոր մասնագիտությունըՙ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում, իսկ դուստրըՙ Եկատերինան , դարձել է ֆրանսիական գրականության մեջ համեստ տեղ զբաղեցնող մի հեղինակ: Նա ծնվել էր 1901-ին, Սանկտ-Պետերբուրգում (այլ տեղեկությամբՙ Արմավիրում), մեծացել Վարշավայում, Դոնի Ռոստովում եւ Թիֆլիսում: Ֆրանսիայում նա հրատարակել բուլվարային վեպեր եւ թատերախաղեր Ժորժետ Պոլ ծածկանունով: 1951-ին Փարիզի «Մոնպառնաս» թատրոնում ներկայացվել է նրա «Ձյուները» թատերախաղը, 1953-ին «Կոմեդի Կամարտենում»ՙ «Քսան եւ մեկ օրը», 1956-ին «Մաթյուրեն» թատրոնումՙ «Օրիորդ Ֆանին»: Վերջինս նա թատերախաղի է վերածել հայազգի թատերագիր Գաբրիել Արուի (Արուտչյան) համագործակցությամբ: Այս ստեղծագործության հերոսները միայն կանայք են: Առանձին գրքերով լույս են տեսել Ժորժետ Պոլի «Ձյուներ», «Ալիս», «Շիկահեր գայթակղուհին», «Բանկո Սինթիա», «Բալետ ստվերի համար», «Շվեդիայի տիկինը», «Կինը ստվերում», «Հրաշքների բեռնակրուհին», «Կեսգիշերային ժամադրություն», «Քեզ տվեցի իմ կյանքը» վեպերն ու վիպակները: Ի դեպ, «Ձյուներ» վեպը (1949) 1988-ին որպես թերթոն թարգմանաբար հրատարակվել է Ստամբուլի «Նոր Մարմարա» օրաթերթում, սակայն հեղինակի հայկական ծագումն անհայտ է եղել թերթին: Ժորժետ Պոլ-Եկատերինա Աղաջանյան-Վեբերը մահացել է 1990-ին:

Ի դեպ, Երեւանի Գրականության եւ արվեստի թանգարանում պահվում են Կատյա Աղաջանյանի մի քանի ռուսերեն նամակներըՙ ուղղված վերոհիշյալ Աննա Բուդաղյանին: Դրանցից մեկում նա խնդրել է միջնորդելՙ իր մի ծանոթի սցենարը հասցնելու հոլիվուդյան հռչակավոր բեմադրիչ Ռուբեն Մամուլյանին, որին Բուդաղյանն անձամբ ճանաչել է: Այդ ծանոթը լրագրող եւ գրող Պիեռ-Ժիլ Վեբերն էր (1896-1968), որը շուտով դառնալու էր Կատյա Աղաջանյանի ամուսինը: Վերջինս հրեա էր, թատերագիր Պիեռ Վեբերի թոռը, գրող-լրագրող Տրիստան Բեռնարի եղբոր թոռը, բեմադրիչ-բեմագրող Սերժ Վեբերի ու կինոբեմադրիչ Ռայմոն Բեռնարի զարմիկը: Պիեռ-Ժիլ Վեբերի ամենահայտնի ստեղծագործությունը «Ֆանֆան Վարդակակաչը» արկածային վեպն էր, որ հայտնի է համանուն կինոնկարի էկրանացմամբՙ Ժերարի Ֆիլիպի գլխավոր դերակատարմամբ...

Ամենաողբերգական փոքրամասնությունների զավակը

Ահա այսպիսի գրողների գերդաստանում է ծնվել բազմաթիվ կինոկատակերգությունների սցենարի եւ բեմադրության հեղինակ, թատերագիր, 1980-ականների ֆրանսիական կինոյի ամենաժողովրդական բեմադրիչներից Ֆրանսիս Վեբերը (ծն.1937): Վերջինս իրեն բնորոշել է որպես «նյարդային տիպի» եւ ասել, որ հումորի իր զգացումով պարտական է կես հրեա հորը եւ հայուհի մորը, «աշխարհի ամենաողբերգական փոքրամասնություններին»: «Ես մելամաղձոտ եմ գուցե այն պատճառով, որ մայրս հայ է... Երկու ցեղասպանություն եւ երկու Արցունքի պատ չեն կարող չազդել քո կյանքի վրա: Բեռը, որով աշխարհ ես գալիս, քեզ հետ մնում է մինչեւ գերեզման: Եթե տխրելու հակված էություն ունես, դրախտ ընկնելիս էլ կթախծես: Հայ-հրեական արյունն առանձնակի դրոշմ է թողնում իմ ֆիլմերի վրա, դրանցում էրոտիկ տեսարաններ երբեք չեն լինում, ես միշտ շփոթվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ սեքսով զբաղվում: Իսկ ընդհանրապես ես նախընտրում եմ ցույց տալ փոքր մարդու հաղթանակը»...

Ֆրանսիսը ծնվել է Նեյի սյուր Սենում, նրան մեծացրել է ռուսախոս հայ տատիկը («ես կիսով չափ սլավոնական հոգի ունեմ»), որը դստեր հետ թոռանը կերակրել է բորշչով եւ կարկանդակներով: Գրող ծնողները ցանկացել են, որ որդին զբաղվի ինչ-որ «լուրջ» աշխատանքով, սակայն Ֆրանսիսը դեռեւս աշակերտության տարիներին դասամիջոցներին մշտապես ծածուկ գրել է: Երբ 29 տարեկանում նա վերջապես համարձակվել է ծնողներին ցույց տալ իր մի գործըՙ «Առեւանգում» պիեսը, հայրը հեգնել է, որ նա պետք է մարդկանց իր պիեսի հետ մեկտեղ դրամական չեկ ուղարկի, որպեսզի իր գրածը կարդան: Սակայն թատերախաղը մի քանի ամիս անց հաջողությամբ բեմադրվել էՙ սկիզբ դնելով Ֆրանսիս Վեբերի կարիերային...

Նրա թատերախաղերի եւ պատմվածքների հիման վրա են ստեղծվել ֆրանսիական կինոյի մի շարք հայտնի կատակերգություններՙ Պիեռ Մոնդիի «Ինձ անվանեք Մաթիլդ», Ժորժ Լոթների «Կար, ապրում էր մի ոստիկան» եւ «Ճամպրուկը», Իվ Ռոբերի «Սեւ կոշիկով բարձրահասակ շիկահերը» եւ «Բարձրահասակ շիկահերի վերադարձը» , Էդուար Մոլինարոյի «Հոգեհանը», «Վարդագույն հեռախոսը», «Փետրավոր թռչուններ» եւ «Կիրակնօրյա սիրահարները», Ֆիլիպ դը Բրոկայի «Հրաշալին», որոնցում նկարահանվել են ֆրանսիացի հայտնի դերասաններ Ժաք Բրելը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Պիեռ Ռիշարը, Միշել Կոնստանտինը, Միրեյ Դարկը, Ժաքլին Բիսեթը...

1976-ին Վեբերն իր սցենարով նկարահանել է իր առաջին ֆիլմըՙ «Խաղալիքը», որը նրան միջազգային ճանաչման է արժանացրել: Դրան հետեւել են «Այծը», «Ընկերները», «Երեք փախստական», «Յագուարը», «Ճաշի խաղը», «Որմնախորշը», «Ձայնդ կտրի՛ր» եւ այլ ֆիլմեր: Հոլիվուդում Ֆրանսիս Վեբերի ստեղծագործությունների հիման վրա են ստեղծվել նաեւ Բիլի Ուայլդերի «Բուդի Բուդի», Ջեյմս Բարոուզի «Գործընկերներ», Ալեքսանդր Արկադիի «Կողոպուտ», Սթիվ Մայների «Իմ հայրը հերոս է», Մայք Նիքոլսի «Թռչնի վանդակը» (այս ֆիլմի համար Վեբերը եղել է «Օսքարի» թեկնածու) եւ այլ ժապավեններ: «Ես նախընտրում եմ մարդկանց ծիծաղեցնել, քան «լուրջ» հարցեր ունենալ, որոնց առջեւ նրանք գտնվում են: Ես վստահ եմ, որ կարող եմ ավելի շատ մարդկանց վրա ազդեցություն ունենալ ծիծաղով, քան բարոյախոսությամբ»,- հավատացած է բեմադրիչը:

Ավելացնենք նաեւ, որ Վեբերի «Կոնտրակտ-գործարք» պիեսը ժամանակին ներկայացվել է նաեւ Հայկական հեռուստատեսությամբ (ռեժիսորՙ Էդուարդ Բադալյան):

Հայոց գահի ժառանգորդուհի՞ն

Գրական «գեները» շարունակվել են Ֆրանսիս Վեբերի որդուՙ սցենարիստ, բեմադրիչ, դերասան Ժան Վեբերի մեջ, որը, ի շարս այլ գործերի, կինոսցենարի է վերածել հոր զարմուհուՙ Սոֆի Օդուենի վեպերից մեկը: Սոֆի Օդուեն-Մամիկոնյանը (ծն. 1961) ժամանակակից ֆրանսիական մանկապատանեկան գրականության սիրված դեմքերից է, որն իրեն հռչակել է Հայաստանի թագավորական գահի ժառանգորդՙ պաշտոնապես կրելով «նորին արքայական մեծություն Հայաստանի արքայադուստր» տիտղոսը...

Ծնվել է Սեն-Ժան-դը-Լյուզումՙ ֆրանսիական Բասկերի երկրում, որի հեքիաթներն ու ավանդությունները մեծապես խթանել են նրա երեւակայությունը: Դրա արդյունքն են եղել Թարա Դունքանի մասին գրքերը, որ դեռեւս 26 տարեկանում սկսել է գրել բարձրագույն դիվանագիտական կրթություն ստացած Սոֆին, սկզբում միայն իր դուստրերիՙ Դիանի եւ Մարինի համար: Այն համարվում է աշխարհահռչակ «Հարի Փոթերի» ֆրանսիական տարբերակը, չնայած որ ֆենթեզի ժանրի այս ստեղծագործությունը Սոֆի Օդուենը սկսել է գրել «Հարի Փոթերից» տաս տարի առաջՙ 1987 թվականին: Նրա հերոսուհի Թարան (իսկական անունըՙ Թարաթիլանհնեմ Թալ Բարմի Աբ Սանտա Աբ Մարու Թալ Դունքան) խենթ վիշապի կողմից գենետիկորեն փոխակերպված շիկահեր եւ կապուտաչյա մի աղջիկ է, ըմբոստ եւ աներեւակայելի ուժի տեր, որի կյանքն անցնում է անհավանական արկածների մեջ... Գիրքը երկար ժամանակ չեն ցանկացել հրատարակել, քանի որ այն մանկապատանեկան գրականության համար չափազանց ծավալուն էր: Իրավիճակը փոխվել է «Հարի Փոթերի» տպագրությունից հետո, եւ ազգային արժանապատվության նախանձախնդիր ֆրանսիացիները 2003-ին լույս են ընծայել Թարա Դունքանի մասին առաջին գիրքը: Շարքի տասներեք գրքերից ենՙ «Թարա Դունքանը եւ կախարդները», «Թարա Դունքանը եւ արգելված գիրքը», «Թարա Դունքանը եւ անիծված սաղավարտը», «Թարա Դունքանը եւ ուրացող վիշապը», «Թարա Դունքանը եւ արգելված աշխարհամասը», «Թարա Դունքանը մագիստրոսի ծուղակում» եւ այլն, որոնցից մի քանիսը վերածվել են անիմացիոն հեռուստաշարքի: Բացի այս շարքից Սոֆին գրել է «Ինդիանա Թելեր» վիպաշարը, «Հրեշտակների հոգու գույնը» երկհատորյակը եւ «Գեր մարդու պարը» վեպը:

Ֆրանսիական բարձրագույն պարգեւներից մեկիՙ «Պատվո լեգեոնի» շքանշանակիր եւ Ֆրանսիայի գրական բարձրագույն մրցանակներից մեկի դափնեկիր Սոֆի Օդուեն-Մամիկոնյանը բնակվում է Փարիզում, աշխատակցում է «Մանուկների առողջություն» հիմնադրամին եւ ղեկավարում է իր հիմնած «Արքայադուստր Սոֆի Օդուեն-Մամիկոնյանի Հայաստանի հիմնադրամը»...

Նկար 1. Ֆրանսիս Վեբեր

Նկար 2. Սոֆի Օդուեն-Մամիկոնյան

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-07-2019

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ