RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-07-2019



ԹՈՒՄԱՆՅԱՆ-150

Տեղադրվել է` 2019-07-04 21:34:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 882, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԱՔՈՆ, ՍԱՐՈՆ ԵՎ ԼՈՌՈՒ ՁՈՐԸ...

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուսի առաջատար աշխատող

Հունիսի 27-ին եւ 30-ին Ազգային օպերայի եւ բալետի բեմում «Բարեկամություն» պարի պետական անսամբլը ներկայացրեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ներկայացումը: Ցուցադրվեցին «Լոռեցի Սաքո» եւ «Մարո» բալետները:

Թումանյանի պոեմներում մեծ տեղ գրավող գյուղի բնակիչների մեջ տարածված չար ոգիների, ահ առաջացնող գիշերային «հարսանեկան արարողությունների», «կեղծ հարսերի» գոյության հանդեպ մեծ հավատը, իրական կյանքի եւ կախարդական աշխարհի սերտ միահյուսումը բազմիցս գրավել են բալետմայստերների ուշադրությունը եւ առիթ են տվել դրանց ուրույն մեկնաբանությանը պարային լեզվով:

Պետք է նշել, որ թվարկած տեսիլքները Թումանյանի բուռն ստեղծագործական երեւակայության արդյունքը չեն: Արդեն XIX դարի կեսերից եւ, նամանավանդ դարավերջին եւ XX դարի սկզբին ազգագրագետների ուշադրությունը սեւեռվել էր հայ ժողովրդական թե՛ նիստուկացի եւ թե՛ ծիսական արարողությունների, հավատալիքների եւ այլ մանրամասների վրա: Դրանց հետազոտությունները տպագրվում էին 1898-ից լույս տեսնող «Ազգագրական հանդէսում»: Այստեղ մանրամասնորեն նկարագրված են Հայաստանի տարբեր շրջանների ռամկական կյանքի, նրանց հավատալիքների, նախապաշարումների, առասպելական եւ հեքիաթային չար ոգիների ընկալումները:

Անշուշտ, Թումանյանը մանուկ հասակից նույնպես քաջ ծանոթ էր դրանց, եւ նրա երկերում իր պոետիկ մարմնավորումը գտավ ռամկական կյանքի այդ անբաժան մասը:

Այժմ անցնենք ներկայացված բալետների հակիրճ վերլուծությանը:

* «Լոռեցի Սաքո» : 1966 թ. Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բեմում ներկայացվեց Գրիգոր Հախինյանի մեկ գործողությամբ բալետների եռյակըՙ «Ախթամար», «Ուռենի» («Ասում են ուռին» Անուշի երգի համանուն պոեմից առնված դրվագ, որպես լիբրետոյի հիմք), «Լոռեցի Սաքոն»:

Բեմադրությունն իրականացրել էր ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյանը : Դրանք «խորեոդրամաներ էին», որոնք առանձնանում էին Ղարիբյան բալետմայստերին հատուկ առանձնակի գեղեցիկ կոմպոզիցիոն դարձվածքներով, դասական բալետի եւ ժողովրդաբեմական պարի իր ուրույն նկարագրով, մանավանդ կանացի ձեռքերի շարժումների լայնաշունչ «կանտիլենայով»:

Անցավ 30 տարի, եւ 1996 թ. Նորայր Մեհրաբյանը անդրադարձավ Հախինյանի «Լոռեցի Սաքո» երաժշտական պարտիտուրին, եւ կերտեց դրա իր մեկնաբանությունըՙ իրեն հատուկ ոճով, չափակշռույթի եւ երաժշտական ելեւէջների նուրբ զգացողությամբ, ինքնատիպ, քաջ ծանոթ պարային շարժումների անսովոր մեկնաբանությամբ, երաժշտական ձեւի եւ ոճի խորը ընկալումով, դրվագների վառ համադրումներով եւ, միաժամանակ, պարային դրամատուրգիայի միջոցներով Թումանյանի երկի բովանդակության հետեւողական մատուցումովՙ արտահայտելով Սաքոյի տատի պատմած հեքիաթներիՙ վախ առաջացնող ու հետզհետե «իրական» մարմնավորում ստացող իրադրություններն ու կերպարները: Սաքոյի ընկերները ներկայանում են որպես իսկական ուրախ պատանիներ եւ հանկարծ վերածվում են չար, երկերեսանի ոգիների, աղջիկ-փոխակերպուկների, կեղծ եւ ահ առաջացնող հարսանեկան շքերթի, վհուկի նման գեղեցկուհի հարսնացուի... Թվարկած կերպարների խմբերը հետզհետե բոլորվելովՙ ստեղծում են այն միստիկ մթնոլորտը, որը հետզհետե ներքաշում է ոչ միայն բալետի հերոսին, այլեւ ներթափանցում է դահլիճ եւ հանդիսատեսին ներգրավում ահի եւ սարսափների աշխարհ: Որքան վառ է մեր մեջ նախնիներից եկող ենթագիտակցական եւ նույնիսկ անգիտակցական ահը չար ոգիների եւ երեւույթների առջեւ: «Սարսափի» եւ «միստիկ» ժանրերին պատկանող շատ ֆիլմեր ենք տեսել, բայց առաջին հերթին թե՛ Թումանյանի, եւ թե՛ Նորայր Մեհրաբյանիՙ տեսանելի դարձրած մեր ազգային «սարսափները» եւ «միստիկան», անշուշտ, շատ ավելի տպավորիչ են, քանի որ հարազատ են:

Առանձնակի նշենք կատարողներին: Առաջին հերթինՙ Սաքոյի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Շվեդիայի արքայական թատրոնի առաջատար պարող Արսեն Մեհրաբյանին : Առաջին անգամ նա այդ դերը կատարեց 2016 թ.: Հենց այդ ժամանակ հերոսի դերը հարստացվեց դասական եւ մոդեռն պարի տարրերով: Արսեն Մեհրաբյանն առանձնացավ ոչ միայն որպես պարող, այլեւՙ փայլուն դերասան, ցույց տալով հերոսի ապրումների բազում գունեղ ելեւէջները ու նրա մի փոքր վախի վերածումը այն հոգեվիճակի, որը գալիս է Թումանյանի պոեմիցՙ «Բռնեցե՜ք, փախա՛վ Սաքոն խելագար»...

«Լոռեցի Սաքո» ներկայացման դերակատարներից նշենք Տատի գրոտեսկային, սուր եւ կտրուկ շարժումներով վախ ներշնչող Մարիամ Խաչատրյանին , Սպենդիարյանի թատրոնից հրավիրված մենապարուհի Տաթեւիկ Բալշիկյանին , որը կերտեց մե՛րթ քնքուշ, մե՛րթ կրքոտ «հարսի» դերը, եւ Սատանայի տպավորիչ դերակատար Արտյոմ Ղուկասյանին :

Երկու բալետների միջեւ չկար ընդմիջում: Դրա փոխարեն ցուցադրվեցին ետնանկարներՙ Լոռու պատկերները, Թումանյանին պատկերող փաստագրական-խաղարկային կինոկադրերը, նրա տուն-թանգարանը: Այդ ցուցադրման տեսողական շարքն ուղեկցվում էր Թումանյանի քառյակների եւ մի շարք երկերից առնված դրվագների արտասանությամբ:

* «Մարո» : «Մարո» բալետը ցուցադրվեց առաջին անգամ: Ճիշտն ասածՙ չգիտեմ, արդյո՞ք հաճախ է պատահում, որ որեւէ երկի բեմականացումը նայելիս ցանկություն առաջանա կրկին այն կարդալ: Խոստովանեմ, որ ես, իմանալով նախապես, որ պետք է գրախոսական գրեմ, չկարդացի: Իսկ Թումանյանի այդ պոեմին նորից ուշադրությամբ անդրադառնալու ցանկությունն ինձ մոտ առաջացավ դրա բեմադրականացման առանձնահատկությունների հետեւանքով:

«Մարոն» մտնում էր մեր դպրոցական ծրագրի մեջ, այն էլՙ ցածր դասարանում: Հիշում եմ, որ մեզ այդ երկը մատուցում էին որպես նախահեղափոխական ժամանակաշրջանի երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի օրինակ: Ինչպե՞ս: Փոքր աղջկան ամուսնացրին, եւ դա դարձավ նրա վաղաժամ մահվան պատճառը:

Իսկ հետագայում, վերոհիշյալ «Ազգագրական հանդէսը» կարդալիս, ինչպես նաեւ իմ մեծահասակ մերձավորներից, ես իմացա, որ մանուկ հասակում ամուսնացնելը շատ սովորական երեւույթ էր: Պարզապես փոքր աղջկան տանում էին ամուսնու տունը եւ մինչ որոշակի տարիքի հասնելը պահում էին որպես իրենց երեխա: Շատերը նույնիսկ մոռանում էին ծնողներին, եւ սկեսուրին համարում էին իրական մայրիկ: Ուրեմն «Մարոն» նախահեղափոխական շրջանի երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին չէ: Պոեմի հետ «նոր ծանոթացումը» ինձ համար գրեթե բացահայտում դարձավ: Դա «Անուշ» պոեմին գենետիկորեն նախորդող երկ է: Դատեք ինքներդ: Մարոյի կերպարն անմիջականորեն կապված է ուռենու հետՙ ինչպես Անուշինը: Մարոյին ամուսնացնում են չոբան Կարոյի (հետագայումՙ Սարո դարձած) հետ: Մարոյի ճակատագիրը Ջադուի չար կախարդանքի հետեւանք է: Անիծված էր նաեւ Անուշը: Մարոն խախտված հոգեկան վիճակում մեն-մենակ թափառում է սար ու ձորովՙ ինչպես Անուշը: Եվ, վերջապես, Մարոն ինքնասպան է լինումՙ իրեն նետելով Լոռու ձորը: Անուշի մահվան պարագաներն այդքան էլ ակնհայտ չեն, սակայն պարունակում են նման արարքի ակնարկներ: Ահա՛ Մարոյի եւ Անուշի զուգահեռները: Կարդացե՛ք եւ համոզվե՛ք: Կամ էլ դիտե՛ք Նորայր Մեհրաբյանի «Մարո» բալետը, եւ ակնհայտորեն կբացահայտեք Մարոյի կերպարիՙ վերը նշված առանձնահատկությունները: Բեմի մեջտեղում կանգնած, գլուխը կախ, հերարձակ եւ դեմքը ծածկածՙ դա Մարոյի հիմնական դիրքն է: Նա անիծված աղջիկ-ուռենի է: Իհարկե, Մարոն ներկայացված է նաեւ այլ իրավիճակներում: Աշխույժ, իր հասակակիցների հետ թռվռացող աղջնակ, ծնողներին սիրող դուստր, հնազանդ նրանց պսակելու որոշմանը: Եվ միայն երեւակայական, բայց այնքան իրական թվացող չար Ջադուի կախարդանքը կանխորոշում է նրա ողբերգական ճակատագիրը: Այնուհետեւ տեսնում ենք Մարոյի վերադարձը հայրական տուն եւ նրա վտարումն այնտեղից, բեմի անկյունում կծկված աղջկան եւ վերջապես, նրա այլաբանական ինքնասպանությունըՙ վերափոխումը խաչված աղջիկ-ուռենու:

Բեմադրության մեջ հերթականորեն, ըստ Թումանյանի, հետեւում են պոեմի դրվագները, եւ միաժամանակ այն առանձնանում է իր այլաբանությամբ, խորհրդանիշներով: Սա նոր երանգ է Մեհրաբյանի բազմամյա ստեղծագործական ձեռագրում:

Անժելիկա Դավթյանը խորը եւ բազմակողմանի կերտեց Մարոյի մոր քնքուշ, նրա համար տառապող, իսկ վերջին մենախոսության մեջՙ աղջկան կորցրած, ամենացավալի վշտով տառապող կնոջ կերպարը: Նահապետականության տիպիկ ներկայացուցիչ է Մարոյի հայրը ( Արսեն Աբգարյան ), որը վերջում նույնպես «կոտրվում» է: Մյուս կերպարներն էին քնքուշ, Մարոյին մեծ եղբոր պես սիրող, իսկ վերջում նրան որպես կուռք ընկալող Կարոն ( Արամ Զախարյան ), Թումանյանի կերպարն ընդունած վարժապետը ( Զոհրապ Բակալյան ), իր պարտավորություններն անխափան կատարող Տեր հայրը ( Աշիկ Հովսեփյան ), Կարոյի ուրախ ընկերները ( Գոռ Նիկոլյան եւ Սերգեյ Ավետիսյան ) եւ Լոռեցի Սաքոյի յուրատիպ տատի հետ զուգահեռներ ունեցող Ջադուն ( Աննա Սարգսյան )...

Անպայման պետք է նշել, որ «Մարո» ներկայացման մեջ հանդես եկան «Բարեկամություն» պետական անսամբլի ստուդիայի շնորհալի սաները, որոնք նախապատրաստվել էին Լարիսա Մեհրաբյանի ղեկավարությամբ: Նրանցից պետք է հատուկ առանձնացնել Մարոյի դերակատար Արինա Մանուկյանին , որն, անշուշտ, օժտված է դերասանական եւ պարային լավ ունակություններով:

Բեմադրությունն իրականացվել է ռեժիսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանի մասնակցությամբ:

«Մարո» ներկայացումը բեմադրված է մեր ականավոր կոմպոզիտորներ Ռ. Դավթյանի, Գ. Եղիազարյանի եւ Է. Բաղդասարյանի երկերից առնված առանձին դրվագների երաժշտական պարտիտուրի հիմքով: Ի դեպ, պետք է նշել, որ ընտրված դրվագները մեծամասնությամբ դրամատիկ, եթե չասենք ողբերգական երանգ են հաղորդում ներկայացմանը եւ դրանով իսկ նպաստում բովանդակության ավելի հուզական ընկալմանը:

Ինչպես միշտ, երկու բալետների զգեստների ձեւավորումը մեծ ճաշակով եւ վարպետությամբ իրականացրել է Ռուբինե Հավհաննիսյանը : Ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանի (Թաթոս) ետնանկարներն օրգանապես միաձուլվում էին ողջ ներկայացմանը: Մեծ է համույթի գլխավոր փորձավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ղազարյանի ներդրումը:

Այսպես նշեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը «Բարեկամություն» համույթը եւ նրա ականավոր ղեկավար ու գլխավոր բալետմայստեր Նորայր Մեհրաբյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 05-07-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ