RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-07-2019



ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-07-11 20:58:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 642, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՇՈՒՆՉԸՙ ՏՈԿԻՈՅՈՒՄ

Աննա ԱԴԱՄՅԱՆ, Երաժշտագետ

Հունիսի 26-ին Տոկիոյում կրկին թեւածում էին կոմիտասյան հնչյունները: Ճապոնիայի «Կոմիտաս» երաժշտության միության նախագահ, դաշնակահար Տակահիրո Ակիբայի եւ Ճապոնիայում ՀՀ դեսպանության ջանքերով «Իչիգայա» լյութերական կենտրոնի համերգասրահում կայացավ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգըՙ հայ եւ ճապոնացի երաժիշտների մասնակցությամբ:

Հայաստանից հրավիրված էր բազմաթիվ երաժշտական մրցույթների դափնեկիր, երիտասարդ սոպրանո Տաթեւիկ Մովսեսյանը , իսկ համերգին իրենց մասնակցությունը բերեցին ճապոնացի երիտասարդ երգիչ Տոշիկի Օնոն (տենոր) եւ երգչուհի Էմի Մացուբարան (սոպրանո): Երկուսն էլ Տոկիոյի արվեստների համալսարանի շրջանավարտներ եւ դաշնակահար Տակահիրո Ակիբայի սաները: Առնչվելով հայ դասական երաժշտությանըՙ ճապոնացի երգիչները նաեւ վարպետության դասեր էին առել հայ մեծահամբավ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանից, որն, անկասկած, մեծագույն վարպետությամբ նրանց է փոխանցել հայ երգի կատարողական, նաեւ լեզվական հնչողության գաղտնիքները: Երեւի թե այս է պատճառը, որ ճապոնացի երգիչների կատարումներն արագորեն տարածվեցին համացանցում եւ հիացմունքի առարկա դարձան հայ հասարակության շրջանում:

Համերգը բաղկացած էր երկու մասից. առաջին բաժնում Տակահիրո Ակիբայի կատարմամբ հնչեցին Նիկողայոս Տիգրանյանի «Ռանգին»ՙ «Հինգ հայկական պարերից», հատվածներ Կոմիտասի «Յոթ պարերից» եւ Պատարագից (դաշնամուրի համար մշակումըՙ Մ. Գամբարյանի), Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պարը», Գեորգի Սարաջյանի «Պարաֆրազը Շերամի թեմայով», Աշոտ Զոհրաբյանի «Սոնատը դաշնամուրի համար», բաժինն ավարտվել է Տիգրան Մանսուրյանի «Երկիր Նաիրի» շարքի կատարմամբՙ սոպրանո Տաթեւիկ Մովսեսյանի մենակատարմամբ:

Տակահիրո Ակիբայի ասկետիկ, դեկլամացիոն եւ անպաճույճ կատարումները շատ համահունչ էին հատկապես կոմիտասյան պատարագի հնչողական առանձնահատկություններին, իսկ հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանումները ցուցադրում են նրա երաժշտամտածողության հասունությունն ու նվագացանկի լայն շրջանակը: Դե իսկ սոպրանո Տաթեւիկ Մովսեսյանի խորը, թավշյա ձայնը եւ քնարական, սրտաբուխ կատարումները ճապոնացի ունկնդրին տվեցին հայ դասական երաժշտական արվեստին առնչվելու յուրահատուկ հնարավորություն:

Երկրորդ բաժինը բաղկացած էր բացառապես Կոմիտասի ժողովրդական երգերի ընտրանիիցՙ մշակված ձայնի եւ դաշնամուրի համար:

Զարմանալի հուզմունքով եւ ստեղծագործության խորքային ապրմամբ էին հնչում Տոշիկի Օնոյի կատարմամբ Կոմիտասի վաղ շրջանի գերմանական երգերից մեկըՙ «Du fragst»-ը, «Լե, լե յամանը», «Հաբրբանը»ՙ զուգերգելով Տաթեւիկ Մովսեսյանի հետ: Իսկ երգչուհի Էմի Մացուբարայի քնարական-դրամատիկ ձայնի հնարավորություններն ավելի քան համահունչ էին հայ վոկալ երաժշտության գլուխգործոցներիՙ «Գարուն ա», «Հոյ, նազան», «Կանչե, կռունկ» ստեղծագործությունների մեկնաբանմանը: Տակահիրո Ակիբայի հստակ, անսամբլային փայլուն վարպետությամբ նվագակցությունը հաղորդում էր կատարումներին կուռ ամբողջականություն եւ ներդաշնակություն:

Երիտասարդ դաշնակահարը դեռեւս ուսումնառության տարիներին է բացահայտել հայկական դաշնամուրային երաժշտությունը, կատարել հայ մեծանուն կոմպոզիտորներիՙ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային ստեղծագործությունները: 2013 թվականին Ակիբան դարձել է Բեռլինում կայացած «Կոմիտաս» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակակիրը: 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում մենահամերգներով հանդես է եկել Մոսկվայում, Երեւանում, պարգեւատրվել ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրով: Նույն թվականին Տակահիրո Ակիբան Ճապոնիայում հիմնադրել է Կոմիտասի անվան երաժշտական ընկերությունը եւ այդ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Ընկերության պատվավոր անդամներն են Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադեւոսյանը, երգչուհի Արաքս Մանսուրյանը, դաշնակահարուհի Անահիտ Ներսեսյանը:

Ճապոնիայում «Կոմիտաս» երաժշտական միության գործունեությունը մշտապես աչքի է ընկնում հետաքրքրական նախաձեռնություններովՙ իր նպաստը բերելով հայ ժողովրդի երաժշտական մշակույթի տարածման եւ հանրահռչակման գործին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 12-07-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ