RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-07-2019



Տեղադրվել է` 2019-07-18 21:21:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1468, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՏԻԴԵՊՐԵՍԻՎ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

2019-ի փետրվարին գերմանական dtv հրատարակչությունը լույս է ընծայել Վիլյամ Սարոյանի «Papa you re crazy» «Հայրիկ, դու խենթ ես» ժողովածուի գերմաներեն թարգմանությունըՙ «Tja, Papa» վերնագրով (եթե թարգմանելու լինենք, ապա այսպեսՙ «Դե, հայրիկ» կամՙ «Բա, հայրիկ» կամՙ «Էհ, հայրիկ»): 192 էջանոց կոշտ կազմով հատորի գինը18 եվրո է: Հրատարակչությունն առաջարկում է նաեւ գրքի էլեկտրոնային տարբերակըՙ գինըՙ 15, 99 եվրո: Գրքի նկարազարդումները հեղինակել է Կատարինա Նետոլիցկին (Katharina Netolitzky): Թարգմանիչը տարբեր մրցանակների արժանացած Նիկոլաուս Շթինգլն է (Nikolaus Stingl), որն արդեն 2017-ին նույն հրատարակչության գրադարակը հարստացրել էր Սարոյանի «Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են» 201 էջանոց, 16 պատմվածք ընդգրկող ժողովածուն գերմանալեզու ընթերցողին ներկայացնելով: Կրկին կոշտ կազմով այս գիրքն արժե 20 եվրո, կա գրքի էլեկտրոնային տարբերակըՙ գինըՙ 9, 99 եվրո: Մյունխենյան հանրածանոթ dtv հրատարակչությունը Սարոյանի գրքերը լույս է ընծայել «Համաշխարհային գրականության նշանավոր ստեղծագործությունները վերստին բացահայտելով» խորագրի ներքո:

2017-ին գիրքը բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրությունն էր գրավել: «Զյուդդոյչե ցայթունգը» նոյեմբերի վերջին անդրադառնալով ամերիկյան գրականության հսկայիՙ Վիլյամ Սարոյանի պատմվածքների գերմաներեն վերահրատարակությանը, ընդգծել էրՙ լավատես լինելու նրա անսասան կամքը բարերարություն է: Ավստրիական «Դեր շտանդարտ» թերթում Ռոլանդ Փոհլն այսպես էր արտահայտվելՙ «իր հուզիչ-ծիծաղելի կարճ պատմվածքներում հեղինակը մարդկային արժանապատվության դրոշը բարձր է պահում»: RBB-ի ռադիոլրագրող Նադինե Քրոյցահլերը 2018-ին անդրադառնալով Սարոյանի գրքին, այսպիսի մեկնաբանություն էր արելՙ «Արժե բացահայտել Սարոյանին: Նա պատմելու նյութ է գտնում նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե պատմելու բան չկա»:

Գերմանացի գրաքննադատ 50-ամյա Ռիխարդ Քեմմերլինգսը (Richard KՊmmerlings) Սարոյանի արձակի գիտակ է, այդ են վկայում նրաՙ սարոյանական հերոսներին լավ ճանաչելու ու նրանց արժանիքները մանրակրկիտ ներկայացնելու կերպը, Սարոյանի լիցքավորման անսպառ աղբյուրըՙ ընտանեկանՙ ամերիկահայկական կենսատարածքը հիշատակելը, նրա լայն աշխարհայացքը ժամանակի մյուս մեծ գրողների պատկերացումներից առանձնացնելու համոզիչ փաստարկները:

«Հենց այսօր այս հեղինակի կարիքն ունենք», Սարոյանի 2017-ի հրատարակության առթիվ նկատել էր տվել Քեմմերլինգսըՙ «Անտիդեպրեսիվ», մեկ բառով այսպես դիպուկ բնութագրելով Սարոյանի աշխարհը, այդ աշխարհի աղը կազմող մարդկանց: Գրաքննադատի 11 էջանոց վերլուծությունը ներառված է «Որտեղ ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են» հատորի մեջ:

Երբ Սարոյանը 1935-ին գրական աշխարհ մուտք գործեց, նրա «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա» անդրանիկ ժողովածուն ժամանակի նյարդին դիպավ: Նա չխոսեց «կորած սերնդի», աշխարհի չորս կողմը ճամփորդող, զվարճացող, հոգեւորՙ ներքին դատարկության շուրջ պտտվող բոհեմական մարդկանց մասին: Նրա հերոսը դարձան պարզ, հասարակ մարդիկ, որ հուսահատ փորձ են անում ծանր ժամանակների բեռան տակ չկքել, հազիվ ոտնաման գտածՙ աշխատում են ոտքերի տակ պինդ հող ունենալ, գրում է Քեմմերլինգսը:

Սան Ֆրանցիսկոյի գինետներում կարելի է հանդիպել համաշխարհային տնտեսական ճգնաժամից տուժածներինՙ խաղամոլների, հարբեցողների, որ տակավին ունակ են փոքր երեւույթների մեջ գեղեցիկը հայտնագործել: Սարոյանի պատմությունները հեղինակին հասարակության լուսանցքում հայտնված, այսպես ասածՙ փոքր մարդկանց, չհարմարվողների սերնդի խոսափող են դարձնում, «Զյուդդոյչե ցայթունգում» գրում է Սոֆյա Գլազլը : Սարոյանիՙ 1934-ից 1950 թվականներին ստեղծած գրական դիմանկարները այդ ժամանակի գերին չեն, նրանցՙ այդ Վիլլիներին ու Ռամոններին այսօր էլ ճանապարհիդ վրա կարող ես հանդիպել: Հայ ներգաղթյալների ընտանիքում ծնված Սարոյանը այդ միջավայրում էլ հասակ էր առել: Պատմողի նրա «ես»- ը ինքնակենսագրության քրոնիկագիր հեղինակի եւ շարունակական գերներկա արվեստագետ անհատի միաձուլումն է, գրում է Քեմմերլինգսըՙ «Զյուդդոյչե ցայթունգի» 2017-ին լույս տեսած հոդվածում:

«Հակադեպրեսիվը»: Պուլիցերյան մրցանակից հրաժարված, Օսկար ստացած Սարոյանի մասին Ռիչարդ Քեմմերլինգսի վերնագրային այսպիսի բանաձեւումը պատահական չէ, քանի որ Սարոյանի գրքի վերջաբանում գրաքննադատը շեշտադրում է այն լույսն ու լավատեսությունը, որը խտացրել է Սարոյանի արձակը, եւ որը 21- րդ դարի ախտերից մեկըՙ դեպրեսիան կամ ընկճախտը հաղթահարելու բալասան է համարում: Ինչպե՞ս պատմել մի վայրի մասին, ուր որեւէ բան չի կատարվում, մարդկանց մասին, որոնց կյանքում առանձնահատուկ ոչ մի բան չի փոխվում, բացի նրանից, որ ինչ- որ ժամանակ մեռնելու են, ինչը սակայն առանձնահատուկ է միայն անհատական առումով, քանի որ բոլորս ենք մահկանացու: Վիճակագրական տեսանկյունից ամենօրյա բան է, բայց մի՞թե ամեն վիճակագրություն եզակի դեպքերի հանրագումար չէ: Եվ հենց այդ պատճառով էլ եզակի դեպքը գրականության ամենակարեւոր թեման չէ», գրում է Քեմմերլինգսը: 1981 թվականի մայիսի 18-ին իր մահվանից առաջ Սարոյանը լրագրողներին ասել էՙ «ամեն մարդ պիտի մեռնի, բայց ես հավատում էի, որ իմ պարագայում բացառություն էր արվելու»: Հիշատակելով Սարոյանի այս տողերը, հեղինակը նկատում էՙ մահախոսականն էլ գեղեցիկ հումորով համեմելը, ինքնահեգնանքը Սարոյանի բացառիկ գրող ու մարդ լինելն են բնութագրում: Բայց ավելին էլ կա. նախադասությունն ամփոփում է նաեւ Սարոյանի գրականության արծարծած գլխավոր թեմանՙ անհատի եւ ընդհանուրի միջեւ առկա լարումը:

«Սարոյանը գրել եւ հրատարակվել է 20- րդ դարի 30, 40- ական թվականներին, երբ ԱՄՆ-ում մեծ դեպրեսիայի (ընկճախտի) շրջան էր: Բայց ի հեճուկս դրա, արձակագրի պատմությունները դեպրեսիվ չեն, «Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ բարեկիրթ են» գրքի մասին իր տպավորություններն է փոխանցում Զաբինե Զյուրդերը ՙ ընթերցանության սիրահարներին համախմբող առցանց հարթակում: «Նրա պատմությունները անժամանցելի են ու արդիական: Դրանք ոչ միայն գրական, այլեւ հանրային իմաստով իսկական նվեր են այսօր, յուրաքանչյուրս պիտի կարդանք», գրում է Զյուրդերըՙ նկատել տալով, որ Սարոյանի արծարծած թեմաներըՙ միգրացիա, աղքատություն, գործազրկություն, դիսկրիմինացիա, ռասիզմՙ խիստ արդիական են, ինչպես նախկինում, այժմ էլ լուծում չգտած: Տարիների, հարյուրամյակների ընթացքում մարդկությունը որեւէ բան չի՞ սովորել»: «Հայրիկ, դու խենթ ես» ժողովածուն ինձ համար փոքր ու պայծառ գիրք է կյանքի մասին: Աշխարհին ու նրա բնակիչներին ուղղված Վիլյամ Սարոյանի լավատեսական, մարդասեր հայացքըՙ տագնապած, թվայնացված, գլոբալացված հոգուս համար ընթերցելիք բալասան է, գրում է Զաբինե Զյուրդերը: «Ստեղծվել է անժամանցելի մի գիրք, որ կյանքի ճշմարիտ արժեքները կենտրոնում է դնումՙ առանց կեղծ լուսազարդման ու պաճուճանքի», նույն գրքի մասին տեղական թերթերից մեկում 2019-ի մայիսին կարծիք է հայտնում Գյունտեր Քայլը :

Վիլյամ Սարոյանին գերմաներեն թարգմանել են երեք երկրներումՙ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում: Ըստ գերմանական ազգային գրադարանի կատալոգի, Սարոյանը գերմաներեն լույս է տեսել 87 անգամ: Բազմաթիվ են « Իմ անունն է Արամ », «Մարդկային կատակերգություն», «Թրեյսիի վագրը» գրքերի գերմաներեն հրատարակությունները:

Սարոյանի նոր լույս տեսած երկու գրքերի գերմաներեն հրատարակությունը, Ռիխարդ Քեմմերլինգսի խորագիտակ վերլուծությունն ավելի քան համոզում են, որ Սարոյանով Հայաստանն ու հայը ուրիշ արժեք են դառնում մեր երկրի տեղը դժվարությամբ գտնող գերմանալեզու ընթերցողների համար: Ինչպես Քեմմերլինգսն է նկատելՙ Սարոյանը նաեւ մի ողջ ժողովուրդ է. Կենդանության օրոք այդ երկրում տոնի էին վերածվում նրա այցելությունները, մահվանից հետոՙ աճյունի մի մասը պահ տրվեց հենց այդ երկրի հողին: Քեմմերլինգսը չի մոռանում հիշատակել նաեւ Սարոյանի կենսագրական հետաքրքրական դրվագներից մեկըՙ նրա տեքստով ու մորաքրոջ տղայիՙ Ռոզ Բաղդասարյանի ՙ հայկական ժողովրդական մեղեդու հենքի վրա 10 տարվա վաղեմությամբ ստեղծված «Եկ իմ տունը» (Come On-A My House) փոփ երգը 1951-ին հիթ է դարձելՙ Ռոզմարի Քլունիի կատարմամբ:

Ուրախալի է, որ Վիլյամ Սարոյանի արձակի երկրպագուներն այսօր Հայաստանում էլ անհրաժեշտ են համարում բնագրից հայերեն նոր թարգմանությունների ձեռնարկումը: Սարոյանի երեւանյան մատենաշարն համալրվել է արդեն «Հայրիկ, դու խենթ ես» ժողովածուով: Վարսավիրանոցների, դեղատների առատությամբ աչքի ընկնող Երեւանում գրախանութ փնտրեք, մարդի՛կ, Սարոյանի գրական ժառանգությունը, նրա կերտած հերոսների արժեքային համակարգը մեր դեղատոմսն էՙ վերընթերցենք ու պաշտպանվենք մտքի «գլամուրային», «էլիտար» սանրվածքից, շինծու, կեղծ հերոսների մտացածին պատմություններից: Հուսալքությունն ու վախը կվանենք մեզնից, երբ Սարոյան կարդանք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-07-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ