RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-07-2019



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2019-07-18 21:21:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 579, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸՙ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Ազգի» հուլիսի 5-ի եւ 12-ի համարներում սկսված Ավիկ Իսահակյանի հոդվածաշարը Հենրիկ Հովհաննիսյանի մասին հիշեցրեց, որ մեզանում իր արտակարգ սրամտությամբ եւ «Երեք գումարած երկու» կինոկատակերգությամբ հայտնի կինոբեմադրիչի դուստրը Հայաստանում մնում է անծանոթ: Մինչդեռ Գաննա (Գանա) Սլուցկին ՙ ծնյալ Գայանե Հովհաննիսյան , գնացել է հոր ճանապարհովՙ ռուսական կինոյում իր անունը թողնելով որպես վաթսունից ավելի ֆիլմերի սցենարիստ...

Ծնվել է 1949-ին, Մոսկվայում, հայրը երեւանցի էր, մայրըՙ Եկատերինա Օհանջանյանը, թիֆլիսեցի: Ծնողները հազվադեպ են եղել տանը, ուստիեւ Գայանեին դաստիարակել են Գոհար տատիկը եւ Արամ պապիկը: Վերջինս, ինչպես հիշել է թոռնուհին, բոլշեւիկյան հեղաշրջումից առաջ մի քանի գործարան է տնօրինել Թիֆլիսում եւ ողջ կյանքում պահպանել է «բուրժուական» կենցաղըՙ միշտ ճաշելով ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղանի շուրջը, որի վրա պետք է դրված լինեին բոլոր հնարավոր սպասքերը, քայլել է ոսկե գլխիկով ձեռնափայտով, որից վաղուց դուրս էին թափվել (կամ հանել էին) ադամանդները եւ դրանով ամառանոցային գյուղում քայլելիս ճարպկորեն «բռնել է» կովերի թողած «բլիթները»ՙ զվարճացնելով գյուղացի մանուկներին: Մինչդեռ Գոհար տատիկը կոտրվել էր հարուստ կյանքից հետո. ապրած լինելով հսկայական տանը, որտեղ նա չէր իմանում խոհանոց տանող աստիճանները, այժմ ստիպված էր ճաշ պատրաստել կերոգազի վրա, աշխատավարձից առաջ հարեւաններից պարտք վերցնել եւ խանութում կռիվներ անել հավ գնելու համար...

Գայանեն դեռեւս երեխա է եղել, երբ անբուժելի հիվանդությունից մահացել է 46-ամյա հայրը (որին, ի դեպ, արտաքնապես հիշեցնում է դուստրը): Աղջիկը վճռել է գնալ հոր հետքերով, 16 տարեկանում փորձել է ընդունվել ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի բաժին, սակայն նրան խորհուրդ են տվել դեռ կյանքը ճանաչել: Աղջիկը կյանքը ճանաչել է Գորկու անվան կինոստուդիայում, որտեղ նրան աշխատանքի են վերցրել որպես բեմադրիչի օգնականՙ հարգելով հոր հիշատակը: Այդ կինոստուդիայում աշխատելու տարիները հետագայում Գայանե Հովհաննիսյանը համարել է իր կյանքի ամենաերջանիկ եւ հագեցած ժամանակաշրջանը: Կինոարշավները, նկարահանման հրապարակում ձեւավորվող մարդկային հարաբերությունները, սիրահարությունները, հիասթափությունները ու «խուճապը սեփական ապաշնորհությունից» եւ համոզվածությունը սեփական բացառիկ օժտվածության մեջՙ կյանքի դասեր են եղել աղջկա համար: Այս եղանակով ճանաչելով կյանքըՙ երիտասարդ Գայանե-Գաննան եկել է այն եզրակացության, որ կինոբեմադրիչ դառնում են միայն «կատարյալ ապուշները, հարբեցողները, հիստերիկները, հետույքալեզները եւ ցածր կուլտուրա ունեցող դուրսպրծուկները»: Աղջիկը չի հիասթափվել միայն կինոսցենարիստներից, որոնք հազվադեպ էին երեւում նկարահանումների հրապարակներում, ուստիեւ որոշել է ընդունվել սցենարական բաժանմունք: Ընդունելության համար նա ներկայացրել է պատմվածք տատիկի ու պապիկի մասին, թե ինչպես են նրանք պատրաստվել փախչել հեղափոխականներից... Գաննային ընդունել են, սակայն հարցնելով, թե նա ապագայում նո՞ւյնպես գրելու է նման մանր, մասնավոր թեմաներով, որին ի պատասխան աղջիկը ստել էՙ ասելով, որ իբր պատրաստվելու է գրել խորհրդային քաղաքացու բարոյական կերպարի մասին...

Արդեն երկրորդ կուրսում Գաննայից գնել են երեք սցենար, իսկ ինստիտուտը նա ավարտել է երեք ավարտուն գեղարվեստական կինոնկարներովՙ «Հասուն որդին» (1979), «Իմ առաջին ընկերը» (1980) եւ «Քո եղբայր Վալենտինը» (1981): Ի դեպ, «Հասուն որդին» ֆիլմում նա կերտել է ղրիմեցի հայուհի Աշխեն մորաքրոջ կերպարը, որին մարմնավորել է ռուսական թատրոնի եւ կինոյի դերասանուհի Նինա Տեր-Օսիպյանը: Այս ընթացքում հասցրել է նաեւ ամուսնանալ եւ դառնալ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության առաջին անդամը, որն այդ միությունից դեկրետի թոշակ է ստացել...

Սակայն նրա հաջողությունը կարճ է տեւել, քանի որ Գաննայի սցենարով նկարահանվող մի շարժանկար փակվել էՙ պիտակավորվելով «հակախորհրդային»: Սցենարիստը մինչեւ հիմա չի հասկանում պատճառը. իր ասելով, նա երբեք էլ չի իմացել, թե պատուհանից անդին ինչ քաղաքական իրավիճակ է, քանի որ իր սցենարները հիմնականում սիրո եւ ոչ այնքան հաջողակ մարդկանց մասին են... Գաննա Հովհաննիսյանի առջեւ փակվել են կինոստուդիաների դռները: Չորս տարի շարունակ նա աշխատանք չի ունեցել, մինչդեռ ամուսնալուծված կնոջ ուսերին են եղել մանկահասակ դստեր, ծեր մոր եւ շատ ծեր տատիկի հոգսը: Ամսական 90 ռուբլով նա աշխատել է «Բաքու» կինոթատրոնում որպես... հավաքարարուհիՙ հետագայում հիշելով. «Երբեմն դույլն ու հատակմաքրիչը ձեռքիս ես մտնում էի դահլիճ, որտեղ ցուցադրում էին իմ սցենարով նկարահանված կինոնկար: Լավ է, որ ոչ ոք սցենարիստներին դեմքով չի ճանաչում...»:

Գաննան շարունակել է ընկերների համար կարդալ իր գրվածքները, երբ մի անգամ նրան լսել է խորհրդային կինոյի հայտնի սցենարիստներից մեկը եւ առաջարկել է նրան աշխատել իր համար որպես «գրական նեգր»: Գաննան անմիջապես ընդունել է նրա առաջարկը, քանի որ «ինձ համար գրելն ավելի սովորական բան էր, քան կինոդահլիճի վերջին շարքերից պահպանակներ հավաքելը: Երբեք եւ ոչ մեկի ես չեմ ասի այդՙ արդեն հանգուցյալ վարպետի անունը, բայց խոստովանեմ, որ նրա անունից գրել եմ մի քանի սցենար եւ մի թատերախաղ: Եվ վատ չեմ հիշում այդ բարի, պարզապես շատ ապաշնորհ մարդուն, որն օգնեց ինձ եւ ընտանիքիս չկորչել այդ ծանր տարիներին»:

Տարիներ անց Գաննա Հովհաննիսյանից նորից սկսել են սցենարներ գնել, նրա բեմագրով նկարահանվել են «Հաջողակ կինը» (1983), «Ամերիկյան քեռին» (1984), «Եվ կրկնվում է ամեն ինչ» (1984), «Ատում եմ քեզ» (1986), «Երբ լինեմ 54 տարեկան» (1987), «Քրեյզի» (1989) եւ «Արբատյան մոտիվ» (1990) ֆիլմերը: Նրա անունը գրվում էր Գանա Հովհաննիսյան (Օգաննիսյան), իսկ երբ երկրորդ անգամ ամուսնացել է Սլուցկի ազգանվամբ հրեայի հետՙ այդուհետ գրվել է Գաննա Սլուցկի...

Չնայած կարիերայի շարունակմանըՙ Խորհրդային Միության փլուզումից հետո Գաննա Սլուցին այլեւս չի ցանկացել ապրել դիմագիծն այնքան փոխած իր ծննդավայր Մոսկվայում: Եվ 1991 թվականին նա տեղափոխվել է Իսրայելՙ դստեր, ամուսնու եւ որդու ու Գոհար տատիկի հետ, որն արդեն մոտ հարյուր տարեկան էր... Նա շարունակել է համագործակցել ռուս եւ իսրայելցի ռուսախոս կինոբեմադրիչների հետ, եւ նրա սցենարով ստեղծվել են մեծ եւ փոքր էկրանի ֆիլմեր եւ հեռուստասերիալներՙ «Սպիտակ թագավոր, կարմիր թագուհի» (1992), «Ո՞վ է հայրը» (1995), «Արծաթե հովտաշուշան» (2000), «Ուրիշ տղամարդ, ուրիշ կին» (2001), «Մայրս հարսնացու է» (2002), «Կախարդուհին» (2002), «Թոշակային սիրավեպ» (2003), «Նեղ կամուրջ» (2004), «Ամուրիները» (2004), «Երեք կիսահավերժահարս» (2005), «Հավը թռիչքի ժամանակ» (2006), «Սիրուհին» (2006), «Սերը սուր դանակների վրա» (2007), «Աղջիկը» (2008), «Մեծ քաղաքի կրակները» (2009), «Նարնջի հյութ» (2010), «Հավատ, հույս, սեր» (2010), «Բացե՛ք, ես եմ» (2011), «Իմ փեսացուի հարսնացուն» (2012), «Հինգերորդ հարկՙ առանց վերելակ» (2013), «Հայացք հավերժությունից» (2014), «Ալյոշկայի սերը» (2015), «Ուրիշի երջանկությունը» (2016), «Նոր ամուսինը» (2017) եւ այլն, եւ այլն: Այս ֆիլմերի գեղարվեստական արժեքը, բնականաբար, հավասար չէ, սակայն Գաննայի սցենարներում մեծ մասամբ իշխում են բարությունը եւ կյանքի դրական ընկալումը:

Մոսկվայի եւ Պետերբուրգի թատրոններում բեմադրվել են Գաննա Սլուցկիի «Հարսնացու բանկիրի համար», «Աստծուց ոչ հեռու», «Ապակե փոշի», «Թղթե ամուսնություն», «Ծովահայաց տեսարանՙ պահարանից», «Վարդերն արգանակի մեջ» եւ այլ թատերախաղեր: Ի դեպ, Իսրայելում հաստատվելու առաջին տարիներին Գաննա Սլուցկին աշխատել է «Ռուսկի իզրայիլտյանին» («Ռուսական իսրայելացի») թերթում, որտեղ տարբեր ծածկանուններով հրատարակել է հոդվածներ, այդ թվումՙ խոհարարական բաղադրատոմսեր: Մի անգամ, չիմանալովՙ ինչ ճաշատեսակ ներկայացնել, նա Կիմ Պրոտասով ծածկանունով գրել է մի ընկերուհուց լսած սննդակարգի մասին, եւ այս Կիմ Պրոտասովը դարձել է հայտնի իսրայելցի դիետոլոգ, որի խորհուրդներով բազմաթիվ ընթերցողուհիներ կորցրել են ավելորդ քաշը եւ վերականգնել առողջությունը...

Այժմ Գաննա Սլուցկին բնակվում է Մոսկվայում, Թորոնթոյում եւ Թել-Ավիվում, շարունակում է գրել... Նրա սցենարով նկարահանված վերջին ֆիլմերն են` «Առջեւում օրն է», «Անցյալ ունեցող կինը», «Պարզապես սիրավեպ» (2018) եւ «Դու իմ անուշիկ» (2019)...

Վերջում ավելացնենք, որ Գաննա Սլուցկիի անունը որոշ չափով առնչվում է նաեւ «Հայֆիլմին»: Մի կողմ թողած այն փաստը, որ նա է Ռոդիոն Նահապետովի «Իմ մեծ հայկական հարսանիքը» բավական անհաջող հեռուստաֆիլմի (2005) սցենարիստը, հիշենք, որ դեռեւս 1986 թվականին նրա եւ Վալերի Զալատուխայի սցենարով է նկարահանվել հայկական սակավաթիվ մանկապատանեկան ֆիլմերից մեկըՙ Հակոբ Իսկուդարյանի եւ Մարտիրոս Փանոսյանի «Արձակուրդներ ծովափին» կինոնկարը: Պատանեկան տարիքում դիտելով այս ֆիլմըՙ բնավ չէինք հավանել, սակայն վերադիտելով եւ տարիների հեռավորությունից գնահատելով այնՙ տեսնում ենք, որ այն ժամանակաշրջանում կինոէկրանից թախիծով, անկեղծությամբ եւ հումորով արծարծվել են խորհրդային դեռահասների սեռազգսյնության եւ խանդի հետ կապված հարցեր, ինչը անսովոր էր հայ կինոյի համար... Ուշագրավ է, որ ռուսական ֆիլմերում Գաննա Հովհաննիսյան գրվող սցենարիստը հայկական ֆիլմում հանդես է եկել Գայանե Հովհաննիսյան անվամբ, իսկ գլխավոր հերոսներից մեկին կնքել է պապիկիՙ Արամի անվամբ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ