RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019



Տեղադրվել է` 2019-08-02 12:43:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 804, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԸՆԹԵՐՑՈՂԻՆ «ԱՐՏՈՆՅԱԼ» ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Կենցաղային դրվագ, որ նյութ գրելու առիթ է հուշում

Երեկ ատամնաբույժի մոտ 20 րոպե պիտի սպասեի: Տխուր չէիՙ «Ռայնիշե փոստի» թարմ համարն աչքիս առջեւ հետաքրքրական հոդվածների առկայությունն էր ընդգծում: Եթե այս օրաթերթի վերնագրերը չպարտադրեն հենց իրենց կարդալ, ընտրության այնքան մեծ հնարավորություն կա, որ ձանձրանալու առիթ հաստատ չի լինի: Սա այս բժշկի «խայծը» կամՙ ավելի չափազանցվածՙ «մեղքի թողությունը» չէ պացիենտներին սպասեցնելու դիմաց. սա Գերմանիայում չգրված օրենք է. ինչպես բոլորը գոնե մի գործիք փորձում են նվագել, մի սպորտաձեւով զբաղվել, այնպես էլՙ կարդալն առօրյայի գրեթե պարտադիր բաղադրիչ է: Սմարթՙ խելացի 21-րդ դարը գերմանացիների կյանքում շատ բան է փոխել, բայց հեռախոսը դեռ ամբողջովին չի խժռել բնության հետ կապըՙ ծառի հիշողությունն իր մեջ ամփոփող թուղթն ու դրա վրա տպագրված միտքը: Մինչ կարդում եմ, բուժարան է մտնում քառասունին մոտ մի կինՙ երկու երեխաների հետ:12 տարեկան կլինի որդին, դուստրը մի քիչ մեծ է: Երեքն էլ պայուսակից հանում են իրենց հետ բերած գրքերն ու կլանված սկսում կարդալ, մինչ հերթն իրենց կհասնի:

Հայաստանում չեմ նկատել որեւէ բուժհաստատությունՙ պետական կամ մասնավոր, որ սպասասրահում պարբերական հրատարակությունՙ թերթ ու ամսագիր, նաեւ գիրք առաջարկի: Մեկ-երկու վայրում հեռուստացույց եմ տեսել: Գերմանացին սպասելու իր վաակումն առանց ընթերցանության չի պատկերացնում: Եթե բժշկն ընդունում է նաեւ մանուկների ու պատանիների, ապա նրանց համար էլ գրքեր կամ ամսագրեր անպայման կգտնեք սպասասրահում: Որեւէ օրաթերթի հավաքածու անպատճառ կա սրճարաններում, գնացքի Ա կարգի վագոնում, օդանավում: Հանրային տրանսպորտում, կանգառներում գիրք ու թերթ ընթերցողների թիվը նվազել է, բայց դեռ չի վերացել: Արձակուրդի շրջան է, ի՞նչ կա մարդկանց ճամպրուկներում, շոգ է, չտանջվենք կռահել, բայց 10-ից 7-ի ճամպրուկի մեջ, կասկած չունենաք, գոնե մի գիրք կլինի:

Կրծող, գրքասեր, գրքամոլ, բիբլոման

Չգիտեմՙ հիմա տարածված է, թե՞ ոչ, բայց Հայաստանում մի ժամանակ, թեթեւ արհամարհական տոնայնությամբ, գիրք կրծող էին ասում նրանց, որ շատ էին կարդում: Գիրք կրծող կաղապարը գերմաներենում էլ կաՙ Leseratte, բառացիՙ ընթերցող առնետ կամՙ BՖcherwurm-գրքի որդ ձեւերով: Վերջինն իհարկե, գոյություն ունի, միջատաբաններն էլ կհաստատեն, իսկ գիրք ընթերցող առնետն արձանի տեսքով հայտնի է Ավստրիայում:

Երբ գրադարան հաճախող դստերս տարիներ առաջ խորհուրդ տվեցի վերցնել Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստոն» կամ «Երեք հրացանակիրները», գրադարանավարուհին առաջինն էր հարց կախելՙ գրքերը դո՞ւ, թե՞ մայրդ է ընտրել: Մի քանի էջ կարդաց, դժգոհեց, թե նկարագրությունները շատ երկար են ու հրաժարվեց շարունակել: Այն, որ Գերմանիայում նկատելի պահանջված են ժամանակակից հեղինակները, դպրոցի առաջին տարիներին էլ չնկատել հնարավոր չէ: Ավագ դպրոցում, նույնիսկ գիմնազիայում, գրականությունը որպես առանձին առարկա չեն անցնում: Բայց գերմաներեն լեզվի դասին քերականության ուսուցումը խորացնում են այս կամ այն հեղինակի որեւէ ստեղծագործություն ընթերցելով, մանրամասն վերլուծում, ավելի ստույգՙ հերձում են տեքստը, ուսումնասիրում գրողի ոճը, լեզուն, կարեւորում դրանց գործառույթներն ու ազդեցությունը: Եթե տվյալ հեղինակի որեւէ ստեղծագործություն բեմադրված է մոտակա քաղաքի թատրոններից մեկում, ուսուցչի ուղեկցությամբ անպայման հաճախում են: Լեզվի դասին նաեւ օրաթերթի կառուցվածքն են ուսումնասիրում, 1 ամիս շարունակ որեւէ օրաթերթ ամեն օր փոստով ստանում, կարդում, հոդվածներն են վերլուծում, լրագրության տարրական գիտելիքների տեսական մասին զուգահեռ նրանց հանձնարարվում է լուր կամ հոդված գրել: Հետո այցելում են խմբագրություն: Երկու երեխաներիս դասընկերներին հետեւելով, չեմ լսել, որ որեւէ մեկին կրծող ասեն, բայց նկատել եմ, թե գրքամոլ-գրքասերները նրանց մեջ բնավ փոքր թիվ չեն կազմում: Սա շատ բնական է, երբ հայտնաբերում ես, թե նրանց հայրն էլ, մայրն էլ բիբլոման են:

Ընթերցողի կարծիքը կարեւոր է

Տարիներ առաջ դստերս 25 հոգանոց դասարանից 5-ը կապվեցին Մյունխենի dtv հրատարկչությանը, դարձան այդ հաստատության թեսթ-ընթերցող: Գրքասերի համար սա ուրիշ բերկրանք էՙ նշանակում է տարվա մեջ 4 անգամ փոստատարը քեզ նվեր է բերելու, ամեն անգամ հրատարակչության առաջարկած 1-3 մանուսկրիպտ սպասում է քո դատին, գրախոսականին, որ հանձնելու հստակ ժամկետ ունի. Ժամանակին ուղարկեցիր գրախոսականները, նշանակում է հաջորդ անգամ մանուսկրիպտից զատ քո ընտրությամբ նվեր կստանաս այնքան գիրք, որքան գրածդ գրախոսականներն են: Գրքերն էժան չենՙ 10-20 եվրո, նշանակում էՙ աշխատանքի դիմաց նյութական վարձատրություն ես ստանում նաեւ: Հրատարակչությունն ամեն բան հաշվի է առելՙ դպրոցական աշնանային, Սուրբ Ծննդյան, Զատկական արձակուրդը երկշաբաթյա է, ամառայինըՙ 6 շաբաթ է տեւում, փոստը ստանում ես յուրաքանչյուր արձակուրդից մեկ շաբաթ առաջ: Եթե գրախոսելիք տեքստը մեծ ծավալ ունի, ժամկետ նշելիս հաշվի են առնում: Չմոռանանք նկարագրել, որ կապոցի մեջ, հատկապես կոշտ կազմ ունեցող գրքերի կողքին, ընդգծված տարբեր է պատանի ընթերցողի ձեռքում հայտնված մանուսկրիպտը, որ նրան օժտում է «արտոնյալ» լինելու զգացումով: Մինչ զանգվածային տպագրության ուղարկելը հրատարակչությունն այդ մանուսկրիպտըՙ գրքի առանց կազմի, միայն տիտղոսաթերթով նախաօրինակը տրամադրել է իրեն, ի՜նչ թանկ մտերմություն, գրքի հետ գրախանութում հանդիպած մարդը սրա արժեքը կհասկանա՞:

Թեստ-ընթերցողի համար գիրքը նյութեղենի եւ մտավորի համադրություն է:

Նյութեղենիՙ տառատեսակի, թղթի գույնի, ձեւավորման եւ այլնի, մտավորիՙ ստեղծագործության բովանդակության, կառուցվածքի, լեզվի եւ այլնի մասին կարծիք գրելն այնքան էլ դյուրին չի թվում, բայց երբ ընթերցում ես պատանիների գրախոսականները, նկատելի է դառնում, որ հաճախ եւ ուշադիր ընթերցանությունը բացում է քննադատի աչքը, միտքն ու լեզուն: Ձեռքն էլ հեշտ է գրում:

Հրատարակչությունները 5-16 տարեկան գերմանալեզու երեխաներին ու պատանիներին ընդգրկում են իրենց շրջանակ, «կապում» տպագիր աշխարհին տարբեր եղանակներով: Թեսթ-ընթերցողների հետ նպատակային լուրջ աշխատանք է տարվում: Հրատարակչության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներից մեկն անպայման «զբաղվում» է այս խմբի հետ, նամակներ ուղարկում նրանց, հոգ է տանում, որ առաքվող գրքերի կապոցը ժամանակին տեղ հասնի, գնահատում է գրախոսականները:

Պատանիների գրավոր կարծիքը ոչ միայն գրքի բովանդակության, այլ նաեւ նկարազարդման, շապիկի ձեւավորման, տառատեսակի վերաբերյալ շատ կարեւոր է: Այդ տարիքում ընթերցողն առավել անկեղծ է, իրական սպասելիք-ակնկալիքները համարձակ է ձեւակերպում, եւ հեղինակների համար նրանց տեսակետին ծանոթանալը խիստ անհրաժեշտ է: Եթե գիրքը ձանձրալի է, պարտադիր չէ մինչեւ վերջ կարդալը, կամՙ ինչպես մեր օրերում ավելի հաճախ է պատահում, գովաբանելը: Այդ դեպքում գրախոսականի մեջ անհրաժեշտ է փաստարկված նշել, թե հատկապես ինչն է ձանձրալի: Պատկերացնո՞ւմ եք այն պատանու հոգեվիճակը, երբ տեսնում է, որ իր կարծիքը հաշվի են առել եւ գրքի շապիկին ուրիշ նկար է հայտնվել, կամՙ վերնագիրն է փոխվել:

Մյունխենի cbj մանկապատանեկան հրատարակչությունը, որ գերմանացի եւ օտար հեղինակների ստեղծագործություններ է հրատարակում, տարիներ ի վեր ունի իր ընթերցողների ակումբը, որում ընդգրկված 9-17 տարեկանների մեջ երբեմն տղաներն ավելի մեծ թիվ են կազմում: Առցանց հրապարակում են ակումբի անդամ պատանի ընթերցողների կարծիքը, գրախոսականը, հետո էլեկտրոնային նամակների միջոցով քննարկում կամ դա անում են ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով:

dtv հրատարակչության թեսթ -ընթերցողները 8-17 տարեկաններ են, 12-16 տարիքային խմբում գերակշռում են աղջիկները: Երբ պատանի ընթերցողներին որեւէ գիրք ոգեւորում է, նրանք գրախոսականից զատ դրա մասին պատմում են, գնումՙ ընկերներին նվիրելու համար: Գոհ ընթերցողը նպաստում է վաճառքին, հրատարակչության եկամուտն աճ է գրանցում:

Վիճակագրություն

2018-ի հարցման տվյալների համաձայն, մոտ 11, 93 միլիոն մարդ Գերմանիայում շաբաթվա մեջ մի քանի անգամ գիրք է կարդում: 14 տարեկանից բարձր գերմանախոսների շրջանում անցկացված հարցման արդյունքը ներկայացնում է, թե 41, 37 միլիոնը շաբաթվա մեջ մի քանի օր թերթ է ընթերցում: Հարցմանը մասնակից 12-19 տարեկան 1200 հոգուՙ մոտ 39 տոկոսը խոստովանել է, թե օրական կամ շաբաթվա մեջ գիրք է կարդում: Այս ցուցանիշը 2017-ի հետ համեմատած 1 տոկոսով նվազել է: Բայց միեւնույն ժամանակ աճել է այն պատանիների թիվը, որ շաբաթական 1 անգամ կամ երկու շաբաթը մեկ տպագիր գիրք է կարդում, իսկ երկու տոկոսով էլ նվազել է այն պատանիների թիվը, որ չեն կարդում: Գերմանախոսների շրջանում (14 տարեկանից մեծ) 2019 թվականին կատարված մի հարցման տվյալներով, 27, 6 տոկոսն ընդգծել է, թե «հաճույքով թերթ ու ամսագիր է կարդում»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 02-08-2019

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ