RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019



ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-08-22 21:28:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 130, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ ՓԱՐԻԶԻՑ. ԿՌՈՒՆԿԻ ԹՌԻՉՔԸ

Աննա ԱԴԱՄՅԱՆ

Հայտնի է որ հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները վերաբերում են դեռեւս 6-7 դարերին: Ինչ վերաբերում է երաժշտական կապերին, ապա 19-րդ դարավերջին բազմաթիվ հայազգի երաժիշտներ, գրողներ եւ այլ մտավորականներ նախընտրում էին Փարիզըՙ որպես ուսումնառության, ստեղծագործական աշխատանքի եւ հայ երաժշտարվեստը աշխարհին ներկայացնելու նպատակներով:

Մինչ այսօր էլ Փարիզում գործունեություն են ծավալում հայազգի մտավորականներ եւ մշակույթի գործիչներ:

Վերջին տարում փարիզաբնակ երաժիշտներՙ ջութակահարուհի Շուշաննա Վարդանյանի եւ դաշնակահարուհի Սոնա Գրիգորյանի համագործակցությամբ ձեւավորվել է երաժշտական դուետ, որ հանդես է գալիս յուրօրինակ նախաձեռնություններով:

Շուշաննա Վարդանյանը սովորել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դրպոցում, այնուհետեւ 9 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել Ֆրանսիա: Որպես ջութակահար սովորել է Մարսելի կոնսերվատորիայումՙ հանրահռչակ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի ղեկավարությամբ եւ ավարտել կոնսերվատորիան ոսկե մեդալով:

Հայ հասարակությանը Շուշաննա Վարդանյան անունը ծանոթ է դեռ 80-ականների վերջից, երբ նա հրավիրվելով Հայաստանՙ որպես երգչուհի-ջութակահարուհի համագործակցում էր անվանի ջութակահար Կարո Հայրապետյանի հետ, նրա հետ միասին հանդես գալով նաեւ հեռուստատեսային հոլովակներում եւ իր էպատաժային կերպարով ու կատարումներով գերում էր ունկնդրին, սակայն նա այսօր էլ շարունակում է Փարիզում ի գործ դնել հայ արվեստի տարածմանն ուղղված իր ջանքերը:

Դաշնակահարուհի Սոնա Գրիգորյանըՙ ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որպես դաշնակահար, ընտանիքով հանդերձ Փարիզ է տեղափոխվել ամուսնուՙ Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցի բժիշկ, հայտնի սիրտ-անոթային վիրաբույժ Լեւոն Խաչատրյանի մասնագիտական գործունեության բերումով եւ շարունակել իր երաժշտական ու մանկավարծական գործունեությունը արվեստների քաղաքում:

Այսօր Սոնան աշխատում է Փարիզի հայկական կրթական համալիրում, որպես Սուրբ Մեսրոպ կրթարանի եւ Գեւորգ Արաբյանի անվան քոլեջի երաժշտության դասատու: Նպատակ ունի կազմել հայ երեխաներից բաղկացած երգչախումբ եւ բացառապես ուսուցանել եւ պրոպագանդել հայ երգն ու երաժշտությունը, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդպիսով սեր եւ հետաքրքրություն սերմանել դեպի հայ արվեստըՙ հայ երեխաների եւ պատանիների շրջանում:

2011-12 թվականներից պատահական ծանոթությունը սկիզբ դրեց նրանց ընկերությանն ու մասնագիտական համագործակցությանը: Անցնող տարիների ընթացքում դուետը մշտապես բարեգործական հիմունքներով համերգային ելույթներ է ունենում Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցին կից կաթոլիկ եկեղեցումՙ ընդգրկելով թե՛ հիվանդների, թե՛ բժիշկների եւ թե՛ ամենատարբեր երաժշտասերների լայն շրջանակ:

Եվրոպական երաժշտության բարձրաժեք նմուշների կողքին հայ երաժիշտները չեն մոռանում յուրաքանչյուր առիթի դեպքում հնչեցնել հայ երաժշտության, հատկապես Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի ստեղծագործություններըՙ հաճախ իմպրովիզացիոն ոճով:

Իսկ այս տարի, դուետի մասնակցությամբ հունիսի 22-24-ը փարիզաբնակ հայազգի ռեժիսոր եւ դերասան Սիմոն Աբգարյանի սցենարի հիման վրա (ում ընթերցողները կհիշեն Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարից Արշիլ Գորկու դերից եւ, իհարկե, մի շարք այլ ֆիլմերից), Փարիզի Շարանտոն արվարձանի թատրոնում կայացել է մի յուրօրինակ համերգ-ներկայացում, որը կրում էր «Կռունկի թռիչքը» անվանումը (hարկ է նշել, որ այժմ Շուշաննա Վարդանյանը ակտիվորեն կատարելագործվում է որպես դերասանուհիՙ սկսնակ դերասանների թատերական ստուդիայում, եւ հենց ստուդիայի ջանքերով էլ կայացել է այս նախաձեռնությունը):

Չնայած բեմադրության անվանմանը, որն ընթերցողին կարող է հուշել, թե ներկայացումը որեւէ աղերս չունի Մեծ եղեռնի թեմայի հետ, պետք է փաստենք, որ գաղափարի հիմքում ընկած է պատերազմի ընդհանրական, առավել խորհրդանշական հասկացությունը:

Երաժշտական կատարումներով հագեցած համերգ-բեմադրությունը վեր է հանում պատերազմի ժամանակ մարդու գոյատեւման խնդիրը. սովի, հացի խնդրի, ընտանիքի պահպանման եւ ամենօրյա մաքառման գաղափարը:

Ներկայացումը ոգեւորող արձագանքներ ունեցավ հատկապես ֆրանսիացի հանդիսատեսի շրջանում եւ հուսով ենք, այսօրինակ նախաձեռնություններով Շուշաննա Վարդանյան-Սոնա Գրիգորյան դուետը անվարան ու հաջողակ ընթացք կունենա իր ստեղծագործական ուղեծրում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ