RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019



ԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2019-08-22 21:28:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 77, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՊԵՐԱ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ԿՅԱՆՔԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Միջազգային ճանաչման արժանացած, ԱՄՆ-ում աբստրակտ-էքսպրեսիոնիզմի սկզբնավորող Արշիլ Գորկու մասին մի քանի տասնյակի հասնող մենագրություններ են տպագրվել, վերլուծական ալբոմներ ու հոդվածներ են լույս ընծայվել եւ նույնիսկ ֆիլմեր նկարահանվել: Այժմ հերթը եկել է օպերային: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ սեպտեմբերի 7-ին Նյուարկի (Նյու Ջերսի) Արվեստի թանգարանի շքեղ Բիլի Ջոնսոն թատրոնում ներկայացվելու է մրցանակակիր կոմպոզիտոր Միշել Էքիզյանի «Գորկու երազների պարտեզը» 80 րոպե տեւողությամբ օպերանՙ հիմնված հիշողություններով հարուստ եւ տեսլականի տեր նկարիչ Ոստանիկ Ադոյանի անցած ողբերգական կյանքի (արվեստանոցում հրդեհ, քաղցկեղ, կնոջ անհավատարմություն, ավտովթար, եւայլն) տարբեր դրվագների վրա: Հակառակ այդ դժբախտություններին, նրա նորարարական ստեղծագործությունները, հատկապես աբստրակտ-էքսպրեսիոնիզմի ոճով արված կտավները, ցավի, տառապանքի ու մթության մղձավանջներից վեր հառնելով գույնի ու լույսի մշտանորոգ ներդաշնակությամբ հավատ են ներշնչում կյանքի հանդեպ եւ վերապրելու հաստատակամություն:

Էքիզյանի օպերան, ինչպես Գորկու հիբրիդային շրջանի կտավները, դասական երաժշտության, ռոքի, դրամատուրգիայի եւ օպերային ժանրի յուրահատուկ միաձուլում է, որն ստեղծվել է, ըստ հաղորդագրության, երկու տասնամյակների ընթացքում եւ նախադիտման ժամանակ «Սան Ֆրանցիսկո քրոնիկլի» կողմից բնութագրվել որպես «գույնի, կրքի եւ ոգեղեն ուժի վառ դրսեւորում»: Դա ձայնի եւ լույսի ինքնատիպ մի համադրում է, որն իր մեջ ընդգրկում է ինչպես պարային համարներ, կենդանի պատկերներ, այնպես էլ «ցանկությունների ծառի» չնախատեսված հայտնություն-ինստալացիա, որը հնի ու նորի, արեւելքի ու արեւմուտքի, գաղթի, օտարության եւ հանդուրժողականության ուղերձ է պատգամում:

Տեսողական արվեստի ճանաչված ներկայացուցիչ, ծնունդով խուլ Վահագն Արսլանյանը այդ ծառի մետաղյա շարժուն թռչունների հեղինակն է: Նրանք Գորկու կորսված հայրենիքի հիշողություններն են արթնացնում հանդիսատեսների շրջանում: Ավիացիայի եւ թռչունների սիրահար արվեստագետը իր հարուստ երեւակայության շնորհիվ յուրահատուկ խորհրդանշական ձեւ է գտել մի կողմից կորստի, բնաջնջումի եւ մյուս կողմից վերստին հառնելու եւ արարելու միջեւ:

Օպերայի ուշագրավ տեսարաններից մեկումՙ «Երազների պարին» էկրանի վրա ընկերակցելու են Հայոց ցեղասպանությունն ու դեպի մահ տարագրությունը պատկերող կադրեր, «Վուդստոկ» ռոք փառատոնի լեգենդ հռչակված, վաղամեռիկ Ռիչի Հեյվնզի ձայնակցությամբ: Օպերայում Գորկու դերը կատարելու է Բրոդվեյի գլխավոր դերակատարներից Բրենտ Բարեթը (բարիտոն-տենոր), որ միջազգայնորեն հռչակված է «Օպերայի ուրվականը» եւ «Չիկագո» մյուզիկլների իր կատարումներով: Նրա կողքին խաղալու է Հասմիկ Մեյխանեջյանը (կոնտրալտո) Գորկու մորՙ Շուշանի դերում: Իսկ Քարեն Լյուբեկը հանդես է գալու որպես Գորկու ամերիկացի կինըՙ Ագնեսը: Կուբացի մրցանակակիր դերասանուհի Ադելա Մարիս Բոլետը կատարելու է Գորկու քրոջՙ Վարդուհու դերը:

Գորկու ֆիզիկական եւ մտավոր «Թռիչքների ֆանտազիան», որն արտահայտված է Նյու Ջերսիի Նյուարկ օդակայանի իրեն պատվիրված երկու մեծադիր եւ վերականգնված որմնանկարներում, մարմնավորելու են «Ժեստային պարի արվեստ» թատրոնի արվեստագետներըՙ պարուսույց Լին Նիդլի ղեկավարությամբ: Նիդլն ինքը մարմնավորելու է «Մայր Հայաստանը»:

Ավելացնենք, որ Էքիզյանը Հռոմի ամերիկյան ակադեմիայի «Հռոմի մրցանակի» դափնեկիր է եւ դոկտորական է պաշտպանել Կոլումբիա համալսարանում: Օպերայի բեմադրության համար օգտագործվելու է ոչ միայն Բիլի Ջոնսոնի գերարդիական դահլիճը, այլեւ Գորկու որմնանկարները պարունակող պատկերասրահը:

Նկար 1. Միշել Էքիզյանը եւ Վահագն Արսլանյանը Գորկու որմնանկարի առաջ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 23-08-2019

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ