RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 30-08-2019



ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

Տեղադրվել է` 2019-09-02 19:48:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 466, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԵՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ, ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԵՄ ԳՐՔԵՐ ՉԵՆՔ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ». ՍՈԿՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբՙ ընթանում են «Դասագրքի նոր հայեցակարգ» աշխատաժողովները, որոնց մասնակցում են հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ եւ մանկավարժության մասնագետներ: Օրեր առաջ զրուցել եմ «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանի հետ:

- Պարոն Մկրտչյան, Դուք աշխատաժողովների ժամանակ նշում եքՙ երեխային պետք է օժտել այնպիսի հատկություններով, որ ինքը կարողանա ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ. ինչպե՞ս եք դա պատկերացնում, ուսուցչի գործոնը պետք է մղվի երկրորդ պլա՞ն:

- Ոչ, մենք երբեք ուսուցչի գործոնը չենք մղել երկրորդ պլան, հիմա էլ այդպիսի միտք չունենք: Այս պահին մեր բոլոր միջոցառումներն ուղղված են դասագրքերի որակին, մենք մտածում ենք, որ դասգիրքը պետք է այնպիսին լինի, որ օգնի աշակերտին: Մինչեւ հիմա էլ ուսուցիչներն ինքնուրույն արել են նման բաներ, իրենց ժամանակի հաշվինՙ տանը պատրաստվելով: Հիմա մենք փորձում ենք արդեն պատրաստի դասագիրք տրամադրել, որտեղ ամեն ինչ իր տեղում է: Մենք հավաքագրում ենք ուսուցիչների առաջարկած բոլոր մեթոդները եւ ստեղծում դասագիրք, այնպես որ աշակերտը կարդա տեքստը եւ հասկանա: Մեր հիմնական խնդիրը դա է, որովհետեւ դրանով գրեթե բոլոր հարցերը լուծվում են: Իսկ կարդալ եւ հասկանալու համար ռազմավարություններ ենք մշակում: Օրինակ, գրականության համար արդեն մշակել ենք, դրանք կոչվում են ակտիվ ընթերցանության ռազմավարություններ: Ութ բանալի ռազամավարություններ ենք դուրս բերել, որոնք աշակերտին կուղղորդենՙ ինչպես կարդալ տեքստը, որպեսզի այն հնարավորինս ընբռնելի լինի:

- Ձեր պաշտոնական կայքէջում կարդացի, որ պետք է հաշվի առնվի նաեւ աշակերտի պահանջը:

- Այո, իհարկե: Դասագրքերն ստեղծելիս երկու թիրախ ունենք, առաջինն աշակերտներն են, երկրորդըՙ ուսուցիչները: Մենք, անշուշտ, ուսումնական ռազմավարական մոտեցման կարեւորությունը տվել ենք ուսուցչին, բայց եթե մի բան ենք պատրաստում աշակերտի համարՙ առանց նրա կարծիքն ու մոտեցումները հաշվի առնելու, այդ ամենը ոչինչ չի տա մեզ: Դրա համար մենք մեր պարբերական աշխատաժողովների ժամանակ հանդիպումներ կունենանք նաեւ աշակերտների հետ, հարցումներ կանենք, կլսենք նրանց կարծիքներն ու առաջարկները, եւ ըստ այդմ կկողմնորոշվենքՙ ինչպիսի դասագիրք ստեղծել, որ ինքը կարողանա օգտագործել եւ կիրառելի լինի: Մեկ այլ բան է, որ մենք աշակերտին պատկերացնում ենք մեր մտքում, այդ ժամանակ բոլորս մեզ ենք պատկերացնում մեր աշակերտ եղած տարիներին, բայց մեր ժամանակ պահանջներն ուրիշ էին, այսօրվա աշակերտն այլ պահանջներ ունի, մենք փորձում ենք այդ պահանջին համապատասխան դասգրքեր ստեղծել:

- Ճիշտն ասած, գոնե իմ մոտեցմամբ, երեխայի պահանջ ասվածը բավականին լայն հասկացություն է, եւ նրա ամեն ցանկացածը չէ, որ պիտանի է իրեն եւ կարիք կա կատարելու դա: Օրինակՙ շփվելով մեր նոր սերնդի հետ, տպավորություն եմ ստացել, որ նրանք Խ. Աբովյան չեն ուզում կարդալ. աշակերտների նման ցանկություններն ինչպես եք բավարարելու:

- Չէ, խոսքը դրա մասին չէ. եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնենք աշակերտի պահանջը, դա չի նշանակում, որ պետք է նա որոշի, ասենք, մաթեմատիկայից կամ քիմիայից կամ գրականությունից ինչ է անցնելու: Այստեղ խոսքը ոչ թե ծրագրայինի, այլ մատուցման մեթոդների մասին է: Մի օրինակՙ քննարկվում է նաեւ էլեկտրոնային ռեսուրսների օգտագործման հարցը, արժե՞ դա բերել դասարան, թե՞ ոչ: Մեր հիմնական շեշտը մատուցմանն է ուղղված: Կամ, օրինակ, ծրագրային նյութի մատուցման հետաքրքրական եղանակների մասին է խոսքը, մենք ամեն կերպ փորձում ենք, այսպես ասած, շահագրգռել երեխային, որպեսզի նա հնարավորինս շատ կարդա: Ի վերջո դա մեր ձեռքին է, մեզանից է կախված դա, եթե մենք աշակերտին նյութը կարդալու ճիշտ ռազմավարություն սովորեցնենք, նա ամենադժվարընթեռնելի հեղինակին կարող է շատ սիրով մոտենալ, եթե ոչՙ նա անպայման կձանրձանա ու կհիասթափվի:

- Իսկ ժամանակակից գրականությանն ի՞նչ անդրադարձ եք կատարել:

- Մենք չենք կարող որոշել, թե ում ենք անդրադառնալու. նախարարությունում գործում են չափորաշիչ խմբեր, որոնք էլ որոշում են հեղինակների ընտրության հարցը: Իհարկե, մենք մեր առաջարկություններն անելու ենք, կփորձենք նաեւ ժամանակակիցների ընդգրկել, բայց վերջին խոսքն, այնուամենայնիվ, նախարարությանն է, դա պետական քաղաքականություն է: Մենք այդ որոշմանը համապատասխան ծրագիր, ուսումնական մեթոդ ստեղծողն ենք:

- Այսինքն հնարավո՞ր է լինի այպես, որ նախարարությունն ու հրատարակիչը նյութի ընտրության առումով անհամաձայնություն ունենան:

- Չեմ կարծում, օրինակ հիմա 5-6-րդ դասարաններում այդ հնարավորությունը տրված է հրատարակչին, նշված չէՙ ո՛ր հեղինակներին պետք է ընդգրկել, տրված են թեմաներ, որոնց վերաբերյալ էլ պետք է հրատարակիչն ընտրի համապատասխան հեղինակների համապատասխան գործերը: Եթե բարձր դասարաններում էլ նման մոտեցում լինի, մենքՙ մեր աշխատանքային խմբով կորոշենք հեղինակների ընտրությունը:

Ամեն դեպքում նշեմ, որ բարձր դասարանների դասագրքերը կազմելիս էլ հաշվի է առնվում հրատարակչության կարծիքը եւ թույլ է տրվում որոշակի փոփոխություններՙ հավելումներ ու կճատումներ անել:

- Ընդհանրապես Ձեր հրատարակչությունը հետանկախության շրջանում թե՛ դասագրքերի, թե՛ գեղարվեստական գրքերի հրատարակության առումով լուրջ աշխատանք է կատարել: Այսօր, երբ հրատարակիչները մի փոքր ավելի շատ են, գրահրատարակչական դաշտին ի՞նչ գնահատական կտաք, հրատարկվող գրքերը բավարա՞ր են

- Ոչ, այդ ուղղությամբ մենք դեռ շատ անելիքներ ունենք, բայց վերջին ժամանակաշրջանում ահագին աճ կա, զգալի քանակով գրքեր են տպագրվում, բայց պիտի արձանագրենք նաեւ մի կարեւոր փաստ, դրանց հիմքում կանգնած էին դասագրքերը, դրանց պատվերները հնարավորություն տվեցին հրատարակիչներին շնչելու եւ այլ ուղղությամբ նայելու, եթե հույսներս դնենք միայն գեղարվեստական գրականության վրա, որեւէ հրատարակիչ դժվար թե կարողանա ինքնաֆինանսավորմամբ ծախսերը հոգալ, որովհետեւ, գաղտնիք չէ, մեր երկրում գրքերի սպառումը շատ մեծ չէ, եւ թարգմանված գրքերն այն քանակով չեն տպագրվում ու սպառվում, որ զգալի օգուտ բերեն հրատարակչին: Ապագայումՙ գուցե, բայց հիմա զրոյական է գեղարվեստականի դաշտը: Ամեն դեպքում անցած տասնամյակի համեմատ, այսօր գրաշուկան անճանաչելի է դարձել, բավականին լուրջ գրքեր են թարգամանվել ու հրատարակվել: Այսօր զգալի թվով ժամանակակից հեղինակների երկեր են հրատարակվում: Մենք ունենք լավ ժամանակակից գրողներ, բայց իրենց բանակը փոքր է, ունենք երիտասարդներ, որոնց մեջ տաղանդ կա, բայց գրելու տեխնիկային այդքան էլ լավ չեն տիրապետում, եթե տիրապետեն, հիմա էլ կունենաք շատ ընթերցվող ժամանակակիցներ: Մեր ակտիվ ընթերցանության ռազմավարության մեջ այդ տեխնիկայի ուսուցանումն ու մատուցումն էլ է տեղ գրավելու, մենք նաեւ դրա համար ենք պայքարում:

- Դուք գործում եք առաջին հերթին պետության ներսում պարկեշտ, ազնիվ քաղաքացիներ ձեւավորելու տեսանկյունից...

- Մեզ մոտ դեռ վաղուց սկզբունք կա դրված, համաձայն որիՙ մեր ավանդույթների, սովորությունների դեմ գրքեր չենք հրատարակում, մենք հրատարակում ենք պահպանելով մեր ազգայինը, մենք իրավունք չունենք աշխատանքի ընթացքում որեւէ ազգային բան վնասել, դա արատավոր երեւույթ է: Եթե նույնիսկ լինի որեւէ ինֆորմացիոն գիրք, որը որոշակիորեն հակասի մեր սկզբունքներին, դա կարող է միմիայն ներկայացվել որպես ինֆորմացիա, ոչ թե պրոպագանդա: Բայց մենք դրան տեղ չենք տալիս, որովհետեւ ընթերցողն այդ գրքին կարող է նայել ոչ թե որպես ինֆորմացիոն աղբյուր, այլ պրոպագանդա, ինչը մեր հայրենիքի ու պետության շահերից չի բխում: Բոլոր դեպքերում «Զանգակն» այնպես է անում, որ իր գրահրատարակչական գործունեությամբ ոչ միայն չհակասի հայկական արժեհամակարգին, այլ ավելինՙ խթանի ու տարածի: Մեզ համար ավանդը կարեւոր բան է: Օրինակՙ ես խստորեն հետեւում եմ, որ նույնիսկ տեխնիկական մասը ենթարկվի ուսումնական կողմին: Հաճախ մի գրքով երեխան սովորում է տողադարձի կանոները, բայց մեկ այլ գրքում տողադարձի կանոնների այնպիսի խայտառակ խախատումների է հանդիպում, որ ակամայից խճճվում ու ապակողմնորոշվում է:

- Քաղաքական գրականությանն ինչպես եք վերաբերվում: Վերջին շրջանում, երբ մեկը մյուսի հետեւից ստեղծվեցին տասնյակի հասնող քաղաքական գրքեր, որոնք հասարակության մոտ ոչ միանշանակ են ընկալվում, «Զանգակ» գրախանութն այն համարձակներից էր, որ ընդունեց ու վաճառքի դրեց բոլորը, առանց խտրականության:

- «Զանգակ» անունով երկու տարբեր ընկերություններ կան, մեկը Զանգակ-97 հրատարակչությունն է, մեկըՙ «Զանգակ» գրատունը: Գրատունը գիքր վաճառող է, նրա համար խտրություն չկա, նա չի կարող որոշել ընթերցողն ինչ կարդա, նա պարտավորված է բոլոր գրքերն ընդունել ու վաճառելՙ այդպիսով ընտրության հնարավորություն տալով ըներցողին: Գրախանութը չպետք է խառնվի քաղաքականությանը: Իսկ հրատարակչությունը կարող է որոշելՙ ինչ տպել, ինչ չտպել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 30-08-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ