RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#032, 2019-08-30 > #033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 13-09-2019



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-09-12 20:52:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 62, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

18 ՏԱՐԻ ԱՆՑ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նաիր ՅԱՆ

18 տարվա ընդմիջումից հետո կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոդյուսեր Արա Գեւորգյանը Երեւանում հանդես եկավ մենահամերգով: 18 եւ ավելիՙ 20-30 տարի առաջ, երբ Արա Գեւորգյանը հանրության ուշադրությունը հրավիրեց իր ստեղծագործությունների վրա, պարզ դարձավ, որ նա ազգային արժեքներ կրող ու փոխանցող արվեստագետ է: Ու մինչ օրս Արա Գեւորգյանը ջանում է մեր մշակույթի էթնիկ տարրերն իր գրած երաժշտության հետ համադրելովՙ հատկապես երիտասարդների շրջանում ազգայինի նկատմամբ հետաքրքրություն սերմանել:

Անվիճելի է, որ Արա Գեւորգյանը քաջատեղյակ է ոչ միայն հայ, այլեւ շատ ժողովուրդների էթնիկ մշակույթին, նաեւ դասական, ռոք, ջազ երաժշտարվեստին ու այդ համատեքստում նա ընտրել է այն ոճը, այն արվեստը, որը դժվարամարս ու դժվարահաս չէ: Ոչ կամերային, այլ մեծակտավ, նվագախմբեր, երգիչներ, պարային խմբեր ներառող նախագծերի միջոցով նա կարողանում է հիշարժան երեկոներ պարգեւել հանրությանը: Ազգային նվագարանների կիրառումը նրա երաժշտության բաղկացուցիչն է. այդկերպ նա շեշտադրում է այդ գործիքների դերն ու արժեքը, որպեսզի դրանք չմոռացվեն, լուսանցքում չհայտնվեն: Ազգային երաժշտության տարրերի ու սեփական ստեղծագործության համադրումն ինքնին պահանջում է օգտագործել ազգային նվագարաններ: Մեծածավալ գործերում ազգային գործիքների մենանվագների միջոցով կոմպոզիտորն ավելի է ընդգծում ազգային մշակույթի կարեւորությունը: Հաճախ ռիթմիկ, էպիկական, հերոսական թեմաներին տուրք տալովՙ նա նաեւ ունկնդրին կապում է մեր պատմությանը, հերոսական դեպքերին ու դեմքերին, ստիպում հետադարձ հայացքով գնահատել անցյալը, պահպանել ազգային տեսակը, նկարագիրը: Նա իր ստեղծագործությունների համար վերնագրեր է ընտրում հայկական անուններից, որոնք մեր պատմության մեջ նշանակալի դեր են ունեցել ու դարձել են պատմական դեպքերի խորհրդանիշՙ «Վաղարշապատ», «Մուսա լեռ», «Շուշի», «Արցախ», «Արտաշատ», «Ավարայր»: Դա էլ է միտումնավոր անում, որպեսզի այդ անունները մեկ անգամ եւս հնչեն, արմատներ գցեն, մեխվեն մեր հիշողության մեջ: Ի վերջո, այդ գործերը հնչում են նաեւ դրսում, նաեւ օտարազգիներին է Արա Գեւորգյանը պատմում մեր մասին, թե հայոց պատմության մեջ ինչ արժեք ունեն այդ անունները: Նա վարպետորեն համադրում է ժողովրդական ու դասական նվագարանները, տարբեր նվագախմբերին նույն բեմում միաժամանակ աշխատելու հնարավորություն տալիս: Նրա ստեղծագործությունների հիման վրա պարային բեմադրություններ են ստեղծվել, որոնք երաժշտական գործի մատուցումն ավելի են հարստացնում ու տպավորիչ դարձնում:

Արա Գեւորգյանը 18 տարվա ընդմիջումից հետո դարձյալ իր ոճով ու որակով ներկայացավ հանդիսատեսին: Համերգին պատրաստվել էր իրեն հատուկ խստապահանջությամբ. բեմում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն էրՙ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: 22 ստեղծագործությունից բաղկացած համերագային ծրագրում հանդես եկան պարային մի շարք խմբեր, այդ թվումՙ Պարի պետական անսամբլը, «Սարդարապատը», «Միլեն» շոու-բալետը, «Էլեն Գրիգորյանի» պարային թատրոնը: Համերգը բարեգործական էր. ընդհանրապես Արա Գեւրգյանը սկզբունքորեն յուրաքանչյուր համերգ կազմակերպում է հասցեական նպատակովՙ շահույթ չհետապնդելով: «Դու պիտի ճախրես» խորագրով համերգի հասույթը փոխանցվել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Համերգն իրականացվել է «Փրայմ Փրոդաքշըն» ընկերության նախաձեռնությամբ:

Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում «Դու պիտի ճախրես» խորագրով համերգը համախմբել էր Արա Գեւրգյանի ընկերներին ու մտերիմներին, նաեւ նրանց, ում հետ կոմպոզիտորը տարիներ շարունակ համագործակցում է, համատեղ ստեղծագործություններ ձայնագրում: ԱՄՆ-ի Արիզոնա նահանգից նրան միացավ Դենիել Դեքերը , որը կատարեց «Արաքս» ստեղծագործությունը: Այդ երգի բառերը հենց Դեքերն է գրել ու երգել աշխարհի տարբեր բեմերում: Արաբական թարբուկայով հատուկ այս համերգի համար Լիբանանից Հայաստան էր եկել երաժիշտ Ռոնի Բառաքը : Նրա մենանվագը, հետո զուգանվագը մեր դհոլահարների հետՙ համերգի կուլմինացիան էր:

Մոտ երկու ժամ առանց ընդմիջման Արա Գեւորգյանը դյուրությամբ կարողացավ հանդիսատեսին իր երաժշտական աշխարհում պահելՙ մեկ անգամ եւս հաստատելով, որ այն, ինչը հոգով ու անկեղծ է արվում, հաջողվում է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 13-09-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ