RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 20-09-2019



ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ

Տեղադրվել է` 2019-09-19 20:58:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 261, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԵՎ ԴԻՐԻԺՈՐ ՄԱՆՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Աննա ԱԴԱՄՅԱՆ

«Ժառանգություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը Երեւանում

Օգոստոսի 31-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում գերմանաբնակ Բեգլարյանների ընտանիքը այդ հարկի տակ էր հավաքել ընտանիքի բարեկամներին, ճանաչված երաժիշտ-երաժշտագետներիՙ մի գեղեցիկ երեկո նվիրելով իրենց հորն ու պապինՙ հայ կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր եւ մանկավարժ Մանվել Բեգլարյանին: Միջոցառմանը ներկա էին անվանի երաժիշտներ, գրողներ, երաժշտագետներ, բանասերներ եւ այլք:

Որդինՙ Մհեր Բեգլարյանը, որը երկար տարիներ բնակվում է Գերմանիայում եւ այնտեղ են ծնվել նաեւ իր երեք դուստրերը, պատմեց, որ իրենք, հատկապես ավագ դստերՙ դաշնակահարուհի Աստղիկ Բեգլարյանի մեծագույն օգնությամբ, նախաձեռնել են Մանվել Բեգլարյանի ստեղծագործական ժառանգության պահպանման եւ հանրահռչակման գործը:

2014-ին թողարկվել է Բեգլարյանի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակըՙ Աստղիկ Բեգլարյանի կատարմամբ, տպագրվել է դաշնամուրային ստեղծագործությունների ժողովածուն, իսկ ամերիկացի պրոդյուսեր, կոմպոզիտոր Ռենդալ Մայերսի ղեկավարությամբ նկարահանվել է «Ժառանգություն» վավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացվում է Մանվել Բեգլարյանի կյանքն ու գործունեությունը: Ընդհանրապես, ամբողջ այս նախագիծը կրում է «Heritage» անվանումը, որը թարգմանվում է ե՛ւ որպես ժառանգություն, ե՛ւ որպես ծագում: Ֆիլմում ընդգրկված են նաեւ հատվածներ Աստղիկ Բեգլարյանիՙ 2014 թվականին Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգ-շնորհանդեսից:

Ունկնդրելով Բեգլարյանի դաշնամուրային ստեղծագործություններըՙ վեց պրելյուդները, վարիացիաները, ֆուգաներըՙ պարզ է դառնում, որ դրանք գրված են հայ դասական երաժշտության լավագույն ավանդույթներովՙ պահպանելով ազգային ինտոնացիաների, մեղեդիների օգտագործումը, զուգակցված դաշնամուրային ֆակտուրայի վիրտուոզ հնարներով: Աստղիկ Բեգլարյանը, որը սովորել է Մանհայմի եւ Հաննովերի երաժշտանոցներում, կատարում էր պապի երկերն անկեղծ ոգեշնչմամբ, փայլուն դաշնամուրային տեխնիկայի եւ զգացմունքայնության գեղեցիկ ներդաշնակությամբ: Պապի հետքերով է գնացել նաեւ միջնեկ թոռնուհինՙ Արեւիկ Բեգլարյանը, որն այժմ կոմպոզիցիա է ուսանում Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում:

Միջոցառման սկզբում Մհեր Բեգլարյանը հանգամանորեն ներկայացրեց Մանվել Բեգլարյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը եւ այդպիսով հնարավոր եղավ Մանվել Բեգլարյանի կենսագրությունը համալրել որոշՙ հանրությանը մինչ այժմ անհայտ մանրամասներով:

Շուրջ 50 տարվա իր երաժշտական, ստեղծագործական եւ մանկավարժական գործունեությամբ Մանվել Բեգլարյանն իր ուրույն խոսքն ասաց եւ իր հետքը թողեց հայ երաժշտարվեստի մեջ:

Մանվել Կարապետի Բեգլարյանը ծնվել է Թիֆլիսում, 1922 թվականին, վանեցիների ընտանիքում: 1930-ականներին տասնամյա Մանվելի մոտ ձեւավորվել է սերը դեպի երաժշտությունը եւ 1932 թ. տեղափոխվելով Երեւանՙ սովորել եւ ավարտել է Ալ. Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: Սակայն ավարտելով դպրոցըՙ նա մեկնում է ռազմաճակատ, եւ վերադարձից հետո որոշում ընդունվել բժշկական ինստիտուտՙ կարծելով, որ այլեւս չի կարողանա վերականգնել իր կատարողական հմտությունները որպես ջութակահար:

Բայց սերը դեպի երաժշտությունն, ի վերջո, հաղթում է, եւ մեկ տարի անց նա ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, ապա շարունակում ուսումը կոնսերվատորիայումՙ ավարտելով 1951 թվականին ջութակի (Հրաչյա Բոգդանյանի դասարան) եւ մանկավարժության բաժինները: Նույն ժամանակահատվածում աշխատում է նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբումՙ ձեռք բերելով հարուստ երաժշտական փորձ: Սակայն, ստեղծագործելու ձգտումը հանգիստ չէր տալիս Մանվել Բեգլարյանին, եւ նա 1959 թվականին նորից է ընդունվում կոնսերվատորիաՙ սովորելով կոմպոզիցիա նշանավոր կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի դասարանում:

Հետագայում թողնելով աշխատանքը սիմֆոնիկ նվագախմբումՙ Մանվել Բեգլարյանն իրեն նվիրում է ստեղծագործական եւ մանկավարժական աշխատանքին եւ արդեն ձգտում է ստեղծագործել ժողովրդական երաժշտության ասպարեզում: Սիմֆոնիկ ստեղծագործությունների կողքին ծնվում են ժողովրդական համույթների համար գրված գործեր եւ երգեր: 1960-ականներին դասավանդում է նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանումՙ ղեկավարելով նաեւ ուսումնարանի սիմֆոնիկ նվագախումբը: 1970-1971 թվականներին դասավանդում էր նաեւ թիվ 3 կուլտուրայի տանըՙ ղեկավարելով «Պատանեկություն» վոկալ-գործիքային էստրադային նվագախումբը, որտեղ նվագում էին այսօր արդեն նշանավոր այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երզնկյանը, երգչուհիներ Ռաիսա Մկրտչանը, Զառա Տոնիկյանը: Սա էլ մի նշանավոր դրվագ էր նրա կենսագրության մեջ: Այնուհետեւ Թաթուլ Ալթունյանի հրավերով ղեկավարում է Երեւանի երգի-պարի պետական համույթի գործիքային մասը:

1970-ականները շատ բեղմնավոր էին Մանվել Բեգլարյանի մասնագիտական կյանքում.նա դարձել է Կոմպոզիտորների միության անդամ, 1974-92 թթ. որպես գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր ղեկավարել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության պետական կոմիտեի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը, որտեղ կատարել եւ ձայնագրել է ավելի քան 1000 երգ եւ գործիքային ստեղծագործություն: 1982թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Նրա ղեկավարությամբ անսամբլը համերգներ է տվել Հայաստանի բոլոր շրջաններում, Մոսկվայում, Անդրկովկասի մյուս հանրապետություններում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Ալժիրում, Ավստրալիայում, Հնդկաստանում եւ այլուր:

Այս անսամբլում Բեգլարյանն աշխատել է Ռուբեն Մաթեւոսյանի, Օֆելյա Համբարձումյանի, Հովհաննես Բադալյանի, Վալյա Սամվելյանի, Պապին Պողոսյանի, Ֆլորա Խորենյանի, Նորայր Մնացականյանի, Վարդուհի Խաչատրյանի, Անժելա Աթաբեկյանի, Հակոբ Խալաթյանի, Նորայր Դավթյանի, անվանի դուդուկահարների եւ հանրահայտ այլ երաժիշտների հետ:

Նա իր աշխատանքով ոգեւորում եւ դեպի ժողովրդական երաժշտություն էր ուղղորդում ժամանակի անվանի կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Խաչատուր Ավետիսյանին, Վլադիլեն Բալյանին, Արամ Սաթունցին, Գրիգոր Հախինյանին, Յուրի Գեւորգյանին, Երվանդ Երկանյանին, Ռոբերտ Պետրոսյանին, Տիգրան Մանսուրյանին, Ալեքսեյ Հեքիմյանին, Գեղունի Չթչյանին եւ շատ ուրիշների: Չափազանց կարեւորում էր նաեւ հայ աշուղների ժառանգության պրոպագանդանՙ Սայաթ-Նովայի, Ջիվանու, Հավասու, Գուսան Աշոտի, Շերամի, Շահենի եւ այլոց:

1981-ից նա դասավանդել է գործիքագիտություն առարկան Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (սկզբումՙ դոցենտ, 1999-ից` պրոֆեսոր): Կազմել է մի շարք ձեռնարկներ, գրել սիմֆոնիկ, կամերային ժանրերի ստեղծագործություններ, երգեր հայ պոետների խոսքերով, ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական ժողովրդական գործիքների անսամբլի ստեղծմանը:

Ունի ֆոնդային ձայնագրություններ: Կյանքի վերջին տարիներին համագործակցել է բանաստեղծներ Գարիկ Բանդուրյանի, Բաբկեն Սիմոնյանի եւ այլոց հետ: «Քարավան լուսո» ստեղծագործությունը, որը վերնագրել է բանաստեղծ Բաբկեն Սիմոնյանը, եղավ նրա վերջին ստեղծագործությունը եւ դրանով նա հեռացավՙ կարծես իր հետեւից թողնելով այդ լույսը: Մահացել է 2002 թվականին, Երեւանում:

Միջոցառման ընթացքում Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը ներկայացրեց Մանվել Բեգլարյանի բարեկամուհի Սիլվա Կապուտիկյանի հուշերըՙ նշելով, որ Սիլվա Կապուտիկյանը գրել է «Հուշատախտակ Մանվել Բեգլարյանին» ստեղծագործությունը, որտեղ պատմում է, որ հանիրավի մոռացության է տրվել Մանվել Բեգլարյանի գործունեությունը: Հեռվից է գալիս իր հուշերում Կապուտիկյանըՙ խոստովանելով, որ վանեցու եւ ազգականի պարտավորվածությամբ ինքը պետք է անպայման անդրադառնար Մանվելին, պատմելով, որ իր տատ Նոյեմզարի եւ Բեգլարյանների ապուտատ Մարգարիտի շառավիղներն են իրենք, եւ ընտանիքները հանդիպում են այն ժամանակ, երբ Կարապետ Բեգլարյանը տեղափոխվում է Երեւան, որպեսզի ավարտի բժշկական ինստիտուտը: Հիշում է, այդ ժամանակ արդեն վանեցիները մի համայնք էին ստեղծել եւ մշտապես դաշտահանդեսներ էին կազմակերպում Երեւանի մերձակայքերում: Կապուտիկյանը հատկապես նշում է վանեցիների կենսասիրական ավյունը Մեծ եղեռնից ընդամենը 7-8 տարի անցՙ կարծես կոչ անելով հայ ժողովրդին նմանվել վանեցիներին եւ թոթափել վշտերը:

Կարապետ Մանուկի Բեգլարյանը մասնագիտությամբ բժիշկ էր եւ հետագայում եղել է Ջերմուկ քաղաքի պոլիկլինիկայի հիմնադիրն ու գլխավոր բժիշկը: Կապուտիկյանը հիշում է, թե ինչ երաժշտական էր Կարապետի ընտանիքը. Կարապետը թառ էր նվագում, կինը հրաշալի երգում էր, աղջիկը պարում էր, ավագ տղանՙ Սամվելը, դափ էր խփում եւ հետո արդեն նրանց է միանում Մանվելն իր ջութակով: Եվ հայրը միշտ խրախուսում էր Մանվելին ոչ միայն կատարել ուրիշների ստեղծագործությունները, այլ ստեղծել իրենը, որպեսզի ուրիշները կատարեն:

Իր հուշերում Սիլվա Կապուտիկյանը հավելում է, որ Մանվել Բեգլարյանն ինչպիսի խանդավառությամբ ու գովեստով էր հիշում իր արտիստներին. Ռուբեն Մաթեւոսյանի մասին ասում էր. «Ռուբիկը` մի աշխարհ, մի փիլիսոփայություն, ե՛ւ երգ, ե՛ւ սիրտ, ե՛ւ հոգի», իսկ Հովհաննես Բադալյանի մասին ասում էր. «շատ հայեցի ձայն ունի. տաք է, նուրբ է եւ միշտ կարոտ կա ձայնի մեջ»:

Կապուտիկյանը նշել է, որ չի սիրել եւ դեմ է եղել երաժշտությանը բանաստեղծություն հարմարեցնելուն, սակայն երկու մարդու չէր կարողանում մերժել. առաջինը Խաչատուր Ավետիսյանն էր, երկրորդըՙ իր զարմիկ Մանվել Բեգլարյանը: Եվ, նրա խնդրանքով բանաստեղծական տեքստ է հարմարեցրել «Արտաշես եւ Սաթենիկ» պոեմի երաժշտական նախերգանքին, այդպես է ստեղծվել նաեւ «Վարագա լեռ» պոեմի երաժշտական նախերգանքը:

Արմենուհի Դեմիրճյանի խոսքովՙ Մանվել Բեգլարյանի մասին հատվածը Սիլվա Կապուտիկյանի «Վերջին զանգ» գրքի ամենաջերմ կտորն է, հավանաբար որ վերաբերվում է իր հայրենակցին, արյանը, եւ այսպիսի տողերով է ավարտում մեծ բանաստեղծուհին այդ գիրքը. «Դո՛ւ, Մանվե՛լ Բեգլարյան, այս մագիլավոր դարում մագիլներ չունեցար, չկարողացար քեզ պարտադրել, չկարողացար քեզ նեկայացնել ինչպես հարկ է, բայց ժամանակը կգա, ու մարդիկ կգնահատեն քո մեծ վաստակը»:

Իրապես, այժմ Բեգլարյանների ընտանիքը սկսել է Մանվել Բեգլարյանի կյանքին եւ գործունեությանը վերաբերող նյութերի տարածումը, եւ հուսանք, որ մոտ ապագայում այդ տեղեկատվությունը հասանելի կլինի հայ երաժշտասերների եւ երաժիշտների լայն շրջանակին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 20-09-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ