RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 20-09-2019



ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Տեղադրվել է` 2019-09-19 20:58:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 787, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ԸՆԴՀԱՏՎԱԾ ԹՌԻՉՔ...

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուսի առաջատար աշխատող

Վահագն Մարգարյանին առաջին անգամ տեսա 2013 թ. Երեւանում, Եվրոտեսիլում մասնակցության համար հատուկ կազմակերպված մրցույթում: Այդ պահին նա դեռեւս Երեւանի պարարվեստի ուսումնարանի սան էր: Արդեն այդ ժամանակ ինձ գրավեց նրա պլաստիկան եւ արտահայտչականությունը: Այնուհետեւ հետեւում էի նրա առաջընթացին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Իսկ հետո կատարվեց այն ողբերգական ավտովթարը, որը ցնցեց Հայաստանի պարային աշխարհը, հետո նրա կյանքը ընդհատվեց...

Ճիշտն ասած, պատրաստվում էի գրել նրա հիշատակին նվիրված հոդված: Սակայն հուզմունքն այնքան մեծ էր, որ չհաջողվեց: Հետաձգեցի... Եվ ահա հիմա, սեպտեմբերի 5-ին, նրա ծննդյան օրվա առիթով, այնուամենայնիվ, կփորձեմ լուսաբանել այդ պայծառ մարդու եւ տաղանդավոր պարողի դիմանկարը: Բարեբախտաբար, ինձ մոտ պահպանվել է այն հարցազրույցի ձայնագրությունը (2018-ի ամառ), որտեղ Վահագնը պատմում է իր կյանքի եւ գործունեության մասին :

«Ես ծնվել եմ 1995 թ. սեպտեմբերի հինգին: 12 տարեկան հասակում ընդունվել եմ Երեւանի պարարվեստի քոլեջի ժողովրդական պարի բաժինը, իսկ երկու տարուց ինձ փոխադրել են դասական բաժին, որն ավարտել եմ 2013 թ.: Բայց նախքան այդ ես անցա ընտրական փուլը եւ մասնակցեցի իմ առաջին մրցույթինՙ Լեհաստանի Գդանս քաղաքում կայացած Եվրոտեսիլի պարային մրցույթում: Այն, իհարկե, նման չէ այն դասական մրցույթներին, որոնց մենք ծանոթ ենք: Այնտեղ ուրիշ պահանջներ են: Այնտեղ պետք է կատարվեր երկու համար, առաջին փուլումՙ այն պարը, որը բեմադրված է հատկապես քեզ համար: Այն բեմադրել էր Արսեն Մեհրաբյանը: Դա հայտնի պարող, «Համբուրգ բալետի» առաջատար մենակատար Օտտո Բուբենիչիկի երաժշտությամբ պար էր, որ կոչվում է «Կապույտ ծառուղի» (Blue Alley): Երկրորդ համարը, երկրորդ փուլի համար հատուկ բեմադրված խմբական պար էր, որը պետք էր շատ կարճ ժամանակում սովորել եւ կատարել պատշաճ մակարդակով: Իհարկե, անչափ հետաքրքրական էր աշխատել եւ մերձենալ տարբեր երկրներից եկած պարողների հետ: Ինձ համար նաեւ այդ մրցույթը ժամանակակից պարի հետ ծանոթացման եւ ընկալման կարեւոր դաս հանդիսացավ:

Ինչպես ասացի, 2013 թ. ավարտեցի պարարվեստի ուսումնարանը եւ ընդունվեցի աշխատանքի օպերայի եւ բալետի թատրոն: Հետո 2014-2016 թթ. ծառայում էի բանակում, այնուհետեւ վերադարձա թատրոն: 2016-ից մինչեւ օրս կատարել եմ հետեւյալ դերերը. Սպաՙ Բիզե-Շչեդրինի «Կարմեն-սյուիտ»-ում, Ծաղրածուՙ Խաչատրյանի «Դիմակահանդեսում», Հովիվՙ «Սպարտակ» բալետում, ինչպես նաեւ մի շարք դասական զուգապարերում եւ մենապարերումՙ համերգային կատարմամբ:

Մասնակցել եմ 2016 թ.-ին Տալլինի Միջազգային բալետային մրցույթում եւ գրավել եմ երրորդ տեղը, իսկ 2018 թ. Ռիգայում, 4-րդ Միջազգային Բալթյան բալետային մրցույթում գրավել եմ 2-րդ տեղը, իսկ 1-ին տեղը ոչ մեկին չի շնորհվել»:

Ահա այսքան հակիրճ Վահագն Մարգարյանը շարադրեց իր կենսագրությունը: Նրա պատմածը լրացրեց Ռուբեն Մուրադյանը , որը նրա փորձավարն էր վերջին մրցույթին նախապատրաստվելու ընթացքում: Մասնավորապես նա նշեց, որ, անշուշտ, նա կարող է աշխատել Վահագնի հետՙ կատարելագործելով նրա պարային տեխնիկան, սակայն ընդգծեց, որ հնարավոր չէ պարողին հաղորդել ո՛չ բեմական հմայք եւ ո՛չ էլ արտահայտչականություն:

Այս հարցում մենք միանգամայն համաձայն ենք Մուրադյանի հետ: Իրոք, Վահագն Մուրադյանը բնությունից օժտված էր պարային ընդունակություններով: Հանդիսատեսին հրապուրում էին թե՛ նրա բարձր թռիչքը, թե՛ նրա հմուտ պտույտները եւ զուգապարային տեխնիկայի տիրապետումը: Սակայն, մեր կարծիքով, նրա ամենամեծ առավելությունն այն էր, որ նա արտակարգ արտահայտիչ էր: Հաճախ ենք տեսնում, թե ինչպես մենապարողները բարդ տեխնիկական շարժումներ կատարելիս դուրս են գալիս կերպարից, դեմքն ընդունում է լարված արտահայտություն, մի խոսքով, ամեն ինչ ուղղված է դժվար շարժումները ճշգրիտ կատարելուն: Վահագն Մարգարյանի առանձնահատկությունն այն էր, որ նա ամեն պահ լի էր հուզականությամբ, թռիչքներն ու պտույտները նույնպես չափազանց արտահայտիչ էին, եւ նա միշտ «կերպար» էր, ոչ թե «կատարող»ՙ լիներ վարիացիա դասական պարում, թե դեր ամբողջական բալետում:

2018 հոկտեմբերին թատրոնը ցուցադրեց նոր բալետՙ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինոն» Գենրիխ Մայորովի բեմադրությամբ, որտեղ Վահագնը առաջին անգամ հանդես եկավ առաջատար պարողի ստատուսումՙ բալետի գլխավոր կերպարում: Պետք է նշել, որ «Չիպոլինո» բալետը տեխնիկապես բարդ է եւ միաժամանակ պահանջում է գլխավոր դերակատարից արտահայտչականության լայն երանգապնակՙ կատակերգականից մինչեւ հերոսականը: Ահա սա միանգամայն հաջողվեց Վահագնին... Սակայն դա նրա բալետի հերոսի առաջին ու վերջին կատարումն էր... Ավաղ...

2019 թ. մայիսին տեղի ունեցավ Վահագն Մարգարյանի մասին «Հինգ տառ» բալետի առաջնախաղը: Ահա թե ինչ պատմեց մեզ այդ բալետի բեմադրող բալետմայստեր Արա Ասատուրյանը .

«Այդ ներկայացման գաղափարը գալիս էր Ռուբեն Մուրադյանից, նա ասացՙ դու կարող ես դա իրականացնել, ու ոչ միայն մասնագիտորեն, այլեւ, ինչը կարեւոր է, զուտ մարդկային տեսակետից: Եվ հետո, ես ինքս շատ եմ շփվել Վահագնի հետ:

Անշուշտ, դա շատ պարտավորացնող պահ էր:

Բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի հետ քննարկում էինք նաեւ այդ ներկայացման հայեցակարգը: Փորձում էինք հասկանալ, թե ինչպես կարելի է դա ցույց տալ, որովհետեւ, իհարկե, հարց է, թե ինչպես կարելի է ներկայացման մեջ ցույց տալ մի մարդու, որին դու գիտեիր բեմից: Կարեւոր էր ստեղծել մի ներկայացում, որն արտահայտում էր Վահագնի ոգին, բայց ոչ իրենՙ Վահագնին, որպես բեմական կերպար, որովհետեւ ճիշտ չէր լինի, եթե որեւէ մեկը հանդես գար նրա դերում: Սա ներկայացում էր երիտասարդ մարդու մասին, որի կյանքը կարճ տեւեց, որն այդքան շատ բան չարեց, շատ բան չապրեց, որի կյանքում շատ իրադարձություններ չեն կատարվել: Սակայն կային մի շարք զվարճալի պահեր նրա կյանքից, որոնք մենք ձգտում էինք ցուցադրել որպես էսքիզներ: Ներկայացման հիմքում մի շարք պատմություններ են, որոնք հենց իրենքՙ պարողները, պատմում են Վահագնի անունից: Մենք ընտրեցինք հինգ պարող, որոնք քիչ թե շատ տիրապետում էին բեմական խոսքին եւ կարող էին հաղորդել այդ երիտասարդի ապրումների գամման: Նրանք բոլորը խոսում էին Վահագնի անունից, անկախ նրանիցՙ խոսողն աղջիկ էր, թե տղա: Նրանցից ոչ մեկը առանձին չէր կարող լինել Վահագն, բայց միասին ցույց էին տալիս, որ Վահագնը մեզ հետ է, մեր մեջ է, որովհետեւ նրանք նույնպիսի երիտասարդներ են, նրա հասակակիցները, որ նրանք ապրում են նույն զգացմունքները, որ ապրել է նա:

Կար բանալի, հայեցակարգային մաս, որի հիման վրա արդեն զարգանում էր ինքըՙ բալետը, կային անցումներ, որտեղ մենք աշխատեցինք թավշյա կերպով անցնել խոսքից դեպի պար: Մենք աշխատեցինք չխոսել ինչ-որ տխուր, ողբերգական պահերի մասին: Ե՛վ տեքստի, ե՛ւ պարերի, ե՛ւ ամբողջ ներկայացման բնույթը եղել է թեթեւ, ինչպիսին եղել է ինքըՙ Վահագնը: Եվ նույն պատճառով, որպես երաժշտական կազմածո մենք ընտրեցինք ջազը: Մայլզ Դեվիս, Չեթ Բեյքեր, նաեւ Լուի Պրիմի «Just a Gigolo» երգը: Վերջինս ներկայացման մեջ առաջարկեց ընդգրկել Ռուբեն Մուրադյանը, որովհետեւ այդ երգը սիրում եւ հաճախ երգում էր Վահագնը, եւ այդ երգի բովանդակությունը հարազատ էր Վահագնի ապրած կյանքին: Դա երգ է ժիգոլոյի մասին, որն ասում է, որ ուշ թե շուտ կավարտվեն իր արկածները, նա ծաղրածու է, որը հոգու խորքում շատ միայնակ է եւ որը գիտի, որ ուշ թե շուտ նա արդեն չի լինի, ուզում եք ծիծաղեք, թե լացեք: Եվ ինչ-որ տարօրինակ ձեւով այդ տրամադրությունը համընկավ Վահագնի տրամադրության հետ, այդ մասում սոլոն կատարում է Արշակ Ղալումյանը:

Ներկայացման մեջ կար նաեւ մի պահ, որտեղ երաժշտությունը դադարում էր, եւ միայն քամու ձայն է լսվում: Այստեղ ես օգտագործեցի մի հատված իմ այլՙ «Աշխարհի արարումը» Ավետարանների հիմամբ ստեղծված բեմադրությունից: Այնտեղ կար մի դրվագ Բեթհովենի 7-րդ սիմֆոնիայի երկրորդ մասի ուղեկցությամբ, որտեղ ամբոխը գնում էր մոլորված: Ես վերցրի այդ հատվածը, սակայն, չօգտագործեցի Բեթհովենի երաժշտությունը, այլ ներմուծեցի քամու ձայնը: Դա մի տխուր պահ էր, որովհետեւ այն բեմադրության մեջ այդ տեսարանում մասնակցում էր նաեւ Վահագնը եւ զարմանալիորեն նա կատարում էր շարժումներ այնպիսի երանգով, կարծես նախազգում էր, որ շուտով ինքն արդեն չի լինի: Կարծես իր ճակատագրի մասին էր պատմում: Այդ է պատճառը, որ ես այդ մասն ընդգրկեցի «Հինգ տառ» ներկայացման մեջ: Այդ դրվագը կանխորոշում էր ուրախ ավարտ, եւ բալետի ավարտն իսկապես շատ ուրախ էր: Եվ շատերը ասում էին, որ դրանից ավելի շատ էին հուզվում:

Պատմեմ նաեւ բեմի ձեւավորման մասին: Մեզ մոտ ստացվել է համարյա առանց ձեւավորման ներկայացում: Մենք նույնիսկ կուլիսները հանեցինք եւ անմիջապես այնտեղ տեղադրեցինք լուսարձակներ, իսկ հետնավարագույրի վրա շատ շնորհալի նկարիչ Հրանտ Սիմոնյանը ստեղծեց անիմացիա: Դա ծառ էր, երեւի թե ոչ «կենաց ծառ» իմաստով, այլ ծառի գոյությունը մի գարունից մյուս գարուն, իր տարբեր դրսեւորումներովՙ ձմռան պահին, բողբոջներով, ծաղկած եւ այլն: Այդ ձեւավորումը նույնպես մթնոլորտ էր ստեղծում:

Զգեստները երիտասարդական առօրեական ժամանակակից հագուստն էր, ինչն ընդգծում էր, որ դա ներկայացում է երիտասարդի մասին, երիտասարդության մասին:

Խոսող մարդիկն էին Արշակ Ղալումյանը, Մարիամ Ասլանյանը, Կարինե Կարապետյանը, Տաթեւիկ Բոլշիկյանը, Լեւոն Գրիգորյանը:

Ընդհանուր առմամբ մենք աշխատեցինք, որ մասնակիցներից ամեն մեկն ունենա գոնե մի փոքր մենապար, ինչն ընդգծում էր, որ նրանցից ամեն մեկը կարող էր լինել Վահագնի տեղը, ցույց է տալիս երիտասարդության ապրումները»...

Ինչպես քաջ հայտնի է, պատմությունը չի հանդուրժում «եթե» բառը: Եթե դժբախտ պատահարը չզրկեր Վահագնին կյանքից, ապա... Ոչ մի «եթե», եւ ոչ մի «ապա»...

Սա է Վահագն Մարգարյանի կարճ, բայց իր 23 տարվա համար բավականաչափ հարուստ կատարողական ճանապարհը, նկարագիրը եւ հիշողությունը նրա մասին...

Աստված հոգին լուսավորի...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #35, 20-09-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ