RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 27-09-2019



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2019-09-26 21:39:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 2288, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉ ՄԱՔՍԻՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար աշխատող

Հիրավի, դժվար է գերագնահատել Մաքսիմ Մարտիրոսյանի ներդրումը ոչ միայն հայ, այլեւ աշխարհի տարբեր երկրների բալետային արվեստի ասպարեզում: Եվ նմանապես դյուրին չէ մեկ հոդվածում բացահայտել նրա լայնածավալ գործունեությունը պարարվեստի ոլորտում: Նա մշակույթի պատմության մեջ հետք է թողել որպես կատարող, դասավանդող, փորձավար, եւ, ամենակարեւորը, որպես բալետմայստեր եւ խորեոգրաֆիկ ուսուցման կազմակերպիչ ու բալետային թատրոնի ղեկավար:

Իր կյանքի ընթացքում նա ստեղծել է բազում հորինվածքներՙ սկսած փոքր եւ պարային համարներից մինչեւ մեծածավալ բալետները: Նրա ձեռքի տակ են անցել բազմաթիվ հայ ու ռուս բալետի այսօրվա ամենահայտնի պարող-պարուհիները եւ խորեոգրաֆները: Սակայն դառնանք սկզբին:

Մաքսիմ Մարտիրոսյանը Սահակ Մարտիրոսյանի բազմազավակ ընտանիքի կրտսեր երեխան էր: Հայրը ծագումով Նուխայից է: Այստեղ եւ հետագայում, երբ ընտանիքը տեղափոխվեց Երեւան, նա հայտնի էր որպես մոդելային կոշիկներ կարող վարպետ, ինչպես նաեւ «սնխչի», որը տիրապետում էր այլընտրանքային բուժման այնպիսի ձեւերի, որ նրանից խորհրդատվություն էին հարցնում հայտնի բժիշկներ: Եվ երեւի թե նրա ամենամեծ վաստակն ու պարգեւն են իր զավակներըՙ գեներալ-մայորներ Ռաֆայել Մարտիրոսյանն ու Սերգեյ Մարտիրոսյանը, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Մարուսյա Մարտիրոսյանը եւ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանը:

1940 թ. Սահակ Մարտիրոսյանը հանկարծամահ եղավՙ թողնելով ընտանիքը ծայրագույն դժվար կիսաքաղց եւ կարիքավոր կացության մեջ: Եվ ահա Մարուսյա Մարտիրոսյանը տարավ իր կրտսեր եղբորը Երեւանի պարարվեստի ուսումնարան: Այստեղ դասընթացն ավարտելուց հետո նա 1950 թ. մեկնեց Մոսկվա, որտեղ երկու տարի եւս սովորեց Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում: Այստեղ նրան դասավանդում էին հանրահայտ Ալեքսեյ Ռուդենկոն (դասական պար) եւ Նիկոլայ Սերեբրյաննիկովը (զուգապար): Դա այսպես կոչված «աստղային» դասարան էր, որտեղ սովորում էին Խորհրդային Միության ապագա ժողովրդական արտիստ, Մեծ թատրոնի հանրահայտ առաջատար պարող Նիկոլայ Ֆադեեչեւը եւ Ռուսաստանի Ֆեդերացիայի ժողովրդական արտիստ, ականավոր բալետմայստեր Նատալյա Կասատկինան: Ավարտական համերգին Մարտիրոսյանը կատարեց Սատանայի դերը «Գիշերը Սուրբ Ծննդից առաջ» (Ն. Ռիմսկի-Կորսակովի երաժշտությամբ) համարում, իսկ նրա զուգընկերուհին էր արդեն այդ պահին Մեծ թատրոնի ամենաճանաչված առաջատար պարուհի Մարինա Սեմյոնովան:

Պետք է նշել, որ Ռուդենկոն շատ մեծ հոգատարությամբ էր վերաբերվում Հայաստանից եկած իր աշակերտին, տանում էր նրան թանգարաններ, թատրոններ, նաեւ ներմուծեց նրա մեջ մեծ սեր գեղարվեստական գրականության հանդեպ: Հիրավի, Մաքսիմ Մարտիրոսյանը բազմակողմանի զարգացած, համաշխարհային եւ հայ գրականությանը ու պատմությանը, գեղարվեստին ու երաժշտությանը քաջածանոթ անձ է:

Եվ այսպես, 1952 թ. նա վերադարձավ Երեւան եւ միանգամից ստանձնեց թե՛ Սպենդիարյանի անվ. թատրոնի առաջատար մենակատարի, եւ թե՛ պարարվեստի ուսումնարանի դասավանդողի պաշտոնները:

Որպես առաջատար պարող, մոտ 20 տարվա ընթացքում կատարեց բազում դերեր խաղացանկի թե՛ դասական բալետներում եւ թե՛ հայ եւ ռուս բալետմայստերների նոր բեմադրված բալետներում: Վարժ տիրապետում էր ե՛ւ մենապարային, ե՛ւ զուգապարային հմտությունների, առանձնանում էր մեծ թռիչքներով: Բայց, երեւի թե, ամենակարեւորը նրա դերասանական վարպետություն էր, որի շնորհիվ նրա կատարած կերպարները տպավորվում էին ժամանակի հանդիսատեսի հիշողության մեջ:

Որպես դասավանդող պետք է անպայման առանձնացնել նրա «աստղային դասարանը», որը 1959 թ. ավարտեց ուսումնարանը: Այդ տարվա շրջանավարտներից էին հանրաճանաչ պարող, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մարիկյանը: Քիչ ուշ նրա հայտնի դարձած շրջանավարտներից է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:

1959 թ.-ից մինչեւ 1971 թ. Մաքսիմ Մարտիրոսյանը եղել է Երեւանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը: Այդ պահին սկսվեց նաեւ նրա բեմադրողական գործունեությունը: Մեծ հմտությամբ Մարտիրոսյանը ստեղծում էր փոքր եւ մեծ ծավալի համերգային համարներ:

1967-1971 թթ. Մարտիրոսյանը ստանձնել է նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը: Այդ տարիներին բեմադրել էՙ Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1967), Օրբելյանի «Անմահություն» (1969), Հովհաննիսյանի «Անտունի», (1969), Խաչատրյանի «Գայանե» (1970) բալետները, ինչպես նաեւ Դավթյանի «Երջանկության համար» բալետը (1969), որը կատարվեց Երեւանի պարարվեստի ուսումնարանի սաների ուժերով: Բոլոր թվարկած բեմադրությունները նորովի ոճ բերեցին հայ բալետային բեմ: Սակայն նրանցից մեկը առանձնահատուկ տեղ է գրավում հայ մշակութային կյանքում: 1969-ին նշվեց Կոմիտաս Վարդապետի ծննդյան 100-ամյակը, եւ նույն տարում Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բեմում կայացավ Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի առաջին ցուցադրումը Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությամբ: Այս փաստը նշանակալից է առնվազն երկու պատճառով. սա առաջին բալետն է Եղեռնի մասին եւ առաջին բալետն է Կոմիտաս Վարդապետի մասին:

1971-1987 թթ. նա եղել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը, որտեղ ուսումնարանի ուժերով ներկայացրել է «Դաս-համերգ» ռուս կոմպոզիտորների երաժշտությամբ (1972) «Խորեոգրաֆիկ ֆանտազիաներ» Հենդելի, Բախի, Մոցարտի, Դեբյուսիի, Բրիտենի, Պրոկոֆեւի երաժշտությամբ (1974), Օվչիննիկովի եւ Կիկտայի «Նվիրումը» (1975), Չուռլյոնիսի «Հեքիաթ քահանային եւ նրա Բալդի ծառայի մասին» (1976), Դելիբի «Կոպելիան» (1977), Գերտելի «Իզուր զգուշավորությունը» (1979), «Հիշողություններ անցյալից» Պունիի երաժշտությամբ եւ այլ բեմադրություններ:

Պետք է ակնարկել, որ Մաքսիմ Մարտիրոսյանը բազում տարիներ լինելով Երեւանի, իսկ այնուհետեւ` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը, ոչ միայն կազմում էր հաշվետու-ավարտական համերգների ծրագրերը, այլ նաեւ այդ ծրագրերում կատարվող մեծ քանակությամբ հորինվածքների բեմադրողն էր: Սա պայմանավորել էր նրա ստեղծագործական ձեռագրի որոշ առանձնահատկությունները: Առաջին հերթին դա վերաբերում է նրա ինչպես դասական բալետի տեխնիկայի, այնպես էլ ձեւ-կառուցվածքների հիմնովին տիրապետմանը: Պետք է հատուկ ընդգծել այն հանգամանքը, որ ստեղծելով բեմադրություններ պարարվեստի ուսումնարանի սաների համարՙ նա պետք է, անշուշտ, հաշվի առներ փոքր դասարաններից մինչեւ ավարտական կուրսերի աշակերտներիՙ դասական տեխնիկայի տիրապետման մակարդակը: Մարտիրոսյանի վարպետությունըՙ որպես խորեոգրաֆի, ոչ միայն հետաքրքրական հորինվածքներ ստեղծելու մեջ էՙ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Ուսումնարանի համար ստեղծված բեմադրությունների մեջ կան այնպիսի պարային համարներ, որոնցում միավորվում են բոլոր դասարանների աշակերտները: Եվ նրան հաջողվում էր բեմադրել շատ օրգանական հորինվածքներ, երբ հանդիսատեսն արդեն դադարում էր նկատել մասնակիցների տարիքային տարբերությունները եւ համահունչ ու գեղեցիկ բեմադրությունն ընկալվում էր որպես ամբողջականություն:

Հանրահռչակ պարողներ Միխալչենկոն, Անանիաշվիլին, Անիսիմովը, Լիեպան եւ բազում այլ պարողներ նրա ղեկավարությամբ նախապատրաստվեցին ամենանշանակալի միջազգային բալետային մրցույթներին եւ արժանացան ամենաբարձր պարգեւների:

Մոսկվայում աշխատելու տարիներին Մարտիրոսյանը բեմադրել է նաեւ «Գայանե» բալետըՙ 1971-ին Վորոնեժի օպերայի եւ բալետի թատրոնում (որի համար արժանացել է Խորհրդային Միության Պետական մրցանակի), 1973-ինՙ Ուլան-Ուդեում եւ 1984-ինՙ Մոսկվայի Մեծ թատրոնում:

1987 թ. վերադարձել է Երեւան, շարունակել իր գործունեությունը որպես Երեւանի պարարվեստի ուսումնարանի գլխավոր խորհրդատու: 1988-1989 թթ. նորից գրավել է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը: Այդ թատերաշրջանում բեմադրել է Դելիբի «Կոպելիա» բալետը իր ուրույն մեկնաբանությամբ: Երեւանի մանկական երաժշտական թատրոնում եւ 1997 թ. իր իսկ հիմնադրած Պարարվեստի պետական թատրոնում 1988-2004 թթ. բազում ներկայացումներ ու մեծ համերգային ծրագրեր է բեմադրել ու ցուցադրել հայ եւ արեւմտյան կոմպոզիտորների երաժշտությամբ: Դրանցից հատկապես նշենք Ճգնավորյանի եւ Մավիսակալյանի «Սուրբ Հռիփսիմե եւ Տրդատ» վոկալ-խորեոգրաֆիկ պոեմը, որի սցենարի հեղինակը եւ բեմադրիչն է Մաքսիմ Մարտիրոսյանը: Բալետը անմիջականորեն հենվում է Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» «Հռիփսիմյանների վկայաբանության» ՅԳ-ԻԲ գլուխների վրա: Աղբյուրի դրվագների մի մասը չի ստացել տեսողական պարային մեկնաբանություն: Սակայն աներեւույթ Պատմիչի ձայնը շարադրում է, թե ինչ է կատարվել տեսարանների միջեւ:

Նման պատմողական ասքի եւ բեմական գործողություն միակցությունը թույլ է տալիս դասել «Սուրբ Հռիփսիմե եւ Տրդատ» բալետը վիպական-դրամատիկական ժանրին: Վոկալ դրվագները ոչ պակաս դեր են խաղում գործողության կառուցվածքի համատեքստում: Ընդհանուր առմամբ, բալետի դրամատուրգիան զարգանում է հեթանոսական եւ քրիստոնեական աշխարհների հակադրական համադրանքի սկզբունքով:

Մաքսիմ Մարտիրոսյանը զանգվածային պարային շարվածքների կառուցման հմուտ վարպետ է: Թե՛ անշարժ (ստատիկ), թե՛ շարժընթաց, եւ թե՛ մեկից մյուսին անցման զանազան շարվածքների տարբերակներ ներկայացնելովՙ նա ձգտում է երաժշտական հոմոֆոնիկ եւ պոլիֆոնիկ բազմաձայնության բազում հնարքների տեսողական վերարտադրությանը:

Տեղին է բնորոշել Մարտիրոսյանի ազգային պարային ֆոլկլորի իմաստավորման եւ մատուցման առանձնահատկությունները: Նրա կոմպոզիցիաներից ոչ մեկը ժողովրդական որեւէ պարի բեմականացումը չէ: Ընդհանուր հայ ժողովրդական պարերի շտեմարանից (համակարգից) Մարտիրոսյանն առանձնացնում է դիրքեր, դրվածքներ, խմբական պարերում մասնակիցների ձեռքերի միակցման տեսակներ, տարբեր պարային ժանրերին հատուկ շարվածքներ (կլոր, ողղագիծ) եւ ստեղծում է սեփական խորեոգրաֆիկ պարտիտուրը, որտեղ նշված տարրերը միավորվում, համակցվում են ուրույն հեղինակային հորինվածքային սկզբունքով: Եվ ամեն մի տարրը ստանում է գործառույթային, կառուցվածքային եւ իմաստային բովանդակություն, զարգանում է, ձեւափոխվում, ենթարկվում ելեւէջային մշակման, մտնում է բարդ հորինվածքային դարձվածքների մեջ եւ ապահովում է բալետի խորեոգրաֆիկ լեզվի ամբողջականությունը, պարային դրամատուրգիայի զարգացումը երաժշտական սիմֆոնիկ զարգացման սկզբունքներով:

Մաքսիմ Մարտիրոսյանը բեմադրություններով, խորհրդատվություններով, հյուրախաղերով հանդես է եկել 40-ից ավելի երկրներում:

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին լրացավ նրա 88-րդ տարեդարձը:

Այսօր նա չի ստեղծագործում, չի դասավանդում: Սակայն մենք ցանկանում ենք շնորհավորել եւ մեր մեծ երախտագինությունը հայտնել այդ մեծ արվեստագետ, մեծ ուսուցիչ, ականավոր բալետմայստեր, իր հայրենիքի մեծ նվիրյալ Մաքսիմ Մարտիրոսյանին:

Նկար 1. Տեսարան Մաքսիմ Մարտիրոսյանի «Անտունի» բալետից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #36, 27-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ