RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 04-10-2019



Տեղադրվել է` 2019-10-03 21:00:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 129, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵՑ ՄԵԾԱՏԱՂԱՆԴ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ

ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆ

Հոկտեմբերի 1-ին, Մոնրեալում, երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց մեծատաղանդ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը, 86 տարեկանում: Կորուստը իսկապես ծանր է, քանի որ այս արվեստագետը, ինչպես բոլոր մեծ արվեստագետները, անփոխարինելի է:

Առաջիկա շաբաթ, մեր մշակութային այս էջերում իրենց հրաժեշտի խոսքը կասեն Տիգրան Մանսուրյանը, Մարտին Միքայելյանը, Երվանդ Ազատյանը (Դետրոյթ), Գրիգոր Պլտյանը (Փարիզ), Հարություն Նագուլյանը (Բեյրութ), Երվանդ Տեր-Խաչատրյանը եւ ուրիշներ:

Մինչ այդՙ մեծ արվեստագետի կյանքի քրոնիկոնըՙ ծննդից մինչեւ մահ, ի պէտս զարգացելոց, նաեւՙ համբակաց:


1933 - Արտո Չաքմաքչյանը ծնվել է հունիսի 26-ին, Եգիպտոսում, Հելիոպոլիս քաղաքում, գրավաճառ Սուրեն Չաքմաքչյանի եւ Արմենուհի Մելիքյանի ընտանիքում: 1943-ին հայրը վախճանվում է:

1948 - Մոր եւ կրտսեր եղբորՙ Գրիգորի հետ ներգաղթում է Հայաստան: Նույն տարում նա ընդունվում եւ 1953-ին ավարտում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը:

1953 - Ընդունվում է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, որն ավարտում է 1959-ին:

1961 - Արտո Չաքմաքչյանը դառնում է Արվեստի ինստիտուտի գիտական աշխատակից, տարիներ շրջում է Հայաստանում, ուսումնասիրում է հայ հին մշակույթը, Հայաստանի հնավայրերը եւ նյութեր է հավաքում «Միջնադարյան Հայաստանի դեկորատիվ արվեստը» (Լենինգրադ, 1971) գրքի համար:

1962 - Մասնակցում է Պրահայում կազմակերպված կիրառական արվեստի միջազգային ցուցահանդեսին եւ շահում է իր առաջին միջազգային մրցանակը:

1964 - Ծանոթանում է ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանին, որը մեծ դեր է խաղում նրա կյանքում:

1968 - Սոֆիայում (Բուլղարիա) բացում է քանդակի եւ գրաֆիկայի անհատական ցուցահանդես:

«Մայրը» եւ «Առնո Բաբաջանյան» քանդակների համար Մոսկվայում արժանանում է ոսկե մեդալի եւ միեւնույն ժամանակ դառնում է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության առաջին դափնեկիրը:

1969 - Ծանոթանում եւ ամուսնանում է Նաիրի Պահլավունիի հետ:

1971 - Ծնվում է որդինՙ Սուրենը:

1975 - Ընտանիքով հեռանում է Հայաստանից եւ հաստատվում Մոնրեալում (Կանադա): Ծանոթանում եւ բարեկամանում է Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփա Կարպիս Քորտյանին:

1976 - Անհատական ցուցահանդես Օքսֆորդում: Ստեղծում է նշանավոր փիլիսոփաներ Լեշեկ Կոլակովսկիի եւ Ալեն Մոնտեֆիորիի, եւ այնուհետեւ Ժան-Ֆրանսուա Լիոտարի, Շառլ Թայլորի եւ Ռայմոնդ Կլիբանսկիի քանդակները:

1977 - Օտտավայում ծանոթություն եւ բարեկամություն է հաստատում Յուսուֆ Քարշի հետ: Բացում է անհատական ցուցահանդես Քվեբեկի Ազգային գրադարանում:

1978 - Սկսում է քանդակ եւ նկարչություն դասավանդել Մոնրեալի եւ Քվեբեկի համալսարաններում:

1980 - Ընդունում է Մեծ Բրիտանիայի Արքայական ակադեմիայի առաջարկըՙ ստեղծելու Նոբելյան մրցանակի դափնեկիր սըր Փիթեր Մեդավարի կիսանդրին: Նույն տարում ծանոթանում է Հենրի Մուրին, լինում է նրա արվեստանոցում:

1981 - Ընդունում է Դետրոյթում Կոմիտաս Վարդապետի չորս մետրանոց արձան ստեղծելու առաջարկը:

Անհատական ցուցահանդես Բերկլիի համալսարանում (Կալիֆորնիա): Զուգահեռաբար երկու քանդակի («Հիրոշիմա» եւ «Կանգնած մարդը») ցուցադրություն Սթենֆորդի համալսարանում: Այդ քանդակները համալսարանի ֆիզիկայի բաժնի ղեկավար պրոֆ. Պանոֆսկիին ժամանակին նվիրել էր ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանը:

1982 - Ծնվում է դուստրըՙ Աստրիդը:

1984 - Տորոնտոյում տեղադրվում է Արտո Չաքմաքչյանիՙ չորս մետր բարձրությամբ «Վերածնունդ» քանդակը:

1984 - Շահում է Մոնրեալի Արվեստների հրապարակում դրվելիք հռչակավոր դիրիժոր Ուիլֆրիդ Պելետիերի քանդակի համար հայտարարված մրցույթը: Բացում է անհատական ցուցահանդես Արվեստների հրապարակի Ուիլֆրիդ Պելետիերի սրահում:

1985 - Ծանոթանում է գերմանացի փիլիսոփա Հանս-Գեորգ Գադամերի հետ եւ ստեղծում է նրա կիսանդրին: Այն այսօր տեղադրված է Հայդելբերգի Գիտությունների ակադեմիայում:

1986 - Մոնրեալում տեղադրվում է Արտո Չաքմաքչյանի «Կանգնած մարդը» երեք մետրանոց քանդակը:

1987 - Իրագործում է Վիրջինիայում Ռոսլինին նվիրված վեց մետրանոց կոմպոզիցիոն քանդակը:

1990 - Ընդունում է Նյու Ջերսիում բրոնզե մեծ քանդակ տեղադրելու առաջարկը:

Անհատական մեծ ցուցահանդես է բացում Մոնրեալում:

1991 - Ընտրվում է Կանադայի Գեղարվեստի արքայական ակադեմիայի անդամ:

1995 - Վեց աշխատանքով մասնակցում է Բոխումում (Գերմանիա) բացված հայկական արվեստի ցուցահանդեսին, մի քանի աշխատանքով մասնակցում է Ֆրանսիայում Պոնտիվի, Նանտ, Մեց եւ այլ քաղաքներում կայացած ցուցահանդեսներին:

1996 - Երեսուն աշխատանքով ցուցահանդես Փարիզում:

Ցուցահանդեսներն ու պատկերագրքերը այլեւս բազմաթիվ են, մեծաթիվ է նաեւ իր արվեստի շուրջ ստեղծված գրականությունը:

2010 - 1966-ից 1974 թվականներին ստեղծված գրաֆիկայի մեծ ցուցահանդեսՙ «Դիմակներ» խորագրի ներքո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի Արվեստների կենտրոնում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրատարակում է Արտո Չաքմաքչյանի գրաֆիկայի մեծադիր շքեղ պատկերագիրքը:

Երեւանում հրատարակվում է Արտո Չաքմաքչյանի մեծադիր եւ շքեղ երկու պատկերագիրքըՙ «Դիմակներ» (2006) եւ «Արտո Չաքմաքչյան. Քանդակ եւ գրաֆիկա» (2016):

2015 - Գաֆեսճյան արվեստի կենտրոնում (Երեւան) կազմակերպվում է Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսը: Կենտրոնը հրատարակում է «Արտո Չաքմաքչյան. Վերածնունդ» պատկերագիրքը:

2019 - Հոկտեմբերի 1-ին Մոնրեալում կնքում է իր մահկանացուն:

Նկար 2. Ա. Չաքմաքչյան. «Քայլող մարդը»

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 04-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ