RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 04-10-2019



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-10-03 21:00:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 127, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ 20-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Հրաչյա ԲԱԼՈՅԱՆ

Հայ լեզվաբանությունը դարերի պատմություն ունի, բայց չնայած դրան, տեւական ժամանակ մեր իրականության մեջ լեզվաբանությանը նվիրված գիտական պարբերական չի եղել: 2003 թ. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից հիմնադրվեց «Լեզու եւ լեզվաբանություն» գիտական հանդեսըՙ առաջին լեզվաբանական պարբերականը հայ իրականության մեջՙ իր գործի նվիրյալ, վաստակաշատ լեզվաբան, նույն ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.դ.պրոֆ. Վազգեն Համբարձումյանի նախաձեռնությամբ, որ մինչեւ օրս հանդեսի գլխավոր խմբագիրն է:

«Լեզու եւ լեզվաբանություն»-ը բացվում է Գեւորգ Ջահուկյանի լավագույն հոդվածներից մեկով, որն արդի հայերենագիտության համար ունի շրջադարձային նշանակություն. այն լույս էր տեսել անգլերեն, այնուհետեւ թարգմանվել հայերենՙ հանդեսի համար:

Հանդեսն ունի ավանդական կառուցվածքՙ «Հոդվածներ», «Բանավեճ եւ քննարկում», «Հաղորդումներ», «Գրախոսություններ», «Գիտական կյանք» եւ այլն: Այստեղ լուսաբանվում, արծարծվում են լեզվիՙ իբրեւ առարկայի, լեզվաբանությանՙ իբրեւ տեսության հարցերը, գրախոսական հոդվածներով անդրադարձ է արվում նոր հրապարակվող լեզվաբանական աշխատություններին, լուսաբանվում է ոլորտի գիտական կյանքը: Յուրաքանչյուր հոդված կարող է հրապարակվել հեղինակի նախընտրած լեզվով (առավելապեսՙ հայերեն, նաեւ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլն): Տպագրվում են բացառապես գիտության թեկնածուների եւ դոկտորների հեղինակած նյութերը: Խմբագրական խորհուրդը ներառում է ոլորտի առաջատար հայ եւ օտարազգի մասնագետներիՙ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից. տպագրվելիք նյութերի ընտրությունը կատարվում է գիտական պատշաճ մակարդակ ապահովելու պահանջով:

Պարբերականն ունի միջազգային հանդեսի կարգավիճակՙ կարելի է ասել, իր գրեթե բոլոր չափորոշիչներով: Վ. Համբարձումյանի, խմբագրակազմի եւ աշխատակիցների անձանձիր, բարեխիղճ ու բոլորանվեր աշխատանքի եւ բարձր պատասխանատվության շնորհիվ հանդեսը մեծ հեղինակություն է վայելում գիտական հանրության մեջ, ունի բարձր վարկանիշ, լավագույններից մեկն է Հայաստանում:

Պարբերականը լույս է տեսնում տարին երկու անգամ, տարածվում է մեր երկրի գիտական, ուսաումնական հաստատություններում, ընդգրկված է ԳԱԱ լեզվի ինստիտուտի էլեկտրոնային կայքում:

Սեպտեմբերի 20-ին Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ հանդեսի 20-րդ հոբելյանական համարի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, բ. գ. դ. Վիկտոր Կատվալյանը : Վերջինս, շնորհավորելով պարբերականի խմբագրակազմին` նրան մաղթեց նորանոր ձեռքբերումներ, գիտության աշխարհում հանդեսի շարունակական առկայություն եւ անընդհատ վերելք: Տնօրենն ընդգծեց, որ նմանատիպ հանդես ունենալու գաղափարը Վ. Համբարձումյանինն է, ընթերցեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքը գիտական պարբերականի մասին: Վ. Համբարձումյանը ներկայացրեց հանդեսի ստեղծման պատմությունը, նշեց, որ «մինչ օրս հանդեսն ունեցել է շուրջ 120 մամուլ ծավալով հրապարակում, որը, ինչ խոսք, յուրօրինակ ձեռքբերում է արդի հայագիտության, ամենից առաջ մեր երկրում առհասարակ լեզվաբանության զարգացման ճանապարհին»: Ելույթներ ունեցան նաեւ «Տաթեւ» գիտակրթական համալիրի լեզվաբանության բաժանմունքի ղեկավար Հովհաննես Զաքարյանը , Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը , Երեւանի պետական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Վարդան Պետրոսյանը , մանկավարժական համալսարանի հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը , Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության եւ հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ Կարինե Աբրահամյանը , Գավառի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը , Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Մհեր Քումունցը , ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ Գայանե Մխիթարյանը , Լիանա Հովսեփյանը , Նեկտար Սիմոնյանը (գլխավոր խմբագրի տեղակալ), Ռոբերտ Թոխմախյանը: Միջոցառման վերջում ամփոփիչ ելույթով հանդես եկավ Վ. Կատվալյանը, նա խոսեց լեզվի ինստիտուտի գիտական գործունեության հեռանկարների մասին:

Երկար կյանք լեզվաբանական հանդեսին, արդյունաբեր ընթացք նրա գլխավոր խմբագրին, խմբագրական խորհրդին եւ հանդեսին աշխատակցող լեզվաբաններին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 04-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ