RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 18-10-2019



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-10-17 21:46:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 306, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶԻ ԻՄԻՏԱՑԻԱ

Նաիր ՅԱՆ

Անցած գարունն ու ամառը մեր մշակույթի համար թեժ եւ բուռն էին, բայց ոչ թե մշակութային իրադարձությունների, այլ հանրությանն ու ոլորտի գործիչներին հանկարծակիի բերող նախարարական որոշումների առումով: Թատրոնների, թանգարանների, այլ ՊՈԱԿ-ների լուծարման կամ վերամիավորման գործընթաց, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու հրաման, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հացադուլն ու դատավարությունը. վստահ չենք, թե շարքը չէր շարունակվի, եթե մշակույթի նախարարությունը վերջնականապես չմիավորվեր կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ:

Բոլոր դեպքերն էլ աղմկահարույց էին ու երկար ժամանակ հանրության ուշադրության կիզակետում: Ու բոլոր աղմկահարույց դեպքերն էլ կուլմինացիային հասան մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի պաշտոնավարման ժամանակ: Այդ ընթացքում նրա հետ յուրաքանչյուր հանդիպումը սկանդալի ու ինտրիգի էր վերածվում: Այդ ժամանակներն, իհարկե, անցան, բայց օրերս լրահոսում հայտնված մի հրապարակում ստիպեց վերհիշել մշակութային դաշտը մի քանի ամիս առաջ պարբերաբար ցնցումների մեջ գցող Նազենի Ղարիբյանի ու օպերային թատրոնի անվերջանալի թվացող հակամարտությունը:

Իհարկե, չէինք մոռացել, որ իրեն աշխատանքից ազատելու համար Կոնստանտին Օրբելյանը Նազենի Ղարիբյանին դատի է տվել, ինչպես չենք մոռացել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օպերային թատրոնի ներկայացուցիչներին ասել էրՙ եթե Նազենի Ղարիբյանի ներկայացրած փաստերից թեկուզ մեկը սխալ լինի, նրան աշխատանքից կազատի: Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու հիմնավորումների եւ այդ հիմնավորումների դեմ օպերային թատրոնի բերած հակափաստարկների ուսումնասիրությունն ինչ ընթացք ունեցավ կառավարությունում, որեւէ պարզաբանում այդպես էլ չհրապարակվեց: Ուղղակի նախարարությունները միավորելուց հետո մշակույթի նորանշանակ փոխնախարարների մեջ Նազենի Ղարիբյանի անունը չընդգրկվեց ու վերջ: Սահուն, անաղմուկ անցումը դեպի նոր ղեկավար կազմ կարծես ընդունվեց թե՛ մշակույթի գործիչների, թե՛ հանրության կողմից: Համենայն դեպս, արդեն մի քանի ամիս էՙ մեր կյանքի մշակութային երեսը չի ջղաձգվում. այդ երեսը ապագա մեծ ակնկալիքների դրոշմ չի կրում, բայցեւ հանդարտ է ու անվրդով:

Ու այդ անվրդով ու հանդարտ երեսինՙ հատկապես ճակատային մասում, օրերս զմայլանքի մի կնճռիկ երեւաց. Կոնստանտին Օրբելյանը դատը շահել է. դատարանը բավարարել է նրա հայցն ընդդեմ մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի: Ըստ այդմՙ Կոնստանտին Օրբելյանը ոչ միայն վերականգնվելու է տնօրենի պաշտոնում, այլեւ նախարարությունը կամ օպերային թատրոնը նրան վճարելու է անցած ամիսների հարկադիր պարապուրդի համար, նաեւ փոխհատուցելու է դատական բոլոր ծախսերը:

Դատական գործընթացի արդյունքների հրապարակումից հետո Նազենի Ղարիբյանը որոշակի պարզաբանումներ է հնչեցրել անցած-գնացածի մասին: Քավության նոխազ. նա կարծում է, որ, ինչպես ժողովուրդն է ասումՙ կուժն ու կուլան իր գլխին ջարդվեց, որովհետեւ որոշումները կայացվել էին դեռ իր նախորդիՙ Լիլիթ Մակունցի օրոք, պարզապես իրականացնելու գործընթացն իրեն բաժին հասավ: Այսինքնՙ «սեւ գործն» ինքը պետք է աներ եւ արեց, ինչի հետեւանքով էլ արժանացավ մշակույթի գործիչների եւ հանրության մերժմանը: Եթե նա հիմա է ասում դրա մասին, ուրեմն պետք է դեռ այն ժամանակՙ «սեւ գործն» ստանձնելիս իմանար, որ ասելու օրը գալու է, իսկ եթե «սեւ գործն» արել է քավության նոխազ դառնալու մասին ոչ մի դեպքում չասելու պայմանով, ուրեմն ինչու է դատի արդյունքների հրապարակումից հետո իր թիմի ներսում տեղի ունեցած ներքին համաձայնությունների մասին հիմա ասում: Ի վերջո, եթե մի իրավիճակ դեմ է մարդու սկզբունքներին, նրա ներքին որակներին, նա ավելի շուտ կհարաժարվի պաշտոնից էլ, իրեն հրամցված պարտադրանքից էլ, բայց այն երբեք չի իրագործի: Հարց է ծագում. Նազենի Ղարիբյանը գիտե՞ր, թե՞ չգիտեր, որ ինքն այդ պաշտոնում ժամանակավոր է, որ իր նախորդի օրոք որոշվածն ինքը պիտի իրականացնի ու շատերի աչքի փուշը դառնա: Գիտեր, բայց արե՞ցՙ իմանալով, որ շատերի աչքի փուշն է դառնալու, բայց անգամ փոխնախարարի պաշտոնում չի մնալու, թե՞ չգիտեր, որ փոխնախարարի պաշտոնում չի մնալու, բայց արեցՙ հանուն շատերի աչքի փուշը դառնալու նպատակիՙ «սեւ գործերի» պատասխանատվությունից ազատելով նախարար Արայիկ Հարությունյանին ու մշակույթի գծով նրա փոխնախարարներին:

Կոնստանտին Օրբելյանը դատը շահել է. նշանակում է այն, որ դեռ Լիլիթ Մակունցի օրոք անվերապահ վստահություն կար, թե մաեստրոյին տնօրենի պաշտոնում նշանակելն օրենքի խախտում է եւ դա ապացուցել էին նաեւ իրավաբանները, ապօրինությո՞ւն է: Նախարարությունում չե՞ն իմացել, որ եթե Օրբելյանը հետեւողական լինի (ինչը եւ արեց) եւ իրեն պաշտոնից ազատելու համար իրեն պաշտոնից ազատողինՙ պետական պաշտոնյային, դատի տա, դատը շահելու է: Նշանակում է վերին ատյաններում օրենքներն իմացող պրոֆեսիոնալ իրավաբան չկա՞, որ նախարարներին զգուշացներՙ մի՛ արեք, որովեհետւ իրավական դաշտում տանուլ եք տալու:

Եվ ինչո՞ւ պետք է հարկատուներիս գրպանից պետբյուջե ուղղվող գումարներից Կոնստանտին Օրբելյանը փոխհատուցում ստանա: Արդեն որերորդ դեպքն է, երբ դատական գործընթացի արդյունքում տույժ-տուգանքը վճարվում է պետբյուջեից: Եթե մեր երկրում քաղաքական կամք է ցուցաբերվում, որպեսզի արդարադատությունը մաքրվի, կատարելագործվի, ուրեմն պետք է նաեւ պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնատար կամ նախկին պաշտոնատար անձինք, որոնց ոչ պրեֆեսիոնալ, անփույթ գործելաոճի պատճառով քաղաքացիները դատը շահում են ու փոխհատուցում պահանջում: Իսկ փոխհատուցումն ո՞վ է տալիսՙ հասարակ հարկատուն, իսկ նա, ում պատճառով շիլա-փլավը եփվել է, իրեն ներկայացնում է քավության նոխա՜զ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 18-10-2019

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ