RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 18-10-2019



Տեղադրվել է` 2019-10-17 21:46:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 610, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱԶԳԻ ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ԲԱՐՈՆՈՒՀԻՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Իտալիայի Տոսկանա նահանգի վայրի բնության հրաշագեղ ծոցում, Ֆլորենցիայից կես ժամ հեռավորության վրա գտնվող Դոնինի գյուղի մոտ գտնվում է 14-րդ դարում կառուցված Սանտա Մադդալենա անունով աշտարակատիպ մի առանձնատուն: Այդ էլիտար հաստատությունը եւ «Սանտա Մադդալենա հիմնադրամը» ղեկավարում է իտալացի հայասերունդ բարոնուհի Բեատրիչե ֆոն Ռեցցորի Մոնտի դելլա Կորտեն ...

Այս արիստոկրատուհին ծնվել է 1926-ին, իտալացի հոր եւ հայ մոր ընտանիքում: Վերջինս ծնունդով պոլսահայ Քյոչեօղլու տոհմիկ ընտանիքից էր: Նրա նախապապ Անտոն Քյոչեօղլուն (1773-1832) Կովկասից գաղթել էր Արդվին, ապաՙ Կոստանդնուպոլիս, որտեղ մտերմացել էր Մահմուդ Բ սուլթանի հետ: Նրա դուստր Նեկտարը Գատըգյուղում կառուցել է Քյոչեօղլու բաղնիքը, իսկ որդինՙ Հակոբ Քյոչեօղլուն (Քյոչեկզադե, 1820-1893), եղել է արքունի ոսկերչապետ, այնուհետեւՙ օսմանյան պետության սեղանավոր (բանկիր), որը Պոլսում կառուցել էր մի քանի շենք ու մի շքեղ ապարանք: Հակոբն ունեցել է երկու զավակՙ մաքսատան պաշտոնյա Անտոն Քյոչեօղլուն (1866-1933) ու պետական պաշտոնյա Արամ Քյոչեօղլուն. Բեատրիչե ֆոն Ռեցցորիի մայրը պիտի լինի այս եղբայրներից մեկի թոռնուհին...

Ի դեպ, թուրք ժամանակակից գրող Քայա Գենչն իր «Սանտա Մադդալենայում» ակնարկում մասնավորապես նշել է. «Գիշերը Ֆլորենցիայի մարդաշատ փողոցներից ես վերադարձա աշտարակի իմ լուռ սենյակը, որի պատերը զարդարված էին օսմանյան սուլթանների հրովարտակներով ու նրանց դիմանկարներով, ինչպես նաեւ Ստամբուլի փորագրանկարներով: Բարոնուհու ծնողները ստամբուլցիներ էին, որոնք աշխատել են որպես օսմանյան սուլթանների պաշտոնական բանկիրներ եւ 20-րդ դարի սկզբին օսմանյան հայերի զանգվածային սպանությունների ժամանակ ստիպված են եղել լքել Բոսֆորի ափին գտնվող իրենց փառահեղ առանձնատունըՙ փախչելով նախ Սիրիա, այնուհետ-ՙ Կապրի: Արեւելյան սենյակի մթության մեջ ես լսում էի չղջիկների - կատաղած շների հեռավոր ձայներըՙ պատկերացնելով Քյոչեօղլու ընտանիքի արկածները, որոնք որոշեցի մանրամասն ուսումնասիրել քաղաք վերադառնալուցս հետո»: Գրողը սխալվում է, քանի որ պոլսեցի եղել է միայն բարոնուհու մայրը, որի ընտանիքն ապաստանել է ոչ թե Կապրիում, այլ Հռոմում: Այստեղ է, որ Բեատրիչեի մայրը (անունը մեզ հայտնի չէ) ամուսնացել է լոմբարդացի ազնվական Ալեսսանդրո Աուգուստո Մոնտի դելլա Կորտեի հետ: Սեւ գանգուրներով այդ գեղեցիկ կինը մահացել է տիֆից, ընդամենը 25 տարեկանում, երբ միակ դուստրըՙ Բեատրիչեն, ընդամենը յոթ տարեկան էր: Եվ չնայած մայրը վաղ էր հեռացել բարոնուհու կյանքից, վերջինիս մասին գրողները մինչ օրս տարբեր առիթներով փնտրում են այդ հայուհու թողած հետքերն ու ազդեցությունը: Այսպես, 2008-ին Բեատրիչե ֆոն Ռեցցորիի մասին Էլիզ Սուերհորնի նկարահանած կինոնկարում նշվել է, որ բարոնուհու մորՙ գեղեցիկ հայուհու ներկայությունը ամենուրեք առկա է Սանտա Մադդալենայում... Ըստ անգլիացի նշանավոր գրող Բրյուս Չաթուինի ՙ Բեատրիչեի հայուհի մայրը նրան տվել է մի գաղափար, որին դուստրը կառչած է մնացել ողջ կյանքում. որ գլամուրը, իրական գլամուրը, ոչ թե կեղծ արեւմտյան փոխարինիչը, արդյունք է օսմանյան աշխարհի: Իսկ լրագրող Ֆեդերիկո Քիարայի բնորոշմամբՙ Բեատրիչեի «հայկական այտոսկրերն ու կանաչ աչքերն այսօր էլ գեղեցիկ են»...

Մոր մահից հետո դեռատի Բեատրիչե Մոնտի դելլա Կորտեն տեղափոխվել է Իտալիայի հյուսիսՙ ապրելով իր պապի 30 սենյականոց առանձնատանը, ֆրանսիացի դաստիարակչուհու ու մի քանի շների հետ: «Ես իմ կյանքը շատ ձանձրալի էի համարում»,- ասում էր Բեատրիչեն: Մի քանի տարի անց, երբ հայրը վերամուսնացել է մի «ոչ հաճելի կնոջ»ՙ Ջիզա Կրոսի դի Տոռե Մոնտանարայի հետ ու աղջկա հետ տեղափոխվել Կապրի, բոհեմական այդ կղզում բարձրահասակ, բարալիկ, կանաչաչվի Բեատրիչեն հայտնվել է այնպիսի նկարիչների ու գրողների շրջապատում, ինչպիսիք էին Մաքս Էռնստը, Ալբերտո Մորավիան, Էլզա Մորանտեն եւ Կուրցիո Մալապարտեն: «Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչպես գիտեմ այդքան մարդկանց, ասում եմ, որ Կապրիի պատճառով էր: Ես Կապրիի սիրուն աղջիկն էի ու հանդիպում էի բոլոր այդ գրողներին, նկարիչներին, միասեռականներին, որոնք ինձ իրենց հետ տեղ էին տանումՙ ինչպես փոքրիկ շնիկի»,- հետագայում ասել է Բեատրիչեն:

Կապրիում էլ սկիզբ է առել նրա հետաքրքրությունն արդի արվեստի հանդեպ: 1955 թվականին Բեատրիչեն բացել է «Արիետեի ցուցասրահը» Միլանում, որը կարճ ժամանակում դարձել է աշխարհի տարբեր երկրների մշակութային գործիչների հանդիպման վայր, կարեւոր դեր ունեցել ժամանակի ամերիկյան ու եվրոպական արվեստի հանրահռչակման գործումՙ ցուցադրելով Ֆրենսիս Բեկոնի, Ռոբերթ Ռաուշենբերգի, Անտոնի Տապիեսի, Լուչո Ֆոնտանայի, Սեմ Ֆրենսիսի, Սայ Թվոմբլիի, Ջասփեր Ջոնսի, Կաստելանիի եւ Մանձոնիի նման արվեստագետների: «Դա այն ժամանակն էր, երբ ասպարեզում ոչ մի կին չկար, եւ ես ու Բեատրիսը պայքարում էինք Լեո Կաստելիի պես տղաների դեմ»,- հետագայում հիշել է Նյու Յորքի ցուցասրահներից մեկի տնօրեն Փոլա Քուփերը :

1965-ին անվանի լուսանկարչուհի Ինգե Ֆելտրինելին Բեատրիչեին ծանոթացրել է Գրեգոր ֆոն Ռեցցորիի հետ: Գրիշան, ինչպես անվանում էին նրան ընկերները, Ռումինիայում ծնված իտալական ծագումով գերմանալեզու գրող էր, նաեւՙ լրագրող, կինոդերասան, տեսողական նկարիչ եւ արվեստաբան, որը խոսում էր ութ լեզվով եւ իր ծննդավայր Բուկովինայիՙ Խորհրդային Միության կողմից գրավվելուց հետո մնացել էր առանց անձնագիր: Գրեգորը հայտնի էր «Հակասեմականի հուշագրությունները» գրքով, նաեւՙ որպես չափազանց հմայիչ տղամարդ, որը գլխապտույտ էր առաջացրել Բրիջիդ Բարդոյի, Մոնիկա Վիտտիի եւ Ժաննա Մորոյի պես կինոաստղերի մոտ... Բեատրիչեն եւ Գրեգորն ամուսնացել են երկու տարի անց, նրանց հարսանիքին, ի թիվս այլ հռչակավոր անձանց, ներկա են եղել նաեւ Մառլեն Դիթրիխը եւ Սալվադոր Դալին: 1967-ին ֆոն Ռեցցորի ամուսինները գնել են կիսավեր վիճակում գտնվող Սանտա Մադդալենան եւ հաստատվել այնտեղ: Բեատրիչեն մշտապես եղել է ուղեւորությունների մեջՙ շրջելով ցուցահանդեսներով մեկ, ձեռք բերելով նոր ծանոթություններ եւ արվեստի գործեր, իսկ արդեն տարիքն առած Գրեգորը Սանտա Մադդալենայում գրել է իր գրքերը: Ի դեպ, 1989-ին գրած իր «Երեկտարվա ձյուները» («The Snows of Yesteryear») գրքում նա պատմել է Բուկովինայի իր մանկության մասին ու նաեւ հիշել, որ այնտեղ խոսվող լեզվի մեջ ամեն երկրորդ կամ երրորդ բառը ռուսիներեն էր (սլավոնական լեզու), լեհերեն, ռումիներեն, հայերեն, հրեերեն կամ հունգարերեն...

Գրեգոր ֆոն Ռեցցորին մահացել է 1998 թվականին: Բեատրիչեն մահվան մահճում գտնվող Գրիշային հայտնել է, որ նախատեսում է Սանտա Մադդալենան դարձնել գրողների կեցավայր, որն իրականացրել է 2000 թվականին: Կարճ ժամանակում «Սանտա Մադդալենա հիմնադրամը» դարձել է հռչակավոր մի վայր, մի յուրատեսակ գրական սալոն, որտեղ վեց ամսվա դրամաշնորհով կամ այլ ձեւաչափով հյուրընկալվում էին տարբեր երկրների նկարիչներ, գրողներ, կինոգործիչներ, որտեղ արդեն անցած 19 տարիների ընթացքում գրվել են բազմաթիվ արժեքավոր գրական գործեր: Կենվորներին ստեղծագործության է տրամադրում ճաշակով ձեւավորված ինտերյերըՙ սպիտակ մեծ բազմոցը, հատակին փռված հսկայական պարսկական գորգը, Ֆոնտանայի, Տապիեսի, Օլդենբուրգի, Ջակոմետտիի, Հոքնիի եւ այլոց գեղանկարները, աֆրիկյան փայտաքանդակները, բազմալեզու գրադարանը, ինչպես նաեւ տոսկանյան ավանդական խոհանոցը... Բեատրիչեն համոզված էՙ քանի որ արվեստը ռոմանտիկ է, այն նույնպես պետք է ստեղծվի ռոմանտիկ միջավայրում: Նրա մոտ հյուրընկալվել են ժամանակակից միջազգային գրականության ամենանշավոր դեմքերը, Նոբելյան եւ գրական «Փուլիցեր», «Գոնկուր» եւ բարձրագույն այլ մրցանակների դափնեկիրներ Մայքլ Քանինգեմը, Էդմունդ Ուայթը, Հիշամ Մաթարը, Լասլո Կրասնահորկաին, Օրհան Փամուքը, Մաթիաս Էնարը, Քոլմ Թոյբինը, Աթիք Ռահիմին, Գարի Շտեյնգարթը, Ուզոդիմա Իվեալան եւ շատ ուրիշներ: Հատկապես ամերիկացի գրողների համար այն դարձել է սիրելի մի վայր, քանի որ նրանք գրեթե առիթ չեն ունենում առնչվել այլ երկրների գրողների հետ: 2007-ին Բեատրիչեի նվիրատվություններով հիմնվել եւ գործում է «Գրեգոր ֆոն Ռեցցորի» գրական մրցանակը, որով մինչ օրս պարգեւատրվում են միջազգային գրողներ:

2011-ին «Վոգ» հանդեսի իտալական համարում Ֆեդերիկո Քիարան բարոնուհուն նվիրված հոդվածում գրել է. «Այստեղ եղել են այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Պեդրո Ալմոդովարը, Դեյվիդ Հոքնին, Օրհան Փամուքը եւ Մայքլ Քանինգեմը: Բայց այս վայրի ոգին Բեատրիչե Մոնտի դելլա Կորտեն է, միջին-եվրոպական գրող Գրեգոր ֆոն Ռեցցորիի այրին: Որպես արվեստի ճշմարիտ հովանավորՙ նա ամեն ինչ ներդնում է մրցանակի մեջ եւ հաճախ վաճառում է Ֆոնտանայի կամ Կաստելանիի նկարը` ֆինանսավորելու համար մրցանակը: Միգուցե ես չպետք է բարձրաձայնեի այդ մասին, բայց սա ձեզ հասկանալ կտա այս արիստոկրատ տիկնոջ բացարձակ նվիրվածությունը գրականությանը.... «Տեսե՞լ եսՙ ինչ լավն են իմ գրողները»,- սեթեւեթելով հարցնում է նա իր կողքին նստած արվեստի խորհրդատու Ալբա Դոնատիին»...

Այսօր էլ 93-ամյա բարոնուհի Բեատրիչե ֆոն Ռեցցորի Մոնտի դելլա Կորտեն նույն եռանդով ղեկավարում է «գրողների դրախտ» անվանված Սանտա Մադդալենան եւ գտնվում է իտալական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որոնք գրեթե միշտ հիշում են նրա մասնակի հայկական ծագումը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ