RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 18-10-2019



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2019-10-17 21:46:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 316, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

...ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՍԻՐՈՒՑ ԵՆ ԲԽՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ

Սվետլանա ԳՈՒԼՅԱՆ, Կինոգետ

Անցյալ հարյուրամյակի 70-ական թվականներին (որքան էլ որ սարսափելի է հնչում) հեռուստատեսության «Երեւան» ստուդիայում խմբագիր աշխատելիս, ես Մոսկվա գործուղվեցի խորհրդային կինոյի առաջատար դերասանների հետ հարցազրույցներ նկարահանելու: Աշխատանքը հաջողությամբ կատարվեց, եւ որոշակի ժամանակի ընթացքում հայաստանցի հեռուստադիտողին հնարավորություն ընձեռվեց «հանդիպելու» այնպիսի անհատականությունների հետ, ինչպիսիք են Օ. Տաբակովը, Մ. Ուլյանովը, Մ. Եվստիգնեեւը, Ի. Սմոկտունովսկին եւ ուրիշներ: Անցան շատ տարիներ, ե՛ւ ինձ, ե՛ւ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագրին թվաց, որ այդ հարցազրույցների վերծանման ընթերցումը կհետաքրքրի արդի ընթերցողին:

Հիմա ես չեմ կարողանում նույնիսկ պատկերացնել, թե այդ աշխատանքի կատարման համար ինձ ինչպես հաջողվեց իմ տրամադրության տակ ունենալ «Վրեմյա» լրատվական ծրագրի նկարահանման խումբըՙ Սերգեյ Ուրուսովի գլխավորությամբ: Իսկ դա հաջողվեց բավական պարզ ձեւով: Գնացի ռուսական հեռուստատեսության այն ժամանակվա գլխավոր խմբագրի մոտ (եթե չեմ սխալվում, այն ժամանակ դա Յու. Լետունովն էր), բացատրեցի իրավիճակը, եւ նա կարգադրեց չորս օրով տրամադրել նկարահանման խումբ: Հետեւաբար, ես ստիպված էի տասնմեկ հարցազրույց անցկացնել չորս օրվա ընթացքում:

Աշխատանքն սկսելով Օլեգ Տաբակովի ստեղծագործական դիմանկարի վրա, եւ հասկանում էի, որ անհնար է դա անել առանց նրա հետ հանդիպում ունենալու: Բայց բնավ էլ ոչ այնպիսի ավանդական հարցեր տալու համար, ինչպիսիք են «Ձեր վերջին դերը», «Ապագայի Ձեր ծրագրերը», կամ ճշգրտելու ստեղծագործական կենսագրության փաստերը: Ուզում էի պարզապես տեսնել նրա դեմքն առանց գրիմի, լսել միայն ինձ եւ ոչ թե դահլիճի հարյուրավոր հանդիսականներին ուղղված ձայնը: Եվ ահա ես «Սովրեմեննիկ» թատրոնում եմՙ դրա տնօրեն Օլեգ Պավլովիչ Տաբակովի փոքր ու հարմարավետ աշխատասենյակում: Մեր զրույցը անդադար ընդհատվում է հեռախոսազանգերով, աշխատասենյակ են մտնում մարդիկ ինչ-որ թղթերով, Օլեգ Պավլովիչը ստորագրում է, հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսում, կարգադրություններ անում: Պայմանավորվում ենք նկարահանումները կատարել հաջորդ օրը: Դա Մոսկվայում իմ ներկայության վերջին օրն է: Հաջորդ օրը, հենց որոշված ժամին, ես նկարահանման խմբի հետ թատրոնում էի: Օլեգ Պավլովիչը ինձ դիմավորելիս մտահոգություն պատճառեց այն լուրով, որ այժմ սկսվում է կուսակցական ժողովը, որի մասին ինքը բոլորովին մոռացել էր: Ես ընտրություն չունեի. կա՛մ ամեն ինչ հավաքում ու հեռանում եմ, կա՛մ էլ սպասում եմ Տաբակովին: Բնականաբար ընտրում եմ վերջինը: Ժողովը տեւեց մոտավորապես երկուսուկես ժամ: Այդ ընթացքում Օլեգ Պավլովիչը մի քանի անգամ դուրս եկավ ժողովից, որպեսզի ներողություն խնդրի, որպեսզի ինձ կոնֆետ բերի, հարցնի, թե «չե՞մ ուզում արդյոք թեյ կամ ջուր»: Ես ապշահար էի. աշխարհահռչակ դերասանը մտահոգված էր նրանով, որ ինչ-որ եկվոր լրագրողուհի սպասում է իրեն: Վերջապես ամեն ինչ հետեւում է մնում, եւ ես նստած եմ աշխարհահռչակ Օլեգ Պավլովիչ Տաբակովի դիմաց: Իմ առաջին իսկ հարցը ծնվում է անմիջապես եւ թվում է անչափ բնականՙ տնօրեն Օլեգ Տաբակովը չի՞ խանգարում արդյոք դերասան Օլեգ Տաբակովին:

- Ավելի շուտՙ ոչ: Ես շատ եմ սիրում իմ թատրոնը, այստեղ աշխատում եմ հիմնադրման առաջին օրվանից: Բացի դրանից, ես երջանիկ եմ, որ աշխատում եմ «Սովրեմեննիկ» խորհրդանշական անունը կրող թատրոնում: Մենք երախտագիտության խոսքերով շատ նամակներ ենք ստանում: Բայց հատկապես ուրախալի է ընթերցել երիտասարդ հանդիսականների նամակները, ովքեր շնորհակալ են ոչ թե դերասանական խաղի կամ թատրոնի ձեւավորման համար (թեեւ դա էլ շատ կարեւոր է), այլ այն բանի համար, որ մեր թատրոնն իրենց օգնել է գլուխ հանել այս կամ այն կենսական հարցից: Ինձ թվում էՙ մեր թատրոնը շատ բան է անում ժամանակակից երիտասարդի, մեր ժամանակի հերոսի անհատականության ձեւավորման համար:

- Իսկ դուք ինչպիսի՞ն կուզենայիք տեսնլ այդ ժամանակակցին:

- Այստեղ ես կմիանամ Բեթհովենին, որն ասում էր, որ ինքը չգիտե գերազանցության ուրիշ նշաններ, բացի բարությունից: Նկատի ունեցեք, ոչ թե տաղանդից, ոչ թե ուժից, ոչ թե խելքից, այլ բարությունից: Վերջին հաշվով, մարդկանց հանդեպ սիրուց են բխում աշխարհի բոլոր բարի գործերը: Իսկ դրանք կատարելը դյուրին չէ: Այդ նպատակով շատ հաճախ հարկ է լինում պայքարել ամեն տեսակ խոչընդոտների ու բարդությունների դեմ:

- Ինչպիսի՞ն էր Ձեր ստեղծագործական ուղու սկիզբը:

- Մայրս գտնում է, որ ես իմ առաջին դերը խաղացել եմ յոթ տարեկան հասակում: Պատերազմի ժամանակ Ղազախստանում նա աշխատում էր հոսպիտալում: Մի անգամ հոսպիտալում կազմակերպեցին ինքնագործունեության համերգ: Վիրավորներից մեկը, որը էստրադայի նախկին արտիստ էր, որոշեց բեմադրել Չեխովի փոքրիկ պատմվածքներից մեկը, որտեղ ինքը պատկերում էր հարբած հորը, իսկ եսՙ նրա որդուն: Իմ դերը բաղկացած էր մեկ արտահայտությունիցՙ «Հայրի՛կ, ինձ համար ատրճանակ գնիր»: Ես այնպես էի «խորացել» կերպարի մեջ, որ դա կրկնեցի մոտ քառասուն անգամ: Ինձ երկար ծափահարում էին, բայց դրանից հետո ես տեւական ժամանակով «թողեցի» բեմը: Իսկ եթե լուրջ խոսենք, ապա ես Սարատովից եկա Մոսկվա եւ ընդունվեցի Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց: Դերասանի դիպլոմ ստանալովՙ եկա երիտասարդ եւ նոր ձեւավորվող «Սովրեմեննիկ» թատրոն: Այդ ժամանակվանից աշխատում եմ թատրոնում: Այս թատրոնում եմ ես ծնվել, այստեղ է Օլեգ Ալեքսանդրովիչ Եֆրեմովը երիտասարդ դերասաններիս ուսուցանել Ստանիսլավսկու մեթոդը, այն, թե տվյալ մեթոդը ինչպես կարող է զուգորդվել ժամանակակից դրամատուրգիայի հետ: Այստեղ ես կատարել եմ իմ առաջին քայլերը, եղել են առաջին հաջողությունները, առաջին ձախողումները: Առաջին աշխատանքս Օլեգ Սավինի դերն էր Վիկտոր Ռոզովի «Երջանկություն որոնելիս» պիեսում: Դա ավելի շուտ դեր էլ չէ, այլ իմ մասը: Դեր, որտեղ խաղալու բան էլ չկար: Դրա բոլոր բարդությունները, իմ հերոսի ամբողջ կարճ դերը տեղավորվում էին իմ մանկության իմացության մեջ, սեփական դժբախտությունների, տագնապների եւ ուրախությունների մեջ: Իմ կյանքի զգացողությունները հարմարվում էին Օլեգին, ինչպես կհարմարվեին իմ կոշիկները: Հետագայում այդ պիեսի հիման վրա նկարահանվեց ֆիլմ, որտեղ ես խաղացի գլխավոր դերը: Այնուհետեւ եղան իրենց խնդիրներով ավելի բարդ դերեր, դերասանական արվեստի, դերասանական արհեստի յուրացման տեսակետից ավելի բազմազան դերեր: Ես չսխալվեցի: Հենց արհեստի: Ես սիրում եմ այդ բառը: Դրանում առկա է շատ լավ իմաստՙ քո ձեռքերի գործը: Դրանում առկա են հիմնավորություն, ամրություն: Դերասանական արվեստի, դերասանական արհեստի յուրացումը տառապալի, բայց սքանչելի ու դուրեկան գործընթաց է: Երբ չես կարողանում շատ բան անել, երջանիկ ես լինում. հոգսերն ավելի քիչ են, բարդություններ գրեթե չկան: Երբ սկսում ես ինչ-որ բան սովորել, տխրում ես, քանզի հասկանում ես, թե որքան քիչ գիտես: Դա շարունակվում է երկա՜ր, երկա՜ր:

- Դուք գո՞հ եք կինոյում Ձեր աշխատանքից:

- Այո, ես գտնում եմ, որ կինոյում իմ բախտը բերել է: Ես խաղացել եմ ինձ հոգեհարազատ մարդկանց դերեր: Իսկ դա շատ կարեւոր է, երբ կարողանում ես արտահայտվել քո հերոսի միջոցով, նրան ոչ թե քեզ հարմարեցնել, այլ նրա հետ միաձուլվել: Նրա մտածելակերպի, ձգտումների, բնավորության կերտվածքի միջոցով արտահայտել այն, ինչ մտածում եւ զգում ես ինքդ: Դա իսկական դերասանական երջանկություն է: Պրոֆեսիոնալ կերպով խաղալն անհամեմատ հեշտ է, քան մարդկանց հետ սեփական ապրումները, տառապանքը կիսելը: Միայն այդ դեպքում կարելի է հասնել իսկական հաջողության: Եգոր Տռուբնոկովի կերպարի մեջ մի՞թե չի զգացվում Միխայիլ Ուլյանովի խառնվածքի հուսալիությունն ու անսասանությունը: Չէ՞ որ մարդկանց հանդեպ այդ անմնացորդ նվիրվածության մեջ, որն այդքան բուռն կերպով արտահայտված է «Նախագահ»-ում, նույնպես ճանաչվում է ուլյանովյան խառնվածքը: Ինոկենտի Սմոկտունովսկու յուրաքանչյուր դերի մեջ մենք մի՞թե չենք ճանաչում հենց իրենՙ Սմոկտունովսկուն: Մի խոսքով, ես համոզված եմ, որ այն դերը, որի մեջ չես ներդնում քո մասնիկը, որը չի դիպել սեփական լարերին, չի հնչի ամբողջ ուժով:

- Հավանաբար կհամաձայնեք ինձ հետ, որ բոլոր դերերը չեն կարող հաջող լինել, որ կան դերեր, որոնք չես դասի հաջողությունների թվին, եւ դա ցավալի է: Ունե՞ք այդպիսի դեր:

- Այո, դա Նիկոլայ Ռոստովն է «Պատերազմ եւ խաղաղության» մեջ: Անշուշտ, ես Ռոստովի դերին ձեռնամուխ եղա մեծ ոգեւորությամբ, երկյուղածությամբ: Դե իհարկե, Լեւ Տոլստոյն է: Մտածեցի, մտածեցի... Ու հասկացա, ինչպես ինձ թվում է, այդ կերպարի էությունը: Ի հայտ եկավ դերի մտահղացումը: Ինձ համար կարեւոր էր հետեւել կերպարի զարգացմանը: Սկզբում Նիկոլենկան հեղինակի սիրելի հերոսներից է, բայց այստեղ եւս Տոլստոյը չի թաքցնում սկզբնական շրջանում նրա այդքան հուզիչ ու սակայն անվնաս եսասիրությունը: Վերհիշեք որսի տեսարանը, որտեղ Նիկոլայը ճակատագրին խնդրում է, որ հենց ինքը գայլ սպանի: Կամ այն տեսարանը, երբ նա պատկերացնում է, թե իրեն սպանել են, եւ ինքը այնքան խղճում է իրեն: Բայց Ռոստովը ուրախանում է կյանքով ո՛չ այն պատճառով, որ ինքը երիտասարդ է, ուժեղ եւ առողջ: Նրան չեն մտահոգում մեծ խնդիրները: Նա տրվում է հոսանքին: Այդ պատճառով 1812 թվականի պատերազմին հաջորդած ռեակցիան նրա միջից արագորեն դուրս մղեց ամենայն լավը եւ ձեւավորեց ըստ իր տեսքի ու նմանության: 1825 թվականի դեկտեմբերի 14-ին Նիկոլայ Ռոստովը կհայտնվի Սենատի հրապարակի հակառակ կողմում: Ռոստովի այդ սոցիալական վերլուծությունը ես վերցրել եմ վեպից: Ինձ մնում էր դա մարմնավորել, եւ ես պատրաստ էի դրան: Բայց էկրանի վրա Նիկոլայ Ռոստովը ներկայացավ միայն որպես դուրեկան երիտասարդ: Այնպիսի զգացում ունեմ, որ ինքս ինձ դաժանորեն եւ անուղղելի կերպով խաբել եմ: Տոլստոյի մոտ յուրաքանչյուր կերպար օվկիանոս է: Մեզանից ոչ մեկը չի կարող սպառել այն: Բայց ես այդ օվկիանոսից խմել եմ միայն մեկ կում... Ես քիչ ավելի բավարարված եմ «Կրակոց» ֆիլմում իմ կատարած աշխատանքից, թեեւ այդտեղ իմ խնդիրը շատ ավելի համեստ է: Այդտեղ ես հնարավորություն ունեցա կտրվելու այն ամենից, ինչ ավելի վաղ արել էի կինոյում: Հանդիսատեսը սովոր է իմ հերոսներին տեսնել երիտասարդ եւ եռանդուն կերպարանքով: Իսկ ես բեմադրիչից խնդրեցի անհրապույր կերպարի թույլտվություն: Ես բամբակ դրեցի շրթունքիս տակ, որպեսզի այն անհեթեթ կերպով դուրս ցցվի, ստեղծեցի տափակ քիթ: Իմ հերոսը էկրանի վրա հառնեց որպես հիմարավուն, ընկած մարդ: Ես զգացի ինձ համար անսովոր աշխարհընկալում, արտասովոր ռիթմ:

- Շուտով դուք նշելու եք Ձեր հոբելյանը: Ինչպիսի՞ զգացումներ ունեք այդ առիթով:

- Թեեւ տարեթիվը այնքան էլ հոբելյանական չէ, շուտով կլրանա քառասուն տարիս, բայց թախծի նոտա այնուամենայնիվ կա: Ինչո՞ւ: Ճիշտ է, արդեն շատ բան է արված, բավական դժվար է գնահատական տալ այդ արվածին: Դժվար է այն պատճառով, որ հարկ է լինում վերհիշել, իսկ վերհշելը օբյեկտիվորեն գրեթե անհնար է: Գոյություն ունեն բազմապիսի հարակից հանգամանքներ, որոնք բարդացնում են այդ տոնական օրը: Իսկ ինձ համար այսօր տոնական օր է, չէ՞ որ ամեն օր չէ, որ հեռավոր Հայաստանից լրագրող է գալիս ինձ հետ հարցազրույց վարելու, որը կօգտագործվի Հայաստանի հեռուստատեսությանՙ իմ ստեղծագործությանը նվիրված հաղորդման մեջ:

Թատրոնի դերասանը միշտ ապրում է ներկա օրով, եւ նրա համար կարեւոր է, որ ինքն այօր անում է այն ինչ անում է այսօր երեկոյան, ինչ եղել է երեկ երեկոյան, ինչ կլինի վաղը երեկոյան: Դրանք կոկրետ ներկայացումներ են, որոնք բեմադրվում են «Սովրեմեննիկ» թատրոնում: Դրանք այն կոկրետ դերերն են, որոնցով ինձ վիճակվում է բեմ դուս գալ թատրոնում: Նշանակում էՙ թատրոնը խաբում է ժամանակին: Ինձ թվում է, որ մեկ գաղափարով, մեկ գեղագիտությամբ, գեղեցիկի միեւնույն ընկալմամբ միավորված մարդկանց խումբը կարող է հերքել հույն մեծերի այն ասույթը, ըստ որի անհնար է նույն գետը մտնել երկու անգամ: Լավ թատրոնում, մեծ թատրոնումՙ կենդանի ներկայացման մեջ, հնարավոր է «գետը մտնել» երկու, նույնիսկ երեք, չորս անգամ: Տաղանդավոր դերասանական թատրոնը, համախոհների թատրոնը (իսկ մեր «Սովրեմեննիկ» թատրոնը հենց այդպիսին է) թույլ է տալիս հերքել հին հույների այդ ճշմարտացի եւ ընդունված պնդումը:

- «Սիրելի դեր»: Ի՞նչ է դա: Ինչ-որ մեկի համար դա այն դերն է, որն առջեւում է, ուրիշների համար դա ամենահաջող աշխատանքն է, որն ամենամեծ հաջողությանն է արժանացել: Իսկ Ձե՞զ համար:

- Ինձ համար սիրելի է այն դերը, որը մշտապես խաղում եմ մեծ ուրախությամբ: Ես խոսում եմ ոչ թե արդյունքի մասին, թեեւ հաջողությունը միշտ ուրախացնում է, այլ կերպարի ստեղծման գործընթացի մասին: Ինձ, օրինակ, մի շարք պայմաններ են հարկավոր, որպեսզի դերը դառնա սիրելի: Դա հնարավորություն է միաձուլվել կերպարին, գտնելու կերպարի հետ անձնական շփումներ եւ անպայման հաստատելու հերոսի կենդանի կապը միջավայրի հետ, որպեսզի նա ապրի իրերի անմիջական ընկալման օրենքներով: Այդ ժամանակ ի հայտ է գալիս ազատության զարմանալի զգացում: Ծնվում է նոր էակ, այն ապրում եւ գործում է քո կողմից: Ինձ հետ այդպես պատահեց «Սովորական պատմության» Ադուեւի դեպքում: Հանգամանքների դեմ հանդիման մարդը, թերեւս, այսօրվա արվեստի կենտրոնական հիմնահարցերից մեկն է: «Սովորական պատմություն» ներկայացման մեջ ինձ վիճակվեց դա լուծել Ալեքսանդր Ադուեւի կերպարի միջոցով: Երիտասարդ Ադուեւը Պետերբուրգ է գալիս պայծառ հույսերով առլեցուն: Լինելով պոռթկուն, անկեղծ հայացքով օժտվածՙ նա բառացիորեն ճառագում է մտահղացումների մաքրություն եւ գործունեության ծարավՙ ի փառս հայրենիքի: Իսկ ներկայացման վերջում նա ճարպակալած, կուշտ հայացքով քաղաքացի է, ցինիկ, որը համակված է միայն մեկՙ հաջողության կրքով: Ի՞նչ պատահեց Ադուեւի հետ: ամբողջ ներկայացումը տալիս է ծավալուն, նույնիսկ դիալեկտիկական պատասխան: Բյուրոկրատական կոնվեյերը եւ այդ համակարգից անխուսափելիորեն ծնվող պրակտիցիզմի համակարգը ապամարդկայնացնում են երիտասարդ հոգին, այն վերածում անդեմ եւ հլու-հնազանդ պտուտակի: Բայց կարելի՞ է արդյոք լիովին անմեղ համարել հենց Ադուեւին: Ոչ: Ճիշտ է, Ալեքսանդրի պոռթկումները անկեղծ են: Բայց տեսեք, թե նա ինչպիսի հեշտությամբ է հիասթափվում, ընկնում մարդատյացության մեջ, հենց որ կյանքը հերքում է իր մասին այս կամ այն պատրանքային պատկերացումը: Միջավարին նրա դիմադրելու ուժը մոտ է զրոյին: Նրա համոզմունքները խախուտ են: Հենց որ նա հասկացավ, որ աշխարհը չի համապատասխանում իր հայացքներին, նա նահանջեց: Ադուեւի դերը ինձ հնարավորություն տվեց մարդու կյանքին հետեւելու երկար ժամանակահատվածում: Մեր աչքերի առջեւ տեղի է ունենում մարդկային հույսերի ու երազանքների անկայուն, հենց անկայուն շինվածքի փլուզում: Ցուցադրելով Ադուեւի բարոյական անկումըՙ ես դիմում եմ հանդիսատեսներին. Տեսե՛ք, Ադուեւը անկեղծ, ազնիվ, պարզամիտ մարդ էր, բայց ակնկալում էր չափազանց դյուրին հաղթանակ: Պարզվեց, որ նա անողնաշար է, եւ նրա բոլոր համակրելի գծերը հայտնվեցին անդունդի մեջ: Ուրեմն արիակամ եւ սկզբունքային եղեք մինչեւ վերջՙ պաշտպանելով սեփական համոզմունքները: Ես համարձակորեն կարող եմ ասել, որ Ադուեւը իմ սիրելի դերն է:

- Շատ անսպասելի էր Ձեր մարմնավորած Շչերբուկի դերը Նիկիտա Միխալկովի «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար» ֆիլմում:

- Պավել Շչերբուկը ասես պոկվում է ֆիլմի դանդաղընթաց սցենարից: Իրեն շրջապատող հույլ, խորհրդածող մարդկանցից նա տարբերվում է հիանալի ախորժակով, դատողությունների համարձակությամբ եւ որոշակիությամբ: Այսպես ասած, ոչ այնքան խելացի եւ արդեն ոչ այնքան երիտասար, աղմկարար եւ շարժուն մարդ: Սակայն նրա բոլոր անխոհեմ գործողությունների եւ անհեթեթ բացականչությունների վրա իշխում է նրա ամենակարեւոր գիծըՙ անզուսպ, կենդանական ատելությունը «կեղտոտ» հասարակ մարդու հանդեպ: Ինձ համար կարեւոր էր ցուցադրել այդ ատելության պատճառներն ու ակունքները, որոնք իրենց էությամբ դասակարգային են: Պավել Տրոֆիմովիչը հիվանդագին կերպով վախեցած է, քանի որ հընթացս պարզում է, որ նրանք, ում ինքը ճղճղան ազարտով, փրփուր ի բերան երիցս կոչ է անում «հասցնել մռութին», շուտով երկրի երեսից կջնջեն իրեն եւ իր նման անփույթ եւ ճարպիկ մակաբույծներին:

Վերջը` հաջորդիվ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ