RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019



ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Տեղադրվել է` 2019-10-31 22:43:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 328, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈԼՎԻՏԱ ԱՎԱԳՅԱՆ. «ՀԱՅԱՐՅՈՒՆ ՄԱՐԴԻԿ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՆ ԵՎ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Սոլվիտա Ավագյանը Ռիգայում գործող պրոֆեսիոնալ պարուհի է, փոփ երգչուհի եւ ֆիթնեսի մարզիչ: Տարիներ առաջ նա լատվիական հայտնի «Ա-Եվրոպա» խմբի անդամ էր, որի հետ շրջել է բազմաթիվ երկրներում, ներառյալՙ լատվիացի զինվորականների համար մասնակցել մի շարք բարեգործական համերգների Աֆղանստանում, նկարահանվել է Արթուր Դյուբոքսի «Որտեղ ավարտվում է ծովը» գեղարվեստական ֆիլմումՙ կատարելով գլխավոր հերոսուհու` պարուհի Նադյայի դերը: Այսօր նա ոչ միայն հայտնի լատվիական պարուհի-երգչուհի է, որը երգում է մի քանի լեզվով, այլեւ հաջող ֆիթնես մարզիչ, նաեւՙ սիրող մայր...

- Սիրելի Սոլվիտա, խնդրեմ նախ ընթերցողներին ներկայացրու արմատներդ...

- Հայրս հայ էր, մայրսՙ լատվուհի: Նրանք հանդիպել են Սոչիում, 1969 թվականին, ապրել են Թբիլիսիում, որտեղ 1971-ին ծնվել է իմ եղբայր Ալբերտը, իսկ 1979-ինՙ ես: Մանկուց ապրել եմ երկու երկրներում` ինն ամիս Թբիլիսիում եւ երեք ամիսՙ Ռիգայում: Երբ Վրաստանում պատերազմ սկսվեց, ծնողներս որոշեցին հեռանալ երկրից: Այդ ժամանակ ես դեռահաս էի, ուստի հստակ հիշում եմ պարետային ժամն ու հացի կտրոնները: Մայրիկի հարազատները մեզ կանչեցին Լատվիա, բայց, ցավոք, դրանից շատ չանցածՙ մայրս վաղաժամ կյանքից հեռացավ Թբիլիսիում, ուստի Ռիգա մեկնեցի հորս եւ եղբորս հետ: Դրանից երեք տարի անց, երբ լրացավ իմ 18 տարին, սկսեցի աշխատել Ռիգայի հանրաճանաչ գիշերային ակումբներումՙ որպես հավաքույթային (go-go) պարուհի... Ես երբեք չեմ հաճախել պարի դասերի, պարելը միշտ եղել է իմ կիրքը, բայց հայրս դիմադրում էր իմ այդ ցանկությունը, այնպես որ իմ սրտում ես ինձ զգում էի որպես ձախողված պարուհի: Բայց արգելքը միայն ուժգնացրեց պարելու հանդեպ իմ սերը, ուստի որոշեցի պարապել տանը ու սկսեցի ելույթներս...

- Թխահեր գեղեցկուհին պիտի որ էկզոտիկ լիներ հյուսիսային երկրի հանրության համար ...

- Ինչպես գիտեք, հայկական արյուն ունեցողները սովորաբար շատ տաղանդավոր ու խարիզմատիկ են: Իրականում ես Ռիգայի առաջին (եւ լավագո՛ւյն) հավաքույթային պարուհիներից էի: Լրատվամիջոցները հարցազրույցներ էին վերցնում ինձնից, իսկ մարդիկ գալիս էին դիտելու, թե ինչպես եմ ժամերով եռանդուն պարում: Այն ժամանակ ինձ իսկապես շատ լավ էր ճանաչում Ռիգայի հավաքույթային հանրությունը, որը գալիս էր հատկապես իմ պարը դիտելու ու ինձ կոչում Սոլլա: Պարը միակ աշխատանքն էր, որով զբաղվում էի...

- Ու այդ ժամանակ դու դարձար այսպես կոչված լատվիական «Աբբայի»ՙ «Ա-Եվրոպա» խմբի անդամ...

- Երբ ես պարում էի Ռիգայի «Յոթերորդ երկինք» սիրված գիշերային ակումբում, մի անգամ ինձ մոտեցավ մի երիտասարդ, ներկայացավ որպես «Ա-Եվրոպա» փոփ խմբի ղեկավար Արթուր Դյուբոքս ու առաջարկեց աշխատել իր խմբում: Երեք ամիս անց ես ու Արթուրը դարձանք անբաժանելիՙ կյանքում եւ աշխատանքում: Խմբում չորսն էինք` երկու պարուհի, մի վոկալիստ ու մի տղա, որը մեր հնչյունային ճարտարագետն էր ու ստեղնահարը: Մեր ժողովրդականությունը շատ արագ աճեց, դարձանք մի իսկական լեգենդար խումբ Լատվիայում: «Ա-Եվրոպան» իմ պայծառ անցյալն է, իմ երաժշտական կարիերայի հիանալի ու շատ ֆանտաստիկ փորձը: Ես ոչ միայն պարում էի խմբում, այլեւ ծնունդ էի տալիս շատ գաղափարների: Մենք տեսահոլովակներ նկարահանեցինք տաք երկրներումՙ լինելով նման բան կատարած առաջին լատվիական խումբը. հետո ուրիշներ կրկնեցին մեզ: 2000-2010 թվականներին մենք ունեցանք ավելի քան 1000 ելույթ, մինչեւ որ ես դուրս եկա խմբից:

- Պատճա՞ռը:

- Ես շատ նվիրված էի թե՛ խմբին, թե՛ իմ սիրելի տղամարդուն, իմ կյանքը միմիայն այդ երկուսն էր: Ինչեւէ, ինչ-որ պահի ես հասկացա, որ պետք է երգեմ, ինձ համար այլեւս հետաքրքրական չէր նորից ու նորից պարել իմ պարերը: Բայց, ցավոք, արտադրիչի ծրագրերը չէին համընկնում իմ ծրագրերին: Իհարկե, իմ դուրս գալուն նպաստեց նաեւ քաղաքացիական ամուսնուսՙ Արթուրից բաժանումս, չնայած արդեն ունեինք երկու տարեկան դուստրՙ Միշել անունով... Այսպիսով, որոշեցի նոր կյանք սկսել եւ վեց ամսով տեղափոխվեցի Լոնդոն: Դա իմ կյանքի նոր դպրոցն էր, որն ակնհայտորեն ուժեղացրեց ինձ: Ես նորից սկսեցի զրոյիցՙ զբաղվելով հավաքույթային պարերով: Աշխատելով «Բոնդ» գիշերային ակումբում, որտեղ մարդիկ լուսանկարվում էին ինձ հետ ու հաճոյախոսում իմ պարային իմպրովիզների մասին: Այնուհետեւ, կյանքում առաջին անգամ, պարելուց բացի այլ աշխատանք կատարեցիՙ որպես մատուցողուհի աշխատելով ռեստորանում: Դա կյանքիս դժվարին շրջանն էր, քանի որ ամբողջ ժամանակ ես կարոտում էի իմ փոքրիկ Միշելին, որը մնում էր Արթուրի մոր հետ: Այնպես որ, իմ կյանքը դժվարին, բայց շատ հետաքրքրական է: Ես հաղթահարեցի իմ կյանքի շատ խոչընդոտներ ու հիմա էլ շարունակում եմ հաղթահարել...

- Իսկ ինչպե՞ս հաջողակ պարուհին դարձավ հաջողակ երգչուհի եւ ֆիթնես մարզիչ:

- Մանկուց միշտ ցանկացել եմ երգչուհի լինել: Իմ մենահամերգային գործունեությունը սկսեցի 2012 թվականին, լատվիացի արտադրիչ Սերգեյ Պրիշվինի հետՙ ձայնագրելով «Գիշերային քաղաքում» ռուսերեն երգը, հետագայում այն կատարելով անգլերեն: Հիմնականում կատարում եմ իմ սեփական երգերըՙ ինքս գրելով բառերը: Հաճախ եմ ելույթներ ունեցել Լատվիայում եւ հարեւան երկրներում: Ինչ վերաբերում է սպորտին, ես ստեղծեցի իմ FitDance մարզական ապրանքանիշըՙ համատեղելով պարն ու սպորտը, առաջինը գործածելով այս անվանումը...

- Պատմիր, խնդրեմ, հորդ մասին:

- Հորս անունն էր Հրաչիկ Ավագյան: Նա ծնվել է Հայաստանում (Լենինականում, եթե չեմ սխալվում), Արամ եւ Վարդանուշ Ավագյանների ընտանիքում, եւ դեռ նորածինՙ ծնողների, հինգ քույրերի ու չորս եղբայրների հետ տեղափոխվել է Թբիլիսի, այնպես որ նրա ծննդականում որպես ծննդավայր նշված է այդ քաղաքը: Հայրս ընտանիքի ամենակրտսերն էր: Ես հասցրի տեսնել միայն իմ մորաքույրեր Լյուսյային ու Սեյրանուշին եւ հորեղբայրներ Գառնիկին ու Սերգոյին, քանի որ մյուսները շուտ էին մահացել: Հայրս շատ ուժեղ մարդ էր ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես: Նա աշխատել է որպես վարորդ եւ խառատ, աշխատամոլ էր, անգամ թոշակի անցնելուց հետո: Շատ էր սիրում իր կյանքը ու կյանքն ընդհանրապես, սիրում էր պարել, սիրում էր քաղցրավենիքՙ հաճախ գնելով մեծ քանակով խորհրդային շոկոլադ: Նա շատ իմաստուն էր, չնայած ընդամենը երկու տարի էր սովորել դպրոցում: Ասում էր, որ սովորելու ժամանակ չի ունեցել, քանի որ 10 տարեկանից քրտնաջան աշխատել էՙ օգնելու համար իր մեծ ընտանիքին: Հումորի մեծ զգացում ուներ ու շատ զվարճալի էր: Հայրս մեծ սրտով անձնավորություն էր ու միշտ օգնում էր մարդկանցՙ գործով, դրամով, խորհուրդներով կամ էլի ինչ-որ բանով: Երբեք անտարբեր չէր ուրիշի դժբախտության հանդեպ, միշտ սովորեցնում էր ինձ ու եղբորս. «Լավություն արա ու ջուրը գցիր, մի օր քեզ հետ կգա»: Ու նաեւ ինձ միշտ ասում էր այս հիանալի ու հզոր խոսքերը. «Դու ես պայծառ ապագայի իմ հույսը»: Ես հիշում եմ նրա այս խոսքերը ու միշտ կհիշեմ, դրանք ուժ են տալիս ինձ, երբ մտովի վերհիշում եմ: Հայրս 79 տարեկան էր, երբ մահացավ 2009-ին: Ես նրան շատ եմ կարոտում, նա ինձ շատ էր սիրում, ինչպես սովորաբար սիրում են իրար հայրերն ու դուստրերը: Շատ դժվար է այս կյանքն ապրել առանց ծնողների ու հարազատների: Ովքեր ունեն ծնողներ, թող միշտ հոգան ու սիրեն նրանց...

- Գիտեմ, որ մանկությունից սահուն խոսում ես վրացերեն: Իսկ հայերե՞ն:

- Թբիլիսիում հաճախել եմ ռուսական դպրոց, մեզ վրացերեն սովորեցրին հինգերորդ-վեցերորդ դասարանում: Մինչեւ հիմա կարող եմ շատ լավ գրել, կարդալ ու հասկանալ վրացերեն, բայց ոչ ոք ինձ չի սովորեցրել հայերեն, չնայած հայրս եղբայրների հետ խոսում էր հայոց լեզվով: Խորհրդային ժամանակներն էին, ընտանիքում խոսում էինք միայն ռուսերեն: Ես գիտեմ որոշ հայերեն բառեր ու արտահայտություններ (ներառյալՙ վատ բառեր), ինչպեսՙ «Ես քեզ սիրում եմ», «Արի պաչի», «Գնա, է՛լի», «Փող չկա», «Աղջիկ» եւ այլն: Կցանկանայի սովորել գրել-կարդալ հայերեն, թեկուզ տարրական, որպեսզի հետագայում ինքնուրույն սովորեմ: Ես իսկապես ամաչում եմ, որ չեմ խոսում հայոց լեզվով, քանի որ երբեք հայերենի լավ ուսուցիչ չեմ ունեցել, իսկ հայ ազգականների հետ շփումներս սերտ չեն: Երեւանում ապրում է իմ զարմիկի որդի Գարիկ Ավագյանն իր ընտանիքի հետ...

- Ի դեպ, երբեւէ եղե՞լ ես Հայաստանում:

- Միայն մեկ անգամ Երեւանում, 1988-ին կամ 1989-ինՙ մասնակցելու իմ զարմիկ Էրիկ Ավագյանի հարսանիքին: Մեկ տարի անց, երբ Էրիկը մեքենայով գալիս էր Երեւանից Թբիլիսի, ճանապարհին անհայտ կորավ: Չգտնվեց ո՛չ նա, ո՛չ մեքենան...

- Ցավում եմ այդ մասին իմանալ, Սոլվիտա... Եթե դա տեղի է ունեցել 1989-1990 թվականներին, գրեթե համոզված եմ, որ նրան առեւանգել են Վրաստանի հարավի ադրբեջանական գյուղերում: Այս շրջանում շատ էին կատարվում նման պատահարներ... Իսկ դու կապ ունե՞ս Ռիգայի հայ համայնքի հետ:

- Ոչ, բայց ես այստեղի որոշ հայերի ճանաչում եմ հայրիկիս միջոցով, որը մի ժամանակ աշխատել է Ռիգայի «Էրեբունի» ռեստորանում որպես անվտանգության պահակ: Հիմնականում շփվում եմ Ռիգայի վրաց համայնքի հետ...

- Դե, Սոլվիտա, շնորհակալություն հայ ընթերցողներին քո կյանքի փորձառությունը ներկայացնելու համար: Խնդրեմ հիշիր, որ դու միշտ կարող ես այցելել քո հայրական երկիրը եւ այնտեղ ցույց տալ քո ձիրքերը: Եվ, ինչպես ինքդ ես ցանկանում, նաեւ սովորել հայերեն...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ