RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019



ՆՈՐ ՖԻԼՄ

Տեղադրվել է` 2019-10-31 22:43:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 359, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐՑԱԽ. ՀԱՎԵՐԺԻ ՍԱՀՄԱՆԻՆ». ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱԳԱ

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

...Պատմական Հայաստանի Ուտիք աշխարհի մաս կազմած Արցախը եղել եւ մնալու է հայոց հող: Այստեղ հայ ազգի բազմահազարամյա քաղաքակրթության կնիքն է: Եվ այս մասին շարունակելու են խոսել սեպագիր արձանագրությունները, Արցախի հնավանդ վանքերում ստեղծված միջնադարյան ձեռագիր մատյանները, պատմական հուշարձանները, բերդերն ու ամրոցները...Քարակազմ այդ հատորներն աշխարհին պատմում են, որ Արցախը գոյություն է ունեցել բազմաթիվ պետությունների ու ժողովուրդների ասպարեզ գալուց դեռ շատ առաջ: Այո, եղել է Արցախը, որտեղ IV դարումՙ Ամարասի վանքում Մեսրոպ Մաշտոցը բացել է իր դպրոցը, ավելի ուշՙ Արցախի Հասան-Ջալալյան իշխանական տոհմից սերված նշանավոր հոգեւորական, պատմագիր, մատենագիր, հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր Եսայի Հասան-Ջալալյանը Գանձասարը դարձնելու էր ազգային-ազատագրական պայքարի կենտրոնՙ աջակցելու հայ զորականին: Ա՛յն աշխարհն է Արցախը, որի անգամ մի գյուղը ունակ է միաժամանակ ծնելու երկու մարշալ, որոնք իրենց ռազմական հանճարով փայլեցին Հայրենական մեծ պատերազմում: Նրանց ոգին դրսեւորվեց արցախյան ազատամարտիկների սխրանքներում: Մեր խոնարհ հերոսներից շատերն ընկան ահեղ մարտերումՙ սերունդներին ժառանգելով մեր երբեմնիՙ մեծ ու հզոր Հայրենիքի ազատագրված բեկորը: Եվ այն սրբորեն պահելը յուրաքանչյուր հայ սերնդի խաչն է լինելու: Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի այս խոսքերը, որ ուղղված են սահմանից անդին, պատմական կարեւոր դասի արժեք ունեն.

- Ձեզ համար Արցախը լոկ տարածք է, իսկ մեզ համարՙ սուրբ հայրենիք:

Ամեն անգամ հիշելով մեծ արտիստինՙ մտածել եմ. «Արդյո՞ք կգտնվի այն հայ ռեժիսորը, ով միջազգային հանրությանը կպատմի Արցախի մասին, կներկայացնի նրա քաղաքակրթական արժեքըՙ իր պատմական անցյալով, մշակութային կոթողներով, պատմա-երկրագիտական թանգարաններով, արցախցու առինքնող կերպարով...»: Արցախը մեր ազգային սուրբ թեմաներից է, որին դիպչողը պետք է լինի մեր պատմությունն ու մշակութային ժառանգությունը իր հոգու թելերով զգացող, արմատներին ամուր կառչած արվեստագետ:

...Երիտասարդ սերնդի բազմաշնորհ արվեստագետՙ ռեժիսոր եւ վավերագրող Վահե Յանը նրանցից է, որ կարող էր նկարահանել Արցախի մասին պատմող ֆիլմ: Եվ նկարեցՙ ֆիլմը կոչելով «Արցախ. Հավերժի սահմանին», որի անդրանիկ ցուցադրությունը տեղի ունեցավ վերջերսՙ «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչեւ ռեժիսոր Վահե Յանի հետ իմ զրույցը ներկայացնելը, նշենք, որ «Արցախ. Հավերժի սահմանին» ֆիլմի միջազգային պրեմիերան կայացել է դեռ օգոստոսինՙ Հունաստանումՙ Իերապերա 6-րդ միջազգային կինոփառատոնում: Այսօր էլ Կանադայում կայանալիք միջազգային կինոփառատոնին ներկայացված է մի քանի անվանակարգերում: «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմում հանդիպել են անցյալը, ներկան եւ Արցախի ապագանՙ ողջ հմայքով: Իսկ ազգային ոգին խտացնում են ֆիլմի կոմպոզիտոր Հայկ Կարապետյանի չքնաղ ստեղծագործությունը, Աշուղ Բինգյոլի երգերը, «Հող» խմբի եւ «Գաթա բենդի» ինքնատիպ կատարումները:

«Հայաստանն աշխարհասփյուռ հայության մարմինն է, իսկ Արցախըՙ բաբախող սիրտը»

Վահե Յանն այն եզակ ռեժիսորներից է, ով գիտեՙ ինչ ասել է Հայրենիք, ազգի հոգեւոր եւ քաղաքակրթական ակունքներ: Նախկինում նա իր ձեռագիրը ցույց էր տվել «Արմատներ» ֆիլմում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իսկ հիմա էկրանին է նրա հերթականՙ Արցախի մասին ֆիլմըՙ առանց ավելորդ խոսքի ու զրույցի:

- Հայաստանն աշխարհասփյուռ հայության մարմինն է, իսկ Արցախըՙ նրա բաբախող սիրտը,-ասում է Վահե Յանը:

Եվ ռեժիսորին հաջողվել է հանդիսատեսին լսելի դարձնել Արցախիՙ հայության այդ բաբախող սրտի զարկերը. սիրտ, որ պատմության քառուղիներում բազմիցս խոցվեց, բայց դարձավ հայությանը հայրենիքի շուրջ համախմբող կենսատու աղբյուրը:

Լսենք ռեժիսոր Վահե Յանին եւ բացահայտենք, թե ինչպես ստեղծվեց ֆիլմը եւ Արցախ աշխարհին նայենք արդեն նրա աչքերով:

- «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմի գաղափարը ես ստացա նորաստեղծ ֆիլմ արտադրող ընկերությանՙ Academi Films-ի կողմից: Ես երբեք չէի եղել Արցախում: Եվ ահա ընկերության տնօրեն Արամ Թորոսյանն ինձ ուղեկցեց Արցախՙ ծանոթացնելու Արցախի եւ արցախցիներիս հետ: Եվ երբ եղա Արցախում, այնպիսի հոգեւոր մեծ ներուժ համակեց ինձ, որ ինքս չէի կարողանում բացատրել: Մարդկանց աչքերի մեջ տեսնում էի մեր ազգի բազմահազարամյա պատմությունը: Չմոռանանք, որ դրախտը եղել է Մեծ Հայքի տարածքում, ցավոքՙ ներկայիս Թուրքիայի Բինգյոլ նահանգում ու հարակից տարածքներում, որտեղից սկիզբ են առնում աստվածաշնչյան չորս գետերը: Դրախտից արտաքսվելուց հետո Ադամն ու Եվան շարժվել են հենց Արցախի ուղղությամբ եւ տեղավորվել Արարատյան դաշտավայրում: Աստված Ադամին արարեց Հայոց հողից: Սակայն այն ժամանակ չկար Հայաստանը եւ ոչ էլ որեւէ երկիր մոլորակի վրա: Եվ Արցախում գտնվելիս ես զգում էիՙ հայտնվել եմ աշխարհաստեղծման կենտրոնում: Սուրբ գրերի ժառանգությունում մենք հանդիպում ենք այն մտքին, որ Դրախտում չորս գետերը սրընթաց էին հոսում. սա վկայում է այն մասին, որ Դրախտը գտնվում էր բարձրադիր վայրում: Այստեղ իմ մտքում ծնվեց ֆիլմի սկիզբըՙ աշխարհաստեղծումըՙ լոկ լեռներ եւ մառախուղ...Իսկ աշխարհաստեղծման չորս տարրերըՙ օդը, հողը, ջուրը, կրակը դարձան այն ատաղձը, որի վրա հյուսվեց ամբողջ ֆիլմը: Ես շատ եմ կարեւորել հինգերորդ տարրըՙ Սերը, որն Աստծո նախախնամությամբ անցնում է իմ ֆիլմովՙ առաջին կադրից մինչեւ ավարտը:

- Քիչ առաջ Դուք մի արտահայտություն արեցիքՙ «արցախցիներս»... Այսպես խոսում են ամենաթանկ ու հոգեհարազատ երեւույթների մասին: Ի՞նչ հետք թողեց Արցախ աշխարհը Ձեր կյանքում:

- Երբ Արցախում էի, սիրո, հավատի եւ ազատության ահռելի էներգետիկ օվկիանոսը տեսա արցախցիներիս աչքերի մեջ: Այդժամ ես հասկացա, որ ֆիլմում ավելորդ է բառ հասկացությունը, որովհետեւ աչքերն ավելի շատ բան կարող են պատմել, քան հազարավոր գրված բառեր: Նրանց աչքերն ինձ ուժ տվեցին ու մեծ կամքՙ ստեղծելու այս ֆիլմը:

Եվ իսկապես: «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմում , նայելով մարդկանց աչքերին, ակամա հիշեցի թաթար գրող Ռամիլ Հաքիմովի խոսքերը.

«...Մարդու դեմքը արդյոք շա՞տ կփոխվի վեց հազար տարվա ընթացքում:

Այսօրվա հայը նայում է Թորոս Ռոսլինի մանրանկարներին եւ այնտեղ արտացոլված իր դեմքն է տեսնում, իսկ այդ մանրանկարները հազար տարեկան են:

Այսպիսի հիմնավոր շարվածքի դեմքը, ինչպիսին հայկականն է , մեկ հազարամյակ չէ, որ դեռ կդիմանա, պահպանելով իր տոհմիկ գծերը»:

Ռեժիսոր Վահե Յանի աչքը կարողացել է որսալ հենց այդպիսի դեմքեր, որոնց նայելիս օտար հանդիսատեսը հիշյալ հեղինակի պես մտքում կհարցնիՙ «Իսկ դու քանի՞ տարեկան ես, Հայաստա՛ն»:

- Ֆիլմի անդրանիկ ցուցադրության ժամանակ մի հետաքրքրական միտք հայտնեցիք. «Երբ Արցախում էի, այնպիսի զգացողություն ապրեցի, որ ասեք, իմ գենի սկիզբը եւ ներկան հանդիպել են միեւնույն վայրում»...

- Այո...Երբ վերադարձա եւ նույնն ասացի հայրիկիս, նա քմծիծաղով պատասխանեց.

- Իսկ դու չգիտեի՞ր, որ քո պապի պապերը եղել են Արցախից:

Հետո միայն իմացաՙ նախնիներս ծնունդով Արցախից են: Նրանք Արցախից են տեղափոխվել Լոռի: Իսկ լոռեցիները նրանց կնքել են «ղարաբաղլո» մականունով: Սակայն, ես չեմ կարծում, որ ֆիլմն այսքան զգացմունքային ստացվեց այն պատճառով, որ իմ արմատներն Արցախից են: Ես զգում էիՙ սրանք հայի ակունքներն են եւ Աստծուց ուժ եւ կորով խնդրեցի, որ կարողանամ այդ միտքը փոխանցել հանդիսատեսին: Առհասարակ, կանգուն է այն ծառը, որի արմատները խորն են եւ պինդ: Ես իմ ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել եմ այդ արմատները շոշափելուն:

Նշենք, որ ֆիլմը նախատեսված է նաեւ զբոսաշրջային ընկերություններին տրամադրելու համար: Եվ Վահե Յանն արդեն պատրաստել է ֆիլմի 17 րոպե տեւողությամբ տարբերակը: Դիտումներից հետո Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը զգալի աճ է արձանագրել:

Եվ նկատենք, որ ֆիլմի հաջողության գործում կարեւոր դերակատարում է ունեցել նաեւ Վահե Յանի կողմից ճիշտ ընտրված կինոլեզուն:

- Իմ նպատակը եղել է ոչ թե հանդիսատեսին տեքստ պատմելը, այլ զգայական դաշտի վրա ներգործելը: Իսկ հոգեւորի լեզուն միջազգային է, -ասում է արվեստագետը:

«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը շարունակում է իր ընթացքը: Դեռ շատերն են Արցախը տեսնելու Վահե Յանի աչքերով ու խոր աշխարհայացքով: Ճանաչելու են Արցախ աշխարհը, այցելելու են այս հինավուրց հողը, ուր բաբախում է համայն հայության հավաքական սիրտը: Եվ նման բարձր նշաձողի վրա գտնվող ֆիլմն իրականություն չէր դառնա, եթե տաղանդավոր ռեժիսորի կողքին չլիներ նույնքան հայրենասեր ու բազմաշնորհ հզոր թիմը: Վահե Յանն իր խորին երախտագիտությունն ու հատուկ շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին ֆիլմի պատրաստման համար: Մասնավորապես պրոդյուսեր Արամ Թորոսյանին , պրոդյուսեր Աննա Զաքարյանին , օպերատոր Արթուր Ղարայանին , դրոնի օպերատոր Դավիթ Աբրահամյանին (ում շնորհիվ Արցախը տեսանք բազեի հայացքից եւ ավելի ամբողջացավ ֆիլմը), կոմպոզիտոր Հայկ Կարապետյանին , գծային պրոդյուսեր Սոնա Ասատրյանին , օպերատորի օգնականՙ Գեւորգ Ղարայանին , տեխնիկական պատասխանատուՙ Տիրայր Խալափյանին , հնչյունային ռեժիսորՙ Տիգրան Կուզիկյանին , մոնտաժի ռեժիսորՙ Արա Մկրտչյանին , հնչյունային օպերատորՙ Նարեկ Խաչատրյանին , համակարգչային ձեւավորողՙ Հարութ Նալբանդյանին ...

«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը թեւածելու է աշխարհով մեկ եւ հիշեցնելու է իր պատմական հզոր անցյալով հպարտ ու անընկճելի ժողովրդի մասին, ով կարողանալու է պահպանել մեր հերոսների արյամբ վերագտած այս գանձը: Եվ ռեժիսոր Վահե Յանն, ապավինելով Հայի ՙ հազարամյակներից եկող ոգուն եւ իմաստությանն, ասում է.

- Ես հավատում եմ մեր ազգին...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 01-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ