RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 22-11-2019



ՊՐԵՄԻԵՐԱ

Տեղադրվել է` 2019-11-23 21:50:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 774, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿՅԱ ԱՄՐՈՑԻ ՉՔՆԱՂ ԵՎ ԴԱԺԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուսի առաջատար գիտաշխատող

Սույն տարվա նոյեմբերի 12-ին եւ 16-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում կայացավ Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա ամրոց» բալետի պրեմիերան:

Անշուշտ, յուրաքանչյուր թատրոն, որ կրում է «ակադեմիական» կարգավիճակը, պետք է ունենա իր խաղացանկում բալետային ներկայացումներ, որոնք բեմադրված են դասական կամ, ինչպես ընդունված է ասել Եվրոպայում, ակադեմիական պարի ոճով:

Արդեն 20-րդ դարի սկզբից սկսեցին ձեւավորվել «նեոկլասիկ», «նեոռոմանտիկ» բալետային ուղղությունները, որոնց փայլուն նմուշները նորովի վերարտադրում էին անցած XIX դարի բալետին հատուկ թե՛ ձեւ կառուցվածքները, թե՛ շարժումների համակարգը: Այդպիսին էին Միխայիլ Ֆոկինի «Շոպենիանան», Ջորջ Բալանչինի բազում բեմադրությունները: Ավելի ուշ ֆրանսիացի բալետմայստեր Պիեռ Լակոտտը պահպանված մի քանի փորագրանկարների հիման վրա բեմադրեց «Սիլֆիդան»ՙ Տալյոնիի եւ Բուռնոնվիլի բալետների ոճով եւ այնուհետեւ «Փարավոնի դուստրը»ՙ Մարիուս Պետիպայի բացարձակապես մոռացված բալետը: Նշված բալետները շատ հաջող հեղինակային ոճավորումներ են, բայց ո՛չ երբեք նշված ներկայացումների վերականգնումը:

Մեր ժամանակներում մեծ հետաքրքրություն է աճում Վերածննդի դարաշրջանի, Բարոկկոյի շրջանի երաժշտության հանդեպ: Եվ դրա հետ զուգահեռ նաեւ ստեղծվում են նոր երկեր, որոնք վերարտադրում են այդ ոճը:

Հենց այս տիպի երաժշտական ոճին է պատկանում կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի (ԱՄՆ-Մալթա) «Բյուրեղապակյա դղյակը» բալետի երաժշտությունը, որը ստեղծված է բարոկկոյի, որոշ չափովՙ 19-րդ դարի առաջին կեսի երաժշտության ոճով:

Ալեքսեյ Շորը վերջին մի քանի տարվա ընթացքում հայտնի դարձավ հայ հանրութանը: Ինչպես պարզվում է, նրա հայրը մինչեւ 12 տարեկանը ապրել է Հայաստանում` Լոռու մարզի Պուշկինո գյուղում եւ Գյումրիում: Ալեքսեյ Շորի երկերը մի քանի անգամ կատարվել են Երեւանում: 2018 թ. Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն Ալեքսեյ Շորին շնորհել էր պատվավոր դոկտորի կոչում:

Անցյալ տարվա մայիսի սկզբին մեր հանդիսատեսին ներկայացվեց այդ բալետը, որը կատարվեց մոսկովյան պարողների ուժերով եւ գլխավոր դերում հանդես եկավ հանրահայտ պարող Իվան Վասիլեւը :

Իսկ մոտ մեկ ամիս առաջ Եվրոպական Մշակույթի աջակցության Եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը առաջարկեց եւ հովանավորեց նույն բալետի բեմականացումը Երեւանում:

Եկատերինա Միրոնովայի եւ Ալեքսանդր Սոմովի բեմադրության փոխադրումը իրականացրեցին մեր թատրոնի նախկին առաջատար պարուհի, այժմՙ փորձավար, Հայաստանի վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանը եւ մեր բալետի փայլուն առաջատար մենակատար, Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը : Գրեթե մեկ ամսում նրանք ոչ միայն փոխադրեցին բեմադրությունը երեւանյան բեմ, այլեւ ներմուծեցին իրենց մեկնաբանությունը, որին մենք կանդրադառնանք մի փոքր ուշ:

Բալետի սյուժեն հենվում է ռուս կայսրուհի Աննա Իոաննովնայի իշխանության տարիներին կատարված մի հայտնի միջադեպի վրա: Իմանալով, որ իր ծաղրածուներ աղջիկը եւ երիտասարդը ցանկանում են ամուսնանալ, նա խոստանում է կազմակերպել նրանց հարսանիքը այն պայմանով, որ նրանք առաջին ամուսնական գիշերը կանցկացնեն սառույցից կառուցված պալատում: Ինչպես վկայում է իրական պատմությունը, ծաղրածուների զույգը մի գիշեր տանջվելուց հետո, այնուամենայնիվ, առավոտյան դուրս է եկել սառցե պալատից: Ըստ բալետի առաջին տարբերակի, որը ցուցադրվեց մեզ մոտ, իսկ այնուհետեւՙ Մոսկվայի Կրեմլյան պալատի բեմում, հերոսները սառեցին ու մահացան: Այսպիսով, պատմությունը ներկայացավ որպես ողբերգություն:

Սակայն մեր պրեմիերայից մի քանի օր առաջ, կոմպոզիտոր Շորի խնդրանքով բալետի ավարտը փոփոխվեց եւ հերոսները, ինչպես եւ իրականում է եղել, դուրս եկան սառցային պալատից, հաղթահարելով իրենց բաժին ընկած փորձություն:

Պետք է նշել, որ հանգուցալուծման այդ փոփոխությունը միանգամայն փոխեց շեշտադրումները եւ այլ իմաստ հաղորդեց բալետին: Իր սկզբնական բեմադրությունից բալետը տարբերվում է նաեւ մի շարք այլ մանրամասներով:

Նախ նշենք, որ մոսկովյան բեմադրության մեջ կային խոսակցական դրվագներ, բալետը հագեցած էր մնջախաղային տեսարաններով: Պալատականները քայլելով ճեմում էին բեմի տարածքով: Նաեւ բեմում առկա էին շնիկներ, կատուներ եւ նույնիսկ ձի:

Ս. Առուստամյանը եւ Ռ. Մուրադյանը վերանայեցին բեմադրությունը, մեր կարծիքովՙ ի շահ վերջինիս: Այն ամբողջությամբ պարային է: Նախ վերացան շնիկները, ձին, հնարավորինս կրճատվեցին մնջախաղային տեսարանները: Առաջին մաս մտցվեցին զուգապարային մասսայական դրվագներ, երկրորդ մասը հավելվեց ծաղրածուների տեխնիկական հագեցած պարով: Որոշ չափով վերանայվեցին նաեւ հերոսների զուգապարային դրվագները:

Ընդհանուր առմամբ պարային մասը գտնվում է Մարիուս Պետիպայի ժամանակաշրջանի բալետային ոճի համատեքստում:

Բալետը հիմնականում բաղկացած է երկու մեծ դիվերտեսմենտիցՙ ամառային եւ ձմեռային: Ամառայինում առկա են մասսայական տեսարաններ պարահանդեսային ոճով, բալետային վարիացիաներ եւ տարբեր տիպի անսամբլային դրվագներ: Թերեւս ամենակարեւորն այն է, որ Առուստամյանը եւ Մուրադյանը հասան այն էֆեկտին, որ ամբողջ բալետային խմբի յուրաքանչյուր մասնակից ունի, թեկուզ փոքր, մենակատարային հատված եւ կարող է ցույց տալ իր հնարավորություններըՙ թե՛ որպես պարող եւ թե՛ որպես դերասան: Իսկ ավելի ընդարձակ մենակատարային եւ զուգապարային տեսարանները հագեցված են բարդ պարային տեխնիկայի տարբեր հնարքներովՙ թռիչքներով, պտույտներով, զուգապարային բարդ դիրքերով:

Երկրորդՙ ձմեռային մասը զուգահեռներ է ունի Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետի «Դոն Կիխոտի երազը» կամ էլ Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկի» Ձյունափաթիլների տեսարանների հետ:

Սա կարելի է երկակի մեկնաբանել: Կա՛մ սա սառցե դղյակի «կենդանացումն» է, կա՛մ էլ այլաշխարհիկ երեւակայական սառցաշխարհի տեսարանն է: Երջանիկ ավարտն էլ կարելի է մեկնաբանել երկակի: Կա՛մ հերոսները դուրս եկան սառած դղյակից, ինչպես նշված է ծրագրումՙ սիրո կրակով հալեցնելով այն եւ հաղթահարելով իրենց բաժին ընկած փորձանքը: Կա՛մ նրանք դարձան այդ սառցե աշխարհի անբաժանելի մասը, եւ երջանկացան այդ աշխարհում:

Անդրադարնանք կատարողներին:

Առաջին պրեմիերայում գլխավոր Սիրահարված ծաղրուծուհու եւ ծաղրածուի դերերում հանդես եկան Հայաստանի վաստակավոր արտիստներ Մերի Հովհաննիսյանը եւ Ռուբեն Մուրադյանը :

Մերի Հովհաննիսյանի գլխավոր առանձնահատկությունն է նրա հիանալի, կարելի է ասել, անբիծ տիրապետումը դասական պարի հնարքներին: Դա պարզ էր հենց նրա առաջին քայլերից թատրոնի բեմում: Սակայն հետզհետե բացվեց նրա դերասանական տաղանդըՙ արտահայտչականությունը, քնարականությունը, քնքշությունը, ինչը եւ հատուկ երանգավորում հաղորդեց Սիրահարված ծաղրածուհու կերպարին:

Ռուբեն Մուրադյանը հանդիսատեսին միշտ գայթակղում է իր ոչ միայն փայլուն դասական բալետի հնարքների տիրապետմամբՙ փափուկ ու բարձր թռիչքներով, վիրտուոզ պտույտներով, այլեւ շարժումների ու կեցվածքի ազնվականությամբ, արտահայտչականությամբ եւ հատուկ բեմական հմայքով:

Երկրորդ օրը գլխավոր հերոսների կերպարների իրենց մեկնաբանությունը ներկայացրեցին Հայաստանի վաստակավոր արտիստներ Սյուզաննա Փիրումյանը եւ Սեւակ Ավետիսյանը , մեր գրեթե անբաժան բեմական զույգը: Նրանք անընդհատ կատարելագործում են իրենց դերասանական արվեստը, խորապես ապրում յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր շարժում: Նրանց անկեղծ, քնքուշ եւ կարծես դատապարտված սիրո դուետը ողբերգական երանգ ներբերեց ներկայացման մեջ:

Անհրաժեշտ է նշել, որ Երկրորդ մասը համարյա ամբողջությամբ ուղեկցվում է օպերային մենակատարուհու երգեցողությամբ: Այս առումով կցանկանայինք ուշադրությունը հրավիրել Օպերային դիվայի դերը կատարած մեներգչուհի Դիանա Հարությունյանի կերտած կերպարի խորը դրամատիզմին: Երկրորդ պրեմիերայում Օպերային դիվայի դերում հանդես եկած Սիլվա Պետրոսյանին , որը անշուշտ ցուցադրեց իր վարպետությունր որպես երգչուհի, այդ դրամատիզմը չհաջողվեց ներդնել ներկայացման մեջ:

Կրկին վերադառնանք պարողներին: Տաթեւիկ Բոլշիկյանը փափուկ ու լայնաշունչ ձեռքերի շարժումներով, վեհ կեցվածքով, անշուշտ, ստեղծում է Սառած ծաղիկների փերիի տպավորիչ կերպար:

Գրիգոր Գրիգորյանը նավապետի վարիացիայում Ռուբեն Մուրադյանի բեմադրությամբ ցուցադրեց բարդ թռիչքների կատարման իր վարպետությունը: Թիթեռՙ Կարինա Շիկանյանը , Ծաղիկՙ Ժաննա Թեւոսյանը , Սիրամարգՙ Արփինե Բաբայանը , Թութակՙ Գարեգին Բաբելյանը (1-ին ներկայացմանը) եւ Անդրանիկ Աբովյանը (2-րդ ներկայացմանը)` մեր բալետային խմբի տաղանդավոր մենակատարներ են. յուրաքանչուրն առանձնացավ ե՛ւ պարային հմտությամբ, ե՛ւ արտահայտչականությամբ:

Նվագախումբըՙ բեմադրող դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, արտահայտիչ մատուցեց բալետի երաժշտական պարտիտուրի առանձնահատկությունները, իսկ ինքըՙ Արզումանյանը, ցուցադրեց նաեւ իր վարպետությունը որպես բալետի դիրիժոր, ինչը պահանջում է հատուկ հմտություն եւ նրբանկատություն:

Փոխադրող նկարիչ Ավետիս Բարսեղյանը ճշտությամբ վերարտադրել է մոսկովյան բեմադրության բեմահարդարումը:

Մեծ է ավագ փորձավար ՀՀ ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանի (որը նախապատրաստել է գլխավոր դերերի կատարողներին), եւ փորձավարներ Արթուր Գրիգոյանի եւ Սոնա Խաչատրյանի , ավագ կոնցերմայստեր Անուշ Կարապետյանի եւ կոնցերտմայստեր Լիանա Մնացականյանի ներդրումը բեմադրության կայացման գործում:

«Բյուրեղապակյա դղյակ» բալետը գեղեցիկ լրացում է Սպենդիարյանի անվան թատրոնի խաղացանկում: Բյուրեղապակյա աշխարհի չքնաղ եվ դաժան աշխարհի արհավիրքներով անցած սիրահարների պատմությունը, անշուշտ, կգրավի մեր հանդիսատեսին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 22-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ