RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 29-11-2019



Տեղադրվել է` 2019-11-30 19:10:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 385, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑՆՑՈՒՄ ԵՎ ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵՐՕՐՅԱ ԿԻՆՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

(նոյեմբերի 10-28)

Երկրորդ տարին է, ինչ Երեւանում կազմակերպվում է Եվրոպական ֆիլմերի փառատոնըՙ բացառիկ հնարավորություն ընձեռելով մեր կինոսիրողին դիտել եվրոպական կինոյի ամենաթարմ աշխատանքները, որոնք հազիվ թե ցուցադրվեն մեր էկրաններին եւ երկար ժամանակ անց միայն կհայտնվեն Համացանցում: Ուրախալի է նաեւ, որ փառատոնը կայացավ նաեւ մարզերում (Գյումրի, Վանաձոր եւ Դիլիջան): Ծրագիրն ընդգրկում էր 12 երկրի 16 հիմնականում խաղարկային լիամետրաժ կինոնկարներ, որոնցից Երեւանում ցուցադրվեց 12-ը (մնացածը ցուցադրվել էին նախորդ «Ոսկե ծիրանում»): Կաննի, Բեռլինի, Վենետիկի եւ այլ փառատոներում մրցանակների արժանացած եվրոպական կինոնկարներն, այսպիսով, մի խումբ կինոխանդավառների ջանքերի շնորհիվ (ֆիլմերի ծրագրի համադրողՙ Վարվառա Հովհաննիսյան ) մայրենի լեզվով հասանելի են դառնում հայ հանդիսատեսին, այն էլՙ անվճար սեանսներով...

Ի մի բերելով 2010-ականների վերջի եվրոպական կինոյի ամենից նշանակալից նմուշներից ստացած տպավորություններըՙ չենք կարող չնկատել նախ եւ առաջ էկրանը հնարավորինս շատ բռնությամբ լցնելու միտումը: Թվում է, թե ամեն ինչից կուշտ հասարակությանն այլեւս միմիայն հնարավոր է զբաղեցնել վայրագության մեծ չափաբաժին հրամցնելով: Սկսած Պազոլինիի տխրահռչակ «Սալոյից» մինչեւ Լարս ֆոն Տրիերի դաժանագույն «Հակաքրիստոսը»ՙ եվրոպական կինոն ասես իր համար որդեգրած լինի «մարդը մարդուն գայլ է» կարգախոսը եւ ամեն անգամ ձգտում է գերազանցել վայրագության պատկերման իր մոլուցքը (հար եւ նման Մել Գիբսոնի առեւտրական ֆիլմ-դաժանություններին): Տարբեր փառատոներում հոտնկայս ծափահարվող Վացլավ Մարհոուլի «Ներկված թռչունը» (Չեխիա-Սլովակիա-Ուկրաինա) երկուսուկես ժամ էկրանին պատկերվող զոհերի հետ մեկտեղ ասես նպատակ էր դրել կտտանքների ենթարկել նաեւ հանդիսատեսին: Այս էլ անհաշիվերորդ անգամ հրեա հերոսի (տվյալ դեպքումՙ անչափահաս) միջոցով Երկրորդ աշխարհամարտի խորքին պատկերվում են մեկը մյուսից դաժան եւ եղկելի տեսարաններՙ մարդուն հասցնելով մարդ արարածից վերջնական հիասթափության: Նատուրալիստական եւ իրապաշտական մռայլ գույներով է պատկերված հատկապես խորհրդային զինվորականների կողմից գերմանական գյուղի հրկիզումը, անմեղ բնակիչներին բռնաբարելու ու կոտորելու տեսարանները: Վերջին տասնամյակին անգամ ռուսերենով եղան մի շարք հրապարակումներ լռության մատնված մի զարհուրելի եղելությանՙ Կարմիր բանակի գործած խժդժությունների մասին (խորհրդային զինվորականները բռնաբարել են երկու միլիոն գերմանուհու, նաեւ անչափահասների), որին կա միայն մեկ բացատրություն, ինչը եւ ասում է հերթական խաղաղ բնակչին սպանող ռուս մարտիկը. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: «Ներկված թռչունը» միավորում է բռնությունների ու այլասերվածությունների մի ողջ «փունջ»ՙ գդալով աչքերի փորում ու առնետների կողմից մարդու հոշոտում, մանկապղծություն ու մանկասպանություն, անասնապղծություն ու երեխայի կողմից մարդասպանություն.... պակաս է միայն մարդակերությունը:

Հոգ չէ, դա էլ առկա էր Ագնեշկա Հոլանդի «Միսթր Ջոնսը» ֆիլմում (Մեծ Բրիտանիա-Լեհաստան), որը պատմում է խորհրդային պատմութեան մեկ այլ գաղտնի պահված խայտառակությանՙ Ուկրաինայի «հոլոդոմորի»ՙ կազմակերպված սովի մասին: Սակայն ի տարբերություն «Ներկված թռչունի» միագիծ պատումին, բռնության հաճախ ինքնանպատակ պատկերումներին եւ դրական հերոսների գրեթե բացակայությանըՙ Հոլանդի կինոերկը ոչ միայն Ստալինի սանձազերծած սովի միլիոնավոր զոհերի հիշատակն է հավերժացնում, այլեւ պատմական մի խիզախ անձնավորությանՙ ուելսցի լրագրող Գարեթ Ջոնսի, որն անտեսելով խորհրդային շանտաժըՙ չի վարանում ի լուր աշխարհի բարձրաձայնել սեփական աչքերով տեսած եւ սովետների կողմից խնամքով թաքցվող զարհուրելի «հոլոդոմորի» մասին: Ծանր կինոպատումը զգալիորեն «թեթեւացնում է» Ջորջ Օրուելիՙ ժամանակ առ ժամանակ երեւացող կերպարը, որի «Անասնաֆերմայի» որոշ հատվածներ հնչում են համապատասխան համատեքստում...

Պատմական մեկ այլ ամոթալի իրադարձությանՙ սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիայի քողազերծման գեղարվեստական մարմնավորումն է Մարկո Բելոկիոյի «Դավաճանը» (Իտալիա-Ֆրանսիա-Բրազիլիա-Գերմանիա): Բռնությունների անխուսափելի պատկերմամբ հանդերձՙ այս կինոերկը ոչ միայն քաղաքական, այլեւ հոգեբանական խորը դրամա է, որը վայրիվերումներով ցույց է տալիս նախկին մաֆիականի փորձություններըՙ ոհմակից անջատվելու եւ մնացյալ կյանքը դավաճանի պիտակով ապրելու նրա դժվարին ընտրությունը: Կինոնկարն իրատեսորեն վավերագրում է ոչ միայն մաֆիայի չարիքները, այլեւ հակառակ բեւեռիՙ արդարադատության պայքարը, որի արդյունքում ի վերջո պետականորեն պատժվում են մաֆիայի հարյուրավոր անդամներ...

Եվրոպական արդի կինոյում իրենց վաղուց հաստատած Բելոկիոն եւ Հոլանդը հասնում են խորքային ընդհանրացումների եւ բռնություններ պատկերելիս էլ պահպանում են չափի զգացումըՙ ջունգլիական օրենքներով աշխարհում գոյատեւող մարդկության մեջ փորձելով գտնել առաքինություններ, ինչը գրեթե բացակայում էր Վացլավ Մարհոուլի մոտ, որի պատկերած մարդիկ կա՛մ այլասերված էին, կա՛մ արյունարբուներ (բացառությամբ քահանայի), իսկ խորհրդային զինվորականներըՙ նաեւ զոմբի: Նմանապես այլասերվածության խրախճանք էր Սիլաս Ձումերկասի «Սարգասյան ծովի հրաշքը» (Հունաստան-Գերմանիա-Նիդեռլանդներ-Շվեդիա), որտեղ նույնիսկ կարգուկանոնի հետամուտ ոստիկանապետը թմրադեղեր է օգտագործում: Այստեղ ո՛չ պատերազմ է, ո՛չ բռնապետություն, սակայն գավառական բնակավայրի բնակիչներն ասես դատապարտված են տրվելու սանձարձակ զեխությունների, որն էլ մի օր անպասելիորեն պիտի ավարտվեր ողբերգությամբ...

Ի տարբերություն հունական ոչ զբոսաշրջային ծովափի, Մարսելի կինոպատմիչ Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Gloria mundi» (Ֆրանսիա-Իտալիա) սոցիալական դրամայի հերոսները նվազ մեղավոր հոգիներ են: Ողջ կյանքում ստորին խավի մասին պատմող համայնավար Գեդիգյանն այս անգամ մի ընտանիքի միջոցով ներկայացրել է մարդկային եւ սոցիալական հարաբերությունների մի ինքնահատուկ դրամա: Այստեղ պատկերված Մարսելը շատ հեռու է Գեդիգյանի առաջին ֆիլմերի Մարսելից, որի փողոցներում արդեն սովորական են դարձել ավտոմատավոր զինվորականները: Ինչպես միշտ, իր բնական խաղով փայլում է բեմադրիչի կինըՙ Արիան Ասկարիդը, ինչպես նաեւ Գեդիգյանի նախորդ երկու ֆիլմերում նկարահանված Ռոբինսոն Ստեւենենը: Ի դեպ, «Gloria mundi»-ի սկիզբըՙ կնոջ ծննդաբերության տեսարանը, հնչյունային-երաժշտական լուծումով եւ նկարահանման եղանակով կրկնում է Արտավազդ Փելեշյանի «Կյանք» ֆիլմի սկզբնամասը, ինչպես մակագրերում է նշվածՙ որպես «հարգանքի տուրք Փելեշյանին»...

Նորա Ֆինգշայդթի «Համակարգ խափանողը» (Գերմանիա) դժվար դեռահասի հավերժական թեմայի հերթական արծարծումն է, որտեղ առկա ցնցող, սակայն միանման իրավիճակների շարանը եւ բեմադրիչի չափի զգացման կորուստըՙ դժբախտ դեռահասի ու նրա ոչ պակաս դժբախտ շրջապատը թանձրագույնս պատկերելիս, պատումի կեսից ասես բթացնում են հանդիսատեսի ապրումակցումի զգայունությունը, եւ շարունակությունը դիտում ես փոքր-ինչ անտարբերությամբՙ սպասելով անգամ ոչ տրամաբանական, սակայն շուտափույթ հանգուցալուծման...

Միխայլ Ռոսայի «Պիլսուդսկին» (Լեհաստան) եւ Կարոլիս Կաուպինիսի «Նոր Լիտվան» (Լիտվա) պատմական դրամաներ են, ազգի համար վճռական ժամանակները եւ կարեւոր դերակատարներին բարեխիղճ կերպով ներկայացնող, նկատելի է բրիտանական կենսագրական կինոյի բարերար ազդեցությունը: Երկու կինոնկարներին (ինչպես նաեւ վերոհիշյալ ուկրաինական ֆիլմերին) հատուկ են առավել կամ պակաս հակառուսական շեշտադրումները. մի միտում, որն այսօրվա արեւելաեւրոպական կինոյում Ռուսաստանիՙ Արեւմուտքից հետզհետե ավելի խորթանալու պայմաններում ավելի է զարգանում...

Քրիստինա Գրոզնեւայի եւ Պետրո Վըլչանովի «Հայրը» (Բուլղարիա-Հունաստան) հոգեբանական դրաման դիտվում է հետաքրքրությամբ, սակայն նորություն չէ ո՛չ նյութի, ո՛չ կինեմատոգրաֆիական տեսանկյունից, թեեւ սրամիտ էր գտնված այրիացած ծերունու եւ նրանից խորթացող որդու հարաբերությունների վերականգնման դժվարին ուղին եւ այդ գործում ուտելիքի (տվյալ դեպքումՙ սերկեւիլի ջեմի) դերը...

Ալեքսի Սալմենպերյայի «Ունայնությունը» շարժապատկերում (Ֆինլանդիա) եւս չկա բռնություն, փոխարենը անսովոր, անսպասելի շրջադարձերով եւ լուծումներով դիպաշարի մեջ գերիշխող է ունայնության գաղափարըՙ մարդկային հարաբերություններում, հոգիներում, արդի հանրության մեջ...

Մեկ այլ սկանդինավյան կինոնկարՙ շվեդական կինոյի այսօրվա հանրահայտ (եւ արտակենտրոն) դեմք Ռոյ Անդերսոնի վերջին ֆիլմըՙ «Անվերջի մասին» (Շվեդիա-Գերմանիա-Նորվեգիա), աներեւույթ հերոսուհու կողմից պատմում է քաղաքի ներս ու դրսում իր տեսած սովորական ու անսովոր բաների մասին, որը կարող է լինել Հիտլերի կյանքի վերջին պահերը եւ կամ շամպայն խմող մի կին, որը միայն ասում է, որ ինքը շատ-շատ է սիրում այդ խմիչքը: Միմյանց հետ մեծ մասամբ կապ չունեցող կարճառոտ տեսարանները նույնպես կրում են ունայնության ու արդի հասարակության մեջ մարդկային հարաբերությունների ճգնաժամի գաղափարները...

Ծրագրում ընդգրկված «Անսանձ Ռումինիա» փաստագրությունը (Ռումինիա-Մեծ Բրիտանիա) մի օազիս էր փառատոնի ծրագրում: Տպավորիչ համայնապատկերային եւ միկրո նկարահանումներով այստեղ վավերագրված է Եվրոպայի մեծագույն կանաչ գոտին ու միակ կուսական անտառներըՙ Կարպատյան լեռները, նրա բուսական ու կենդանական աշխարհը: Գարնան չորս եղանակների, ծառ ու ծաղկի, միջատի ու թռչունի հրաշագեղ, զարմանալի տեսարանների կողքին այստեղ եւս կա բռնություն (օձը կուլ է տալիս ձկանը, արծիվը ճանկում է նապաստակին, արջը խլում է գայլերի որսը...), բայց դա ընկալվում է որպես բնության օրենք, ո՛չ պաթոլոգիա: Այդուամենայնիվ, ֆիլմի նպատակը վայրի բնության գեղեցկության փառահեղությունը ցուցադրելը չէ, այլ եւս մեկ անգամ ուղերձ հնչեցնել այդ ամենը պահպանելու, քանի որ դժբախտաբար այդ կուսական տարածքների էկոհամակարգը եւ կենսաբազմազանությունը վտանգված են այսօրվա Եվրոպայիՙ իր շավղից դուրս եկած իրականության մեջ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #45, 29-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ