RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 06-12-2019



Տեղադրվել է` 2019-12-05 21:18:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 993, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԳԻԾԵԼԸ ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԿԵՐՊՆ Է

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հաճախ սովորույթի ուժով մեր կողքին ներկա տաղանդավոր մարդկանց արժանին չենք մատուցում` նրանց տաղանդի ծավալման հետագա ընթացքի մեջ գոնե գնահատողներիս ջանքը չներդնելով: Այս անգամ տեղի ունեցավ լիովին հակառակը` Թեքեյան մշակութային միությունը, «Ազգը» կարողացան ճիշտ ժամանակին գնահատել մեր ժամանակի, կարելի է ասել, հազվադեպ մարդկանցից մեկին` երգիծանկարիչ, գեղանկարիչ, օպերային բեմադրիչ Սուքիաս Թորոսյանին` Toto-ին. նրա 60-յակի առթիվ Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ երկու բան` նրա հիանալի երգիծանկարների ցուցահանդեսի բացումը եւ «Փոքր երկրի մեծ իրադարձությունները» երգիծանկարների նորատիպ ժողովածուի շնորհանդեսը:

Ժողովածուում կարելի է գտնել անկախությունից հետո մեր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արձագանքը` հիանալի եւ համարձակ երգիծանկարներում: Գիրքը թերթելուց, Հայաստանի հայտնի պետական գործիչների դիպուկ երգիծանկարները դիտելուց եւ դրանց Toto-ական մեկնաբանություն-բնորոշումները կարդալուց հետո առաջին միտքն այն է, որ չկա ավելի քաղաքական գիրք , քան այս հավաքածուն է, մեր քաղաքական գործիչներին խորհուրդ ենք տալիս ձեռք բերել այն` տեսնելու համար, թե իրենց վերաբերյալ ինչ է մտածում երգիծանկարիչը:

Toto-ի ստեղծագործական աշխարհն իր բոլոր բաղադրիչներով ի մի բերելու առիթներ դեռ կունենանք, կարծում եմ, սակայն գրքի շնորհանդեսին եւ ցուցահանդեսի բացմանը հնչած ելույթներում այդպիսի ուրվագիծ արդեն կար, եւ մենք կփորձենք այդ ուրվագծից որոշ բան ներկայացնել:

Ցուցահանդեսը բացած «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանն ասաց.«Վայելեք, եթե իհարկե կարելի է վայելել Toto-ի սուր փշերը»` հավելելով, որ երգիծանքը առողջության նշան է: Գիրքը ներկայացվելիս նա նշեց հովանավորներին` Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտրոնական վարչություն եւ «Ազգի» հիմնադիրներից Միհրան Մինասյան, որոնց շնորհիվ, ահա, հանրության սեփականությունը դարձավ գունավոր, ճաշակով ձեւավորված եւ իհարկե բովանդակալից երգիծանկարներով հրատարակությունըՙ հայերեն եւ անգլերեն լեզուներով: Ավետիքյանը կարեւոր միտք ասաց, որ արժե ֆիքսել, թե հայ երգիծանկարչության տարիների ավանդույթների շարունակողն է Սուքիաս Թորոսյանը, իսկ այդ ավանդույթները, ընդ որում` հենց հայկական բովանդակությամբ, ձեւավորել են միջազգային ճանաչմամբ երգիծանկարիչներ Չիկ Տամատյանը, ֆրանսահայ Քիրազը, լիբանանահայ Տիրանը, Կալիֆոռնիայից Մասիսը...

«Ազգի» խմբագրի խոսքից կարելի էր որսալ նաեւ ԶԼՄ-ներում հետանկախական քաղաքական երգիծանկարչության սկզբնավորման պահը, որտեղ իր կարեւոր դիրքն ունի Toto-ն, երբ պետք էր հաղթահարել հետխորհրդային շրջանում դեռեւս չընկալվող քաղաքական երգիծանքի հանդեպ անբարյացակամությունը:Toto-ի հետ «Ազգում» քայլ առ քայլ մեր քաղաքական գործիչներին ընտելացնում էին երգիծանկարի ազդեցիկության ու կարեւորության գաղափարին: Հարկ էր լինում հաճախ հիշեցնել, որ Դը Գոլը երբ մամուլում չէր գտնում իրեն երգիծող սուր նկարներըՙ անհանգստանում էր, թե իրեն մոռացել են: Այնպես որ` քաղաքական երգիծանքից դժգոհ այրերը պետք է իմանան, որ քաղաքական երգիծանքը ավելի հանրայնացնում է իրենց` անկախ սուր բովանդակությունից կամ հենց սուր բովանդակությամբ:

ԹՄՄ կենտր. վարչության ներկայացուցիչ Գայանե Մուրադյանը սիրով ներկայացրեց ձեռնարկը, շնորհակալ եղավ Միհրան Մինասյանին եւ Երվանդ Ազատյանին` գրքի տպագրության եւ ցուցահանդեսի կազմակերպման հնարավորության համար, Թեքեյան կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը նշեց, որ սա նաեւ հարթակ է հաջորդ տասնամյակի համար, քանի որ մոտակա տասնամյակում մեր քաղաքական կյանքը հազիվ թե մեզ ձանձրացնի եւ նյութ չտա Սուքիասին` երգիծելու այն: Սուքիաս Թորոսյանին Թեքեյան կենտրոնի պատվոգիր հանձնվեց` որպես նրա ստեղծագործության երկարամյա հաջողության հավաստագիր:

Քաղաքական երգիծանկարչության հետանկախական սկզբի մասին խոսեց նաեւ «Ազգի» առաջին կազմի խմբագիր, ՀՀ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը, հիշելով, թե ինչպես առաջին անգամ երկրի նախագահին էին երգիծում թերթում, եւ դրան դեռ պետք էր սովորեցնել մեր քաղաքական դեմքերին, ընդ որում` օրաթերթում ամեն օր մեկից ավելի երգիծանկարներ կային` սուր, համարձակ: Օրաթերթը մեկ օրվա կյանք ունի, բայց այնտեղ ներառված երգիծանկարները ափսոս են, որ այդ թիթեռի կյանքն ունենային, ըստ Հ. Գասպարյանի, եւ դրանք գրքում ներառելու գաղափարը հաջողված է: Ընդ որում` գրքում միայն «Ազգում» զետեղված կամ միայն նեքաղաքական թեմաներով երգիծանկարները չեն, քանի որ Ս. Թորոսյանը միջազգային թեմաներով հաջողությամբ համագործակցում է Բոստոնում լույս տեսնող Mirror- Spectator-ի հետ եւ համաշխարհային քաղաքականության դեմքերին եւս համարձակ երգիծում է: Հետաքրքրական էր նաեւ Mirror- Spectator-ի խմբագիր Ալին Գրիգորյանի միջնորդավորված դիտարկումը, թե կես տող է ընդամենն ուղարկում Սուքիասին` ինչի մասին է նյութը եւ ստանում այնպիսի երգիծանկար, որ զարմացած ինքն իրեն հարցնում է, թե ինչու հենց այդպես չի մտածել ինքը, այնքան որ մոտ է եղել երգիծանկարը թեմային: Ընդհանրապես «Ազգի» խմբագիրն էլ նշեց, եւ ես էլ , որպես Սուքիասի երգիծանքի փորձադաշտ հրապարակումների հեղինակներից մեկը հավաստում եմ, թե Սուքիասին չի կարելի ինչ- որ բան թելադրել, նա ոչ թե նյութի բովանդակությունն է արտացոլում, այլ նյութը դիտարկում մի այլ պատուհանից, մի տեսակ լրացնում-ամբողջացնում այն, անգամ երգիծանկարով սեփական դիտարկումն անում: Լինում է, որ համը հանում է` բանը հասցնում գրոտեսկի, բայց սովորաբար նա երգիծանկարի բովանդակությամբ, սրությամբ ու ասելիքով տասին է խփում: Նա կյանքում էլ է այդպես` երբ նրա հետ խոսում ես, նա ամեն ինչ կարող է գրոտեսկի հասցնել, այսինքն` կյանքը երգիծանքով ընկալելու նրա մոտեցումը կենսակերպ է: Իհարկե, իմացողները գիտեն նաեւ նրա խոր եւ իմաստալից գեղանկարչությունը, օպերային բեմադրությունների նրա նկարչահեն-գունահեն լուծումները եւ Սուքիասի այլ շորհներ, բայց այդ բոլորի մասին մի ուրիշ անգամ:

Ավարտենք`չմոռանալով նշել երգիծանկարների ժողովածուի շատ գրավիչ նախաբանի մասին` «Toto-ի կենսագրությունը» վերնագրով: Այստեղ միանգամից կտեսնեք նրա ողջ հումորը նաեւ սեփական անձի հանդեպ. ինչպես ասում են` հումոր չունեցող անձից պետք է հեռու մնալ, իսկ գերհումորով մարդուց` գոնե մի փոքր վարակվել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ