RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 06-12-2019



ՆՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Տեղադրվել է` 2019-12-05 21:18:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1149, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՉԱՐՏԱՍԱՆՎԱԾ ՈՂԿՈՒՅԶԻ ԲԱՐԲԱՌՈՎ...»

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

«Հայրապետ» հրատարակչությունը լույս է ընծայել Հովիկ Հովեյանի «Երկնաքեր դեպի ընդերք» բանաստեղծությունների նոր ժողովածուն: Լույս է ընծայել, ու հայոց գրականագիտական դաշտում քար լռություն է: Ապշանքից չէ, նորօրյա ավանդույթ էՙ ժամանակակիցներին չնկատել, չարժեւորել, պահ մտնել, մինչեւ ջոկվի, թեՙ «ո՞վ ո՞ւմ բարեկամն է»: Այս վերաբերմունքը միայն Հովեյանի նկատմամբ չէ, մեր գրականագիտական միտքը վաղուցվանից է նահանջներով առաջ շարժվումՙ տեղը զիջելով «ալաֆրանկայի» ներբողմանը եւ, եթե 21-րդ դարի գրող ես, ապա «ժամանակիդ շունչը» դառնալու համար քեզ հետ պիտի ծնված լինի եւս մեկը, որն ի շահ-խնդիր կգովազդի քեզ: Մինչդեռ, խորը, վերլուծական ձեւաչափի գրախոսությունների հազվադեպ կհանդիպես:

Ինչ որ է: Մեր սեղանին է «Երկնաքեր դեպի ընդերք», իրապես, նշանակալից ժողովածուն, եւ տողերիս հեղինակը, որ չի հավակնում գրականագետի թիկնոց կրել, կփորձի ընդամենն իր առաջին տպավորությունները ներկայացնել:

Այս գիրքը օրգանական շարունակությունն է վերջին տասնամյակում բանաստեղծի հրատարակած «Ուրարտական անձրեւներ» (2009թ.), «Հիշողության կավ» (2011թ.), «Վրիպած ջրհեղեղ» (2014թ.), «Անժամանակություն» (2015թ.) եւ «Անավարտ ցամաք» (2017թ.) ժողովածուների, որոնցով հեղինակը բոլորովին նոր բառապաշարով, բառաստեղծման ուրույն ձեռագրով մեկնում է ցեղի դիցաբանական ժամանակի եւ ոգու խորքերըՙ մի նոր աստիճանի բարձրացնելով բանաստեղծական կառույցի ներհայեցողական ձեւաչափն ու գեղագիտական տրանսցենդենտը:

Ներսս լեցուն է ուրարտական անձրեւներով,

Սակայն ջրվեժումներս վերաբերել են միշտ

Կրեմլի ուշացած պարիսպներին...

Ապա եւՙ

Ես երկիր եմ չաստվածներով լեցուն,

Իսկ պալատներս գոց են ու տխուր

Որպես ցուցանմուշ անժամանակյա

Երկրաշարժերի...

(«Ուրարտական անձրեւներ»)

Վերածվում եմ ինքնուրացման,

Երկիրը հագովս չէ...

Միջնադարի մայունն աստղափշի պես

Կոկորդս է խրվում

Ու ձայնալարս կտրում տատմոր

Վարժանքով...

(«Վրիպած ջրհեղեղ»)

Եվ, ահա, դեռ տպագրական ներկի հոտը չսպառած «Երկնաքեր դեպի ընդերք» գրքիցՙ

Հայրենիք անհունՙ

Կաթնագույն մարմարից կարած

Շիրմաքարերդ հագիդ,

Բավ չէ՞ քեզ փնտրես

Կորստյան թափուր անապատներում...

Բանաստեղծը, որ իր յուրաքանչյուր գրվածքի հերոսն է, նույնանում է ցեղի ու նրա արյան, ազգի ու նրա զրնգուն ավերակների հետ: Պատմական ժամանակի ահռելի բեռն ուսածՙ պանդխտանում, դեգերում է Տիեզերքումՙ Աստծո ճշմարտության, կամ, որ նույնն էՙ ճշմարիտ Աստծո որոնումներով.

Կարապի համաստեղությունը տեղավորում եմ

Ձեռնափերիս նախահայրենիքում

Եվ վայրի ցորեն եմ հնձում

Շարունակվող իմ լեռան

Խաբկանքե ստորոտներում...

Բոցավառվող լուսաբացի բիբերի խորքում

Հովիվ-Աստվածն իմ

Արածեցնում է ոսկեգեղմ դագաղներն

Իմ մայող պատմության...

Հովիկ Հովեյան - բանաստեղծի սկիզբն անդրջրհեղեղյան է, հունցված արմենական կավից, շունչ առած միջնադարյան տաղերգության սրբանվագից, սնված հայ քնարերգության վճիտ ակունքներից եւ զորեղացած աշխարհային փիլիսոփայության նորօրյա տառադարձումներով.

Շքեղ Արարիչՙ ակնախոռոչ անչափ,

Անընթեռնելի բարբառ բոցե երկյուղի,

Հանդիսականն եմ քո շնչառության

Եվ ողբերգակիդ դերասանն անհետ...

Անշեղ կենսընծա ու զեխ ճախրակալ,

Փլուզումն եմ քո թերթատումների

Եվ չարտասանված ողկույզդ սեւաչ,

Որ ջրհեղեղիդ դարձի մեջ է դեռ...

Այսպես, բառ առ բառ, տող առ տող, էջ առ էջ բանաստեղծն ինքնատիպ ու նորահնար գեղակերտումներով երեւակում է Հայրենիքի նաիրյան կերպարն ու այն տեղադրում Տիեզերքի այն խորքերում, ուր միայն անընդմիջելին է արարում իր բացարձակը, անճանաչելին ու գաղտնաթաքույցը...

«Երկնաքեր դեպի ընդերք»-ը լռախոսության համամատյան էՙ առ խաչված Հայրենիք, ով խաչվեց ոչ թե աստվածանալու համար, այլ Աստված էր, որ խաչվեց: Հովեյանը գրքի բոլոր էջերում որդիական բաղձանքով ջանում է իջեցնել Նրան խաչից, հավատալով, որ ՆԱ, իր սրբալույս աջով օրհնության անձրեւներ կշաղիՙ ինչպես ավանդված է «չարտասանված ողկույզի» խորախորհուրդ սկիզբներում:

Եվ տա Աստված, որ այդպես լինի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ