RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-14 17:00:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1447, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀՈՎԵՐ». ՀԱԳԵՑԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ

Աննա ԱԴԱՄՅԱՆ

Նոյեմբերի 29-ին, Մյունխենի հեղինակավոր Allerheiligen-Hofkirche համերգասրահում կայացավ համերգՙ նվիրված Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Համերգի կազմակերպիչներն էին ԳԴՀ Բավարիա երկրամասի գիտության եւ արվեստի նախարարությունը, «Europamusicale» մշակութային կազմակերպությունը (համերգի պատասխանատուՙ Արմինե Բաբայան ), ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը եւ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսը:

Համերգի ընթացքում հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբըՙ խմբավար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ եւ բեռլինաբնակ հայտնի թավջութակահար Միքայել Հախնազարյանը : Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան «Europamusicale» կազմակերպության խորհրդի նախագահ դոկտոր Մարթին Շթայնմայերը եւ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը : Իր խոսքում դեսպանն ընդգծեց, որ «Հովեր» երգչախումբն արդեն ավելի քան 25 տարի միջազգային տարբեր բեմահարթակներում ցուցադրել է իր կատարողական բարձր մակարդակը:

Այս առիթով եւ սիրելի երգչախմբի գործունեության տարեվերջյան մի ամփոփում անելու համար զրուցել ենք երգչախմբի խմբավար, Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանի հետ:

- Երկու ժամից փոքր-ինչ ավել տեւած մյունխենյան համերգի առաջին բաժնում հնչել են բացառապես Կոմիտասի խմբերգային ստեղծագործությունները, երկրորդ բաժնումՙ հայ ժամանակակից կոմպոզիտորների եւ արեւմտաեվրոպական խմբերգային արվեստի նմուշներ: Մասնավորապես 40 տարվա ընդմիջումից հետո կրկին հնչել է Արզաս Ոսկանյանի «Ապրել, ապրել» խմբերգը: Վաչե Շարաֆյանի «Նե» խմբերգը, որ կատարվում է զանգերի ուղեկցությամբ, հայեցողական, նուրբ ժանյակավոր ֆակտուրայով, իր ոչ շատ կանոնավոր շնչառությամբ, որի մեջ կարծես ցրված է ժամանակը, եւս տպավորիչ հնչեց:

Հովերի կազմում ձեւավորված իգական «Լե» կազմովՙ Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ, հնչել է նաեւ կոմպոզիտոր Աննա Ազիզյանի « Կուկուն կու գօնչա գու » խմբերգը, համշենական երգի մի մշակում, որն ուղեկցվում է ֆլեյտայի, հարվածայինների նվագակցությամբ, վառվռուն, պոլիռիթմիկ զարգացումներով մի ստեղծագործություն, որը կրկին ջերմորեն ընդունվեց:

Տեղի է ունեցավ նաեւ երիտասարդ կոմպոզիտոր Հակոբ Մազլումյանի «Լռություն» ստեղծագործության պրեմիերանՙ գրված թավջութակի եւ երգչախմբի համար:

Երիտասարդ կոմպոզիտորը հայրենիք է տեղափոխվել Եգիպտոսից, այժմ ուսանում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրայում: Տարիներ առաջ կոմպոզիտորն առաջին մրցանակ է ստացել նաեւ ուսանողական կոմպոզիտորական մրցույթումՙ արժանանալով հատուկ ուշադրության: Դեռեւս մեկ տարի առաջ երիտասարդ կոմպոզիտորին առաջարկվեց գրել խմբերգային ստեղծագործություն երգչախմբի համար, իսկ ստեղծագործության կատարումը Մյունխենում հաստատապես նոր խթան կհանդիսանա կոմպոզիտորի համար:

Համերգային ծրագրում «Լե» իգական կազմի կատարմամբ հնչել են նաեւ Պենդերեցկու «Սանկտուս» եւ Մուրեյ Շաֆերի «Ձյան ձեւեր» ստեղծագործությունները:

Նոյեմբերի 30-ին երգչախումբը Բելգիայի հայ մշակութային կենտրոնի հրավերով եւ հայ համայնքի ջանքերով հանդես եկավ Բրյուսելի Սուրբ Միքայել Մայր տաճարումՙ հնչեցնելով Կոմիտասի, Մեսրոպ Մաշտոցի, Շարաֆյանի, Աննա Ազիզյանի ստեղծագործությունները, նաեւ Մուրեյ Շաֆերի «Miniwanka or The moments of Water» ստեղծագործությունը, որ ջրային տարերքի հավերժության պատկեր է ներկայացնում: Բելգիայի ունկնդիրն առանձնացավ իր ջերմ ու հետաքրքրված արձագանքով:

Ընդհանրապես, 2019 թվականի գործունեությունը եւս հարուստ էր համերգներով, ձայնագրություններով:

Ամենակարեւոր նախագծերից էր Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդի նախաձեռնությամբ Կոմիտասի պատարագի վերստին ձայնագրությունը, ինչը կյանքի կոչվեց նաեւ երգչախմբի նոր արական կազմի շնորհիվ, որտեղ ընդգրկված են բացառիկ օժտվածությամբ երիտասարդ երգիչներ, մասնավորապես Ակսել Դավեյանը (բարիտոն) եւ Արամո Մամիկոնյանը (լիրիկական տենոր):

Աննախադեպ էին այս տարի երգչախմբի համերգները մարզերում, Վանաձորում եւ Գյումրիում ունեցանք երկու համերգՙ նվիրված կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 90-ամյակին: Ի դեպ, Գյումրիում երգչախումբը ելույթ էր ունենում առաջին անգամ: «Ավրորայի» շրջանակներում ունեցանք հոգեւոր երաժշտության համերգ Տաթեւում, Կոմիտասի 150-ամյակի առթիվ երկու համերգ էլ հնչեց Արցախում, մի քանի ելույթներ էլՙ Բյուրականի երաժշտական ակադեմիայում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի շրջանակներում տեղի ունեցավ համերգ Գեղարդում: Ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները երբեւէ չէին հնչել Հայաստանում: Այդ ստեղծագործությունները 2017-ին հնչել են ԱՄՆ-ում, Նյու Յորքի «Ալիս Թուլ» համերգասրահումՙ ամերիկաբնակ երաժիշտ Վարդան Օվսեփյանի մասնակցությամբ, եւ քանի որ այս տարի Վարդանն այցելեց Հայաստան, առիթ եղավ այդ ծրագիրը կատարել նաեւ այստեղ:

Հնչեցին նաեւ Վահագն Հայրապետյանի երկու մշակումները երգչախմբի հետ, Արմեն Հյուսնունցի, ինչպես նաեւ երգչախմբի բաս Վահագն Բաբլոյանի մշակումները:

Բացի այդ, Գառնիում եւս «Թումանյան-Կոմիտաս-150» հոբելյանի շրջանակներում կայացավ կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործող կոլեկտիվների միացյալ համերգը, որտեղ կոմիտասյան հատվածը կատարում էր Հայաստանի կամերային երգչախումբը (գեղ. ղեկավարՙ Ռոբերտ Մլքեյան), իսկ թումանյանական խոսքերով նվագախմբի եւ երգչախմբի համար գրված ստեղծագործություններըՙ «Հովերը»:

Այս տարի կայացավ նաեւ բեռլինաբնակ կոմպոզիտոր եւ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի «Testimonium» (Վկայություն) ստեղծագործության պրեմիերանՙ հեղինակի ղեկավարությամբ, դաշնակահար Արմեն-Լեւոն Մանասերյանի եւ կամերային նվագախմբի հետ միասին:

Խոսելով երգչախմբի կազմում ընդգրկված նոր երիտասարդ ուժերի մասին, պետք է առանձնակի նշել, որ հատկապես այսօրվա արական կազմի շնորհիվ որպես խմբավար ես ավելի հանգիստ եմ զգում, կազմը շատ ավելի ամուր է, մեծ վստահություն ունեմ իրենց ուժերի եւ նախաձեռնության վրա, ձերբազատվել եմ անհանգստությունից, ինչը թույլ է տալիս համերգները ավելի հետաքրքրական կազմակերպել:

Բացի վերը նշված երիտասարդներիցՙ մեծ դերակատարում ունեն մեներգիչներ Ամալյա Թորոսյանը (սոպրանո) եւ Նարինե Ոսկանյանը (սոպրանո), որն ինձ հետ կիսում է խմբավարի պարտականությունները: Բացառիկ անսամբլիստներ են Կիմ Սարգսյանը (բարիտոն), Էդգար Վարոսյանը (տենոր): Ալտերի ձայնաբաժնում մենակատարումներով հանդես է գալիս նաեւ ֆլեյտահար, նկարչուհի Անի Հովակըՙ հաճախ նաեւ նվագակցելով երգչախմբին: Առանձնահատուկ ուզում եմ շեշտել Վահագն Բաբլոյանի (բաս) գործունեությունը, որի սեփական մշակումները հարստացնում են «Հովերի» երկացանկը:

Ուզում եմ նշել, որ երգչախմբի անդամները տիրապետում են ե՛ւ մենակատարային, ե՛ւ անսամբլային երգեցողությանն անհրաժեշտ երգչական որակներին: Ընդհանրապես, խմբերգային կազմում կարեւոր է յուրաքանչյուր մարդու ինքնուրույնությունը, անսամբլային հմտությունները, որոնց շատ մենակատարներ չեն տիրապետում:

Կարող եմ ասել, որ երգչախումբն ամեն տարի ունենում է իր նոր գույնը, նոր ծրագիրը. ինչպես նույն ջուրը չես մտնի, այնպես էլ երգչախումբը տարեցտարի, ամեն նոր մարդու հետ ունենում է իր նոր երանգը: Յուրաքանչյուր նոր անդամ իր հետ բերում է նոր հնարավորություն եւ, նույնիսկ, ծրագիրը կազմվում էՙ հաշվի առնելով կոնկրետ երգչին, նրա ունակություններն ու հնարավորությունը: Ձայնը ինքն է թելադրում ծրագիրը:

Գալով երգչախմբի առաջիկա անելիքներինՙ պետք է նշել, որ ավանդույթի համաձայն, նորից կլինի տարեվերջյան մի «անլուրջ համերգ» (հիշեցնենք, որ վերջին տարիներին «Հովերի» տարեմուտի համերգները հենց այս վերնագիրն են կրում), որտեղ կներկայացվեն նոր մշակումներ:

2020 թվականի հունվարի կեսից արդեն Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պատվերով եւ նախաձեռնությամբ «Հովերի» արական համալրված կազմը (մոտ 30 երգիչ) ներգրավված է մի հետաքրքրական նախագծումՙ Իտալիայում կայանալիք Շոստակովիչի 13-րդ սիմֆոնիայի կատարմանը:

Եվ, իհարկե, մեր գործունեությունը հնարավոր չէ առանց հովանավորչական աջակցության, եւ ուզում եմ նշել, որ «Հովերը» այժմ հովանավորվում է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, որի հետ համագործակցությունը եւ փոխադարձ կապը առավել քան սերտ է, եւ առանց հիմնադրամի ուղղակի անհնար է պատկերացնել երգչախմբի գործունեությունը:

Խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել նաեւ «Վիվասել ՄՏՍ»-ին եւ նրա տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, որն այսքան տարիներ հովանավորել է երգչախմբին, եւ անհնար է մոռանալ այն հսկայական աջակցությունը, որ ունեցել է «Վիվասելը» հայ մշակույթի, մասնավորապես «Հովերի» կայացման գործում:

Ունենք արդեն տարիներ ի վեր կայացած համագործակցություններ կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի, եւ իհարկե, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Սահուն եւ փոխկապակցված է ընթանում համագործակցությունը նաեւ կոնսերվատորիայի հետ...

Ավարտելով մեր զրույցը Սոնա Հովհաննիսյանի հետՙ ընթերցողին հիշեցնեմ, որ «Հովեր» երգչախումը դեռեւս հեռավոր 1992-ին կազմավորվել է Սոնա Հովհաննիսյանի անհատական նախաձեռնությամբ եւ իր շուրջը հավաքել համախոհ երգիչների: Յուրօրինակ աշխարհայացքի, քրտնաջան ու հետեւողական աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում երգչախումբը ձեռք է բերել պրոֆեսիոնալ բարձր մակարդակՙ մինչեւ օրս հանդես գալով միջազգային հեղինակավոր բեմերում:

Զարմանալի ներդաշնակությամբ են Սոնա Հովհաննիսյան անհատի մեջ միավորվել մարդկային եւ մասնագիտական որակները. նա հմայում է իր գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու, ոգեշնչելու, կենսական էներգիա ներարկելու կարողությամբ, ինչպես նաեւ տաղանդավոր երաժշտին բնորոշ ներըմբռնողական զգայականությամբ, աշխարհին բաց նայելու, թարմ եւ թրթռուն մոտեցմամբ աչքի ընկնող ստեղծագործական մեկնաբանումներով:

«Հովերը» վառ անհատականությունների միավորում է: Յուրաքանչյուր արտիստ օժտված է միմյանց հետ փոխգործակցության, ապրումակցման հզոր ունակություններով: Երգչախումբը գործում է ինչպես մի կենդանի օրգանիզմՙ բնականորեն ստեղծելով իր ներքին ռիթմը, կոլորիտն ու միջավայրը: Յուրաքանչյուր երգիչ իր ուսերին է կրում իր մոտեցման եւ ձայնի հնչողական պատասխանատվությունըՙ ստեղծելով միայն իրեն հատուկ հնչերանգը եւ նրբորեն միահյուսելով այն անսամբլի հնչողական կուռ արխիտեկտոնիկայի մեջ:

Յուրօրինակ փորձարարական դաշտը, որ ստեղծվել է երգչախմբում տարիներ ի վեր, թույլ է տվել իրականացնել ժամանակի եւ մեր մշակութային միջավայրի համար համարձակ եւ անսովոր նախագծեր: Բավական է հիշել Ստեփան Բաբաթորոսյանի «Առակները», որը որակվել է որպես «խմբերգային թատրոն», Աննա Ազիզյանի «Զուգահեռ» խմբերգային ներկայացումը եւ շատ ուրիշ փորձարարություններ, որոնք առնվազն ուշագրավ են եղել:

Առանձնահատուկ գայթակղությամբ, հմայքով եւ մեկնաբանման յուրօրինակ լուծումներով են հնչել ժամանակակից բազմաթիվ հեղինակների խմբերգային ստեղծագործությունները, արդի երաժշտության այնպիսի ռահվիրաների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին, Ռոդիոն Շչեդրինը, Սոֆյա Գուբայդուլինան, Գիա Կանչելին եւ այլք: Սկզբնավորման օրից «Հովերը» հանդիսացել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին մեկնաբանն ու կատարողըՙ նպաստելով հայ ավանդական եւ ժամանակակից երաժշտության ճանաչմանն ամբողջ աշխարհում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ