RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-14 17:00:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 642, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՂՔ-ԿՈՂՔԻ. ԱՌԱՋԻՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Աննա ԱԴԱՄՅԱՆ

Դեկտեմբերի 2-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում հրաշք էր թեւածում: ՀՀ ԿԳՄՍ ֆինանսավորմամբ, «Իմ ուղին» եւ «Սորս» վերականգնողական կենտրոնների երաժշտական թերապիստ Նաիրա Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ Հայաստանում տեղի ունեցավ առաջինը իր տեսակով եւ բովանդակությամբ, երաժշտական ներառական «Կողք-կողքի» փառատոնը:

Փառատոնի նպատակներն են հանդիսանումՙ բացել հասարակության դռները զարգացման առանձնահատկություններով երեխաների եւ դեռահասների առջեւ` ձեւավորելով հավասար պայմաններ բոլորի համար, երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը, հանդուրժողականություն ձեւավորել, մտքի, երեւակայության փոխանակում ապահովել երկու կողմերի համար, հասարակության ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել եւ տեղայնացնել ներառական մտածողությունը:

Մեկ հարկի տակ էին հավաքվել Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում գտնվող վերականգնողական կենտրոնների, ինչպես նաեւ մանկատների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դպրոցների սաները: Նպատակը մեկն էրՙ միասին, կողք-կողքի, պրոֆեսիոնալ երաժիշտների ընկերակցությամբ եւ աջակցությամբ հասարակությանը ներկայանալ եւ պատմել իրենց ձեռքբերումներից ու միասնական երաժշտական գործունեությամբ ջնջել բոլոր անհավասարությունները եւ խտրականությունը, որն այսօր առկա է հասարակության մեջ:

Ներառական կրթությունը վերջին տարիներին Հայաստանի կրթական համակարգի լրջագույն մարտահրավերներից մեկն է, եւ այդ առումով սա մի հսկայական քննություն էր այն բանի, թե ինչպես են մեր երկրում նվիրյալ մարդկանց եւ փայլուն մասնագետների շնորհիվ հաղթահարվում այս խնդիրները:

Փառատոնին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, արվեստի տարբեր ներկայացուցիչներ եւ հյուրեր: Մասնակիցների շրջանակը բավական լայն էր. »լույթ ունեցան Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները, «Իմ ուղին», «Սորս» վերականգնողական կենտրոնների սաները, լսողության խանգարումներ ուեցող երեխաների դպրոցի երգչախումբը (ղեկավարՙ Զուբեյդա Մելիքյան ), Ստ. Ջրբաշյանի եւ Ա. Տեր-Ղեւոնդյանի անվան երաժշտական դպրոցների երգչախմբերը (ղեկավարՙ Մամիկոն Անդրիասյան ), Գյումրու «Էմիլի Արեգակ» կենտրոնի սաները, «Արեգնազան» կրթահամալիրի երաժշտական համույթը, «Լուսէ», «Մայրի» զբաղվածության կենտրոնների, Բերդի «Հույսի կամուրջ» վերականգնողական կենտրոնի սաները:

Երեխաներին իրենց պրոֆեսիոնալ աջակցությունն էին բերել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի նախկին եւ ներկա սաներ Վարդան Այվազյանը , Մարիա Արիստակեսյանը , երաժիշտ Կոնստանդին Աբգարյանցը , ինչպես նաեւ հանրապետությունում ճանաչում ունեցող երաժիշտներ Գոռ Սուջյանը , Միքայել Ոսկանյան եւ ընկերներ խումբը, «Գաթա բենդը», Ռուբեն Հախվերդյանը եւ այլք:

Երաժշտական կատարումների շրջանակը եւս բազմազան էր. հնչում էին Ռախմանինովի, Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի հանրահայտ ստողծագործությունները, ինչպես նաեւ հայ ժողովրդական երգերի մշակումներ, Գոռ Սուջյանի «Ես կուլամ» երգը եւ այլն:

Ահռելի աշխատանք էին կատարել բոլոր մասնագետները, կամավորները, փառատոնի համախոհները, մանկավարժներն ու թերապիստները, եւ լիահույս ենք, որ փառատոնը կիրագործի իր նպատակները եւ ամուր տեղ կգրավի մեր մշակութա-հասարակական կյանքում...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ