RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-19 20:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 955, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՐՏԱՀՈՒՅԶ ՁԱՅՆԻ ՏԻՐՈՒՀԻՆ

Լեւոն ԼԱՃԻԿՅԱՆ

Վերջին շրջանում հաճախադեպ են դարձել պոլսահայ արվեստի պատվիրակների այցելությունները մայր հայրենիք: Շատ գովելի հանգամանք է սա, մանավանդ եթե հաշվի առնենք Կ.Պոլսիՙ անցյալում հայ մշակույթի «մայրաքաղաք» լինելու անուրանալի փաստը: Անցյալըՙ անցյալ, սակայն այսօր շատ կարեւոր է նախկին մշակութային կապերը վերականգնելու եւ նորերն ստեղծելու ժամանակի հրամայականը:

Խոսքը մասնավորելով երգիչ-երգչուհիների օրինակովՙ նշենք, որ Սիպիլից հետո տարեցտարի ուրիշ նոր անուններ են հայտնվում հայրենի երաժշտական քարտեզի վրա: Նրանցից մեկն է երիտասարդ շնորհալի երգչուհի Լիդա Քյոսեյանը : Օրերս նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ թե՛ արվեստագիտուհու անձնական-ստեղծագործական եւ թե՛ ընդհանրապես պոլսահայ երաժշտական կյանքում. Թողարկվեց «Լույս» խորագրով նրա առաջին ձայնասկավառակըՙ պարունակությամբ ինը հոգեւոր երգերի. «Սուրբ, սուրբ», «Յորժամ», «Տէր ողորմեա», «Սիրտ իմ սասանի» եւ այլն:

Պոլսո «Ժամանակ» օրաթերթն այսպես է գրում Լիդայի կատարողականի մասին. «Ան իսկապէս նոր շունչով կմատուցէ մեր հոգեւոր երաժշտութեան այնքա՜ն սիրուած գործերը, եւ ունկնդիրները իր շնորհիւ նորովի կը ներթափանցեն դրանց խորհուրդի մէջ»: Դրանում մենք համոզվեցինքՙ ներկա գտնվելով սեպտեմբեր ամսին Երեւանում կազմակերպված պոլսահայ երգչուհու երկու համերգներին: Դրանք տեղի ունեցան նախ «Նարեկացի» արվեստի կենտրոնում, ապա Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Առաջինը հայկական ռոմանսների սրտառուչ երեկո էր, իսկ երկրորդը ներառում էր հայ հոգեւոր երգերի ընտրանինՙ նվագակցությամբ պոլսահայ երաժշտական շրջանակներից հայտնի դաշնակահար Էդվին սրկ. Գալիփյանի : Երգչուհու սրտահույզ ձայնն, իրոք, գերեց ունկնդրինՙ այդու ընդլայնելով նրա երկրպագուների թիվը նաեւ Հայաստանի մայրաքաղաքում:

Վերջին համերգից հետո կայացած մեր զրույցից տեղեկացա, որ գեղանի հայուհին փոքրուց է երգել եւ Եսայան վարժարանն ավարտելուց հետո սովորել է Ստամբուլի պետական համալսարանի օպերային երգեցողության բաժնում: Ապա մասնավոր դասեր է առել պոլսահայ նշանավոր երգչուհի Ալիս Մանուկյանի մոտ:

Առաջին անգամ Հայաստան է այցելել 2005-ինՙ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում: Մտաբերեցի նաեւ Լիդա Քյոսեյանի մասնակցությունը 2015թ. Երեւանում կայացած եւ Հրանտ Դինքին նվիրված Մաժակ Թոշիկյանի օրատորիումի առաջնախաղին: Ի դեպ, այս երգահանը հատուկ Լիդայի համար է գրել «Զղջում», ինչպես նաեւ «Իմ Երեւան» երգերը: Նույն տարում Փարիզումՙ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահում կայացած համերգին, ի թիվս թուրք եւ հույն շատ հայտնի երգիչների, հանդես է եկել նաեւ Լիդա Քյոսեյանըՙ կատարելով «Սարերի հովին մեռնեմ», Բարսեղ Կանաչյանի «Օրոր» եւ այլ սիրված երգեր:

Ուշագրավ է, որ հայրենասեր երգչուհին իր ստեղծագործական ուժերը մշտապես ծառայեցնում է պոլսահայ համայնքում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներին: Ինչպես ինքը նկատեց մեր զրույցում. «Մեր պարտքն է մեր ձեռքեն եկածին չափ սատար կանգնիլ համայնքի կարիքներուն»: Այսպես. անցած հոկտեմբերին նա մասնակցեց Կեդրոնական վարժարանի սրահում, ապա եւ Հարբիեի Գենթեր թատրոնում կայացած «Յիշելով Կոմիտասը» հոբելյանական համերգներինՙ նվիրված մեծանուն երաժշտի 150-ամյակին: Նոյեմբերի 4-ին էլ նա իր տպավորիչ մասնակցությունը բերեց Տատեան վարժարանի հիմնարկության 175-ամյակի առթիվ «Տիգրան Կիւլմէզկիլ» հանդիսասրահում Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի հիման վրա բեմադրված գրական-երաժշտական հանդիսությանըՙ հանդես գալով կոմիտասյան երգերի կատարմամբ եւ միաժամանակ ցուցաբերելով ակներեւ դերասանական վարպետություն:

Լիդա Քյոսեյանը ապագայում ծրագրեր ունի հայ հոգեւոր երգը եվրոպական տարբեր բեմերից հնչեցնելու ուղղությամբՙ չմոռանալով, իհարկե, հայրենի հանդիսատեսին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ